Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1230
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.09.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.10.07/66(1155) Հոդ.889
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
29.09.2015
Подписан
Նախագահող
Дата подписания
29.09.2015
Дата вступления в силу
29.09.2015

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

29 սեպտեմբերի 2015 թ.

 

1985 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) 5-ՐԴ, 6-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ, 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1985 թվականի հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի (կից հայտարարությամբ) 5-րդ, 6-րդ հոդվածներում, 7-րդ հոդվածի 2-րդ և 10-րդ հոդվածի 3-րդ կետերում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 22 հուլիսի 2015թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով 1985 թվականի հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի (կից հայտարարությամբ) 5-րդ, 6-րդ հոդվածները, 7-րդ հոդվածի 2-րդ և 10-րդ հոդվածի 3-րդ կետերը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան ստորագրվել է 1985 թվականի հոկտեմբերի 15-ին:

Խարտիայի նպատակն է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում երաշխավորել ժողովրդավարական ճանապարհով որոշումներ կայացնելու լիազորություն ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների առկայությունը:

Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2001թ. դեկտեմբերի 4-ին` վերապահումներ կատարելով մի շարք հոդվածների, այդ թվում սույն գործով քննության առարկա հոդվածների վերաբերյալ։

Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի 12-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է հատուկ դրույթ, համաձայն որի` յուրաքանչյուր կողմ պարտավորվում է հետևել Խարտիայի առաջին մասի առնվազն 20 կետերի, որոնց թվում առնվազն տասը պետք է ընտրված լինեն հետևյալ կետերից. - հոդված 2 - հոդված 3, 1-ին և 2-րդ կետեր - հոդված 4, 1-ին, 2-րդ և 4-րդ կետեր - հոդված 5 - հոդված 7, կետ 1 - հոդված 8, կետ 2 - հոդված 9, 1-ին, 2-րդ և 3-րդ կետեր - հոդված 10, կետ 1 - հոդված 11:

Խարտիայի 5-րդ, 6-րդ հոդվածներով, 7-րդ հոդվածի 2-րդ և 10-րդ հոդվածի 3-րդ կետերով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- չկատարել տեղական ինքնակառավարման մարմինների տարածքային սահմանազատումների ցանկացած փոփոխություն` առանց նախապես խորհրդակցելու տեղական շահագրգիռ համայնքների հետ, հնարավորության դեպքում, նաև հանրաքվե անցկացնելու միջոցով (եթե թույլատրված է օրենքով) (հոդված 5),

- ապահովել, որ տեղական ինքնակառավարման մարմինները, չխախտելով առավել ընդհանուր օրենսդրական դրույթները, կարողանան որոշել իրենց ներքին վարչական կառուցվածքները՝ դրանք տեղական պահանջներին հարմարեցնելու և արդյունավետ կառավարում երաշխավորելու համար (հոդված 6, կետ 1),

- ապահովել, որ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների աշխատանքային պայմանները հնարավորություն տան հավաքագրելու փորձի և բանիմացության սկզբունքների վրա հիմնված բարձր որակավորում ունեցող կադրերի, ինչպես նաև այդ նպատակով ապահովել համապատասխան ուսուցման հնարավորություններ, վարձատրություն և ծառայողական առաջխաղացում (հոդված 6, կետ 2),

- երաշխավորել, որ տեղական մարմիններում ընտրված անձանց կարգավիճակը թույլ տա ստանալու իրենց լիազորությունների իրականացման ժամանակ արվող ծախսերին համապատասխան դրամական փոխհատուցում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, փոխհատուցում՝ չստացված վաստակի դիմաց կամ վճարում՝ կատարված աշխատանքի դիմաց, և համապատասխան սոցիալական պաշտպանություն (հոդված 7, կետ 2),

- երաշխավորել, որ տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք ունենան օրենքով սահմանված պայմաններում համագործակցել այլ պետությունների համանման մարմինների հետ (հոդված 10, կետ 3):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 1985 թվականի հոկտեմբերի 15-ին Ստրասբուրգում ստորագրված՝ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի (կից հայտարարությամբ) 5-րդ, 6-րդ հոդվածներում, 7-րդ հոդվածի 2-րդ և 10-րդ հոդվածի 3-րդ կետերում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

29 սեպտեմբերի 2015 թ.

ՍԴՈ-1230

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան