Գլխավոր տեղեկություն
Номер
N 907-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (28.01.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.08.19/41(707) Հոդ.978
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.07.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.08.2009
Дата вступления в силу
29.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2009 թվականի N 907-Ն

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ 1992 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԾՎԱՇԵՆ ԳՅՈՒՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 08.07.10 N 835-Ն, փոփ. 06.02.14 N 104-Ն)

 

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժը սահմանող հանձնաժողով (այսուհետ` ստաժ սահմանող հանձնաժողով):

(1-ին կետը լրաց. 08.07.10 N 835-Ն, փոփ. 06.02.14 N 104-Ն)

2. Սահմանել, որ`

1) ստաժ սահմանող հանձնաժողովի նախագահը, ի պաշտոնե, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետն է.

2) ստաժ սահմանող հանձնաժողովի քարտուղարը, ի պաշտոնե, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ինտեգրման հարցերի բաժնի պետն է.

3) ստաժ սահմանող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ներկայացուցիչներ (համաձայնությամբ).

4) ստաժ սահմանող հանձնաժողովի անդամների` հանձնաժողովի գործունեությանն առնչվող գործուղման ծախսերը յուրաքանչյուր անդամի համար կատարում է այն մարմինը կամ կազմակերպությունը, որտեղ աշխատում է հանձնաժողովի անդամը:

(2-րդ կետը փոփ., լրաց. 17.12.09 N 1472-Ն, փոփ. 28.08.14 N 893-Ն, 20.01.16 N 24-Ն)

3. Հաստատել ստաժ սահմանող հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել ստաժ սահմանող հանձնաժողովի անհատական կազմը:

(4-րդ կետը փոփ. 20.01.16 N 24-Ն)

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին` համակողմանիորեն աջակցել ստաժ սահմանող հանձնաժողովին` նրան ապահովելով աշխատանքային պայմաններով, տրանսպորտային և հանձնաժողովի անխափան աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ այլ միջոցներով:

(5-րդ կետը փոփ. 20.01.16 N 24-Ն)

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել սույն որոշման մասին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց իրազեկելը:

(6-րդ կետը լրաց. 08.07.10 N 835-Ն, փոփ. 20.01.16 N 24-Ն)

7. Ստաժ սահմանող հանձնաժողովը գործում է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:

(7-րդ կետը փոփ. 05.04.12 N 402-Ն, 06.02.14 N 104-Ն, 13.11.14 N 1268-Ն, 20.01.16 N 24-Ն)

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. օգոստոսի 10

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 23-ի N 907-Ն որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺ ՍԱՀՄԱՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(վերնագիրը փոփ. 06.02.14 N 104-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով սահմանվում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության պատճառով աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովի (այսուհետ` ստաժ սահմանող հանձնաժողով) աշխատանքները կազմակերպելու կարգը:

(1-ին կետը լրաց. 08.07.10 N 835-Ն, փոփ. 06.02.14 N 104-Ն)

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

3. Հանձնաժողովի լրիվ անվանումն է` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց աշխատանքային ստաժները սահմանող հանձնաժողով: Հանձնաժողովն ունի իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, որը հանձնաժողովի աշխատանքները դադարելուց հետո 15 աշխատանքային oրվա ընթացքում վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

(3-րդ կետը փոփ. 06.02.14 N 104-Ն)

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի նպատակը 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և փախստականների հարցերով զբաղվող պետական լիազոր մարմնում (այսուհետ` լիազոր մարմին) հաշվառված ինչպես նաև 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված այն անձանց աշխատանքային ստաժը (այսուհետ` ստաժ) սահմանելն է, որոնց աշխատանքային գործունեությանը վերաբերող փաստաթղթերը ձեռք բերելն անհնարին է այդ թվականներին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով կամ այդ փաստաթղթերը ոչնչացվել են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասում թվարկված դեպքերից որևէ մեկի արդյունքում` Հայաստանի Հանրապետություն տվյալ անձանց մուտք գործելուց և բնակություն հաստատելուց հետո:

Սույն կետով կարգավորվող ստաժի սահմանման հետ կապված հարցերը վերաբերում են միայն մինչև Հայաստանի Հանրապետություն մուտք գործելն անձանց կողմից ձեռք բերված աշխատանքային ստաժին:

(4-րդ կետը լրաց. 08.07.10 N 835-Ն, փոփ. 06.02.14 N 104-Ն, լրաց. 13.11.14 N 1268-Ն)

5. Հանձնաժողովի գործառույթներն են`

1) բռնագաղթված անձանց` Ադրբեջանի Հանրապետությունում մինչև 1992 թվականը, իսկ բռնի տեղահանված անձանց՝ Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղի կազմակերպություններում մինչև 1992 թվականի օգոստոս ամիսը ձեռք բերած ստաժը հաստատելուն վերաբերող գրավոր դիմում-հայտարարությունները քննարկելը, եթե նրանք ստաժը հիմնավորող փաստաթղթեր չունեն.

2) անձի գրավոր դիմում-հայտարարության հիման վրա ստաժ սահմանելը` նշելով անձի անունը, հայրանունը, ազգանունը, այն կազմակերպությունը, որտեղ նա աշխատել է, պաշտոնը, մասնագիտությունը և ժամանակահատվածը.

3) պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, անհրաժեշտության դեպքում, անձանց աշխատանքային գործունեությանը վերաբերող փաստաթղթեր պահանջելը և ստանալը:

(5-րդ կետը լրաց. 08.07.10 N 835-Ն)

 

III. ՍՏԱԺ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՄԱՍԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

6. Հանձնաժողովն անձի գրավոր դիմում-հայտարարությունն ստանալուց հետո այն քննարկում և ընթացք է տալիս «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված կարգով`

1) անձն իր գրավոր դիմումը հանձնում (կամ փոստով առաքում) է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայություն (այսուհետ` միգրացիոն պետական ծառայություն) կամ այն մարզի մարզպետարանի աշխատակազմ, որտեղ ինքը բնակվում է.

2) մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը դիմումները հաշվառում է և առաքում ստաժ սահմանող հանձնաժողովին:

(6-րդ կետը փոփ.17.12.09 N 1472-Ն, 20.01.16 N 24-Ն)

7. Հանձնաժողովը, անհրաժեշտության դեպքում, կարող է անձի գրավոր դիմում-հայտարարության մեջ նշված տվյալների հավաստիությունը ճշտել այլ անձանց` հանձնաժողովի աշխատանքներին մասնակից դարձնելու միջոցով, եթե նրանք դիմողին ճանաչում են միևնույն կազմակերպությունում (ձեռնարկությունում, հիմնարկում, կոլտնտեսությունում, սովխոզում կամ միևնույն համակարգում) համատեղ աշխատանքից, ինչպես նաև ստաժը հաստատող այլ փաստաթղթերով:

Հանձնաժողովը գրավոր հարցման միջոցով Հայաստանի Հանրապետության պետական արխիվից ստանում է Արծվաշեն գյուղի կազմակերպություններում մինչև 1992 թվականի օգոստոս ամիսն աշխատած անձանց աշխատանքային գործունեությանը վերաբերող տվյալներ:

(7-րդ կետը լրաց. 08.07.10 N 835-Ն)

8. Անձի գրավոր դիմում-հայտարարությամբ ստաժ սահմանվում է`

1) բռնագաղթած անձանց դեպքում` Ադրբեջանի Հանրապետությունում մինչև 1992 թվականն աշխատած ժամանակաշրջանի համար, բայց լիազոր մարմնում նրա հաշվառվելու ժամկետից ոչ ավելի.

2) բռնի տեղահանված անձանց դեպքում` Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղի կազմակերպություններում մինչև 1992 թվականի օգոստոս ամիսն աշխատած ժամանակաշրջանի համար:

(8-րդ կետը խմբ. 08.07.10 N 835-Ն)

9. Սահմանված ստաժը հիմք է կենսաթոշակ (այդ թվում` արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության և մասնակի) նշանակելու և Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված այլ սոցիալական երաշխիքների համար:

10. Հանձնաժողովը ստաժ սահմանում է սույն կարգի 4-րդ կետում նշված այն անձանց համար, ովքեր oրենքով սահմանված կենսաթոշակ չեն ստանում կամ կենսաթոշակի են անցել 2003 թ. ապրիլի 10-ին և դրանից հետո` այդ հանգամանքը ճշտելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության հետ:

(10-րդ կետը փոփ. 06.02.14 N 104-Ն)

11. Հանձնաժողովն աշխատանքային ստաժը սահմանելուց հետո անձի աշխատանքային գրքույկում կատարում է գրառում, իսկ աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում տալիս է որոշման պատճենը կամ համապատասխան տեղեկանք: Աշխատանքային գրքույկում, որոշման մեջ կամ տեղեկանքում նշվում է այն կազմակերպության անվանումը, որտեղ աշխատել է անձը, նրա պաշտոնը, մասնագիտությունը, աշխատած ժամանակահատվածը, հանձնաժողովի նիստի արձանագրության և որոշման համարները, նիստը կայանալու oրը, ամիսը, տարեթիվը, ինչը հաստատվում է նախագահի և քարտուղարի ստորագրություններով, կնքվում հանձնաժողովի կլոր կնիքով:

(11-րդ կետը փոփ. 06.02.14 N 104-Ն)

 

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼԸ

 

12. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:

13. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որը պատասխանատու է դրանք պատշաճորեն կատարելու համար: Հանձնաժողովի նախագահն աշխատանքները բաշխում է հանձնաժողովի անդամների միջև:

14. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության: Նիստը գումարվում է հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ: Նիստի մասին հանձնաժողովի անդամները տեղեկացվում են նիստից 5 oր առաջ: Հանձնաժողովն իր նիստերը գումարում է միգրացիոն պետական ծառայությունում, անհրաժեշտության դեպքում` այն մարզերի մարզպետարաններում, որտեղ բռնագաղթվածներից դիմումներ են ստացվել:

(14-րդ կետը փոփ. 17.12.09 N 1472-Ն)

15. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությամբ` հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

16. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

17. Հանձնաժողովի նախագահն անհրաժեշտության դեպքում կարող է հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել համապատասխան մասնագետների ու փորձագետների: Նիստերին կարող են մասնակցել հրավիրված անձինք:

18. Հանձնաժողովի քարտուղարը`

1) հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է նիստը գումարվելու oրվա, ժամի և տեղի մասին.

2) նիստի oրակարգի նախագիծը նիստից առնվազն 2 oր առաջ ներկայացնում է հանձնաժողովի անդամներին.

3) նախապատրաստում է հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերը.

4) կազմում է հանձնաժողովի որոշման նախագծերը, նիստերի արձանագրությունները և ապահովում հանձնաժողովի անդամների ստորագրությունները.

5) հետևում է հանձնաժողովի որոշումների կատարման ընթացքին և դրա մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին.

6) հաշվառում է հանձնաժողովի ընդունած որոշումները, դրանց պատճենները տրամադրում հանձնաժողովի անդամներին.

7) ստաժը սահմանվելու դեպքում անձի աշխատանքային գրքույկում կատարում է համապատասխան գրառում:

19. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի անդամներից մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

20. Հանձնաժողովի նիստի արձանագրությունները կազմվում են 2 oրինակից:

21. Հանձնաժողովն իր գործունեությունը դադարեցնելուց հետո 10 աշխատանքային oրվա ընթացքում հանձնաժողովի նիստերի արձանագրությունների (որոշումների) մեկ oրինակը հանձնում է պետական արխիվ, իսկ մյուսը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն:

22. Հանձնաժողովի ընդունած որոշման մասին, անձի ցանկությամբ, նրան տրվում է իրեն վերաբերող որոշման պատճենը կամ համապատասխան տեղեկանք:

23. Հանձնաժողովի որոշումներն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, իսկ նիստերի արձանագրությունները` նաև հանձնաժողովի նիստին մասնակցած անդամները:

24. Հանձնաժողովի անդամները մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին, հանձնաժողովի նիստերին և դրանց oրակարգի ձևավորմանը, առաջարկություններ են ներկայացնում նիստի oրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկելու վերաբերյալ:

25. Հանձնաժողովի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է համարվել հանձնաժողովի անդամ:

26. Հանձնաժողովի այն անդամը, ով համաձայն չէ ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր մասնավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում նիստի արձանագրության մեջ:

27. Հանձնաժողովի գործունեության տեղեկատվական, կազմակերպական տեխնիկական ապահովումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմը և մարզպետարանների աշխատակազմերը:

(27-րդ կետը փոփ. 20.01.16 N 24-Ն)

(հավելվածը փոփ.17.12.09 N 1472-Ն, լրաց., խմբ. 08.07.10 N 835-Ն, փոփ. 06.02.14 N 104-Ն, լրաց. 13.11.14 N 1268-Ն, փոփ. 20.01.16 N 24-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան