Գլխավոր տեղեկություն
Номер
N 1070-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.10.2015-13.02.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.09.30/64(1153) Հոդ.870
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.09.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.09.2015
Дата вступления в силу
01.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2015 թվականի N 1070-Ն

 

ՄԱՍՆԱԿՑԻՆ ԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՎԻՃԱԿՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում հաստատել սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից եզրակացության տրամադրման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 19

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1070-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՄԱՍՆԱԿՑԻՆ ԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՎԻՃԱԿՆԵՐԻ)

 

ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Զարկերակային գերճնշում` բարդացված նյարդային կենտրոնական համակարգի, սրտամկանի, ակնահատակի, երիկամների ախտահարումով, խիստ արտահայտված ֆունկցիաների խանգարումով, դեկոմպենսացված փուլում (Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով սահմանված` հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի (այսուհետ` հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչ) I10 ծածկագիր):

2. Սրտային անբավարարություն` դիստրոֆիկ փուլում, բարդացված ասցիտով, անասարկայով (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I50 ծածկագիր):

3. Լյարդի ցիրոզ` IV շրջան, IV աստիճանի դռներակային գերճնշումով, կերակրափողի երակների վարիկոզ լայնացմամբ, ինտոքսիկացիայով, ասցիտով, հյուծումով (կախեքսիայով) (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի K74 ծածկագիր):

4. Տուբերկուլյոզի խրոնիկական ընթացող պրոգրիսվող ձևերը` պոլիօրգանական ախտահարումով, հյուծումով (կախեքսիայով), խիստ արտահայտված օրգանիզմի ֆունկցիաների խանգարումով (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի A15 ծածկագիր):

5. Երիկամների քրոնիկական հիվանդություններ կամ այլ հիվանդությունների հետևանքով արտահայտված երիկամային ախտահարումներ` բարդացված խրոնիկ երիկամային անբավարարությամբ, տերմինալ փուլում, ծրագրային հեմոդիալիզի կամ փոխպատվաստման անարդյունավետությամբ, հարաճուն ազոտեմիայով և ուրեմիայով (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի N18 ծածկագիր):

 

ՆԵՐԶԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

6. Շաքարային դիաբետ` դեկոմպենսացված փուլում, երիկամների ախտահարումով՝ ծանր ձևի դիաբետիկ նեֆրոպաթիա երիկամային անբավարարություն տերմինալ փուլում, ծրագրային հեմոդիալիզի անարդյունավետությամբ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E10 ծածկագիր):

 

ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7. Կենտրոնական նյարդային համակարգի խրոնիկ պրոգրիսվող հիվանդություններ` արյան շրջանառության սուր և խրոնիկ խանգարումներով, տետրապլեգիայով, խիստ արտահայտված թուլամտությամբ, կոնքի օրգանների ֆունկցիայի արտահայտված խանգարումներով, պառկելախոցերով, երկրորդային ինտոքսիկացիայով (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի G30 ծածկագիր):

8. Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ` շարժողական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով, բուլբար պարալիչով, հյուծումով (կախեքսիայով) (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի G35 ծածկագիր):

 

ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

9. Չարորակ նորագոյացություններ՝ մետաստատիկ քայքայումով, հյուծումով (կախեքսիայով), ամոքիչ (պալիատիվ) օգնությամբ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C00 ծածկագիր):

10. Միելոմային հիվանդություն` տարածուն պաթոլոգիկ կոտրվածքներով, հյուծումով (կախեքսիայով) (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C76 ծածկագիր):

11. Արյան չարորակ հիվանդություններ` 4-րդ փուլում, բուժման ոչ ենթակա ձևերով, արյունաստեղծ ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով, դեկոմպենսացված փուլում (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C97 ծածկագիր):

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան