Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 53
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.05.2015-20.11.2017)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.05.30/44(1402) 08.12.2015
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
12.05.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
12.05.2015
Дата вступления в силу
24.05.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  

ԿՈԼԵԳԻԱ

   

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

12 մայիսի 2015 թվականի

թիվ 53

քաղ. Մոսկվա

 

Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 035/2014) տեխնիկական կանոնակարգի անցումային դրույթների մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 52-րդ հոդվածի 2-րդ կետին, 3-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մշակման, ընդունման, դրանում փոփոխություններ կատարելու և դրա չեղարկման կարգի մասին» հիմնադրույթի 6-րդ կետը հաշվի առնելով, որոշեց՝

1. Սահմանել, որ՝

ա) Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտերով կամ Միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 035/2014) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման առարկա հանդիսացող արտադրանքի առնչությամբ (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություն, արտադրանք, տեխնիկական կանոնակարգ) նախքան տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, վավերական են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն ոչ ուշ, քան 2017 թվականի նոյեմբերի 15-ը:

բ) մինչև 2017 թվականի նոյեմբերի 15-ը թույլատրվում է Միության տարածքում արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ բացթողումը Միության իրավունքի մաս կազմող ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք տրամադրվել կամ ընդունվել են նախքան տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը:

Արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (Միության շուկայում շրջանառության նշանով)՝ անդամ պետության օրենսդրության համաձայն: Արտադրանքի շրջանառության միասնական նշանով այդպիսի արտադրանքի մակնշումը Միության շուկայում չի թույլատրվում.

գ) մինչև 2016 թվականի նոյեմբերի 15-ը Միության տարածքում թույլատրվում է այն արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ բացթողումն առանց արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման մասին փաստաթղթերի և համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման, որը, մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, ենթակա չի եղել համապատասխանության պարտադիր գնահատման՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերի կամ անդամ պետության օրենսդրության համաձայն.

դ) սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է մինչև դրա ամբողջական իրացումն այն անդամ պետության տարածքում, որտեղ այդպիսի արտադրանքը բաց է թողնվել շրջանառության մեջ.

2. Ռուսաստանի Դաշնության կառավարությունն անդամ պետությունների հետ համատեղ պետք է մշակի և մինչև 2015 թվականի հուլիսի 15-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ներկայացնի՝

ա) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու ու կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ նմուշների ընտրության կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի նախագիծ.

բ) այն արտադրանքի ցանկի նախագիծը, որի առնչությամբ մաքսային հայտարարագիրը ներկայացնելն ուղեկցվում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի ներկայացմամբ։

3. Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարությունն անդամ պետությունների առողջապահության նախարարությունների հետ համատեղ պետք է մշակի և մինչև 2015 թվականի հունիսի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ներկայացնի՝

ա) հաշվետու օրացուցային տարվա ընթացքում իրացված ծխախոտային արտադրատեսակների և դրանցից արտազատված նյութերի բաղադրության մասին տեղեկություններ պարունակող հաշվետվության ձևի նախագիծ, որն առողջապահության ոլորտում անդամ պետության լիազոր մարմին է ներկայացվում արտադրողի, վերահսկող կազմակերպության և (կամ) ներմուծողի կողմից։

բ) ծխախոտային արտադրատեսակների օգտագործումից առաջացող վնասի մասին նախազգուշացումների էսքիզների նախագծերը և ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա դրանց զետեղման հարաչափերը:

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական: