Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.11.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.01.22/3(1183).1 Հոդ.28.11
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.11.2015
Подписан
Նախագահող
Дата подписания
27.11.2015
Дата вступления в силу
27.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0406/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0406/02/12

2015 թ.

Նախագահող դատավոր`  Ն. Բարսեղյան

Դատավորներ`

Գ. Մատինյան

Հ. Ենոքյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. Հակոբյանի

   

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

2015 թվականի նոյեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անահիտ Սարգսյանի ներկայացուցիչ Մելսիկ Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2014 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Անահիտ Սարգսյանի ընդդեմ Հասմիկ Սերգոյանի, Արմեն Հարությունյանի, Սեյրան Պապիկյանի, Աշոտ Հակոբյանի, Հերմինե Սերգոյանի, երրորդ անձինք Երևանի Նոր Նորքի նոտարական տարածքի նոտարներ Օսան Հակոբյանի, Էդվարդ Մակարյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման, «Արցախբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ), «Էն ՋԻ ԲԻ Ինվեստ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերը որպես շինծու գործարքներ ճանաչելու, այդ պայմանագրերի հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու, շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անահիտ Սարգսյանը պահանջել է շինծու ճանաչել իր և Աշոտ Հակոբյանի միջև Երևանի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 103/1 տան վերաբերյալ 24.07.2008 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը, իր և Սեյրան Պապիկյանի միջև Երևանի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 103 (103/2) տան վերաբերյալ 28.08.2009 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև անվավեր ճանաչել Սեյրան Պապիկյանի և Հասմիկ Սերգոյանի միջև Երևանի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 103 տան (103/2) վերաբերյալ 03.04.2010 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը: Միաժամանակ պահանջել է անվավեր ճանաչել վերը նշված պայմանագրերի հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման կողմից Աշոտ Հակոբյանի, Սեյրան Պապիկյանի և Հասմիկ Սերգոյանի անվամբ կատարված սեփականության իրավունքների պետական գրանցումը՝ կիրառելով գործարքի անվավերության հետևանքներ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 10.07.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. վճռվել է որպես առոչինչ գործարքի` Երևանի Հ. Էմինի փողոցի թիվ 103/1 բնակելի տան և հողամասի վերաբերյալ Անահիտ Սարգսյանի և Աշոտ Հակոբյանի միջև 24.07.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի անվավերության հետևանք անվավեր ճանաչել Երևանի Հ. Էմինի փողոցի թիվ 103/1 հասցեի 157,7քմ մակերեսով բնակելի տան և 0,01394հա մակերեսով հողամասի նկատմամբ Աշոտ Հակոբյանի և Հերմինե Սերգոյանի սեփականության իրավունքի գրանցումը, Անահիտ Սարգսյանի և Աշոտ Հակոբյանի միջև 24.07.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը դիտել որպես Անահիտ Սարգսյանի կողմից Աշոտ Հակոբյանից ստացած 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի վերադարձելիությունն ապահովելու նպատակով կնքված գրավի պայմանագիր, որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք` անվավեր ճանաչել Բանկի, Աշոտ Հակոբյանի, Հերմինե Սերգոյանի և Ընկերության միջև 07.08.2009 թվականին կնքված Երևանի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 103/1 հասցեի 157,7քմ մակերեսով բնակելի տունը, 0,01394հա ընդհանուր մակերեսով հողը Աշոտ Հակոբյանի և Հերմինե Սերգոյանի կողմից գրավադրելու վերաբերյալ թիվ Լ0003Ա հիփոթեքի պայմանագիրը և այդ պայմանագրի հիման վրա Երևանի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 103/1 հասցեի 157,7քմ մակերեսով բնակելի տան, 0,01394հա ընդհանուր մակերեսով հողամասի նկատմամբ գրանցված Բանկի գրավի իրավունքի գրանցումը։ Հայցը՝ Անահիտ Սարգսյանի և Սեյրան Պապիկյանի միջև Երևանի Հ. Էմինի փողոցի թիվ 103 (103/2) անշարժ գույքի վերաբերյալ 28.08.2009 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրն առոչինչ` շինծու լինելու հիմքով անվավերության հետևանքները կիրառելու պահանջի մասով, Սեյրան Պապիկյանի և Հասմիկ Սերգոյանի միջև Երևանի Հ. Էմինի փողոցի թիվ 103 (103/2) հասցեի վերաբերյալ 03.04.2010 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը առոչինչ` շինծու լինելու հիմքով անվավերության հետևանքները կիրառելու պահանջի մասով, մերժել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.11.2014 թվականի որոշմամբ Անահիտ Սարգսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.07.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Սարգսյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Աշոտ Հակոբյանը և Հասմիկ Սերգոյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 304-րդ, 306-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ և 53-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը լրիվ և բազմակողմանի չի գնահատել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.02.2013 թվականի թիվ ԵԱՔԴ/0051/01/12 օրինական ուժի մեջ մտած դատավճիռը:

Այսպես, Վերաքննիչ դատարանը, որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք, 24.07.2008 թվականի առուվաճառքի պայմանագիրը դիտելով որպես Անահիտ Սարգսյանի կողմից Աշոտ Հակոբյանից փոխառությամբ ստացած 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի վերադարձելիությունն ապահովելու նպատակով կնքված գրավի պայմանագիր, անտեսել է նշված դատավճռում արձանագրված Անահիտ Սարգսյանի, Արմեն Հարությունյանի և Աշոտ Հակոբյանի կողմից տրված ցուցմունքները և չի գնահատել դրանք համակցության մեջ, որպիսի պայմաններում հաշվի չի առել, որ առկա չէ որևէ հիմք 24.07.2008 թվականի առուվաճառքի պայմանագիրը հենց այդ չափով գումարի վերադարձելիությունն ապահովելու նպատակով կնքված գրավի պայմանագիր որակելու համար: Մինչդեռ Արմեն Հարությունյանն Անահիտ Սարգսյանին 24.07.2008 թվականին տվել է 16.800 ԱՄՆ դոլար:

Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել Դատարանի եզրահանգումն առ այն, որ Երևանի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 103 (103/2) տան վերաբերյալ կնքված առուվաճառքի պայմանագիրը շինծու գործարք չէ, մինչդեռ նշված առուվաճառքի պայմանագրի շինծու լինելու հանգամանքը հիմնավորվում է 08.02.2013 թվականի թիվ ԵԱՔԴ 0051/01/12 օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածը, հանգել է սխալ հետևության և հաստատված համարել, որ Անահիտ Սարգսյանը չի կարող համարվել Սեյրան Պապիկյանի և Հասմիկ Սերգոյանի միջև 03.04.2010 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը վիճարկելու պահանջով շահագրգիռ անձ: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Անահիտ Սարգսյանի և Սեյրան Պապիկյանի միջև 28.08.2009 թվականին կնքված, իսկ այնուհետև` Սեյրան Պապիկյանի և Հասմիկ Սերգոյանի միջև 03.04.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերի հետևանքով Անահիտ Սարգսյանը զրկվել է իր սեփականությունից, որպիսի պայմաններում հայցվորի իրավունքները հնարավոր է վերականգնել միայն տվյալ գործարքները շինծու ճանաչելու միջոցով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.11.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցն ամբողջությամբ բավարարել։

 

2.1 Աշոտ Հակոբյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության առնելով սույն գործով ներկայացված բոլոր ապացույցները, հաստատված է համարել, որ Անահիտ Սարգսյանի և Աշոտ Հակոբյանի միջև 24.07.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին և հանդիսացել է 30.000 ԱՄՆ դոլար փոխառության պարտավորության կատարման ապահովման միջոց: Այսինքն`Անահիտ Սարգսյանի և Աշոտ Հակոբյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրն առոչինչ գործարք է, և առուվաճառքի պայմանագիրն իրականում կնքվել է Աշոտ Հակոբյանի կողմից Անահիտ Սարգսյանին փոխառությամբ տրված 30.000 ԱՄՆ դոլարի վերադարձելիությունն ապահովելու նպատակով:

 

2.2 Հասմիկ Սերգոյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքի պատճառաբանություններն անհիմն են, քանի որ Անահիտ Սարգսյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի իմաստով չի կարող հանդիսանալ Սեյրան Պապիկյանի և Հասմիկ Սերգոյանի միջև Երևանի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 103 տան (103/2) վերաբերյալ 03.04.2010 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի անվավերությունը վիճարկելու համար շահագրգիռ անձ, քանի որ վիճելի գույքն Անահիտ Սարգսյանի օրինական տիրապետումից դուրս է եկել օրենքի պահանջների պահպանմամբ, իսկ Սեյրան Պապիկյանի և Հասմիկ Սերգոյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագրով որևէ կերպ չի խախտվել Անահիտ Սարգսյանի որևէ իրավունք ու վերջինիս համար որևէ անբարենպաստ հետևանքներ չի առաջացրել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 24.07.2008 թվականին Անահիտ Սարգսյանի և Աշոտ Հակոբյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Հովսեփ Էմինի փողոցի թիվ 103/1 հասցեում գտնվող 89,8քմ մակերեսով բնակելի տունը և 0,01175հա մակերեսով հողամասը 15.000.000 ՀՀ դրամով վաճառվել են Սեյրան Պապիկյանին (հատոր 1-ին, գ.թ. 13).

2. 28.08.2009 թվականին Անահիտ Սարգսյանի և Սեյրան Պապիկյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Հովսեփ Էմինի փողոցի թիվ 103 (103/2) հասցեում գտնվող 89,8քմ մակերեսով բնակելի տունը և 0,01175հա մակերեսով հողամասը 15.000.000 ՀՀ դրամով վաճառվել են Սեյրան Պապիկյանին (հատոր 1-ին, գ.թ. 12).

3. 03.04.2010 թվականին Սեյրան Պապիկյանի և Հասմիկ Սերգոյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Հովսեփ Էմինի փողոցի թիվ 103 (103/2) հասցեում գտնվող 89,8քմ մակերեսով բնակելի տունը և 0,01175հա մակերեսով հողամասը 12.000.000 ՀՀ դրամով վաճառվել են Հասմիկ Սերգոյանին (հատոր 1-ին, գ.թ. 41):

4. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/0051/01/12 քրեական գործով 08.02.2013 թվականին կայացված, օրինական ուժի մեջ մտած դատավճռով Արմեն Էլիմիրի Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգքրի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 213-րդ հոդվածի 1-ին մասով և 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների կատարման համար: Դատավճռում արձանագրվել է, որ «նախաքննության փուլում Արմեն Հարությունյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ցուցմունքներ է տվել այն մասին, որ Անահիտ Սարգսյանի հետ ծանոթացել է նրա եղբոր որդու` Արտակ Սարգսյանի միջոցով: Վերջիններս իրենից գումար են խնդրել, և քանի որ իր մոտ գումար չկար, այդ հարցով դիմել է Աշոտ Հակոբյանին: Որքանով ինքը հիշում է, Աշոտ Հակոբյանն իրեն տվել է 20.000 ԱՄՆ դոլար, որը ինքը պետք է տրամադրեր Անահիտ Սարգսյանին: Աշոտ Հակոբյանն այդ գումարի դիմաց գրավ է պահանջել Անահիտ Սարգսյանի` Երևանի Հ. Էմինի փողոցի թիվ 103/1 հասցեում գտնվող տունը, որն առուվաճառքի պայմանագրով ձևակերպվել է Աշոտ Հակոբյանի անվամբ: Այդ գումարը տրվել է Անահիտ Սարգսյանին: Որոշ ժամանակ անց Անահիտ Սարգսյանը կրկին դիմել է իրեն` գումար վերցնելու խնդրանքով, նույն պայմանով, սակայն այս անգամ պետք է գրավադրվեր Երևանի Հ. Էմինի փողոցի թիվ 103 (103/2) տունը, որը կրկին պատկանել է Անահիտ Սարգսյանին: Արմեն Հարությունյանն այս անգամ ևս դիմել է Աշոտ Հակոբյանին և նույն պայմաններով վերջինից վերցրել է 7.000.000 ՀՀ դրամ, որից 11.000 ԱՄՆ դոլարը տվել է Անահիտ Սարգսյանին, իսկ մնացած 14.000 ԱՄՆ դոլարն օգտագործել է գրավատան գործունեության մեջ: Այդ գումարի դիմաց գրավադրվել է Երևանի Հ. Էմինի փողոցի թիվ 103(103/2) տունը, սակայն քանի որ ինքը Սեյրան Պապիկյանին գումար էր պարտք, տվյալ տունն առուվաճառքի պայմանագրով ձևակերպվել է Սեյրան Պապիկյանի անվամբ:

Վկա Սեյրան Պապիկյանն իր ցուցմունքներում հայտնել է, որ ճանաչել է Արմեն Հարությունյանին և վերջինիս հետ գտնվել է ընկերական հարաբերությունների մեջ: 2009 թվականի օգոստոս ամսին, քանի որ իրեն բնակարան էր անհրաժեշտ, Արմեն Հարությունյանն առաջարկել է գնել Երևանի Հ. Էմինի փողոցի թիվ 103(103/2) տունը` 15.000.000 ՀՀ դրամով: Տունը նայելուց հետո նոտարական գրասենյակում Անահիտ Սարգսյանի հետ կնքել է առուվաճառքի պայմանագիր` պայմավորվածություն ձեռք բերելով, որ Անահիտ Սարգսյանը բնակարանը կազատի 6 ամսից: Դրանից հետո, քանի որ Սեյրան Պապիկյանին անհրաժեշտ էր գումար, իսկ Արմեն Հարությունյանն իրեն պարտք էր 79.000 ԱՄՆ դոլար, որը չէր կարողանում վերադարձնել, Սեյրան Պապիկյանին ծանոթացրել է Հասմիկ Սերգոյանի հետ: Վերջինս համաձայնել է գումարը տալ` պայմանով, որ Սեյրան Պապիկյանը կգրավադնի Երևանի Հ. Էմինի փողոցի թիվ 103(103/2) տունը:

Վկա Աշոտ Հակոբյանն իր ցուցմունքներում հայտնել է, որ ինքը 2008 թվականին ունեցել է գումար, որը ցանկացել է ներդնել որևէ բիզնեսի մեջ և «Գինդ» թերթում կարդալով հայտարարություն այն մասին, որ փնտրվում է գործընկեր բիզնեսի մեջ` ծանոթացել է Արմեն Հարությունյանի հետ: Վերջինս հայտնել է, որ զբաղվում է գրավատան և անշարժ գույքի գործակալության գործունեությամբ և իրեն առաջարկել է գումար ներդնել այդ գործունեության մեջ: Ինքն Արմեն Հարությունյանին հայտնել է, որ կարող է տրամադրել ընդամենը 30.000 ԱՄՆ դոլար, որին վերջինս համաձայնվել է: Իր հարցին, թե որն է լինելու գումարի վերադարձման երաշխիքը, Արմեն Հարությունյանը պատասխանել է, որ նրա ծանոթներից մեկը պատրաստ է այդ գումարի դիմաց իր գույքը գրավ դնել: Գնացել են գրավադրվող գույքը տեսնելու, որը գտնվել է Երևանի Հ. Էմինի թիվ 103/1 հասցեում, որտեղ և ծանոթացել է անշարժ գույքի սեփականատեր Անահիտ Սարգսյանի հետ: Անահիտ Սարգսյանը տվել է համաձայնություն, որ տվյալ գումարի դիմաց իր գույքն առուվաճառքի պայմանագրով ձևակերպվի Աշոտ Հակոբյանի անվամբ: Նոտարական գրասենյակում կնքել են առուվաճառքի պայմանագիր, որտեղ ինքը գումարը հաշվել է և տվել Անահիտ Սարգսյանին: Հետագայում Արմեն Հարությունյանը կրկին դիմել է իրեն` գումար տրամադրելու, սակայն քանի որ գումար չի ունեցել, դիմել է Հասմիկ Սերգոյանին: Դրանից հետո իրենք հանդիպել են Արմեն Հարությունյանի հետ, վերջինս էլ ծանոթացրել է Սեյրան Պապիկյանի հետ: Իրենք համաձայնության են եկել, որ Հասմիկ Սերգոյանը Սեյրան Պապիկյանին տրամադրում է գումար, որի դիմաց, որպես երաշխիք, գրավադրվում է Երևանի Հ. Էմինի թիվ 103 (103/2) տունը: Պայմանավորվածության համաձայն՝ նոտարական գրասենյակում կնքվել է փոխառության պայմանագիր, ըստ որի՝ Հասմիկ Սերգոյանը Սեյրան Պապիկանին տվել է 13.000.000 ՀՀ դրամ` ամսական 2% տոկոսադրույքով, երեք ամիս ժամկետով: Սեյրան Պապիկյանը, չկարողանալով ժամանակին վերադարձնել Հասմիկ Սերգոյանի գումարը, առաջարկել է Հ. Էմինի թիվ 103 (103/2) տունն առուվաճառքի պայմանագրով պարտքի դիմաց ձևակերպել Հասմիկ Սերգոյանի անվամբ:

Տուժող Անահիտ Սարգսյանն իր ցուցմունքներով հայտնել է, որ 2006 թվականին գումարային խնդիրներ ունենալով, իր եղբոր որդու` Արտակ Սարգսյանի միջոցով ծանոթացել է Արմեն Հարությունյանի հետ, որը գրավի դիմաց տրամադրում էր գումարներ: 2008 թվականին ինքը, դրամական խնդիրներ ունենալով, կրկին դիմել է Արմեն Հարությունյանին, որը 24.07.2008 թվականին իրեն տվել է 16.800 ԱՄՆ դոլար՝ ամսական 10 տոկոս տոկոսադրույքով, որի դիմաց գրավադրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Հ. Էմինի թիվ 103/1 տունը, սակայն նոտարական գրասենյակում կնքվել է առուվաճառքի պայմանագիր և գումարի չափը նշվել է 22.000.000 ՀՀ դրամ: Մինչև 2009 թվականի օգոստոս ամիսն ինքը պարտաճանաչ կերպով կատարել է տոկոսների մարում՝ ամսական 1.680 ԱՄՆ դոլարի չափով: 24.08.2009 թվականին Արմեն Հարությունյանն իրենից պահանջել է բոլոր ստացականները, որոնք գրվել են տոկոսները վճարելու ժամանակ և պատռել է դրանք, և գրվել է նոր ստացական` 20.000 ԱՄՆ դոլարի չափով, որի դիմաց ինքը պետք է վճարեր ամսական 1.000 եվրոյի չափով տոկոսադրույք, իսկ ժամանակին չվճարելու դեպքում պետք է վճարեր ամսական 1.400 եվրոյի չափով տոկոսադրույք: Չկարողանալով ժամանակին վճարել տոկոսագումարները` Արմեն Հարությունյանից ամսական մոտ 5 տոկոս տոկոսադրույքով վերցրել է 10.000 ԱՄՆ դոլար, որի դիմաց գրավադրել է իրեն պատկանող Երևանի Հ. Էմինի թիվ 103 (103/2) տունը: Ինչպես առաջին տունը, այնպես էլ երկրորդ տունն առուվաճառքի պայմանագրով գրանցվել է մեկ այլ անձի անունով. առաջին տունը գրանցվել է Աշոտ Հակոբյանի անվամբ, իսկ երկրորդ տունը`Սեյրան Պապիկյանի անվամբ: Որոշ ժամանակ անց, երբ իրենք հանդիպել են նոտարական գրասենյակում որպես գնորդ հանդես եկած անձին, վերջինս իրենց հայտնել է, որ տունը 30.000 ԱՄՆ դոլարով Արմեն Հարությունյանը վաճառել է մեկ այլ անձի: Այդ ժամանակ ինքը հանդիպել է Արմեն Հարությունյանին, որը հայտնել է, որ պետք չէ անհանգստանալ, և ինքը կարճ ժամանակում կվերադարձնի տունը, եթե իրենք վերադարձնեն 10.000 ԱՄՆ դոլարը» (հատոր 2-րդ, գ.թ. 40-65):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ և 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատական ակտերի իրավական հիմնավորվածության, մասնավորապես` դատարանի կողմից գործում առկա բոլոր ապացույցների լրիվ և բազմակողմանի հետազոտման ու գնահատման խնդրին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ շինծու գործարքը, այսինքն՝ մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ՝

1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ

2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն՝ շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տե՛ս, «Սինկրիստալ» ՍՊԸ-ն ընդդեմ Գագիկ Բղդոյանի և մյուսների թիվ 3-623(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով վերը նշված դիրքորոշումը, նշել է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հայցապահանջով ապացուցման առարկան կազմում են հետևյալ փաստերը.

 օրենքով սահմանված ձևին համապատասխանող գործարքի առկայությունը.

□ այդ գործարքը վիճարկելու իրավունք ունենալը (շահագրգիռ անձ հանդիսանալը).

□ գործարքը կնքելիս կողմերի իրական կամարտահայտությունը.

□ վիճարկվող գործարքում նշված քաղաքացիական իրավահարաբերություններից տարբերվող` իրականում այլ քաղաքացիական իրավահարաբերությունների առկայությունը.

□ կողմերի միջև իրականում առկա քաղաքացիական իրավահարաբերությունները վիճարկվող գործարքով քողարկելու նպատակի առկայությունը:

Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի ընդհանուր կանոնի համաձայն` նշված հանգամանքները պետք է ապացուցի այդ փաստերը վկայակոչող կողմը (տե′ս, Նունյա Առաքելյանն ընդդեմ Քնարիկ Մարտիրոսյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/1299/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։ Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը։

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը)։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրահանգումը պետք է լինի կոնկրետ գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման անմիջական և տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը:

Սույն գործով Դատարանը, հայցը մասնակիորեն բավարարելով, պատճառաբանել է, որ գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ Անահիտ Սարգսյանի և Աշոտ Հակոբյանի միջև 24.07.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին և հանդիսացել է 30.000 ԱՄՆ դոլար փոխառության պարտավորության կատարման ապահովման միջոց, այսինքն՝ կողմերի միջև կնքվել է շինծու գործարք: Միաժամանակ Դատարանը նշել է, որ գործում առկա չէ և հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց այն մասին, որ Անահիտ Սարգսյանի և Սեյրան Պապիկյանի միջև Երևանի Հ. Էմինի փողոցի թիվ 103 (103/2) անշարժ գույքի վերաբերյալ 28.08.2009 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է իրականում այլ գործարք քողարկելու նպատակով, կամ որ գործարքը ստորագրած կողմերի կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածը, հանգել է նաև այն հետևության, որ Անահիտ Սարգսյանը չի կարող համարվել Սեյրան Պապիկյանի և Հասմիկ Սերգոյանի միջև Երևանի Հ. Էմինի փողոցի թիվ 103 (103/2) հասցեի վերաբերյալ 03.04.2010 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով հայց ներկայացնելու համար շահագրգիռ անձ, քանի որ նշված գործարքով նրա իրավունքները որևէ կերպ չէին կարող խախտվել, և այդ պահանջի բավարարման դեպքում նրա որևէ իրավունք չէր կարող վերականգնվել:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Անահիտ Սարգսյանի վերաքննիչ բողոքը, հիմնավոր է համարել Դատարանի` վերը շարադրված պատճառաբանությունները: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Անահիտ Սարգսյանի վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ իրականում Երևանի Հ. Էմինի թիվ 103/1 տունը գրավադնելու համար իրեն տրվել է ընդամենը 16.800 ԱՄՆ դոլար, որպիսի պայմաններում 24.07.2008 թվականին կնքված պայմանագիրը պետք է դիտվեր որպես Աշոտ Հակոբյանից ստացված 16.800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի վերադարձելիությունն ապահովելու նպատակով կնքված գրավի պայմանագիր, արձանագրել է, որ թիվ ԵԱՔԴ/0051/01/12 քրեական գործով 08.02.2013 թվականին կայացված օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է Աշոտ Հակոբյանի կողմից Անահիտ Սարգսյանին որպես փոխառություն 30.000 ԱՄՆ դոլար տալու հանգամանքը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, գտնում է, որ ստորադաս դատարանները սույն գործով չեն իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում: Մասնավորապես` ստորադաս դատարանները, արձանագրելով, որ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Անահիտ Սարգսյանի և Սեյրան Պապիկյանի միջև Երևանի Հ. Էմինի փողոցի թիվ 103 (103/2) անշարժ գույքի վերաբերյալ 28.08.2009 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է իրականում այլ գործարք քողարկելու նպատակով, այդ կապակցությամբ որևէ գնահատական չեն տվել գործում առկա` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/0051/01/12 քրեական գործով 08.02.2013 թվականին կայացված, օրինական ուժի մեջ մտած դատավճռին այն պարագայում, երբ նշված դատավճռում արձանագրված փաստերն առնչվում են վիճելի հասցեի վերաբերյալ ինչպես Անահիտ Սարգսյանի և Սեյրան Պապիկյանի միջև 28.08.2009 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրին, այնպես էլ հետագայում` 03.04.2010 թվականին, Սեյրան Պապիկյանի և Հասմիկ Սերգոյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրին: Այսպես, դատավճռում արձանագրվել է, որ «նախաքննության փուլում Արմեն Հարությունյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ցուցմունքներ է տվել այն մասին, որ Անահիտ Սարգսյանի հետ ծանոթացել է նրա եղբոր որդու` Արտակ Սարգսյանի միջոցով: Վերջիններս իրենից գումար են խնդրել, և քանի որ իր մոտ գումար չկար, այդ հարցով դիմել է Աշոտ Հակոբյանին: Աշոտ Հակոբյանն այդ գումարի դիմաց գրավ է պահանջել Անահիտ Սարգսյանի` Երևանի Հ. Էմինի փողոցի թիվ 103/1 հասցեում գտնվող տունը, որն առուվաճառքի պայմանագրով ձևակերպվել է Աշոտ Հակոբյանի անվամբ: Որոշ ժամանակ անց, Անահիտ Սարգսյանը կրկին դիմել է իրեն` գումար վերցնելու խնդրանքով, նույն պայմանով, սակայն այս անգամ պետք է գրավադրվեր Երևանի Հ. Էմինի փողոցի թիվ 103 (103/2) տունը, որը կրկին պատկանել է Անահիտ Սարգսյանին: Արմեն Հարությունյանն այս անգամ ևս դիմել է Աշոտ Հակոբյանին և նույն պայմաններով վերջինից վերցրել է 7.000.000 ՀՀ դրամ, որից 11.000 ԱՄՆ դոլարը տվել է Անահիտ Սարգսյանին, իսկ մնացած 14.000 ԱՄՆ դոլարն օգտագործել է գրավատան գործունեության մեջ: Այդ գումարի դիմաց գրավադրվել է Երևանի Հ. Էմինի փողոցի թիվ 103(103/2) տունը, սակայն քանի որ ինքը Սեյրան Պապիկյանին պարտք էր որոշակի գումար, տվյալ տունն առուվաճառքի պայմանագրով ձևակերպվել է Սեյրան Պապիկյանի անվամբ: Վկա Սեյրան Պապիկյանն իր ցուցմունքներում հայտնել է, որ ճանաչել է Արմեն Հարությունյանին և վերջինիս հետ գտնվել է ընկերական հարաբերությունների մեջ: 2009 թվականի օգոստոս ամսին քանի որ իրեն բնակարան էր անհրաժեշտ, Արմեն Հարությունյանն առաջարկել է գնել Երևանի Հ. Էմինի փողոցի թիվ 103(103/2) տունը` 15.000.000 ՀՀ դրամով: Տունը նայելուց հետո նոտարական գրասենյակում Անահիտ Սարգսյանի հետ կնքել է առուվաճառքի պայմանագիր` պայմավորվածություն ձեռք բերելով, որ Անահիտ Սարգսյանը բնակարանը կազատի 6 ամսից: Դրանից հետո, քանի որ Սեյրան Պապիկյանին անհրաժեշտ էր գումար, իսկ Արմեն Հարությունյանն իրեն պարտք էր 79.000 ԱՄՆ դոլար, որը չէր կարողանում վերադարձնել, Սեյրան Պապիկյանին ծանոթացրել է Հասմիկ Սերգոյանի հետ: Վերջինս համաձայնել է գումարը տալ` պայմանով, որ Սեյրան Պապիկյանը կգրավադնի Երևանի Հ. Էմինի փողոցի թիվ 103(103/2) տունը: Վկա Աշոտ Հակոբյանն իր ցուցմունքներում հայտնել է, որ ինքը 2008 թվականին ունեցել է գումար, որը ցանկացել է ներդնել որևէ բիզնեսի մեջ և «Գինդ» թերթում կարդալով հայտարարություն այն մասին, որ փնտրվում է գործընկեր բիզնեսի մեջ` ծանոթացել է Արմեն Հարությունյանի հետ: Վերջինս հայտնել է, որ զբաղվում է գրավատան և անշարժ գույքի գործակալության գործունեությամբ և իրեն առաջարկել է գումար ներդնել այդ գործունեության մեջ: Ինքն Արմեն Հարությունյանին հայտնել է, որ կարող է տրամադրել ընդամենը 30.000 ԱՄՆ դոլար, որին վերջինս համաձայվել է: Իր հարցին, թե որն է լինելու գումարի վերադարձման երաշխիքը, Արմեն Հարությունյանը պատասխանել է, որ նրա ծանոթներից մեկը պատրաստ է այդ գումարի դիմաց իր գույքը գրավ դնել: Գնացել են գրավադրվող գույքը տեսնելու, որը գտնվել է Երևանի Հ. Էմինի թիվ 103/1 հասցեում, որտեղ և ծանոթացել է անշարժ գույքի սեփականատեր Անահիտ Սարգսյանի հետ: Անահիտ Սարգսյանը տվել է համաձայնություն, որ տվյալ գումարի դիմաց իր գույքն առուվաճառքի պայմանագրով ձևակերպվի Աշոտ Հակոբյանի անվամբ: Նոտարական գրասենյակում կնքել են առուվաճառքի պայմանագիր, որտեղ ինքը գումարը հաշվել է և տվել Անահիտ Սարգսյանին: Հետագայում Արմեն Հարությունյանը կրկին դիմել է իրեն`գումար տրամադրելու, սակայն քանի որ ինքը գումար չի ունեցել, դիմել է Հասմիկ Սերգոյանին: Դրանից հետո իրենք հանդիպել են Արմեն Հարությունյանի հետ, վերջինս էլ ծանոթացրել է Սեյրան Պապիկյանի հետ: Իրենք համաձայնության են եկել, որ Հասմիկ Սերգոյանը Սեյրան Պապիկյանին տրամադրում է գումար, որի դիմաց, որպես երաշխիք, գրավադրվում է Երևանի Հ. Էմինի թիվ 103 (103/2) տունը: Պայմանավորվածության համաձայն՝ նոտարական գրասենյակում կնքվել է փոխառության պայմանագիր, ըստ որի՝ Հասմիկ Սերգոյանը Սեյրան Պապիկանին տվել է 13.000.000 ՀՀ դրամ` ամսական 2% տոկոսադրույքով, երեք ամիս ժամկետով: Սեյրան Պապիկյանը, չկարողանալով ժամանակին վերադարձնել Հասմիկ Սերգոյանի գումարը, առաջարկել է Հ. Էմինի թիվ 103 (103/2) տունն առուվաճառքի պայմանագրով պարտքի դիմաց ձևակերպել Հասմիկ Սերգոյանի անվամբ: Տուժող Անահիտ Սարգսյանն իր ցուցմունքներով հայտնել է, որ 2006 թվականին գումարային խնդիրներ ունենալով` իր եղբոր որդու` Արտակ Սարգսյանի միջոցով ծանոթացել է Արմեն Հարությունյանի հետ, որը գրավի դիմաց տրամադրում էր գումարներ: 2008 թվականին ինքը, դրամական խնդիրներ ունենալով, կրկին դիմել է Արմեն Հարությունյանին, որը 24.07.2008 թվականին իրեն տվել է 16.800 ԱՄՆ դոլար` ամսական 10 տոկոս տոկոսադրույքով, որի դիմաց գրավադրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Հ. Էմինի թիվ 103/1 տունը, սակայն նոտարական գրասենյակում կնքվել է առուվաճառքի պայմանագիր, և գումարի չափը նշվել է 22.000.000 ՀՀ դրամ: Մինչև 2009 թվականի օգոստոս ամիսն ինքը պարտաճանաչ կերպով կատարել է տոկոսների մարում՝ ամսական 1.680 ԱՄՆ դոլարի չափով: 24.08.2009 թվականին Արմեն Հարությունյանն իրենից պահանջել է բոլոր ստացականները, որոնք գրվել են տոկոսները վճարելու ժամանակ և պատռել է դրանք, և գրվել է նոր ստացական` 20.000 ԱՄՆ դոլարի չափով, որի դիմաց ինքը պետք է վճարեր ամսական 1.000 եվրոյի չափով տոկոսադրույք, իսկ ժամանակին չվճարելու դեպքում պետք է վճարեր ամսական 1.400 եվրոյի չափով տոկոսադրույք: Չկարողանալով ժամանակին վճարել տոկոսագումարները` Արմեն Հարությունյանից ամսական մոտ 5 տոկոս տոկոսադրույքով վերցրել է 10.000 ԱՄՆ դոլար, որի դիմաց գրավադրել է իրեն պատկանող Երևանի Հ. Էմինի թիվ 103 (103/2) տունը: Ինչպես առաջին տունը, այնպես էլ՝ երկրորդ տունն առուվաճառքի պայմանագրով գրացվել է մեկ այլ անձի անունով»:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/0051/01/12 քրեական գործով 08.02.2013 թվականին կայացված, օրինական ուժի մեջ մտած դատավճիռը բովանդակում է սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այն է՝ ինչպես Անահիտ Սարգսյանի և Սեյրան Պապիկյանի միջև 28.08.2009 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի, այնպես էլ հետագայում` 03.04.2010 թվականին, Սեյրան Պապիկյանի և Հասմիկ Սերգոյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի վերաբերյալ տեղեկություններ, հետևաբար այն ենթակա էր գնահատման գործում առկա ապացույցների համակցության մեջ, ինչը, սակայն, անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

 Ինչ վերաբերում վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ ստորադաս դատարանները, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածը, հանգել են սխալ հետևության և հաստատված համարել, որ Անահիտ Սարգսյանը չի կարող համարվել Սեյրան Պապիկյանի և Հասմիկ Սերգոյանի միջև 03.04.2010 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը վիճարկելու պահանջով շահագրգիռ անձ, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն`շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի մեկնաբանությանը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով հայցվորի շահագրգռվածության հարցը: Դատարան դիմելով` հայցվորը պետք է հիմնավորի, իսկ դատարանը` պարզի, թե հայցվորի որ իրավունքներն են իրականում խախտվել և ինչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները, ու ներկայացված հայցի նպատակն արդյոք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, և հնարավոր է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել հայցվորի իրավունքները (կամ, համապատասխան դեպքերում, նրան պատճառված վնասը փոխհատուցել): Հայցվորն իրավունք ունի դատարան դիմելու իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության և վերականգման համար (տե՛ս, Ստիխտինգ Ադմինիստրատենկանտոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս հիմնադրամը, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերությունը, «Յուկոս Ինթերնեյշնլ ՍK B.V.» ընկերությունը և Արմեն Միքայելյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի և «Նեֆտեննայա կոմպանիա «Ռոսնեֆտ»» ԲԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1494/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի որոշումը):

Սույն գործով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, հաստատված համարելով, որ Անահիտ Սարգսյանը չի կարող համարվել առոչինչ գործարքի, այն է` Սեյրան Պապիկյանի և Հասմիկ Սերգոյանի միջև 03.04.2010 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով հայց ներկայացնելու համար շահագրգիռ անձ, հաշվի չեն առել այն հանգամանքը, որ Սեյրան Պապիկյանի և Հասմիկ Սերգոյանի միջև 03.04.2010 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը կնքվել է Անահիտ Սարգսյանի և Սեյրան Պապիկյանի միջև 28.08.2009 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի արդյունքում: Այսինքն՝ Սեյրան Պապիկյանը վիճելի հասցեի անշարժ գույքը վաճառելու իրավունք ձեռք է բերել 28.08.2009 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա, որի անվավերության պահանջ էլ ներկայացված է սույն գործով: Հետևաբար Անահիտ Սարգսյանի և Սեյրան Պապիկյանի միջև 28.08.2009 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրի` որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջ ներկայացված լինելու պայմաններում Անահիտ Սարգսյանը Սեյրան Պապիկյանի և Հասմիկ Սերգոյանի միջև 03.04.2010 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը վիճարկելու մասով շահագրգիռ անձ է, քանի որ այդ պայմանագրով վեճի առարկա գույքը, այն է`Երևանի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 103 (103/2) հասցեում գտնվող 89,8քմ մակերեսով բնակելի տունը և 0,01175հա մակերեսով հողամասը փոխանցվել են այլ անձի` Հասմիկ Սերգոյանի սեփականությանը:

Միաժամանակ անդրադառնալով վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/0051/01/12 քրեական գործով 08.02.2013 թվականին կայացված, օրինական ուժի մեջ մտած դատավճռում արձանագրված Անահիտ Սարգսյանի, Արմեն Հարությունյանի և Աշոտ Հակոբյանի կողմից տրված ցուցմունքները և չի գնահատել դրանք համակցության մեջ, որպիսի պայմաններում հաշվի չի առել, որ առկա չէ որևէ հիմք 24.07.2008 թվականի առուվաճառքի պայմանագիրը հենց այդ չափով գումարի վերադարձելիությունն ապահովելու նպատակով կնքված գրավի պայմանագիր որակելու համար, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործում առկա՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/0051/01/12 քրեական գործով 08.02.2013 թվականին կայացված, օրինական ուժի մեջ մտած դատավճռում արձանագրված Արմեն Հարությունյանի ցուցմունքի համաձայն՝ «որքանով ինքը հիշում է, Աշոտ Հակոբյանն իրեն տվել է 20.000 ԱՄՆ դոլար, որը ինքը պետք է տրամադրեր Անահիտ Սարգսյանին: Աշոտ Հակոբյանն այդ գումարի դիմաց գրավ է պահանջել Անահիտ Սարգսյանի` Երևանի Հ. Էմինի փողոցի թիվ 103/1 հասցեում գտնվող տունը, որն առուվաճառքի պայմանագրով ձևակերպվել է Աշոտ Հակոբյանի անվամբ, իսկ այդ գումարը տրվել է Անահիտ Սարգսյանին»: Նշված դատավճռում արձանագրված` Աշոտ Հակոբյանի ցուցմունքի համաձայն՝ «ինքն Արմեն Հարությունյանին հայտնել է, որ կարող է տրամադրել ընդամենը 30.000 ԱՄՆ դոլար, իսկ իր այն հարցին, թե որն է լինելու գումարի վերադարձման երաշխիք, Արմեն Հարությունյանը պատասխանել է, որ նրա ծանոթներից մեկը պատրաստ է այդ գումարի դիմաց իր գույքը գրավ դնել: Գնացել են գրավադրվող գույքը տեսնելու, որը գտնվել է Երևանի Հ. Էմինի թիվ 103/1 հասցեում, որտեղ և ծանոթացել է անշարժ գույքի սեփականատեր Անահիտ Սարգսյանի հետ: Անահիտ Սարգսյանը տվել է համաձայնություն, որ տվյալ գումարի դիմաց իր գույքն առուվաճառքի պայմանագրով ձևակերպվի Աշոտ Հակոբյանի անվամբ: Նոտարական գրասենյակում կնքել են առուվաճառքի պայմանագիր, որտեղ ինքը գումարը հաշվել է և տվել Անահիտ Սարգսյանին»: Նշված դատավճռում արձանագրված` Անահիտ Սարգսյանի ցուցմունքի համաձայն՝ «2008 թվականին ինքը, դրամական խնդիրներ ունենալով, դիմել է Արմեն Հարությունյանին, որը 24.07.2008 թվականին իրեն տվել է 16.800 ԱՄՆ դոլար` ամսական 10 տոկոս տոկոսադրույքով, որի դիմաց գրավադրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Հ. Էմինի թիվ 103/2 տունը, սակայն նոտարական գրասենյակում կնքվել է առուվաճառքի պայմանագիր, և գումարի չափը նշվել է 22.000.000 ՀՀ դրամ»:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, արձանագրելով, որ հիմնավորվում է 30.000 ԱՄՆ դոլար փոխառության դիմաց գույքի գրավադրման փաստը, չեն անդրադարձել վերը նշված դատավճռում առկա ցուցմունքներին, չեն գնահատել դրանք համակցության մեջ՝ անտեսելով դրանցում առկա հակասությունները, որպիսի պայմաններում վերջիններիս եզրահանգումը՝ ապահովված պահանջի չափի վերաբերյալ, հիմնավորված համարվել չի կարող:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են Հասմիկ Սերգոյանի կողմից վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:

 

Ինչ վերաբերում է Աշոտ Հակոբյանի կողմից վճռաբեկ բողոքի պատասխանում բերված՝ փոխառության չափի վերաբերյալ փաստարկին, ապա Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱՔԴ/0051/01/12 քրեական գործով 08.02.2013 թվականին կայացված, օրինական ուժի մեջ մտած դատավճռում արձանագրված և սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ տեղեկությունները ստորադաս դատարանների կողմից պատշաճ չհետազոտվելու և չգնահատվելու պայմաններում Վճռաբեկ դատարանը նշված փաստարկը հիմնավոր չի համարում:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար և գործը նոր քննության ուղարկելու համար՝ գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվորեն հետազոտելու և համակցության մեջ գնահատելու: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործը նոր քննության է ուղարկվում միայն Անահիտ Սարգսյանի և Աշոտ Հակոբյանի միջև 24.07.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի՝ որպես շինծու գործարքի հետևանք կիրառելու (գործարքով քողարկված իրավահարաբերության, այն է՝ գրավով ապահոված պարտավորության չափի), Անահիտ Սարգսյանի և Սեյրան Պապիկյանի միջև Երևանի Հ. Էմինի փողոցի թիվ 103 (103/2) անշարժ գույքի վերաբերյալ 28.08.2009 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը առոչինչ` շինծու լինելու հիմքով անվավերության հետևանքները կիրառելու, ինչպես նաև Սեյրան Պապիկյանի և Հասմիկ Սերգոյանի միջև Երևանի Հ. Էմինի փողոցի թիվ 103 (103/2) հասցեի վերաբերյալ 03.04.2010 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը առոչինչ` շինծու լինելու հիմքով անվավերության հետևանքները կիրառելու պահանջների մասով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատարանի վճիռը վերաքննության կարգով, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվել են միայն այդ մասերով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ դատական ծախսերի, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.04.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը, ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2014 թվականի որոշումը և գործը` Անահիտ Սարգսյանի և Աշոտ Հակոբյանի միջև 24.07.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի՝ որպես շինծու գործարքի հետևանք կիրառելու (գործարքով քողարկված իրավահարաբերության, այն է՝ գրավով ապահոված պարտավորության չափի), Անահիտ Սարգսյանի և Սեյրան Պապիկյանի միջև 28.08.2009 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, Սեյրան Պապիկյանի և Հասմիկ Սերգոյանի միջև 03.04.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը` որպես շինծու գործարքներ ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասով ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.04.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
    Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. Սողոմոնյան