Գլխավոր տեղեկություն
Номер
N 1315-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.11.2015-16.09.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.11.25/78(1167) Հոդ.1020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.11.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.11.2015
Дата вступления в силу
26.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2015 թվականի N 1315-Ն

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 59-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման կարգը հաստատելու մասին» N 59-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

նոյեմբերի 12-ի N 1315-Ն որոշման

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1315-Ն որոշմամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում բուծվող կենդանիները ենթակա են համարակալման:

3. Կենդանիների համարակալումը գյուղատնտեսական կենդանիների (բացառությամբ թռչունների, մեղուների) և տնային կենդանիների ականջներին ծածկագրավորված տեղեկություն պարունակող հատուկ պիտակների կամ մարմնի որոշակի մասերին էլեկտրոնային չիպերի` կրիչների ամրացումն է, որը հնարավորություն է ընձեռում անհատականացնելու և հաշվառելու կենդանիներին։

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

4. Կենդանիների համարակալման աշխատանքներն իրականացվում են համայնքն սպասարկող անասնաբույժի միջոցով, որի հետ հարաբերությունները կարգավորվում են համապատասխան պայմանագրով:

5. Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջների բաղկացուցիչ մասերն են՝

1) ականջապիտակները, որոնք պետք է պատրաստված լինեն ջերմակայուն պոլիմերային նյութից. 75 մմ երկարությամբ, 65 մմ լայնությամբ, երկկողմանի ընթեռնելի նույնանման նիշերով պիտակներն ամրացվում են կենդանու ձախ և աջ ականջներին՝ նախատեսված հատուկ դակիչով.

2) անձնագիրը՝ խոշոր եղջերավոր կենդանիների համար, որը հատկացվում է անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ ականջապիտակ ունեցող յուրաքանչյուր կենդանու համար։ Կենդանու անձնագիրը կազմված է 8 էջից, որում ներառվում են կենդանու հաշվառման համարը, ծննդյան տարեթիվը, սեռը, ցեղը, տեղաշարժի մասին տվյալներ, անասնաբուժական միջոցառումների անվանումները և դրանց իրականացման ժամկետները։ Անձնագիրը լրացնելուց հետո այն տրվում է անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կամ նրանց կողմից լիազորված անձին.

3) գրանցամատյանը, որը վարում է համայնքն սպասարկող անասնաբույժը, և որում մուտքագրվում են համարակալված կենդանու անհատական տվյալները, կենդանու շարժի, սպանդի, անկման, անասնաբուժական կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների անվանումներն ու իրականացման ժամկետները.

4) էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որի միջոցով մուտքագրվում է կենդանու առողջության, համարակալման ու հաշվառման և շարժի վերաբերյալ տեղեկատվությունը: Անհրաժեշտության դեպքում այն հնարավորություն է ընձեռում վերլուծելու և ապահովելու ձևավորվող տվյալների բազայի անվտանգությունն ու պահպանումը:

6. Հայաստանի Հանրապետությունում մանր եղջերավոր կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջների բաղկացուցիչ մասերն են՝

1) ականջապիտակները, որոնք պետք է պատրաստված լինեն ջերմակայուն պոլիմերային նյութից. մինչև 40 մմ երկարությամբ, 38 մմ լայնությամբ, երկկողմանի ընթեռնելի նույնանման նիշերով պիտակներն ամրացվում են կենդանու ձախ ականջին՝ նախատեսված հատուկ դակիչով.

2) անձնագիրը՝ մանր եղջերավոր կենդանիների համար, որը հատկացվում է անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ ականջապիտակ ունեցող յուրաքանչյուր կենդանու համար։ Կենդանու անձնագիրը կազմված է 8 էջից, որում ներառվում են կենդանու հաշվառման համարը, ծննդյան տարեթիվը, սեռը, ցեղը, տեղաշարժի մասին տվյալներ, անասնաբուժական միջոցառումների անվանումները և դրանց իրականացման ժամկետները։ Անձնագիրը լրացնելուց հետո այն տրվում է անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կամ նրանց կողմից լիազորված անձին.

3) գրանցամատյանը, որը վարում է համայնքն սպասարկող անասնաբույժը և որում մոտքագրվում են համարակալված կենդանու անհատական տվյալները, կենդանու շարժի, սպանդի, անկման, անասնաբուժական կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների անվանումներն ու իրականացման ժամկետները.

4) էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որի միջոցով մուտքագրվում է կենդանու առողջության, համարակալման ու հաշվառման և շարժի վերաբերյալ տեղեկատվությունը, և որն ապահովում է ձևավորվող տվյալների բազայի անվտանգությունն ու պահպանումը:

7. Հայաստանի Հանրապետությունում խոզերի համարակալմանը ներկայացվող պահանջների բաղկացուցիչ մասերն են՝

1) ականջապիտակները` կենդանիների խմբերի համարով.

2) գրանցամատյանը, որը վարում է համայնքն սպասարկող անասնաբույժը, և որում մոտքագրվում են համարակալված կենդանիների խմբերի, կենդանիների շարժի, սպանդի, անկման վերաբերյալ տվյալները, անասնաբուժական կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների անվանումներն ու իրականացման ժամկետները.

3) էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որի միջոցով մուտքագրվում է կենդանու առողջության, համարակալման ու հաշվառման և շարժի վերաբերյալ տեղեկատվությունը, և որն ապահովում է ձևավորվող տվյալների բազայի անվտանգությունն ու պահպանումը:

8. Հայաստանի Հանրապետությունում միասմբականի կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջների բաղկացուցիչ մասերն են`

1) միկրոչիպը. մինչև 13 մմ երկարությամբ և 2 մմ տրամագծով (բրնձի հատիկի չափ) տեղակայվում է կենսաապակուց պատրաստված պատիճի մեջ, որն օրգանիզմի համար անվնաս է, և որը ներմաշկային եղանակով ներարկվում է մեկանգամյա օգտագործման համար նախատեսված հատուկ ներարկիչի միջոցով.

2) տեսածրիչը (սկաներ), որի միջոցով հնարավորություն է ընձեռվում ընթերցելու կենդանու անհատական համարը (15 սմ-1 մ հեռավորության վրա), որն արտացոլվում է սկաների էկրանի վրա.

3) էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որի միջոցով մուտքագրվում է կենդանու առողջության, համարակալման ու հաշվառման և շարժի վերաբերյալ տեղեկատվությունը, և որն ապահովում է ձևավորվող տվյալների բազայի անվտանգությունն ու պահպանումը:

9. Հայաստանի Հանրապետությունում տնային կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջների բաղկացուցիչ մասերն են`

1) միկրոչիպը. մինչև 13 մմ երկարությամբ և 2 մմ տրամագծով (բրնձի հատիկի չափ) տեղակայվում է կենսաապակուց պատրաստված պատիճի մեջ, որն օրգանիզմի համար անվնաս է, և որը ներմաշկային եղանակով ներարկվում է մեկանգամյա օգտագործման համար նախատեսված հատուկ ներարկիչի միջոցով.

2) տեսածրիչը (սկաներ), որի միջոցով հնարավորություն է ընձեռվում ընթերցելու կենդանու անհատական համարը (15 սմ-1 մ հեռավորության վրա), որն արտացոլվում է սկաների էկրանի վրա.

3) էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որի միջոցով մուտքագրվում է կենդանու առողջության, համարակալման ու հաշվառման և շարժի վերաբերյալ տեղեկատվությունը, և որն ապահովում է ձևավորվող տվյալների բազայի անվտանգությունն ու պահպանումը:

10. Լիազոր մարմնի կողմից իրականացվում է հաշվառված կենդանիների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակման և տեղեկատվական համակարգի վարման կարգը:

 

III. ԱԿԱՆՋԱՊԻՏԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ

 

11. Եթե կենդանուն ամրացված ականջապիտակը դարձել է անընթեռնելի, վնասվել կամ կորել է, ապա անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք 7-օրյա ժամկետում տեղեկացնում են համայնքն սպասարկող անասնաբույժին՝ նոր հաշվեպիտակ ստանալու համար: Վնասված ականջապիտակը հանվում է կենդանու ականջից, և 30 օրվա ընթացքում ամրացվում է նոր ականջապիտակ` համապատասխան փոփոխություն կատարելով կենդանու անձնագրում և գրանցամատյանում:

12. Եթե անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք կենդանու անձնագրում և հաշվառման գրանցամատյանում հայտնաբերում են գրանցումների անճշտություն, կամ անձնագիրը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի, ապա անձնագրի փոխարինման համար դիմում են համայնքն սպասարկող անասնաբույժին` ներկայացնելով փոխարինման ենթակա անձնագիրը:

13. Անձնագրի կորստի դեպքում՝ անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք 7 օրվա ընթացքում դիմում են համայնքն սպասարկող անասնաբույժին և ստանում նոր անձնագիր: Նոր անձնագրում պետք է լինի «Կրկնօրինակ» նշումը:

14. Համայնքն սպասարկող անասնաբույժը վնասված կամ կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիրը տալիս է 14 օրվա ընթացքում: Նոր տրված անձնագրում պետք է գրանցվեն նախկին անձնագրում ամրագրված կենդանու անհատականացման բոլոր համարները, ինչպես նաև տվյալներ իրականացված անասնաբուժական միջոցառումների մասին:

15. Կենդանու հարկադիր սպանդի կամ անկման դեպքում՝ անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք անհապաղ տեղեկացնում են համայնքն սպասարկող անասնաբույժին և 7 օրվա ընթացքում հանձնում են կենդանու անձնագիրն ու ականջապիտակը: Հանձնված անձնագրերն ու ականջապիտակներն ակտավորվում և ոչնչացվում են:

16. Վնասված կամ կորած ականջապիտակները և անձնագրերը սահմանված ժամկետում նորով չփոխարինվելու, ինչպես նաև դրա վերաբերյալ համայնքն սպասարկող անասնաբույժին չտեղեկացվելու դեպքում նշված կենդանին հանվում է տեղեկատվական համակարգի հաշվառումից:

17. Այլ երկրներից ներմուծվող կենդանիները պետք է համարակալվեն 30 օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան