ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2015 թվականի N 1157-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 2 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնադրության 49-րդ կետին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության անունից Եվրասիական տնտեսական միության դատարանում վեճերի քննության, ինչպես նաև 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի դրույթների, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների որոշումների պարզաբանման հետ կապված դիմումներով հանդես գալու համար գործադիր իշխանության լիազորված մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
2. Եվրասիական տնտեսական դատարան դիմումի պատրաստմանը ներգավվում են նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, ինչպես նաև հանրապետական գործադիր այն մարմինները, որոնք իրականացնում են պետական քաղաքականությունը համապատասխան ոլորտում (հաշվի առնելով ԵԱՏՄ-ի պայմանագրով կարգավորվող իրավահարաբերությունների ոլորտները):
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ Եվրասիական տնտեսական միության դատարան ծանուցել սույն որոշման 1-ին կետի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 12 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|