Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 31-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.11.15/27(379) Հոդ.340
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
04.10.2010
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
04.10.2010
Дата вступления в силу
01.01.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 նոյեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60310402

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

4 հոկտեմբերի 2010 թ.

 թիվ 31-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՁԵՎ ԹԻՎ 1 «ՀԱՄԱՅՆՔԻ ԳԻՐՔԸ», ՁԵՎ ԹԻՎ 2 «ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑԱԿԸ» ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՁԵՎ ԹԻՎ 3 «ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ԳԻՐՔԸ» ՎԱՐԵԼՈՒ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Գյուղական համայնքներում տնտեսությունների հաշվառման Ձև թիվ 1 «Համայնքի գիրքը», Ձև թիվ 2 «Համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող անձանց ցուցակը» և Տնտեսությունների հաշվառման Ձև թիվ 3 «Այբբենական գիրքը» վարելու ցուցումները»` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2010 թ. հոկտեմբերի 4-ի

թիվ 31-Ն որոշման

 

Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՁԵՎ թիվ 1` ՀԱՄԱՅՆՔԻ ԳԻՐՔԸ, ՁԵՎ թիվ 2` ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՁԵՎ թիվ 3` ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ԳԻՐՔԸ ՎԱՐԵԼՈՒ

 

I. ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՎԱՐԵԼՈՒ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Գյուղական համայնքներում վիճակագրական նպատակով տնային տնտեսությունների և նրանց անդամների հաշվառման փաստաթղթեր են հանդիսանում Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշմամբ հաստատված, գյուղապետարանների սկզբնական հաշվառման հետևյալ ձևերը`

 «Համայնքի գիրք» (տնտեսությունների հաշվառման ձև թիվ 1)

 «Գյուղական համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող անձանց ցուցակ» (հաշվառման ձև թիվ 2)

 «Տնային տնտեսությունների այբբենական գիրք» (տնտեսությունների հաշվառման ձև թիվ 3)

2. Սույն հաշվառումը վիճակագրական նպատակով է, սակայն հաշվառման ձևերի վարույթն, ըստ էության, վարչական ռեգիստրի իմաստ ունի:

Տնտեսությունների հաշվառումը թիվ 1, 2 և 3 ձևերում պետք է վարվի սույն ցուցումներին համապատասխան: Ձևերում ջնջումներ և տեքստային գրանցումներով չվերապահված ուղղումներ կատարել չի թույլատրվում: Յուրաքանչյուր ուղղում և ջնջում պետք է վավերացվի գյուղապետի կամ նրա աշխատակազմի քարտուղարի ստորագրությամբ:

3. Տնային տնտեսությունների հաշվառումը սահմանված ձևերով իրականացվում է բոլոր գյուղական համայնքների համար, ինչպես նաև այն գյուղական բնակավայրերի, որոնք «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ներառված են քաղաքային համայնքների կազմում:

4. Համայնքի տնային տնտեսությունների հաշվառման գրքերի և ցուցակների պահպանման, ժամանակին ու արժանահավատ գրանցումների կատարման աշխատանքներն իրականացվում է գյուղապետի աշխատակազմի քարտուղարի կողմից` համայնքի ղեկավարի անմիջական վերահսկողությամբ:

5. Գյուղապետի աշխատակազմի քարտուղարը համարակալում է համայնքի յուրաքանչյուր գրքի էջերը հերթական համարակալմամբ և յուրաքանչյուր գրքի վերջին էջում գրառում է դրանում ընդամենը` էջերի քանակը, որը վավերացվում է գյուղապետի կողմից` ստորագրությամբ և կնիքով:

6. Տնային տնտեսությունների հաշվառման գրքերի և ցուցակի վարման գործընթացում մեթոդաբանական հարցերով, ըստ անհրաժեշտության, գյուղապետարանի աշխատակազմին հրահանգավորում է վիճակագրության մարմինը:

7. Համայնքի տնային տնտեսությունների հաշվառման (ձև թիվ 1) և համայնքի տնային տնտեսությունների այբբենական (ձև թիվ 3) գրքերը գյուղապետարաններում հիմնվում են 2011թ. հունվարի 1-ի դրությամբ` վարման հինգ տարի ժամկետով, հունվարի 1-ից մինչև 25-ը՝ յուրաքանչյուր տնային տնտեսություն համատարած շրջագայության և տնային տնտեսության անդամների հարցման միջոցով:

Համայնքի գրքերը հիմնելու միջև ընկած ժամանակահատվածում՝ 2011- 2015թթ., ամեն տարի գյուղական համայնքները պարտավոր են անցկացնել համատարած ստուգում և 2011թ. հիմնված գրքերում կատարված գրանցումների ճշգրտում: Գրանցումների ստուգումը և ճշգրտումը կատարվում է հունվարի 1-ի դրությամբ՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև 25-ն ընկած ժամանակահատվածում:

Գյուղական համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող անձանց ցուցակը (ձև թիվ 2) կազմվում է յուրաքանչյուր տարի հունվարի 1-ի դրությամբ: Ցուցակներում գրանցումները կատարվում են համակարգված` ամբողջ տարվա ընթացքում:

Համայնքի տարածքում հիմնական բնակելի տներից հեռու գտնվող կացարաններում բնակվող տնային տնտեսությունները հաշվառումից դուրս չթողնելու համար, նախքան համայնքի գրքերի հիմնումը, կամ դրանցում գրանցումների համատարած ստուգումն ու ճշգրտումը սկսելը, գյուղապետի աշխատակազմի քարտուղարը ճշտում է դրանց առկայությունը գյուղական համայնքի տարածքում: Ընդ որում, անհրաժեշտ է ուշադրությամբ ստուգել ինչպես բնակելի տների, այնպես էլ ծառայողական բնակատեղերի ու գյուղական համայնքի տարածքում գտնվող գերատեսչական շենքերում (հանրակացարաններում, մանկատներում, տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպություններում և այլն) բնակվող տնային տնտեսությունների առկայությունը:

Խոշոր համայնքներում, որտեղ գյուղապետի աշխատակազմի քարտուղարը չի կարող 25 օրվա ընթացքում անձամբ այցելել բոլոր տնային տնտեսությունները և այդ ժամկետում հիմնել համայնքի գրքերը կամ կատարել գրանցումների համատարած ստուգում ու ճշգրտում, այդ աշխատանքներում նրան օգնելու համար, գյուղապետի հանձնարարականով, կարելի է ներգրավել գյուղապետարանի աշխատակազմից անհրաժեշտ թվաքանակով աշխատակիցներ: Այդ նպատակով գյուղապետի աշխատակազմի քարտուղարը, համայնքի սահմանները ճշտելուց հետո, այն կարող է բաժանել առանձին, հստակ սահմանազատված տեղամասերի և դրանք բաշխել աշխատանքներում ներգրավված անձանց միջև, ղեկավարել և վերահսկել նրանց կողմից իրականացվող ամբողջ աշխատանքը:

8. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը պարբերաբար ստուգում է գյուղական համայնքների կողմից տնային տնտեսությունների կողմից վարվող համայնքի հաշվառման գրքերի` ձև թիվ 1 և ձև թիվ 3, ինչպես նաև ցուցակների` ձև թիվ 2, լրացման ամբողջականությունն ու ճշգրտությունը, ինչպես նաև աջակցում է նրանց վերացնելու հայտնաբերված թերությունները:

 

II. ՀԱՄԱՅՆՔԻ ԳՐՔՈՒՄ (ձև թիվ 1) ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԸ ԲԱՑԵԼՈՒ ԵՎ ՓԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

9. Համայնքի գրքում (ձև թիվ 1) տնային տնտեսությունների անձնական հաշիվները բացվում են 2011թ. հունվարի 1-ի դրությամբ գրքերի հիմնման ժամանակ, գյուղական համայնքի տարածքում մշտապես բնակվող բոլոր տնային տնտեսությունների համար: Յուրաքանչյուր տնային տնտեսության համար, ներառյալ մշտապես բնակվող` վարձակալող տնային տնտեսությունները, բացվում է առանձին հաշիվ:

Տնային տնտեսություն է համարվում.

ա) առանձին բնակելի միավորում կամ դրա մի մասում բնակվող անձ՝ ով ինքնուրույն ապահովում է իր կենսական կարիքները և ընդհանուր տնտեսություն վարելու համար տվյալ բնակելի միավորում բնակվող այլ անձանց հետ չի միավորում իր միջոցները.

բ) առանձին բնակելի միավորում կամ դրա մի մասում կամ մի քանի շինություններում համատեղ բնակվող 2 և ավելի անձինք, ովքեր իրենց կենսական կարիքներն ապահովում են ընդհանուր տնտեսություն վարելով՝ ամբողջությամբ կամ մասամբ միավորելով իրենց միջոցները: Այդ անձինք կարող են կապված լինել ազգակցական կամ ամուսնական կապով, կամ չլինել ազգական, կամ և մեկը, և մյուսը:

10. Համայնքի գրքում անհրաժեշտ գրանցումները կատարվում են յուրաքանչյուր տնային տնտեսություն այցելելու միջոցով՝ ըստ գյուղում բնակելի շինությունների տեղադրության հաջորդականության:

11. Գյուղական համայնքի տարածքում ժամանակավորապես բնակվող անձանց վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են ոչ թե «Համայնքի գրքում», այլ «Գյուղական համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող անձանց ցուցակում» (ձև թիվ 2):

12. Գյուղական համայնքի տարածքում լքված տների, մշտապես չբնակվող տնային տնտեսությունների (հովեկների) կողմից տնօրինվող տների, բնակարանների մասին տեղեկությունները գյուղապետի աշխատակազմի քարտուղարի կողմից պետք է գրանցվեն առանձին ցուցակում:

13. Գյուղական համայնքի կազմի մեջ մտնող` 20-ից ավելի տնային տնտեսություն ունեցող յուրաքանչյուր գյուղի համար բացվում է առանձին համայնքի գիրք: Գյուղի հիմնական բնակելի տներից հեռու գտնվող կացարաններում բնակվող տնային տնտեսությունների վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են այն գյուղի համայնքի գրքում, որի վարչական սահմաններում դրանք գտնվում են: Նման կացարանների համար (եթե կան այդպիսիք) համայնքի գրքում հատկացվում են որոշակի քանակությամբ հաշվառման թերթեր: Այն դեպքում, երբ համայնքի տարածքում առկա գյուղի տնային տնտեսությունները 20-ից պակաս են, ապա յուրաքանչյուր գյուղի, իսկ խոշոր բնակավայրերում` յուրաքանչյուր փողոցի համար, բոլոր տնային տնտեսությունների գրանցումներն ավարտելուց հետո, համայնքի գրքում պետք է թողնել հաշվառման մի քանի ազատ թերթ, որպեսզի հնարավոր լինի հետագա փոփոխությունների դեպքում գրանցել տվյալ գյուղում կամ փողոցում նոր կազմավորվող տնային տնտեսությունների վերաբերյալ տվյալները:

14. Համայնքի յուրաքանչյուր գրքի անվանաթերթում նշվում է բնակավայրի անվանումը և յուրաքանչյուր բնակավայրի դիմաց նշվում են այն էջերի համարները, որոնցում զետեղված են տվյալ բնակավայրի տնային տնտեսությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Խոշոր բնակավայրերի համար կազմված համայնքի գրքերում, բացի բնակավայրերի անվանումներից, գրանցվում են նաև փողոցների անվանումները` դրանցից յուրաքանչյուրի դիմաց նշելով համապատասխան էջերի համարները, որոնցում զետեղված են այդ փողոցներում բնակվող տնային տնտեսությունների վերաբերյալ տվյալները:

Յուրաքանչյուր գյուղական համայնքում` համայնքի գրքերը համարակալվում են դրանք լրացնելուց հետո` անընդմեջ համարակալումով: Համայնքի գրքերին տրված համարներն օգտագործվում են «Տնային տնտեսությունների այբբենական գիրքը» (ձև թիվ 3) լրացնելիս:

15. Համայնքի բոլոր գյուղերում տնային տնտեսությունների համատարած շրջագայությունը և համայնքի գրքերում գրանցումներն ավարտելուց հետո կատարվում է տնային տնտեսությունների համարակալում (անձնական հաշիվ թիվ...), որը պետք է լինի անընդմեջ և միասնական` ամբողջ համայնքի համար: Համայնքի յուրաքանչյուր գյուղի համար տնային տնտեսությունների անձնական հաշիվների առանձին համարակալում չի կատարվում:

16. Համայնքի գրքերը հիմնելուց հետո, համայնքի տարածքում նոր տնային տնտեսություն կազմավորվելիս, այդ տնտեսությանը համայնքի սահմաններում տրվում է հերթական հաջորդական համար` անկախ նրանից, թե որ գյուղում է կազմավորվել այդ տնային տնտեսությունը և համայնքի գրքերում որ համարով են ավարտվել տվյալ գյուղի տնային տնտեսությունների անձնական հաշիվները` գիրքը հիմնելու ժամանակ:

Նոր տնտեսությունների հերթական համարակալումը հեշտացնելու նպատակով, այբբենական գրքի (ձև թիվ 3) վերջում` մաքուր թերթի վրա գրվում է գյուղական համայնքի վերջին տնային տնտեսության անձնական հաշվի համարը:

17. Համայնքի գրքում յուրաքանչյուր տնային տնտեսության անձնական հաշվի համարը համայնքի գրքի գործունեության ամբողջ ժամանակաշրջանում (2011-2015թթ.) մնում է անփոփոխ: Այն չի փոխվում, երբ այս կամ այն տնտեսության բոլոր անդամները մշտական բնակության են տեղափոխվում միևնույն համայնքի մեկ բնակավայրից մյուսը: Նման դեպքերում անհրաժեշտ է փակել տվյալ տնտեսության անձնական հաշիվը այն բնակավայրի համայնքի գրքում, որտեղից տնտեսությունը մեկնել է և անձնական հաշիվ բացել այն բնակավայրի համայնքի գրքում, ուր տեղափոխվել է տնտեսությունը` պահպանելով նրա անձնական հաշվի նախկին համարը: Նախկին բնակավայրում տնտեսության անձնական հաշիվը փակելու մասին նշում է արվում դրա վերևի մասում, ցույց տալով այն փակելու ժամկետը և պատճառը, օրինակ, «Անձնական հաշիվը փակված է (ցույց տալ տարեթիվը, ամիսը և օրը) տնտեսությունը գ. Ակունք բնակության տեղափոխվելու կապակցությամբ»: Միաժամանակ անհրաժեշտ է համապատասխան ուղղումներ կատարել նաև տնային տնտեսությունների այբբենական գրքում:

Նույն ձևով պետք է վարվել նաև այն դեպքում, երբ տնային տնտեսությունը բնակվելու համար նույն գյուղի սահմաններում մշտական բնակության է տեղափոխվում մեկ փողոցից մյուսը:

18. Անձնական հաշվի համարը չի փոխվում նաև այն դեպքում, երբ տնային տնտեսության առաջինը գրանցված (գլխավոր) անդամը փոխարինվում է նույն տնտեսության կազմից մեկ այլ անձով, օրինակ, տնային տնտեսության առաջինը գրանցված անդամի մահվան, կամ այլ պատճառներով: Նման դեպքում տնային տնտեսության անձնական հաշիվը նորից չի արտագրվում, այլ դրանում մտցվում են հետևյալ փոփոխությունները.

ա) անձնական հաշվի վերևի մասում գրվում է տնային տնտեսության առաջինը գրանցված նոր անդամի ազգանունը, անունը և հայրանունը` ջնջելով (վրան գիծ քաշելով) մինչև այդ առաջինը գրանցված տնտեսության անդամի ազգանունը,

բ) տնային տնտեսության անդամների ցուցակի 2-րդ տողում` «Առնչությունը տնտեսության առաջինը գրանցված (գլխավոր) անդամի հետ» գրվում է` «Առաջինը գրանցված անդամ», իսկ ընտանիքի մնացած բոլոր անդամների համար` գրվում է նրանց ազգակցական կապը տնտեսության առաջինը գրանցված նոր անդամի հետ` հայրը, մայրը, կինը, ամուսինը, եղբայրը, քույրը, աղջիկը, տղան և այլն:

19. Մեկ տնային տնտեսությունը երկու/կամ ավելի մասի առանձնանալու դեպքում, տվյալ տնտեսության անձնական հաշվով գրանցված էջից հանվում են (վրան գիծ քաշելով) այն անձանց վերաբերող տվյալները, ովքեր առանձնացել են տվյալ տնտեսության կազմից: Նոր կազմավորված տնտեսության անդամների վերաբերյալ տվյալները լրացնելու համար բացվում է նոր անձնական հաշիվ, ըստ նրանց կացարանի գտնվելու վայրի` համապատասխան համայնքի գրքում: Այդպիսի տնային տնտեսությունների համար` «Լրացուցիչ տեղեկություններ» բաժնում կատարվում են նշումներ. Օրինակ, «Բաժանվել է թիվ …տնտեսությունից» կամ «առանձնացել է թիվ … տնտեսությունից» և նշվում է նախորդ տնտեսությունից բաժանվելու կամ առանձնանալու մասին առկա փաստաթղթի անվանումը, ամիսը, ամսաթիվն ու տարեթիվը:

Միաժամանակ տնային տնտեսությունների այբբենական գրքում (ձև թիվ 3` այբուբենի համապատասխան տառի տակ) անհրաժեշտ է գրանցել նոր կազմված տնային տնտեսության մասին անհրաժեշտ տեղեկությունները, իսկ նախկին տնային տնտեսության համապատասխան տողում` տնային տնտեսության առաջինը գրանցված անդամի ազգանվան դիմաց` 8-րդ սյունակում գրել «առանձնացել է (նշել տարեթիվը, ամիսը և օրը) թիվ …տնտեսությունը»։

20. Երկու տնային տնտեսությունները մեկ տնտեսության մեջ միավորվելիս (օրինակ, տնտեսությունների անդամների ամուսնության դեպքում), այդ տնտեսություններից մեկի անձնական հաշիվը պահպանվում է իր նախկին համարով, ընդ որում դրանում ավելացվում են լրացուցիչ գրանցումներ, ինչպես 1-ին բաժնում «Տնային տնտեսության անդամների ցուցակը», այնպես էլ մյուս բաժիններում: «Լրացուցիչ տեղեկություններ» բաժնում նշվում է «միացել է թիվ …տնտեսության հետ»: Մյուս տնային տնտեսության անձնական հաշիվը փակվում է, նշելով դրա վերևի մասում «Անձնական հաշիվը փակվել է (ցույց տալ տարեթիվը, ամիսը, օրը) և … տնային տնտեսության հետ միանալու կապակցությամբ»: Այդ տնային տնտեսության անձնական հաշիվը փակելու մասին համապատասխան նշում է կատարվում «տնային տնտեսությունների այբբենական գրքի» 8-րդ սյունակում:

21. Բոլոր այն դեպքերում, երբ տնտեսության բոլոր անդամները մշտական բնակության են փոխադրվում տվյալ համայնքի սահմաններից դուրս, կամ մահանում են տնային տնտեսության անդամները, տնային տնտեսությունների հաշվառման գրքում անպայման այդ անձնական հաշիվը փակվում է (գծեր են քաշվում) և անձնական հաշվի վերևի մասում, ինչպես նաև տնտեսությունների այբբենական գրքի 8-րդ սյունակում, նշվում է տվյալ անձնական հաշիվը փակելու պատճառը, տարեթիվը, ամիսը և օրը:

Փակված անձնական հաշիվների համարները պետք է մնան ազատ: Դրանք չպետք է հատկացվեն մեկ այլ, նոր կազմվող տնային տնտեսության:

 

III. ՀԱՄԱՅՆՔԻ ԳՐՔՈՒՄ (Ձև թիվ 1) ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

22. Համայնքի գիրքը (ձև թիվ 1) բաղկացած է հետևյալ բաժիններից.

I. Տնային տնտեսության անդամների ցուցակ:

II. Տնային տնտեսության անձնական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական կենդանիներ:

III. Տնային տնտեսության անդամ(ներ)ի բնակելի տուն և բնակարան:

IV. Տնային տնտեսության անձնական օգտագործման տակ գտնվող հող:

(22-րդ կետը փոփ. 19.08.15 թիվ 13-Ն)

23. Յուրաքանչյուր տնային տնտեսության անդամների ցուցակի վերնամասում գրվում է տնային տնտեսության այն անդամի ազգանունը, անունը և հայրանունը, ով հանդիսանում է տվյալ տնային տնտեսության առաջինը գրված անձը /գլխավորը և որոշվում է տնային տնտեսության անդամների կողմից` տնային տնտեսության անդամների ազգակցական կապն արձանագրելու համար, իսկ տնային տնտեսության հասցեն (փողոց, նրբանցք, տուն) լրացվում է 2-րդ` «Տնային տնտեսության անձնական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական կենդանիներ» բաժնի վերնամասում:

(23-րդ կետը փոփ. 19.08.15 թիվ 13-Ն)

24. «Տնային տնտեսության տեսակը» տողում, համապատասխան տարվա հունվարի 1-ի դրությամբ` գրառվում է տնտեսության հետևյալ տեսակներից որևէ մեկը.

 Գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող

 Այլ բնույթի ոչ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող

 Անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող:

Տնային տնտեսության տեսակը սահմանվում է` ելնելով տնտեսության առաջինը գրառված անդամի (գլխավորի) զբաղմունքից:

25. 1-ին` «Տնային տնտեսության անդամների ցուցակ» բաժինը նախատեսված է 6 անձի համար և եթե տնային տնտեսությունը բաղկացած է 6-ից ավելի անձանցից, ապա տնային տնտեսության բոլոր անդամների վերաբերյալ տվյալները լրացնելու համար հատկացվում է անհրաժեշտ քանակով երկու կամ ավելի հաշվառման թերթ, իսկ եթե տնային տնտեսությունը համալրվել է համայնքի գիրքը հիմնելուց հետո, ապա սոսնձվում է լրացուցիչ թերթ (ներդիր):

26. Այս բաժնում տնային տնտեսության առաջինը գրանցված անդամից հետո լրացվում են մնացած բոլոր, ինչպես առկա, այնպես էլ ժամանակավոր բացակայող անդամների վերաբերյալ պահանջվող տեղեկությունները: Տնային տնտեսության բոլոր անդամների ազգանունը, անունը և հայրանունը պետք է գրել առանց կրճատումների և ընթեռնելի ձեռագրով, օգտագործելով յուրաքանչյուր անդամի համար հատկացված սյունակի բոլոր երեք տողերը:

27. 2-րդ տողում տնային տնտեսության առաջինը գրանցված անդամի (գլխավորի) համար գրվում է` «տնտեսության առաջինը գրանցված անդամ», իսկ տնային տնտեսության մնացած անդամների համար լրացվում է նրանց ազգակցական կապը տնտեսության առաջինը գրանցված անդամի (գլխավորի) հետ` հայրը, մայրը, կինը, ամուսինը, եղբայրը, քույրը, աղջիկը, տղան, և այլն:

28. 3-րդ տողում լրացվում է անձի սեռը` արական կամ իգական:

29. 4-րդ տողում անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթերի հիման վրա (անձնագիր, ծննդյան վկայական) գրել ընտանիքի յուրաքանչյուր անդամի ծննդյան օրը, ամիսը, տարին, այլ ոչ թե տարիքը:

30. 5-րդ տողում գրվում է այն ազգությունը, որին դասում է իրեն տվյալ անձը: Երեխաների ազգությունը որոշում են ծնողները կամ նրանց փոխարինող անձինք:

31. 6-րդ տողում համապատասխան փաստաթղթերի հիման վրա գրվում է տնային տնտեսության անդամների կրթական մակարդակը (բարձրագույն, թերի բարձրագույն, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական, միջնակարգ հանրակրթական, հիմնական հանրակրթական, տարրական հանրակրթական, չունի տարրական, ոչ տառաճանաչ): 6-րդ տողը լրացվում է 16 և բարձր տարիքի բոլոր անձանց համար: Անձի կրթական մակարդակը որոշվում է համապատասխան կրթական ծրագիրն անցնելու և նրա ավարտը հավաստող փաստաթղթի համաձայն: Ի մասնավորի, եթե անձը դպրոցն ավարտելուց հետո սովորում է ԲՈՒՀ-ում և դեռ չի ավարտել այն, ապա նրա կրթական մակարդակը համարվում է միջնակարգ հանրակրթական, կամ եթե անձը սովորում է մագիստրատուրայում (ասպիրանտուրայում), ապա նրա կրթական մակարդակը կլինի` բարձրագույն:

Բարձրագույն գրվում է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություն` համալսարան, ինստիտուտ, ակադեմիա, կոնսերվատորիա, ինչպես նաև բակալավրատուրա, մագիստրատուրա, ինտերնատուրա, ասպիրանտուրա, օրդինատուրա ավարտած և համապատասխան որակավորման դիպլոմ ստացած անձանց համար:

Թերի բարձրագույն գրվում է մինչև 1999թ. («Կրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումը) բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորած և ուսման ժամկետի կեսից ավելին անցած, ինչպես նաև ուսումնական դասընթացն ամբողջովին ավարտած, սակայն որակավորման պետական քննությունները չհանձնած և/կամ ավարտական դիպլոմային աշխատանքները չպաշտպանած անձանց համար:

Միջին մասնագիտական գրվում է տեխնիկում, քոլեջ կամ դրանց հավասարեցված (մանկավարժական, բժշկական ուսումնարան և այլն) այլ պետական և ոչ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ավարտած և միջին մասնագիտական որակավորում ստացած անձանց համար:

Նախնական մասնագիտական գրվում է հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա նախնական մասնագիտական կրթություն ստացած (արհեստագործական, պրոֆտեխնիկական, ճյուղային պրոֆեսիոնալ, տեխնիկական ուսումնարաններ ավարտած) անձանց համար:

Միջնակարգ հանրակրթական գրվում է միջնակարգ հանրակրթական դպրոց (այդ թվում՝ առանձին առարկաների խորացված ուսուցմամբ), վարժարան, գիմնազիա և միջնակարգ հանրակրթական ուսումնական ծրագրեր իրականացնող այլ ուսումնական հաստատություններ ավարտածների համար:

Հիմնական հանրակրթական գրվում է հիմնական հանրակրթական դասընթաց ավարտած և համապատասխան ավարտական վկայական ստացած անձանց համար:

Տարրական հանրակրթական գրվում է տարրական դասընթացն ավարտածների համար: Տվյալ ենթակարգը ներառում է տարրական կրթության բնագավառում աշակերտների հիմնարար գիտելիքների` ընթերցանության, գրի, թվաբանության, այլ առարկաների ընդհանուր իմացության ուսուցումը:

Չունի տարրական տարրական կրթություն չունեցող, սակայն որևէ լեզվով գրել, կարդալ կամ միայն կարդալ իմացող անձանց համար:

Գրաճանաչ չէ գրվում է 9 և բարձր տարիքի այն անձանց համար, ովքեր չեն կարող կարդալ:

32. Սովորողների համար 7-11-րդ տողերը լրացվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ տնային տնտեսություններում համատարած շրջագայություն կատարելու ժամանակ՝ նշելով ուսումնական հաստատության անվանումը, նրա գտնվելու վայրը և դասարանը կամ կուրսը, որում սովորում է:

Օրինակ, ք. Իջևան, թիվ 12 միջնակարգ դպրոց, 3-րդ դասարան, գյուղ Վարդաշեն, միջնակարգ դպրոց, 9-րդ դասարան, Երևանի սննդի տեխնիկում, 2-րդ կուրս:

Տնային տնտեսության այն անդամների համար, ովքեր ոչ մի տեղ չեն սովորում կամ սովորում են միայն մեկ տարուց պակաս տևողությամբ դասընթացներում կամ պարապում են խմբակներում, 7-11-րդ տողերում ոչ մի նշում չի կատարվում:

33. 12-րդ տողում գրվում է հիմնարկի, կազմակերպության անվանումը, որտեղ աշխատում է տվյալ անձը: Կազմակերպություններում աշխատողների համար լրացվում է նաև կազմակերպության գտնվելու վայրը (քաղաք, գյուղ): Օրինակ, քաղաք Գավառ, կարի ֆաբրիկա, գյուղ Գետափ, Լույս առևտրային կազմակերպություն:

Գյուղացիական տնտեսությունում զբաղվածների համար այս տողում լրացվում է «գյուղացիական տնտեսություն» կամ «կոլեկտիվ գյուղացիական տնտեսություն»:

Անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղված անձանց համար լրացվում է «անհատական աշխատանքային գործունեություն»:

Վարձակալությամբ աշխատողների համար նշվում է այն կազմակերպությունը կամ տնային տնտեսությունը, որտեղ պայմանագրով աշխատում են:

Հիմնական աշխատանք չունեցող և սեզոնային աշխատանք կատարող, ինչպես նաև տարբեր տեսակի աշխատանքներ կատարող անձանց համար լրացվում է վերջին ժամանակահատվածում աշխատանքի վայրը:

34. 12-րդ տողում ցույց է տրվում նաև տվյալ անձի կողմից կատարվող աշխատանքը կամ նրա զբաղմունքը` օրինակ, անասնապահ, շինարար, տրակտորիստ, հաշվապահ և այլն:

35. 13-16-րդ տողերում կատարվում են նշումներ աշխատանքի հետագա (2012-2015թթ.) փոփոխությունների մասին` համայնքի գրքերում գրանցումների համատարած ստուգման և ճշգրտման ժամանակ:

36. 17-26-րդ տողերում «Նշումներ տնային տնտեսության բացակայող անդամների մասին» գրանցումները կատարվում են հետևյալ կարգով.

 - 17-րդ տողում մեկնելու վերաբերյալ նշումը կատարվում է այն անձանց համար, ովքեր բացակայում են տնտեսությունների գրքեր հիմնելու պահին կամ առաջին անգամ են մեկնում այդ գրքերը հիմնելուց հետո,

 - 18-րդ տողում` կատարվում է այդ անձանց վերադառնալու վերաբերյալ նշումը,

 - 19-22-րդ տողերը լրացվում են միայն տնտեսության անդամի կրկին մեկնելու և տնտեսություն վերադառնալու դեպքում,

- 17-26-րդ տողերում նշվում են մեկնելու կամ վերադառնալու ամսաթիվը, ինչպես նաև մեկնելու պատճառը: Օրինակ, «ամուսնացել է 2012թ. մայիսին», «սովորելու՝ 2014թ. օգոստոսին»:

Գրանցումները կատարվում են պարբերաբար տարվա ընթացքում և ստուգվում տնային տնտեսություններ համատարած շրջագայության ժամանակ (հունվարի 1-ի դրությամբ):

Բացակայողներ են համարվում համայնքի տարածքից դուրս բնակվող հետևյալ անձինք.

- բարձրագույն մասնագիտական, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, հանրակրթական ուսումնական հաստատություններում, տարբեր ուսումնարաններում սովորողները, ովքեր ուսումնառության ժամանակաընթացքում բնակվում են ուսումնական հաստատության գտնվելու վայրում (հանրակացարաններում, առանձին անձանց բնակարաններում, դպրոցներին կից ինտերնատներում),

- համայնքի տարածքից դուրս աշխատող և ըստ աշխատանքի վայրի ժամանակավոր բնակվող անձինք,

- ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձինք,

- ազատազրկման վայրերում գտնվող անձինք,

- գյուղական համայնքում հաշվառված (գրանցված) կենվորները, ովքեր փաստացի բնակվում են քաղաքային բնակավայրերում:

37. 27-րդ տողը լրացվում է տնային տնտեսության կազմից վերջնականապես հեռացած անդամների համար` նշվում է մեկնման ամիսը, տարին և պատճառը: Ընդ որում, անհրաժեշտ է նշել, թե տվյալ անձը բնակության վայրը փոխել է գյուղական համայնքի տարածքում, թե համայնքի տարածքից դուրս: Օրինակ՝ «Մեկնել է ամուսնության կապակցությամբ թիվ …տնտեսություն 2014թ. սեպտեմբերին», «Մեկնել է ք. Գյումրի` աշխատանքի նոր վայրը 2013 թ. մարտին»: Միաժամանակ տնային տնտեսության անձնական հաշվում ընտանիքի մեկնած կամ մահացած անդամի գրանցումներով սյունակի վրա գիծ է քաշվում: Մեկնման մասին նշումը կատարվում է տարվա ընթացքում և ստուգվում հունվարի 1-ի դրությամբ` տնային տնտեսություններ համատարած շրջագայության ժամանակ:

38. Գյուղական համայնքից բացակայող` 17-26-րդ և վերջնականապես հեռացած անձանց մասին` 27-րդ տողերում ճշգրիտ, ամբողջական և ժամանակին կատարված գրառումները հիմք են հանդիսանում համայնքի բնակչության թվաքանակի և կազմի մասին տարեսկզբի դրությամբ վիճակագրական տվյալների ստացման համար:

39. Ծնվածների և մահացածների մասին նշումները կատարվում են ամբողջ տարվա ընթացքում՝ ծնունդների և մահվան դեպքերի մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված համապատասխան փաստաթղթերի հիման վրա: Ծնվածների համար` 4-րդ տողում, իսկ մահացածների համար` 27-րդ տողում լրացվում է, համապատասխանաբար, ծննդյան կամ մահվան օրը, ամիսը և տարին, նշվում է ծննդի կամ մահվան վերաբերյալ գրանցման ակտի համարը:

40. 28-րդ տողը լրացվում է համայնքի տարածք մշտական բնակության ժամանած անձանց համար: Օրինակ՝ «ժամանել է 10.08.2013թ. Սիսիան քաղաքից»:

Ընդ որում, 28-րդ տողում նշում չի կատարվում` տվյալ համայնքի մեկ տնային տնտեսությունից մեկ այլ տնտեսություն տեղափոխված անձի և նախկինում համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող անձանց ցուցակում (ձև թիվ 2) հաշվառված անձի համար, եթե վերջինս տեղափոխվել է տվյալ համայնք մշտական բնակության:

Տվյալ համայնք նոր ժամանածների վերաբերյալ գրառումները համայնքի գրքում կատարվում են տարվա ընթացքում` ՀՀ ոստիկանության տարածքային անձնագրային բաժիններից ստացված տեղեկանքների հիման վրա և ստուգվում համատարած շրջագայության ժամանակ:

41. 29-րդ տողում գրանցումներ են կատարվում ծերության, հաշմանդամության (նշելով հաշմանդամության խումբը), աշխատանքային կենսաթոշակառուների, նպաստառուների և այլնի վերաբերյալ: Նշումը կատարվում է կենսաթոշակի գրքույկի կամ տվյալ անձը հաշմանդամության համապատասխան կարգին դասելու վերաբերյալ սոցիալական ապահովագրության պետական մարմնի կողմից տրված տեղեկանքի հիման վրա:

Օրինակ, Ծերության կենսաթոշակառու, Հայրենական պատերազմի 1-ին կարգի հաշմանդամ, Աշխատանքի 2-րդ խմբի հաշմանդամ, Ընտանեկան նպաստ և այլն:

42. II-րդ բաժնում «Տնային տնտեսության սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական կենդանիները» գյուղատնտեսական կենդանիների և մորթատու գազանների գլխաքանակի մասին տվյալները գրանցվում են գյուղատնտեսական կենդանիները փաստացի հաշվելու միջոցով, տնտեսության առաջինը գրանցված անդամի (գլխավորի), կամ ընտանիքի չափահաս անդամի ներկայությամբ: Գյուղատնտեսական կենդանիների փաստացի հաշվառումը կատարվում է օրվա այն ժամին, երբ գյուղատնտեսական կենդանիները գտնվում են ագարակում: Թռչունների գլխաքանակը գրանցվում է տնտեսության առաջինը գրանցված անդամի (գլխավորի), կամ այդ տնտեսության չափահաս անդամի հարցման միջոցով:

1. ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ գյուղատնտեսական կենդանիՆԵՐ, ԸՆԴԱՄԵՆԸ (գլուխ) տողում լրացվում է ընդամենը խոշոր եղջերավոր գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը:

1.1. որից` կովեր տողում լրացվում է կթու և կերակրող կովերի գլխաքանակը:

1.2. արտադրող ցուլեր տողում լրացվում է արու կենդանիների գլխաքանակը, որոնք օգտագործվում են կենդանիների վերարտադրման համար:

1.3. բանող եզներ տողում լրացվում է տարբեր գյուղատնտեսական աշխատանքների համար օգտագործվող եզների գլխաքանակը:

1.4. երինջներ 1-ից մինչև 2 տարեկան տողում լրացվում է 1-ից 2 տարեկան, դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը:

1.5. երինջներ 2 տարեկանից բարձր տողում լրացվում է 2 տարեկանից բարձր, դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը:

1.6. չսերմնավորված էգ մոզիներ` 2 տարեկանից բարձր տողում լրացվում է 2 տարեկանից բարձր, դեռ չսերմնավորված էգ մոզիների գլխաքանակը;

1.7. այլ սեռատարիքային խմբեր տողում լրացվում է այն սեռատարիքային խմբի խոշոր եղջերավոր գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը, որը չի ներառվել վերը նշված խմբերում:

2. ԽՈԶԵՐ, ԸՆԴԱՄԵՆԸ (գլուխ) տողում լրացվում է ընդամենը խոզերի գլխաքանակը:

2.1. որից` մայր խոզեր հիմնական հոտի տողում լրացվում է հիմնական և ստուգված խոզամայրերի գլխաքանակը:

2.2. էգ խոզեր կազմալրման համար 4-ից 12 ամսական տողում լրացվում է հիմնական մայրական խումբ դեռ չդասվող էգ աճեցվող մատղաշների գլխաքանակը:

2.3. այլ սեռատարիքային խմբեր տողում լրացվում է այն սեռատարիքային խմբի խոզերի գլխաքանակը, որը չի ներառվել վերը նշված խմբերում:

3. ՈՉԽԱՐՆԵՐ ԲՈԼՈՐ ՑԵՂԵՐԻ, ԸՆԴԱՄԵՆԸ (գլուխ) տողում լրացվում է ընդամենը բոլոր ցեղերի ոչխարների գլխաքանակը:

3.1. որից` մաքիներ տողում լրացվում է նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ և կոպտաբուրդ ցեղերի մաքիների գլխաքանակը:

3.2. շիշակներ տողում լրացվում է 1 տարեկանից բարձր նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ և կոպտաբուրդ ցեղերի շիշակների գլխաքանակը:

3.3. այլ սեռատարիքային խմբեր տողում լրացվում է այն սեռատարիքային խմբի ոչխարների գլխաքանակը, որը չի ներառվել վերը նշված խմբերում:

4. ԱՅԾԵՐ, ԸՆԴԱՄԵՆԸ (գլուխ) տողում լրացվում է ընդամենը այծերի գլխաքանակը:

4.1. որից` մայր այծեր տողում լրացվում է 1 տարեկանից բարձր այծերի գլխաքանակը:

4.2. այլ սեռատարիքային խմբեր տողում լրացվում է այն սեռատարիքային խմբի այծերի գլխաքանակը, որը չի ներառվել վերը նշված խմբերում:

5. ՁԻԵՐ, ԸՆԴԱՄԵՆԸ (գլուխ) տողում լրացվում է ընդամենը ձիերի գլխաքանակը:

5.1. որից` զամբիկներ 3 տարեկան և ավելի տողում լրացվում է 3 տարեկան և ավելի զամբիկների գլխաքանակը:

6. ՃԱԳԱՐՆԵՐ, ԸՆԴԱՄԵՆԸ (գլուխ) տողում լրացվում է ընդամենը ճագարների գլխաքանակը:

6.1. որից` մայր ճագարներ տողում լրացվում է ընդամենը մայր ճագարների գլխաքանակը:

7. ԹՌՉՈՒՆՆԵՐ, ԸՆԴԱՄԵՆԸ (գլուխ) տողում լրացվում է ընդամենը թռչունների գլխաքանակը:

7.1. որից` ածան հավեր տողում լրացվում է մեծահասակ հավերի գլխաքանակը, անկախ նրանից տվյալ պահին այդ հավերից ձու ստացվում է թե ոչ:

8. Մորթատու գազաններ (գլուխ) տողում լրացվում է բոլոր տեսակի մուշտակամորթ գազանների գլխաքանակը:

8.1. որից՝ մայրեր տողում լրացվում է բոլոր տեսակի մուշտակամորթ մայր գազանների գլխաքանակը:

9. Մեղվաընտանիքներ (հատ) տողում լրացվում է ընդամենը մեղվաընտանիքների թվաքանակը:

10-12. տողերում լրացվում է համապատասխանաբար` ավանակների, ջորիների և գոմեշների ընդամենը գլխաքանակը:

Եթե տվյալ տնային տնտեսությունում խնամվում է գյուղատնտեսական կենդանի, որը պատկանում է տվյալ գյուղական համայնքի տարածքում չբնակվող անձի, ապա այդ անասնագլխաքանակը գրանցվում է այն տնտեսության հաշվին, որտեղ խնամվում է, ինչի վերաբերյալ կարելի է համապատասխան նշումներ կատարել «Լրացուցիչ տեղեկություններ» բաժնում:

(42-րդ կետը փոփ. 19.08.15 թիվ 13-Ն)

43. III-րդ բաժնում «Տնային տնտեսության անդամ(ներ)ի բնակելի տուն և բնակարան» տվյալները լրացվում են համաձայն բնակելի տան հատակագծի, կամ անձնագրի թիվ 2 կետի, իսկ դրանց բացակայության դեպքում կամ հատակագծից շեղման դեպքում անմիջական չափումների միջոցով և ցույց է տրվում ամբողջական քառակուսի մետրերով: Ընդհանուր մակերեսը հաշվարկվում է բնակելի սենյակների և օժանդակ տարածությունների մակերեսների գումարով:

Բնակելի տան ընդհանուր մակերեսի մեջ ներառվում է.

ա) ամբողջ տարածքը, որը գտնվում է բնակելի տան հիմնապատերի սահմանում՝

● բնակելի սենյակների (ընդհանուր սենյակի և ննջարանների),

● օժանդակ տարածությունների մակերեսների (խոհանոց, նախասենյակ, միջանցք, լողարան կամ ջրացնցուղ, զուգարան, նկուղ, պատի ներսում կառուցված պահարան, մառան).

բ) ջեռուցվող, ամբողջ տարվա ընթացքում բնակության համար պիտանի տարածությունը, տանը կից կառուցված բնակատեղը (պատշգամբած և շինված ծածկապատշգամբ և այլն), ինչպես նաև ջեռուցվող, բնակության համար պիտանի ձեղնահարկը, կիսավերնահարկը: (Ձեղնահարկ` տան ընդհանուր ծածկի տակ գտնվող բնակատուն, կառուցված կտուրի և ծածկի արանքի տարածության չափով կիսավերնահարկ` վերնակառույց, բնակելի տան ընդհանուր տարածքից, որի մակերեսը պարտադիր փոքր է ներքևի հարկի մակերեսից և ունի նրա հետ ներքին կապ):

Եթե տնային տնտեսությունն ունի երկու բնակելի տուն, ապա III բաժնի առաջին սյունակում պետք է գրանցել յուրաքանչյուր տան տեղեկությունը՝ համարիչում առաջին տան համար, հայտարարում՝ երկրորդ:

Ընդհանուր մակերեսի մեջ չեն ներառվում հետևյալ տարածքները`

- 2 և ավելի հարկ ունեցող բնակելի տների, աստիճանավանդակների մակերեսը,

- չջեռուցվող ծածկապատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի մակերեսները,

- առանձին շինություն հանդիսացող խոհանոցի, բաղնիքի, ցախատան, տաղավարի և այլնի մակերեսները:

Բազմաբնակարան բնակելի շենքը մեկից ավելի առանձին բնակարաններ ունեցող կառույց է:

Բնակարանը շենքում գտնվող առանձին տարածք է՝ բաղկացած բնակելի և օժանդակ մասերից, կահավորված է կոմունալ հարմարություններով:

Բազմաբնակարան շենքերի բնակարանի ընդհանուր մակերեսը որոշվում է բնակելի և օժանդակ մակերեսների (խոհանոց, միջանցք, բաղնիք, զուգարան, պահարան, խորդանոց, տաքացվող և բնակության համար պիտանի ձեղնահարկ, կիսավերնահարկ և այլն ) գումարով:

Բազմաբնակարան շենքի բնակարանի ընդհանուր մակերեսի մեջ չեն ներառվում`

 աստիճանավանդակների, նախամուտքերի, վերելակի զբաղեցրած մակերեսները, չտաքացվող ծածկապատշգամբների, ձեղնահարկերի, կիսավերնահարկերի մակերեսը,

 առանձին կառուցված ամառային խոհանոցների, բաղնիքների, խորդանոցների մակերեսը,

 ոչ բնակելի մակերեսը, որը զբաղեցված է համայնքների, խանութների, պոլիկլինիկաների, դեղատների, խնայդրամարկղերի, կապի բաժանմունքների, մանկական հիմնարկների, կենցաղծառայությունների և այլնի կողմից:

44. IV բաժնի Ա ենթաբաժնում «Տնային տնտեսության սեփականություն հանդիսացող հողը» յուրաքանչյուր տնտեսության համար գրառվում է նրան պատկանող ամբողջ հողատարածքը, ներառյալ տնամերձ հողը, որը տվյալ տնտեսությանը տրված է սահմանված կարգով:

Հողաբաժինների չափերի վերաբերյալ տվյալներն ըստ առանձին հողատեսքերի` վարելահող, բազմամյա տնկարկ, արոտավայր, խոտհարք և տնամերձ հող, վերցվում են կադաստրային (հողակադաստրային) գրքից:

45. IV բաժնի Բ ենթաբաժնում գրանցվում են տնային տնտեսության առաջինը գրված անդամի (գլխավորի) կամ չափահաս անդամի կողմից տրված տվյալները գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի չափերի վերաբերյալ, ներառյալ տնամերձը, հեկտարներով (հարյուրերորդական հեկտարի ճշտությամբ): Համայնքի գրքի հիմնման ժամանակ ցանքային տարածությունները, առ 01.06.2010թ. սյունակում, գրանցվում են 2010թ. բերքի տակ կատարված գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքների չափերի մասին տեղեկությունները:

Այգիների միջշարային տարածություններում ցանված գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքը ներառվում է համապատասխան մշակաբույսի և ընդհանուր ցանքի քանակի մեջ:

Շարահերկ մշակաբույսերի շարքերի մեջ կատարված լրացուցիչ, ինչպես նաև կրկնակի կատարած ցանքը ցանքատարածությունների ընդհանուր քանակի մեջ չի ներառվում:

Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր տողով ցույց է տրվում գարնանացանի ավարտին պահպանված աշնանացանի (ցորեն, տարեկան, գարի) և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, գարի, վարսակ, հաճար, հացազգիների խառնուրդ, եգիպտացորեն հատիկի համար, կորեկ, սորգո հատիկի համար, հատիկաընդեղեններ), ցանքային տարածությունները: Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքային տարածությունները, որոնցից հավաքված բերքը նախատեսվում է օգտագործել անասնակերի (կանաչ կերի, խոտի) համար, այդ տողով ցույց չի տրվում:

Կարտոֆիլ տողում ցույց է տրվում կարտոֆիլի ցանքին հատկացված ամբողջ տարածությունը, անկախ ցանքի ժամկետից և նպատակից:

Բանջարեղեն տողով ցույց է տրվում բոլոր, ինչպես բաց, այնպես էլ փակ գրունտի (ջերմոցներ, ջերմատներ), բանջարանոցային մշակաբույսերի ցանքատարածությունները:

IV բաժնի Գ ենթաբաժնում «Պտղի և հատապտղի տարածությունները, ընդամենը» տողով ցույց է տրվում բոլոր տեսակի պտղի և հատապտղի տնկարկների տակ գտնվող ամբողջ տարածությունը, ներառյալ տնամերձը:

IV բաժնի Դ ենթաբաժնում «Խաղողի տարածությունները, ընդամենը» տողով ցույց է տրվում բոլոր տեսակի խաղողի այգիների տակ գտնվող ամբողջ տարածությունը, ներառյալ տնամերձը:

46. Տնային տնտեսությունների նոր գրքեր հիմնադրելիս յուրաքանչյուր տնտեսության անձնական հաշիվը լրացնելուց, ինչպես նաև յուրաքանչյուր տարեսկզբի դրությամբ գրքերի գրանցումների համատարած ստուգումից և ճշգրտումից հետո տնային տնտեսության առաջինը գրված անդամը (գլխավորը), իսկ նրա բացակայության դեպքում՝ տնտեսության չափահաս անդամը (գրառումներին ծանոթանալուց հետո) և գյուղապետի աշխատակազմի քարտուղարը կամ ստուգումն ու գրանցումը կատարող անձը ստորագրում են իրենց համար նախատեսված հատվածում:

 

IV. ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑԱԿՈՒՄ (ՁԵՎ ԹԻՎ 2) ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

47. Գյուղապետի աշխատակազմի քարտուղարը յուրաքանչյուր տարի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր պետք է կազմի` համայնքի տարածքում ժամանակավոր բնակվող անձանց ցուցակ (ձև թիվ 2): Ցուցակում ժամանակավոր բնակվողների գրանցումը կատարվում է տարվա ընթացքում պարբերաբար նույնպիսի ճշգրտությամբ, ինչպես մշտապես բնակվող բնակչությանը: Ժամանակավոր բնակվող բնակչության թվաքանակում հաշվի է առնվում 1,5 ամսից ավելի ժամկետով համայնքի տարածք ժամանած բնակչության հետևյալ կոնտինգենտը.

- սովորողները, ովքեր ուսման շրջանում բնակվում են ուսումնական հաստատության գտնվելու վայրում (ուսումնական հաստատությունների հանրակացարաններում, մասնավոր բնակարաններում և այլն),

- մանկատների սաները,

- ժամանակավոր և սեզոնային աշխատանքի, ինչպես նաև պայմանագրով աշխատանքի եկած անձինք,

- քաղաքներում հաշվառված (գրանցված), բայց փաստացի գյուղական համայնքի տարածքում բնակվող անձինք,

- զինծառայողների ընտանիքները, որոնք եկել են զինծառայողի ծառայության վայրը և բնակվում են գյուղական համայնքի բաց տարածքում:

Ժամանակավոր բնակվող անձանց կատեգորիային պետք է դասել օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր եկել են գյուղական համայնք սեզոնային կամ ժամանակավոր աշխատանքի, ինչպես նաև այն անձանց, որոնք ազատազրկման վայրից պայմանական ազատվել են և որոշակի ժամանակ բնակվում են համայնքի տարածքում:

48. Ժամանակավոր բնակվող անձանց կատեգորիան որոշելու համար ժամանակավոր բնակության ժամկետ, որպես չափանիշ չի սահմանվում ու որոշվում է աշխատանքը, բուժումը, ուսումը, և այլն սկսելու և ավարտելու ժամանակով:

49. Համայնքի տարածքում մանկական խնամատարական հիմնարկի, դպրոց-ինտերնատի, տարեցների և հաշմանդամների սոցիալական հիմնարկի առկայության դեպքում դրանցից յուրաքանչյուրի համար կազմվում է ժամանակավոր բնակվող անձանց վերաբերյալ առանձին ցուցակ` տվյալ կազմակերպության ղեկավարի կողմից տրամադրած տեղեկատվության հիման վրա: Ցուցակի կազմի վրա ցույց է տրվում կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը:

50. Ամառանոց վարձակալող անձինք և գյուղական համայնքի տարածքում գտնվող ամառանոցների սեփականատերերը (կառուցողները), ովքեր հաշվառված (գրանցված) են և մշտապես բնակվում են քաղաքային բնակավայրերում, տնտեսությունների հաշվառման փաստաթղթերում չեն հաշվառվում:

51. Ժամանակավոր բնակվողների գրանցումը կատարվում է նրանց գյուղական համայնքի տարածք գալուց հետո՝ 3 օրվա ընթացքում: Ընդ որում, եթե ժամանակավոր եկվորները տնային տնտեսություններով են ժամանել տվյալ համայնք, ապա ցուցակում լրացվում են տնային տնտեսության բոլոր անդամների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները:

52. Ժամանակավոր բնակվող անձանց համար ցուցակի սյունակներում տվյալները լրացվում են այնպես, ինչպես համայնքի գրքի (ձև թիվ 1) համապատասխան տվյալները:

6-րդ սյունակում նշվում է անձի մշտական բնակության վայրը, օրինակ՝ ք. Աբովյան, Մաշտոցի փ., տուն 5:

7-րդ սյունակում նշվում է տվյալ անձի աշխատանքի վայրը մշտական բնակավայրում և զբաղմունքը (մասնագիտությունը), օրինակ, ք.Կամո, թիվ 3 միջնակարգ դպրոց, ուսուցիչ, խնամքի տակ գտնվողների համար այդ սյունակում պետք է գրել, խնամքի տակ:

8-րդ սյունակում լրացվում է, թե ե՞րբ և որտեղի՞ց է եկել տվյալ անձը, օրինակ` մայիս 2012թ., ք. Ալավերդուց, ապրիլ 2011թ., Նոյեմբերյանի տարածքի Դովեղ գյուղից:

9-րդ սյունակում գրանցվում են տվյալ անձի կողմից տնօրինվող գյուղատնտեսական կենդանիների տեսակները ըստ սեռատարիքային խմբերի` խոշոր եղջերավոր գյուղատնտեսական կենդանիներ, որից` կովեր, արտադրող ցուլեր, բանող եզներ, երինջներ, մոզիներ և այլ սեռատարիքային խմբեր, խոզեր, որից` մայր խոզեր հիմնական հոտի, էգ խոզեր կազմալրման համար, 4-ից 12 ամսական և այլ սեռատարիքային խմբեր, ոչխարներ, որից` մաքիներ և շիշակներ և այլ սեռատարիքային խմբեր, այծեր, որից` մայր այծեր և այլ սեռատարիքային խմբեր, ձիեր, որից զամբիկներ 3 տարեկան և ավելի, ճագարներ, որից մայր ճագարներ, թռչուններ, որից` ածան հավեր. մորթատու գազաններ, մեղվաընտանիքներ, ավանակներ, ջորիներ և գոմեշներ:

10-րդ սյունակում լրացվում է 9-րդ սյունակում թվարկված գյուղատնտեսական կենդանիների առանձին տեսակներում և խմբում ընդգրկված գյուղատնտեսական կենդանիների տարիքը:

11-րդ սյունակում լրացվում է 9-րդ սյունակում թվարկված գյուղատնտեսական կենդանիների յուրաքանչյուր տեսակի և խմբի գլխաքանակը:

12-րդ սյունակում լրացվում է այն տնային տնտեսության անձնական հաշվի համարը, որում բնակվում է ժամանակավոր բնակվող անձը կամ հակիրճ գրվում է ժամանակավոր բնակության հասցեն:

13-րդ սյունակում տնային տնտեսության առաջինը գրանցված անդամը (գլխավորը) կամ միայնակը իրենց/իր մասին կատարված գրանցումներին ծանոթանալուց հետո վավերացնում է այն ստորագրությամբ: Մանկական խնամատարական, տարեցների և հաշմանդամների սոցիալական հիմնարկներում և այլուր բնակվող անձանց մասին կատարած գրանցումների ճշգրտությունը վավերացվում է այդ հիմնարկների ղեկավարների ստորագրությամբ:

14-րդ սյունակում գրառումներ կատարվում են այն անձանց համար, ովքեր մեկնել են համայնքից, անցել են մշտական բնակության տվյալ համայնքում, ինչպես նաև մահացածների համար՝ նշելով տվյալ անձի դուրսգրման ամիսը, տարին և պատճառը:

(52-րդ կետը փոփ. 19.08.15 թիվ 13-Ն)

 

V. ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅԲԲԵՆԱԿԱՆ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

53. Գյուղական համայնքի բոլոր բնակավայրերում համայնքի գրքերը հիմնելուց հետո, գյուղապետի աշխատակազմի քարտուղարը, փետրվարի 10-ից ոչ ուշ, կազմում է տնային տնտեսությունների այբբենական գիրքը (ձև թիվ 3):

Այդ գրքում գրանցվում են գյուղական համայնքի տարածքում մշտապես բնակվող բոլոր տնային տնտեսությունները, որոնք գրանցված են համայնքի գրքում (ձև թիվ 1): Ժամանակավոր բնակվող անձինք տնային տնտեսությունների այբբենական գրքում չեն գրանցվում, այլ միայն՝ ձև թիվ 2 ցուցակում:

Գյուղապետի աշխատակազմի քարտուղարը, յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ, հաշվում է տնային տնտեսությունների քանակն ըստ տնային տնտեսության տեսակների և հաշվառման արդյունքները գրանցում «Տնային տնտեսությունների այբբենական գրքի» անվանաթերթի աղյուսակում:

54. Համայնքի գրքերում տնային տնտեսությունների անձնական հաշիվներում կատարված բոլոր փոփոխությունները, որոնք վերաբերում են տնտեսության առաջինը գրանցված անդամին, տնտեսության տեսակին և տնտեսության կազմին, գյուղապետի աշխատակազմի քարտուղարը տարվա ընթացքում կատարում է տնային տնտեսությունների այբբենական գրքում:

(հավելվածը փոփ. 19.08.15 թիվ 13-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.08.2015, թիվ 13-Ն 01.01.2016, թիվ 31-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան