Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.11.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.01.22/3(1183).1 Հոդ.28.52
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.11.2015
Подписан
Նախագահող
Дата подписания
27.11.2015
Дата вступления в силу
27.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ5/0029/05/14

Վարչական գործ թիվ ՎԴ5/0029/05/14

2015թ.

Նախագահող դատավոր` Ք. Մկոյան  

Դատավորներ`

Ա. Առաքելյան
 

Գ. Ղարիբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Ս. ԱնտոնյանԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

 

2015 թվականի նոյեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ջաջուռի գյուղապետարանի (այսուհետ` Գյուղապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.12.2014 թվականի որոշման դեմ` ըստ Գյուղապետարանի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) աշխատակազմի Շիրակի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձինք Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ, Հասմիկ Գասպարյանների` սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գյուղապետարանը պահանջել է անվավեր ճանաչել Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ և Հասմիկ Գասպարյանների անվամբ իրավունքների միասնական թիվ 4-094-4 մատյանի 61-րդ համարի տակ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Էդ. Նահապետյան) (այսուհետ` Դատարան) 25.08.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ և Հասմիկ Գասպարյանների անվամբ Ջաջուռ համայնքում կատարված հողատարածքի գրանցումը՝ 0,04հա մակերեսի մասով, ճանաչվել է անվավեր:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.12.2014 թվականի որոշմամբ Գյուղապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.08.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գյուղապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի (1998 թվականի խմբագրությամբ) 2-րդ և 21-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 31.12.1998 թվականի թիվ 867 որոշմամբ հաստատված «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման» կարգի 3-րդ կետը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10.08.1991 թվականի թիվ 9 և 27.07.1992 թվականի թիվ 19 որոշումներով Գասպարյանները ստացել են հողամասեր, որոնք ներկայումս էլ տիրապետվում են վերջիններիս կողմից, և այդ հանգամանքը Գյուղապետարանի կողմից չի վիճարկվում: Մինչդեռ նշված որոշումները չեն առնչվում թիվ 005-009 ծածկագրով 0,16հա մակերեսով հողամասին, և դրա նկատմամբ Գասպարյանների սեփականության իրավունքը գրանցելու որևէ իրավական ու փաստական հիմք առկա չէ, քանի որ նշված 0,16հա մակերեսով հողամասը Գասպարյաններին հատկացնելու վերաբերյալ որոշում գոյություն չունի: Փաստորեն, Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով նույնացրել է թիվ 005-009 և թիվ 010-012 կադաստրային ծածկագրերով երկու տարբեր հողամասերը՝ հաշվի չառնելով այն, որ թիվ 005-009 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ Գասպարյանների սեփականության իրավունքը սխալմամբ գրանցվել է թիվ 010-012 կադաստրային ծածկագրով հողամասի համար տրամադրված քաղվածքի հիման վրա:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 29.12.2014 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը՝ չբավարարված մասով, բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 27.02.2003 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 841069 վկայականի համաձայն՝ Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական թիվ 4-094-4 մատյանի 61-րդ համարի տակ գրանցված է Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ, Հասմիկ Գասպարյանների ընդհանուր սեփականության իրավունքը ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում գտնվող թիվ «08-094 5-9» կադաստրային համարով 0,16հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ: Նշված պետական գրանցումը կատարվել է հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10.08.1991 թվականի թիվ 9 և 27.07.1992 թվականի թիվ 19 որոշումների հիման վրա (հատոր 1-ին, գ.թ. 8-10):

2) ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքի ղեկավարի կողմից 18.06.2001 թվականին ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքի տնտեսությունների թիվ 2 գրքից (գրանցում թիվ 118) տրված քաղվածքի համաձայն՝ Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ, Հասմիկ Գասպարյանների անվամբ գրանցված է 0,12հա մակերեսով հողամաս (ծածկագիր` թիվ 010-012), որի վրա առկա է բնակելի տուն՝ օժանդակ շինություններով։ Ընդ որում, նշված գրանցման համար հիմք են հանդիսացել հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10.08.1991 թվականի թիվ 9 և 27.07.1992 թվականի թիվ 19 որոշումները (հատոր 1-ին, գ.թ. 11):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վարչական դատավարությունում ապացույցների գնահատման օրենսդրական չափանիշների պահպանման և դրա հիման վրա պատճառաբանված դատական ակտ կայացնելու դատարանի պարտականության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցին.

սեփականության իրավունքի վիճարկվող պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելիս Դատարանը պահպանել է արդյո՞ք բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ ապացույցները գնահատելու և դրա արդյունքում հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ կայացնելու օրենսդրական պահանջը:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով (...) և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը (...) առաջարկում է (...) համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների (...) վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատարանի վճիռը պետք է լինի օրինական, հիմնավորված և պատճառաբանված:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռը հիմնավորված է, եթե վճռում շարադրված եզրահանգումները և հաստատված փաստերը համապատասխանում են առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներին: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռը պատճառաբանված է, եթե դրանում երևում են փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ վճռի պատճառաբանական մասը բովանդակում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, գործի լուծման համար նշանակություն չունեցող փաստերը` շարադրելով դատարանի եզրահանգումները յուրաքանչյուր փաստի ապացուցված լինելու վերաբերյալ և գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար պիտանի` դատավարության մասնակիցների ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը, եզրահանգում` որևէ ապացույց անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու մասին՝ հղում կատարելով այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող, շարադրելով այն փաստերը, որոնց հիման վրա դատարանը եկել է նման եզրահանգման:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:

Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ թեև ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ, օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետևաբար և դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝

1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի և ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունը,

2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:

Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող և այլ անձանց տված գնահատականներով և արտահայտած կարծիքներով:

Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման հիմքերը:

Այսպիսով, ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում դատական ակտերին ներկայացվող՝ հիմնավորվածության և պատճառաբանվածության օրենսդրական պահանջի միջոցով (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մաս, 126-րդ հոդվածի 4-րդ մաս, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ կետ, 130.1-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետեր):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` ՄԻԵԴ), իր մի շարք որոշումներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը չի կարող ընկալվել որպես պահանջ՝ մանրամասնորեն պատասխանելու կողմերի բարձրացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե դատարանը պատշաճորեն կատարել է արդյոք դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս, օրինակ, Սալովն ընդդեմ Ուկրաինայի գործով ՄԻԵԴ 06.09.2005 թվականի վճիռը, 89-րդ կետ, Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի գործով ՄԻԵԴ 21.01.1999 թվականի վճիռը, 26-րդ կետ):

Վերոնշյալ հարցի վերաբերյալ 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշմամբ իր իրավական դիրքորոշումն է արտահայտել նաև ՀՀ սահմանադրական դատարանը՝ նշելով, որ պատճառաբանվածության վերաբերյալ նորմատիվ պահանջը կարևոր երաշխիք է ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետությունն ապահովելու համար։

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում ևս բազմիցս անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին՝ արձանագրելով, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, օրինակ, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (ex officio) սկզբունքը, որը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսևորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանին ընձեռված իրավական հնարավորությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդված)։

Իր նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու դատարանի լիազորության իրացման առանձնահատկություններին` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացման դատարանի իրավունքը սահմանափակված է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տե'ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչությունն ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/5525/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Գործի փաստերն ի պաշտոնե պարզելու գործընթացում դատարանի կողմից ողջամիտ միջոցների ձեռնարկումը չի կարող կրել ձևական բնույթ, այլ նման միջոցների ձեռնարկման դեպքում դատարանը պարտավոր է դրանց կատարման նկատմամբ լինել հետևողական: Իսկ այդպիսի հետևողականության ցուցաբերման անարդյունավետության դեպքում դատարանը պարտավոր է վիճելի մնացած փաստի չապացուցման բացասական հետևանքները դնել այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմի վրա` հաշվի առնելով նաև, որ վարչական դատավարությունում վարչական ակտի համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը կրում է այդ ակտն ընդունած վարչական մարմինը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Միքանդ» ՍՊԸ-ի թիվ ՎԴ3/0043/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Գյուղապետարանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ և Հասմիկ Գասպարյանների անվամբ իրավունքների միասնական թիվ 4-094-4 մատյանի 61-րդ համարի տակ կատարված սեփականության իրավունքի գրանցումը: Իր այդ պահանջի հիմքում Գյուղապետարանը դրել է այն հանգամանքը, որ թիվ 005-009 ծածկագրով հողամասի նկատմամբ Գասպարյանների սեփականության իրավունքի վիճարկվող գրանցումը կատարվել է Ջաջուռ համայնքի ղեկավարի կողմից 18.06.2001 թվականին տրված քաղվածքի հիման վրա, մինչդեռ նշված փաստաթուղթը թիվ 005-009 ծածկագրով հողամասին չի առնչվում:

Դատարանի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ և Հասմիկ Գասպարյանների անվամբ Ջաջուռ համայնքում կատարված հողատարածքի գրանցումը՝ 0,04հա մակերեսի մասով, ճանաչվել է անվավեր: Դատարանն իր 25.08.2014 թվականի վճիռը հիմնավորել է այն պատճառաբանությամբ, որ ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքի ղեկավարի կողմից 18.06.2001 թվականին տրված քաղվածքի համաձայն՝ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 10.08.1991 թվականի թիվ 9 և 27.07.1992 թվականի թիվ 19 որոշումներով Ֆերդինանտ Գասպարյանին և նրա ընտանիքի անդամներին հատկացվել է 0,12հա մակերեսով հողամաս, մինչդեռ Գասպարյանների սեփականության իրավունքը գրանցվել է ոչ թե 0,12հա, այլ՝ 0,16հա մակերեսով հողամասի նկատմամբ: Հետևաբար, ըստ Դատարանի վճռի, իրավաչափ է միայն Գասպարյանների անվամբ 0,12հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, իսկ 0,04հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարված պետական գրանցումը ենթակա է անվավեր ճանաչման:

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, պատճառաբանել է, որ Դատարանն իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ 27.02.2003 թվականին Կադաստրի կողմից կատարված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը՝ 0,12հա մակերեսով հողամասի մասով, իրավաչափ է, և հայցը ենթակա է բավարարման միայն նշված մակերեսից ավել գրանցված մասով: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ «(...) Դատարանի կողմից չեն խախտվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի պահանջները, (...) Դատարանը եկել է ճիշտ եզրահանգման` կայացնելով հիմնավորված դատական ակտ (...)»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի փաստարկները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով քննության առարկա է հանդիսանում Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ և Հասմիկ Գասպարյանների անվամբ իրավունքների միասնական թիվ 4-094-4 մատյանի 61-րդ համարի տակ ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում գտնվող 0,16հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի գրանցման իրավաչափությունը, որը պարզելու նպատակով Դատարանը պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատեր գործում առկա բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Այսպես, մասնակիորեն բավարարելով Գյուղապետարանի հայցը՝ Դատարանն իր 25.08.2014 թվականի վճռի հիմքում դրել է հետևյալ ապացույցները.

1) ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքի ղեկավարի կողմից 18.06.2001 թվականին նույն համայնքի տնտեսությունների թիվ 2 գրքից տրված քաղվածքը, որի համաձայն՝ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10.08.1991 թվականի թիվ 9 և 27.07.1992 թվականի թիվ 19 որոշումների հիման վրա Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ, Հասմիկ Գասպարյանների անվամբ գրանցված է 0,12հա մակերեսով հողամաս,

2) 27.02.2003 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 841069 վկայականը, որի համաձայն՝ Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական թիվ 4-094-4 մատյանի 61-րդ համարի տակ գրանցված է Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ, Հասմիկ Գասպարյանների ընդհանուր սեփականության իրավունքը ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում գտնվող 0,16հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ:

Համադրելով սույն գործով ձեռք բերված նշված ապացույցները՝ Դատարանը հանգել է այն եզրակացության, որ սեփականության իրավունքի վիճարկվող պետական գրանցումը, մասնակիորեն՝ 0,04հա մակերեսի մասով, իրավաչափ չէ և պետք է ճանաչվի անվավեր, քանի որ այդ պետական գրանցման համար հիմք հանդիսացող հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10.08.1991 թվականի թիվ 9 և 27.07.1992 թվականի թիվ 19 որոշումների համաձայն՝ Ֆերդինանտ Գասպարյանին և նրա ընտանիքի անդամներին հատկացվել է ոչ թե 0,16հա մակերեսով, այլ 0,12հա մակերեսով հողամաս։

Մինչդեռ սույն գործի փաստական հանգամանքների համադրված վերլուծությունը վկայում է, որ ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10.08.1991 թվականի թիվ 9 և 27.07.1992 թվականի թիվ 19 որոշումների հիման վրա Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ, Հասմիկ Գասպարյաններին հատկացված հողամասի և հետագայում վերջիններիս անվամբ Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական թիվ 4-094-4 մատյանի 61-րդ համարի տակ գրանցված հողամասի ծածկագրային տվյալները չեն համապատասխանում միմյանց։ Այսպես՝ ըստ ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքի ղեկավարի կողմից 18.06.2001 թվականին նույն համայնքի տնտեսությունների թիվ 2 գրքից տրված քաղվածքի՝ ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10.08.1991 թվականի թիվ 9 և 27.07.1992 թվականի թիվ 19 որոշումների հիման վրա Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ, Հասմիկ Գասպարյաններին հատկացված 0,12հա մակերեսով հողամասը կրում է թիվ «010-012» ծածկագիրը, իսկ վերջիններիս անվամբ Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական թիվ 4-094-4 մատյանի 61-րդ համարի տակ սեփականության իրավունքով գրանցված 0,16հա մակերեսով հողամասը՝ թիվ «08-094 5-9» ծածկագիրը։

Այսպիսով, սույն գործի փաստերից հետևում է, որ Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական թիվ 4-094-4 մատյանի 61-րդ համարի տակ Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ, Հասմիկ Գասպարյանների անվամբ սեփականության իրավունքով գրանցված ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում գտնվող հողամասը և հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10.08.1991 թվականի թիվ 9 և 27.07.1992 թվականի թիվ 19 որոշումների հիման վրա նրանց հատկացված հողամասը տարբերվում են ոչ միայն մակերեսների չափերով, այլ նաև ծածկագրային տվյալներով, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից։

Սույն գործով ձեռք բերված ապացույցները գնահատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն գործում առկա ապացույցների համակցությունը բավարար չէ հաստատված համարելու սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, թե հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 10.08.1991 թվականի թիվ 9 և 27.07.1992 թվականի թիվ 19 որոշումներով Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ և Հասմիկ Գասպարյաններին ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում հատկացված հողամասը և վերջիններիս անվամբ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական թիվ 4-094-4 մատյանի 61-րդ համարի տակ սեփականության իրավունքով գրանցված հողամասը նույնական են արդյոք, թե՝ ոչ։ Այլ կերպ ասած՝ սույն գործով ձեռք բերված ապացույցները չեն հաստատում ապացուցման առարկան կազմող այնպիսի հանգամանքի առկայությունը, ինչպիսին է հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 10.08.1991 թվականի թիվ 9 և 27.07.1992 թվականի թիվ 19 որոշումներով Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ և Հասմիկ Գասպարյաններին ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում հատկացված հողամասի և վերջիններիս անվամբ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական թիվ 4-094-4 մատյանի 61-րդ համարի տակ սեփականության իրավունքով գրանցված հողամասի նույնական լինելը։

Փաստորեն, սույն գործով Դատարանը Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ և Հասմիկ Գասպարյանների անվամբ իրավունքների միասնական թիվ 4-094-4 մատյանի 61-րդ համարի տակ ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում գտնվող 0,16հա մակերեսով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի գրանցման իրավաչափությունը հաստատելու կամ հերքելու նպատակով չի կատարել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում առկա բոլոր ապացույցները դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից գնահատելու և դրա արդյունքում հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ կայացնելու օրենսդրական պահանջը։ Հետևաբար մասնակիորեն անվավեր ճանաչելով սեփականության իրավունքի վիճարկվող գրանցումը՝ Դատարանը չի պահպանել գործում առկա բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատելու և հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ կայացնելու օրենսդրական պահանջը՝ խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների պահանջները, ինչը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (ex officio) սկզբունքին համապատասխան Դատարանը պարտավոր էր ձեռնարկել համարժեք միջոցներ սույն գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վարչական դատավարությունում վարչական ակտի համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը կրում է այդ ակտն ընդունած վարչական մարմինը։ Մասնավորապես՝ Դատարանը պարտավոր էր ձեռնարկել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համարժեք միջոցներ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքը, այն է՝ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 10.08.1991 թվականի թիվ 9 և 27.07.1992 թվականի թիվ 19 որոշումներով Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ և Հասմիկ Գասպարյաններին ՀՀ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում հատկացված հողամասի և վերջիններիս անվամբ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական թիվ 4-094-4 մատյանի 61-րդ համարի տակ սեփականության իրավունքով գրանցված հողամասի նույնական լինելը, հաստատելու կամ հերքելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ։ Նշված եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն փաստարկը, որ սույն գործով ներկայացված և Դատարանի կողմից հետազոտված ապացույցների բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական թիվ 4-094-4 մատյանի 61-րդ համարի տակ Ֆերդինանտ, Սիլվարդ, Արմեն, Արթուր, Մայրամ, Մարտիրոս, Դավիթ, Հասմիկ Գասպարյանների անվամբ սեփականության իրավունքով գրանցված հողամասի և հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10.08.1991 թվականի թիվ 9 և 27.07.1992 թվականի թիվ 19 որոշումների հիման վրա նրանց հատկացված հողամասի ծածկագրային տվյալների տարբերություն։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից թույլ տրված վերոգրյալ դատավարական իրավունքի նորմերի խախտումները հաշվի չեն առնվել Վերաքննիչ դատարանի կողմից։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոգրյալի մասով ապացույցներ պահանջելու և դրանց հիման վրա գործի փաստերն ի պաշտոնե պարզելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործը նոր քննության ուղարկվում է 0,12հա մակերեսով հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատարանի վճիռը վերաքննության կարգով, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվել են միայն նշված մասով:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը` 0,12հա մակերեսով հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով, նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.12.2014 թվականի որոշումը և գործը` 0,12հա մակերեսով հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով, ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան