ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1328/02/12 2015 թ.
դատարանի որոշում
Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան
Դատավորներ` |
Ա. Հունանյան |
Մ. Հարթենյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | ||
Ե. Սողոմոնյանի |
2015 թվականի նոյեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մկրտիչ Քալաջյանի ներկայացուցիչ Արման Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2015 թվականի որոշման դեմ՝ ըստ Մկրտիչ Քալաջյանի հայցի ընդդեմ Կարեն Մկրտչյանի, Մարգո Սարգսյանի, Մերի Հովսեփյանի` համապարտության կարգով 8.405.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Մկրտիչ Քալաջյանը պահանջել է Կարեն Մկրտչյանից, Մարգո Սարգսյանից, Մերի Հովսեփյանից համապարտության կարգով բռնագանձել 8.405.000 ՀՀ դրամ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.07.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2013 թվականի որոշմամբ Կարեն Մկրտչյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.07.2013 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) (այսուհետ՝ Դատարան) 01.10.2014 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27.02.2015 թվականի որոշմամբ Մկրտիչ Քալաջյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.10.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մկրտիչ Քալաջյանի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ, 880-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները՝ անտեսելով այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործում բացակայում է որևէ գրավոր ապացույց Մկրտիչ Քալաջյանի կողմից Կարեն Մկրտչյանին, Մարգո Սարգսյանին, Մերի Հովսեփյանին տրված փոխառության գումարը հետ վերադարձնելու վերաբերյալ:
Մկրտիչ Քալաջյանի կողմից տրված փոխառության գումարից ամսական տոկոսներ ստանալու հանգամանքի ապացուցման հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է միայն Արաբկիրի քննչական բաժնի քննիչ, ոստիկանության լեյտենանտ Ա. Ս. Վարդանյանի 22.03.2012 թվականի «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը:
Ավելին` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն, որ քաղաքացիական գործում առկա չէ որևէ այլ ապացույց, որը կվկայեր Կարեն Մկրտչյանին, Մարգո Սարգսյանին և Մերի Հովսեփյանին տրամադրված փոխառության արդյունքում Մկրտիչ Քալաջյանի կողմից որևէ տոկոսագումար ստանալու հանգամանքի մասին:
Ինչ վերաբերում է փոխառության գումարին, եթե նույնիսկ Մկրտիչ Քալաջյանը փոխառությունը տրամադրել է տոկոսագումար ստանալու ակնկալիքով, ապա տոկոսների ստացումը չի կարող ազատել փոխառուին փոխառությամբ տրված մայր գումարը վերադարձնելու պարտականությունից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.02.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Կարեն Մկրտչյանի և Մարգո Սարգսյանի կողմից 19.02.2005 թվականին տրված ստացական-պարտավորագրի համաձայն` վերջիններս Մկրտիչ Քալաջյանից պարտքով վերցրել են 2.300 ԱՄՆ դոլար՝ իրենց ընտանիքի կարիքները հոգալու համար, որը պարտավորվել են վերադարձնել փոխատուին մեկ ամսվա ընթացքում (հատոր 1-ին, գ.թ. 9).
2) Կարեն Մկրտչյանի կողմից 19.10.2008 թվականին տրված ստացական-պարտավորագրի համաձայն` վերջինս իր ընտանիքի կարիքների համար Մկրտիչ Քալաջյանից փոխառությամբ վերցրել է 1.356.000 ՀՀ դրամ և պարտավորվել է այն վերադարձնել մեկ ամսվա ընթացքում (հատոր 1-ին, գ.թ. 8).
3) Կարեն Մկրտչյանի և Մերի Հովսեփյանի կողմից 10.08.2009 թվականին տրված ստացական-պարտավորագրի համաձայն` վերջիններս Մկրտիչ Քալաջյանից պարտքով վերցրել են 580.000 ՀՀ դրամ՝ իրենց ընտանիքի կարիքները հոգալու համար, որը պարտավորվել են վերադարձնել փոխատուին մեկ ամսվա ընթացքում (հատոր 1-ին, գ.թ. 7).
4) Մարգո Սարգսյանի կողմից 22.09.2009 թվականին տրված ստացականի համաձայն` վերջինս Մկրտիչ Քալաջյանից պարտքով վերցրել է 60.000 ՀՀ դրամ, որը պարտավորվել է վերադարձնել փոխատուին 05.10.2009 թվականին: Նույն ստացականում Կարեն Մկրտչյանի կողմից լրացում է կատարվել, ըստ որի՝ վերջինս Մկրտիչ Քալաջյանից ստացել է 60.000 ՀՀ դրամ՝ իր մորը` Մարգո Սարգսյանին փոխանցելու համար, նույնաբովանդակ լրացումներ են կատարվել նաև 40.000 ՀՀ դրամի և 100.000 ՀՀ դրամի չափով: Ընդհանուր գումարը կազմել է 200.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 6).
5) Կարեն Մկրտչյանի կողմից 12.06.2010 թվականին տրված ստացական-պարտավորագրի համաձայն` Կարեն Մկրտչյանը Մկրտիչ Քալաջյանից իր ընտանիքի կարիքները հոգալու համար փոխառությամբ վերցրել է 8.405.000 ՀՀ դրամ, որը պարտավորվել է վերադարձնել փոխատուին երեք ամսվա ընթացքում (հատոր 1-ին, գ.թ. 5).
6) Մկրտիչ Քալաջյանի նկատմամբ 03.03.2011 թվականին Արաբկիր քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով՝ վաշխառության փաստի առթիվ, հարուցվել է թիվ 14105711 քրեական գործը: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Մկրտիչ Քալաջյանը ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսներով տարբեր չափի գումարներ է տվել տարբեր անձանց (հատոր 1-ին, գ.թ. 47-52).
7) ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ, ոստիկանության լեյտենանտ Ա.Ս. Վարդանյանի կողմից 22.03.2012 թվականին կայացված «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշմամբ կարճվել է թիվ 14105711 քրեական գործի վարույթը և դադարեցվել է Մկրտիչ Քալաջյանի նկատմամբ քրեական հետապնդումը` ՀՀ ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ ընդունված համաներման ակտի հիմքով: Նշված որոշմամբ արձանագրվել է այն փաստը, որ Մկրտիչ Քալաջյանը Կարեն Մկրտչյանին 2000-2004 թվականների ընթացքում 10 տոկոս ամսական տոկոսադրույքով մաս-մաս տվել է 1.800.000 ՀՀ դրամ, որի դիմաց մինչև 2008 թվականը Կարեն Մկրտչյանը վճարել է ամսական 180.000 ՀՀ դրամ տոկոս (հատոր 1-ին, գ.թ. 47-52):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ, 880-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Նույն կետի 2-րդ պարբերության համաձայն` փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` փոխառության գումարը համարվում է վերադարձված այն փոխատուին հանձնելու կամ նրա բանկային հաշվին փոխանցելու պահին, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված հոդվածների վերլուծությանը` դիրքորոշում հայտնելով այն մասին, որ փոխառության պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով փոխատուն փոխառուին է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել փոխառության գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրանով նախատեսված դրամը կամ այլ գույքը հանձնելու պահից: Փոխառության պայմանագրից բխող իրավահարաբերություններում փոխառուին իրավունք է վերապահված վիճարկել փոխառության պայմանագիրն այն դեպքում, երբ նա ապացուցում է, որ փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով (տե՛ս, Վահե Սահակյանն ընդդեմ Լեոնիդ Ներսիսյանի թիվ ԵՔԴ/0916/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի իրավական վերլուծությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, օրինակ, Էդգար Մարկոսյանն և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել նաև այն մասին, որ թեև քրեական գործերով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տրված բացատրություններով հաստատված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի իմաստով չունեն նախապես հաստատված ապացույցի ուժ, այդուհանդերձ, դրանք դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տան դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, հետևաբար դատարանը տվյալ գործի շրջանակներում պարտավոր է տալ նաև այդ ապացույցների իրավական գնահատականը (տե՛ս, Վարթկես Հագոփյանն ընդդեմ Անահիտ Հակոբջանյանի, Ալեքսանդր Դուրգարյանի, Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Ռ. Առաքելյանի թիվ ԱՐԱԴ/0093/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2010 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, պատճառաբանել է, որ չնայած այն հանգամանքին, որ Արաբկիրի քննչական բաժնի քննիչ, ոստիկանության լեյտենանտ Ա. Ս. Վարդանյանի 22.03.2012 թվականի «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը չի հանդիսանում օրենքի իմաստով որոշակի գումար ստանալու և այն վերադարձնելու փաստը հավաստող ուղղակի ապացույց, այդուհանդերձ, այն՝ որպես անուղղակի ապացույց, տեղեկություններ է պարունակում փոխառությամբ գումար տալու և դրա դիմաց 2004 թվականից մինչև 2008 թվականը, որպես տոկոս, ամսական 180.000 ՀՀ դրամ հայցվորին վճարվելու փաստի մասին: Միաժամանակ արձանագրելով, որ պատասխանողների կողմից հայցվորին որպես տոկոս ընդհանուր վճարվել է 8.640.000 ՀՀ դրամ (2004 թվականից մինչև 2008 թվականը` 48 ամիս x 180.000 ՀՀ դրամ = 8.640.000 ՀՀ դրամ) և, նկատի ունենալով այն, որ հայցապահանջը կազմում է 8.405.000 ՀՀ դրամ, մինչդեռ որպես տոկոսագումար վճարվել է ընդհանուր 8.640.000 ՀՀ դրամ, Դատարանը Մկրտիչ Քալաջյանի հայցը որակել է որպես անհիմն և մերժման ենթակա:
Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ սույն գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է այն փաստը, որ պատասխանողների կողմից հայցվորին ընդհանուր վերադարձվել է 8.640.000 ՀՀ դրամ, ինչը նշանակում է, որ հայցվորի կողմից պահանջված գումարը փաստացի նրան վերադարձվել է և նման պայմաններում հայցն անհիմն է, իսկ Դատարանի եզրահանգումը` միանգամայն իրավաչափ:
Վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թե՛ Դատարանը, և թե՛ Վերաքննիչ դատարանը սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող՝ Կարեն Մկրտչյանի, Մարգո Սարգսյանի և Մերի Հովսեփյանի կողմից փոխառության իրավահարաբերություններից բխող պարտավորությունների կատարման փաստը հաստատված են համարել միայն Արաբկիրի քննչական բաժնի քննիչ, ոստիկանության լեյտենանտ Ա. Ս. Վարդանյանի 22.03.2012 թվականի «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշմամբ` պատշաճ վերլուծության չենթարկելով դրանում առկա տեղեկատվությունը, ինչպես նաև այդ ապացույցը չհամադրելով գործում առկա մյուս ապացույցների հետ:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերլուծելով սույն գործում առկա ապացույցները ողջ համակցության մեջ, մասնավորապես, սույն գործով Արաբկիրի քննչական բաժնի քննիչ, ոստիկանության լեյտենանտ Ա. Ս. Վարդանյանի 22.03.2012 թվականի «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշմամբ արձանագրված հանգամանքները համադրելով գործում առկա 12.06.2010 թվականի ստացական-պարտավորագրի բովանդակության հետ, գտնում է, որ Մկրտիչ Քալաջյանը պատասխանողներին փոխառությամբ տվել է 8.405.000 ՀՀ դրամ, իսկ վերջիններիս կողմից մատնանշված տարիների ընթացքում որպես տոկոսագումար 8.640.000 ՀՀ դրամ վճարելու փաստը չի հաստատվում:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ Մկրտիչ Քալաջյանը թիվ 14105711 քրեական գործով նախաքննության ընթացում տվել է ցուցմունք առ այն, որ պատասխանողներին փոխառությամբ տրված գումարները գերազանցել են ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը, այնուամենայնիվ տոկոսներ ստանալը չի զրկում վերջինիս փոխառությամբ տրված գումարը հետ ստանալու իրավունքից: Ավելին` ստորադաս դատարանների կողմից հաստատված չեն, իսկ Արաբկիրի քննչական բաժնի քննիչ, ոստիկանության լեյտենանտ Ա. Ս. Վարդանյանի 22.03.2012 թվականի «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշման բովանդակությունից չի բխում, որ Մկրտիչ Քալաջյանը, որպես տոկոսագումար, պատասխանողներից ամբողջությամբ ստացել է 12.06.2010 թվականի ստացական-պարտավորագրում նշված գումարը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ դատական ծախսերի, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.07.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի, ինչպես նաև վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.11.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը, ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում՝ վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.07.2015 թվականի որոշմամբ հետաձգված, ինչպես նաև վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.11.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ռ. Հակոբյան | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|