Գլխավոր տեղեկություն
Номер
N 1035-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.10.2015-05.10.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2015.09.23/62(1151) Հոդ.842
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.09.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.09.2015
Дата вступления в силу
03.10.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 1035-Ն

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1369-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 453-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի օգտագործման ժամկետները՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1369-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի «Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1780-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 453-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 17
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են վերականգնողական օգնության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Վերականգնողական օգնությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում բնակվող՝ բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

 

II. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Վերականգնողական օգնությունը սոցիալական ծառայություն է, որը «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով տրամադրվում է անձի բժշկական և (կամ) մասնագիտական և (կամ) սոցիալական վերականգնման նպատակով:

4. Հաշմանդամություն ունեցող անձանց, «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխաներին (այսուհետ նաև՝ հաշմանդամություն ունեցող անձ) վերականգնողական օգնությունը տրամադրվում է վերականգնողական անհատական ծրագրի (այսուհետ՝ ՎԱԾ) համաձայն՝ բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնողական համապատասխան միջոցառումների իրականացման միջոցով:

5. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող՝ հաշմանդամություն ունեցող անձանց ՎԱԾ-ում ընդգրկված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման միջոցառումների տրամադրման գործընթացը կազմակերպվում է սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազորած մարմին) աշխատակազմում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և բաժինների (այսուհետ՝ սոցիալական աջակցության տարածքային մարմին) կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով:

 

III. ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

1. ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ

 

6. Բժշկական վերականգնումը բուժման միջոցառումների համակարգ է, որն ուղղված է տարբեր հիվանդությունների, վնասվածքների, ֆիզիկական, մտավոր և այլ խանգարումների բուժմանը, հաշմանդամության հանգեցրած խեղումների և հիվանդությունների զարգացումն ու ծանրացումը կանխելուն, հաշմանդամություն ունեցող անձի օրգանիզմի խանգարված կամ կորսված ֆունկցիաների և առողջության վերականգնմանը:

7. Հաշմանդամություն ունեցող անձի բժշկական վերականգնումն իրականացվում է ՎԱԾ-ում ներառված՝ բժշկական վերականգնման ծրագրին համապատասխան:

8. Բժշկական վերականգնում իրականացնող մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների) ցանկը, բժշկական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացման գործընթացում այդ մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների) իրավասություններն ու պարտականությունները սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

9. Բժշկական վերականգնումն իրականացվում է՝

1) վերականգնողական բժշկական օգնության ու սպասարկման ձևով (այդ թվում` վերականգնողական թերապիա՝ բալնեոլոգիական, ցեխաբուժություն, շարժաթերապևտիկ, ռեֆլեքսաթերապևտիկ, մանուալ թերապևտիկ, բուժական մերսում, ֆիզիոթերապիա` բարոթերապևտիկ, էլեկտրաբուժում, լուսաբուժում, կինեզոթերապիա, պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական` ներառյալ դեղորայքային բուժումը, առողջարանային բուժումը).

2) վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի տրամադրման միջոցով:

10. Վերականգնողական բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային ձևով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

11. Վերականգնողական, տեխնիկական միջոցները և այլ օժանդակ սարքերը, այդ թվում՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաները (այսուհետ նաև` պարագաներ կամ պարագա) նախատեսված են անձի կենսագործունեության սահմանափակումների լրիվ կամ մասնակի հաղթահարման, փոխհատուցման (փոխարինման) համար:

12. Սույն կարգով նախատեսված դեպքերում և կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պարագաները տրամադրվում են՝

1) հաշմանդամություն ունեցող անձանց.

2) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված՝ ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքի անդամներին (այսուհետ նաև՝ սոցիալապես անապահով անձինք).

3) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց.

4) Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիներին.

5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների (այդ թվում՝ պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների) ընտանիքի անդամներին.

6) երեխաներին՝ անկախ հաշմանդամություն ունենալու կամ սոցիալապես անապահով լինելու հանգամանքից:

13. Պարագաները տրամադրում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կազմակերպությունները՝ լիազորած մարմնի հետ կնքված պայմանագրի հիման վրա, ինչպես նաև պարագաների ստացման, պահպանման և բաշխման աշխատանքներն իրականացնող՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն):

14. Պարագաները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված՝ վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի օգտագործման ժամկետներին համապատասխան:

15. Վերին և ստորին վերջույթների պրոթեզները, օրթեզները, ձայնաստեղծ սարքերը, աչքի պրոթեզները, սայլակները և քայլակները տրամադրվում են միայն հաշմանդամություն ունեցող անձանց՝ բացառությամբ սույն կարգի 16-րդ և 17-րդ կետերով սահմանված դեպքերի:

16. Սույն կարգի 12-րդ կետում չնշված այլ անձանց կարող են պարագաներ տրամադրվել լիազորած մարմնի ղեկավարի կողմից սահմանված դեպքերում և կարգով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի տվյալ նպատակային ծրագրով նախատեսված գումարի առավելագույնը մեկ տոկոսի սահմաններում:

17. Երեխաներին օրթեզներ և սեղմիրաններ (կորսետներ) կարող են տրամադրվել նաև առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիազորած մարմնի ղեկավարի կողմից սահմանված դեպքերում և կարգով:

18. Հաշմանդամություն ունեցող անձանց պարագաները (բացառությամբ ձեռնափայտի, կրծքագեղձի պրոթեզի, տակդիրի) առաջին անգամ, ինչպես նաև սույն կարգի 20-րդ կետում սահմանված դեպքում տրամադրվում են հաշմանդամություն ունեցող անձի ՎԱԾ-ի համաձայն՝ ՎԱԾ-ի բժշկական վերականգնման ծրագրում պարագաներով ապահովում նախատեսող միջոցառումների շրջանակներում:

19. Կրծքագեղձի պրոթեզ տրամադրվում է ինչպես հաշմանդամություն ունեցող կանանց, այնպես էլ սոցիալապես անապահով կանանց:

20. Հաշմանդամի սայլակ տրամադրվում է առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխաներին՝ հաշմանդամություն ունեցող անձի ՎԱԾ-ի համաձայն՝ ՎԱԾ-ի բժշկական վերականգնման ծրագրում պարագաներով ապահովում նախատեսող միջոցառումների շրջանակներում:

21. Հաշմանդամություն ունեցող անձանց վերին և ստորին վերջույթների առաջին անգամ պրոթեզավորումը և օրթեզավորումը, հաշմանդամություն ունեցող անձանց Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված ժամկետից շուտ պարագաների տրամադրումը, սույն կարգի 35-րդ կետում նշված դեպքում՝ պարագաների վերանորոգումը, ինչպես նաև պարագաների հերթական տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերում պարագաների տրամադրումն իրականացվում է սույն կարգի 43-րդ կետում նշված բուժատեխնիկական հանձնաժողովի (այսուհետ՝ բուժատեխնիկական հանձնաժողով) գրավոր եզրակացության հիման վրա:

22. Անկախ պետությունների համագործակցության (այսուհետ` նաև ԱՊՀ) երկրների արտադրության լսողական սարքերը տրամադրվում են հաշմանդամություն ունեցող անձանց, տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց:

23. Եվրոպական երկրների արտադրության լսողական սարքերը տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա: Պետական հավաստագրերի տրամադրման, դրանց գնային արժեքի որոշման կարգը և պետական հավաստագրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

24. Պետական հավաստագրի հիման վրա լսողական սարքեր տրամադրվում են մրցութային կարգով ընտրված այն կազմակերպությունների կողմից, որոնք լիազորած մարմնի հետ կնքել են պետական հավաստագրի հիման վրա եվրոպական երկրների արտադրության լսողական սարքեր տրամադրելու մասին համապատասխան պայմանագրեր: Մրցույթի անցկացման կարգը և պայմանները սահմանում է լիազորած մարմնի ղեկավարը:

25. Առաջին անգամ ստորին վերջույթի պրոթեզավորման դեպքում, մինչև հիմնական պրոթեզի պատրաստումը, հաշմանդամություն ունեցող անձի համար պատրաստվում և նրան տրամադրվում է բուժամարզական պրոթեզ: Բուժամարզական պրոթեզը փոխարինվում է հիմնական պրոթեզով, երբ անդամահատված ծայրատի անատոմիական փոփոխությամբ պայմանավորված այն հնարավոր չէ օգտագործել:

26. Վերին վերջույթի պրոթեզի կարիք ունեցող հաշմանդամություն ունեցող անձին, չորս տարվա ընթացքում, տրամադրվում են մեկ կոսմետիկ պրոթեզ և մեկ շարժողական պրոթեզ (ձգողական կամ միոպրոթեզ):

27. Վերին կամ ստորին վերջույթի պրոթեզ կրող հաշմանդամություն ունեցող անձին, անկախ նոր պրոթեզ տրամադրելու ժամկետից, յուրաքանչյուր տարի տրամադրվում է ծայրատի երեք ձեռնոց կամ գուլպա:

28. Հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձանց յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկու զույգ օրթոպեդիկ կոշիկ` մեկ զույգն առանց տաքացված տակդիրների, իսկ մյուս զույգը՝ կիսաճիտք կամ երկարաճիտք: Ելնելով հաշմանդամություն ունեցող անձի հատուկ կարիքներից և հիվանդության առանձնահատկություններից՝ տարեկան կարող է տրամադրվել միայն երկու զույգ կիսաճիտք օրթոպեդիկ կոշիկ: Օրթոպեդիկ կոշիկներն անձին կարող են տրամադրվել երկու զույգը միաժամանակ:

29. Ստորին վերջույթը պրոթեզավորված անձանց յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկու զույգ պրոթեզի կոշիկ, մեկ զույգն առանց տաքացված տակդիրների, իսկ մյուս զույգը՝ կիսաճիտք կամ երկարաճիտք: Պրոթեզի կոշիկներն անձին կարող են տրամադրվել երկու զույգը միաժամանակ:

30. Վերին երկու վերջույթների ծայրատներով, ինչպես նաև մեկ ձեռքի ծայրատով, մյուս ձեռքի դաստակի ձևախեղումով հաշմանդամություն ունեցող անձանց անվճար տրվում է կողային ռետինե ժապավեններով կոշիկ:

31. Ստորին վերջույթների ազդրային հատվածների երկկողմանի անդամահատումից հետո, սայլակ ստացած հաշմանդամություն ունեցող անձին, անհրաժեշտության դեպքում տրամադրվում է նաև փոքր տրամաչափի սայլակ:

32. Ելնելով անձի առողջական վիճակից, տարիքից և ծայրատի ձևից, ՎԱԾ-ի հիման վրա, անձը կարող է ստանալ՝

1) մեկ կամ երկու արմնկային հենակ կամ,

2) մեկ կամ երկու թևատակի հենակ կամ,

3) մեկ ձեռնափայտ և երկու թևատակի հենակ կամ,

4) մեկ ձեռնափայտ և երկու արմնկային հենակ:

33. Պարագաները կազմակերպության կողմից հաշմանդամություն ունեցող անձին տրամադրվում են անհատական հարմարեցումից և դրա օգտագործման ձևը սովորեցնելուց հետո:

34. Հաշմանդամություն ունեցող անձի առողջական վիճակից ելնելով` հաշմանդամի սայլակը, առանց գրավոր լիազորագրի առկայության, կարող է ստանալ նաև նրա ներկայացուցիչը չհանդիսացող որևէ այլ անձ, ով սայլակն ստանալու համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի նաև իր անձը հաստատող փաստաթուղթը:

35. Տրամադրված պարագաների վերանորոգումն իրականացնում է կազմակերպությունը (բացառությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունների): Պարագաների երաշխիքային ժամկետում վերանորոգումը կատարվում է կազմակերպության միջոցների հաշվին, իսկ երաշխիքային ժամկետի լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: Երաշխիքային ժամկետի լրանալուց հետո կազմակերպության կողմից պարագաների վերանորոգումը կատարվում է պարագաների օգտագործման ամբողջ ժամանակահատվածում, սակայն ոչ ավելի, քան յուրաքանչյուր տարին մեկ անգամ, իսկ ստորին վերջույթների կաշվե և մոդուլյար պրոթեզների, ստորին վերջույթի ապարատների վերանորոգումը՝ ոչ ավելի, քան յուրաքանչյուր տարին երկու անգամ, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է բուժատեխնիկական հանձնաժողովի եզրակացությունը սահմանված ժամկետից շուտ պարագաների վերանորոգման մասին: Մնացած այլ դեպքերում պարագաների վերանորոգումն իրականացվում է կազմակերպության մասնագետի եզրակացության հիման վրա: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող կազմակերպությունների կողմից տրամադրվող պարագաների վերանորոգումն իրականացվում է երաշխիքային ժամկետում` մատակարար կազմակերպության կողմից, իսկ երաշխիքային ժամկետի լրանալուց հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կազմակերպության կողմից՝ լիազորած մարմնի հետ կնքված պայմանագրի հիման վրա:

 

3. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ, ԴԻՄՈՒՄԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՔԱՐՏԸ

 

36. Պարագաների տրամադրման համար անձն անձամբ կամ ներկայացուցչի, իսկ սույն կարգի 34-րդ կետով սահմանված դեպքում` այլ անձի միջոցով դիմում է կազմակերպություն՝ դիմումին կից ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

1) պարագայի տրամադրում հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում՝

ա. անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ ծննդյան վկայականը՝ մինչև 16 տարեկան երեխաների համար,

բ. նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը.

2) պարագայի տրամադրում հայցող անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

3) պարագայի տրամադրում հայցողի՝ հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում՝

ա. բժշկասոցիալական փորձաքննական որոշումը,

բ. ՎԱԾ-ը՝ սույն կարգի 18-րդ և 20-րդ կետերով սահմանված դեպքերում,

գ. բուժատեխնիկական հանձնաժողովի եզրակացությունը՝ սույն կարգի 21-րդ կետում սահմանված դեպքերում.

4) սույն կարգի 12-րդ կետի 2-5-րդ ենթակետերում նշված այլ անձինք՝ իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ.

5) կրծքագեղձի պրոթեզի, ձեռնափայտի, տակդիրի տրամադրման համար՝ համապատասխան պարագայի տրամադրման անհրաժեշտության վերաբերյալ անձի բնակության վայրի առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կամ մասնագիտացված բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված մասնագիտական եզրակացությունը.

6) ԱՊՀ երկրների արտադրության լսողական սարքերի տրամադրման համար՝ սույն կետի 5-րդ ենթակետով սահմանված բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված մասնագիտական եզրակացությունը լսողության կորստի աստիճանի և լսողական սարքի անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաև աուդիոգրամման (աուդիոմետրիայի տվյալները).

7) եվրոպական երկրների արտադրության լսողական սարքերի տրամադրման համար` բժշկական օգնության և սպասարկման` քիթ-կոկորդ-ականջաբանական գործունեության լիցենզիա և աուդիոմետրիա իրականացնելու և (կամ) կազմակերպելու հնարավորություն ունեցող բժշկական կազմակերպության եզրակացությունը լսողության կորստի աստիճանի և լսողական սարքի անհրաժեշտության վերաբերյալ, աուդիոգրամման (աուդիոմետրիայի տվյալները), ինչպես նաև սույն կարգի 23-րդ կետում նշված պետական հավաստագիրը:

37. Պարագաների տրամադրման վերաբերյալ դիմումն անձի ներկայացուցչի կամ սույն կարգի 34-րդ կետով սահմանված դեպքում այլ անձի կողմից ներկայացնելիս, պահանջվում են նաև ներկայացուցչի (կամ այլ անձի) նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ սույն կարգի 36-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերին համապատասխան, ինչպես նաև՝

1) անձի օրինական ներկայացուցիչը լինելու դեպքում՝ ծնողը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն հանդիսանալու փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող լիազորագրի հիման վրա անձի ներկայացուցիչը լինելու դեպքում՝ լիազորագիրը, իսկ այն դեպքում, երբ ներկայացուցիչը փաստաբան է՝ նաև փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենը:

38. Անձի անգործունակ ճանաչված լինելու դեպքում պարագաների տրամադրման մասին դիմումը ներկայացնում է տվյալ անձի խնամակալը:

39. Կազմակերպությունում պարագաներ ստացող յուրաքանչյուր անձի համար լրացվում է անձնական քարտ, որտեղ նշվում են՝

1) պարագա ստացող անձի՝

ա. անունը, հայրանունը, ազգանունը,

բ. անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,

գ. հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտի համարը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը,

դ. սոցիալական խումբը (կարգավիճակը)՝ սույն կարգի 12-րդ կետին համապատասխան.

2) տրամադրվող պարագայի լրիվ անվանումը.

3) պարագայի տրամադրման օրը, ամիսը, տարեթիվը.

4) պարագան ներկայացուցչի կողմից ստանալու դեպքում՝ ներկայացուցչի վերաբերյալ սույն կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված տվյալները, իսկ սույն կարգի 34-րդ կետով սահմանված դեպքում՝ այլ անձի վերաբերյալ տեղեկությունը:

40. Անձնական քարտում կարող են լրացվել նաև սույն կարգի 39-րդ կետում չնշված` պարագաների տրամադրման վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկություններ: Պարագաներն ստացող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը ստորագրում են անձնական քարտում:

41. Անձնական քարտը պահպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Կազմակերպությունը պարտավոր է անձի պահանջով նրան տրամադրել անձնական քարտի պատճենը:

42. Կազմակերպությունը լիազորած մարմնին է տրամադրում անձնական քարտը՝ լիազորած մարմնի կողմից այդպիսի պահանջ ներկայացվելու օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում:

 

IV. ԲՈՒԺԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

43. Բուժատեխնիկական հանձնաժողովն ստեղծվում (կազմավորվում) է լիազորած մարմնի ղեկավարի կողմից: Բուժատեխնիկական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատվում է լիազորած մարմնի ղեկավարի հրամանով:

44. Բուժատեխնիկական հանձնաժողովը՝

1) ՎԱԾ-ի կազմման ընթացքում, անհրաժեշտության դեպքում, մասնագիտական օժանդակություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կառուցվածքային և տարածքային մարմիններին՝ բժշկական վերականգնման ծրագրում անհրաժեշտ միջոցառումների ընդգրկման հարցերում.

2) հսկողություն է իրականացնում ՎԱԾ-ի բժշկական վերականգնման ծրագրում ընդգրկված՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, վերականգնողական և տեխնիկական այլ միջոցներով ապահովում նախատեսող միջոցառումների կատարման և դրանց արդյունավետության նկատմամբ.

3) գրավոր եզրակացություն է տալիս՝

ա. ՎԱԾ-ի բժշկական վերականգնման ծրագրում ընդգրկված` վերականգնողական, տեխնիկական միջոցներով և այլ օժանդակ սարքերով ապահովում նախատեսող միջոցառումների շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց վերին և ստորին վերջույթների առաջին անգամ պրոթեզավորման և օրթեզավորման, պրոթեզի և օրթեզի համապատասխան տեսակի վերաբերյալ,

բ. հաշմանդամություն ունեցող անձանց սահմանված ժամկետից շուտ պարագաներ տրամադրելու և դրանց վերանորոգելու վերաբերյալ,

գ. պարագաների տրամադրման վերաբերյալ՝ դրանց հերթական տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերում.

4) լիազորած մարմնի ղեկավարի կողմից սահմանված դեպքերում և կարգով դիմում է ՎԱԾ-ը կազմող՝ Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կառուցվածքային և տարածքային մարմիններին՝ ՎԱԾ-ում ներառված բժշկական վերականգնման ծրագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու առաջարկությամբ.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, բուժատեխնիկական հանձնաժողովի աշխատակարգով իրեն վերապահված այլ գործառույթներ:

45. Սույն կարգի 21-րդ կետով սահմանված դեպքերում, մինչև կազմակերպությանը դիմելը, բուժատեխնիկական հանձնաժողովի գրավոր եզրակացությունն ստանալու համար անձը դիմում է բուժատեխնիկական հանձնաժողով դիմումին կից ներկայացնելով՝

1) անձը հաստատող փաստաթուղթ՝ սույն կարգի 36-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետին համապատասխան.

2) ՎԱԾ-ը՝ հաշմանդամություն ունեցող անձի վերին և ստորին վերջույթների առաջին անգամ պրոթեզավորման և օրթեզավորման դեպքում:

46. Դիմումն անձի ներկայացուցչի կողմից ներկայացնելիս, պահանջվում են նաև ներկայացուցչի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ սույն կարգի 36-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերին համապատասխան, ինչպես նաև՝

1) անձի օրինական ներկայացուցիչը լինելու դեպքում՝ ծնողը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն հանդիսանալու փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող լիազորագրի հիման վրա անձի ներկայացուցիչը լինելու դեպքում՝ լիազորագիրը, իսկ այն դեպքում, երբ ներկայացուցիչը փաստաբան է՝ նաև փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենը:

47. Բուժատեխնիկական հանձնաժողովը գրավոր եզրակացությունն անձին տրամադրում է դիմումը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում:

48. Իր գործառույթների պատշաճ իրականացման նպատակով բուժատեխնիկական հանձնաժողովն ըստ անհրաժեշտության համագործակցում է լիազորած մարմնի համապատասխան կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, կազմակերպությունների, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, այլ մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների հետ:

49. Բուժատեխնիկական հանձնաժողովը, իր կողմից իրականացված գործառույթների և դրանց արդյունքների վերաբերյալ, լիազորած մարմնին ներկայացնում է հաշվետվություններ: Հաշվետվությունների ներկայացման կարգը և ձևը սահմանում է լիազորած մարմնի ղեկավարը:

 

V. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

50. Մասնագիտական, այդ թվում՝ աշխատանքային վերականգնումը (այսուհետ՝ մասնագիտական վերականգնում) անձանց կորցրած կամ նվազած մասնագիտական ունակությունների լրիվ կամ մասնակի վերականգնման, մասնագիտական հմտություններն օգտագործելու կամ նոր մասնագիտական հմտություններ ձեռք բերելու կարողությունների զարգացման, նախկին կամ նոր մասնագիտությամբ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար մատուցվող համալիր ծառայություն է, որը ներառում է (սակայն չի սահմանափակում) անձի աշխատանքային կարիքների գնահատումը, անձի մասնագիտական կողմնորոշումը, մասնագիտական կրթության, մասնագիտական ուսուցման (որակավորման բարձրացման, վերամասնագիտացման, նախնական մասնագիտական պատրաստման, արհեստագործական ուսուցման) կազմակերպումը, աշխատանք փնտրելու հմտությունների ուսուցումը, գործատուի հետ բանակցելով՝ աշխատատեղի հարմարեցումը, մասնագիտական հարմարվողականությանն ուղղված միջոցառումները, աշխատանքի տեղավորմանը և ինքնազբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերը և միջոցառումները:

51. Մասնագիտական վերականգնումը կազմակերպում և իրականացնում են լիազորած մարմնի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող՝ զբաղվածության պետական գործակալությունը (այսուհետ՝ զբաղվածության պետական գործակալություն), ինչպես նաև մասնագիտական վերականգնման օգնություն տրամադրող այլ մարմինները (կազմակերպությունները, հիմնարկները), այդ թվում՝ միջին մասնագիտական և պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները, կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման գործառույթներ իրականացնող կազմակերպությունները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

52. Զբաղվածության պետական գործակալության (այդ թվում՝ նրա տարածքային կենտրոնների) կողմից անձի մասնագիտական վերականգնումը կազմակերպվում և իրականացվում է բացառապես տվյալ անձի՝ «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով որպես աշխատանք փնտրող անձ հաշվառված լինելու դեպքում:

53. Հաշմանդամություն ունեցող անձի մասնագիտական վերականգնումն իրականացվում է ՎԱԾ-ում ներառված՝ մասնագիտական (աշխատանքային) վերականգնման ծրագրին համապատասխան:

54. Զբաղվածության պետական գործակալությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, կազմակերպում է ՎԱԾ-ում ներառված մասնագիտական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացման գործընթացը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան: ՎԱԾ-ում ներառված մասնագիտական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումներն իրականացվում են զբաղվածության պետական գործակալության համապատասխան տարածքային կենտրոնների, ինչպես նաև օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով մասնագիտական վերականգնման օգնություն տրամադրող այլ մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների) կողմից:

55. Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնները, մասնագիտական վերականգնման միջոցառումների մասին ՎԱԾ-ում լրացված տեղեկատվությանը համապատասխան, «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների համաձայն՝ ըստ անհրաժեշտության`

1) գնահատում են հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքային կարիքները և կազմում անհատական գործունեության ծրագիր.

2) տրամադրում են մասնագիտական կողմնորոշում և խորհրդատվություն.

3) կազմակերպում են մասնագիտական ուսուցում (որակավորման բարձրացում, վերամասնագիտացում, նախնական մասնագիտական պատրաստում, արհեստագործական ուսուցում).

4) իրականացնում են հաշմանդամություն ունեցող անձի զբաղվածության ապահովմանն ուղղված գործառույթներ.

5) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում են մասնագիտական վերականգնման ուղղված այլ միջոցառումներ:

 

VI. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

56. Սոցիալական վերականգնումը սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-իրավական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցառումների համակարգ է, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում գտնվող անձանց համար հասարակական կյանքի բոլոր բնագավառներում այլ անձանց հետ հավասար հնարավորությունների ստեղծմանը, նրանց սոցիալական հմտությունների վերականգնմանը և սոցիալական ներառմանը նպաստելուն:

57. Սոցիալական վերականգնումն իրականացնում են սոցիալական աջակցության տարածքային մարմինները, համայնքի սոցիալական աշխատանքի մասնագետները, խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատանքի մասնագետները՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, սոցիալական վերականգնումը կարող է իրականացվել նաև սոցիալական վերականգնման օգնություն տրամադրող այլ մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների) կողմից:

58. Հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական վերականգնումն իրականացվում է ՎԱԾ-ում ներառված՝ սոցիալական վերականգնման ծրագրին համապատասխան:

59. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ հաշմանդամություն չունեցող անձի սոցիալական վերականգնումն իրականացվում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով սահմանված անհատական սոցիալական ծրագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

60. Սոցիալական վերականգնման շրջանակներում խորհրդատվական օգնությունը տրամադրվում է, իսկ իրավաբանական օգնությունը կազմակերպվում է սոցիալական աջակցության տարածքային մարմինների և (կամ) համայնքի և (կամ) խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատողների կողմից՝ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով:

61. Սոցիալական վերականգնման շրջանակներում խնամքի տրամադրմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են տնային պայմաններում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, շուրջօրյա խնամք տրամադրող այլ կազմակերպություններում՝ օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով:

62. Հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ տառատեսակներով` Բրայլյան գրքերի տրամադրումը, Բրայլի համակարգով լրացուցիչ ուսուցումն իրականացվում է համապատասխան մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների) կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով և (կամ) տվյալ կազմակերպությունների կողմից ստանձնած պայմանագրային պարտավորություններին համապատասխան:

63. Հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող անձի ներկայացուցչի դիմումի համաձայն, ՎԱԾ-ի սոցիալական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների կամ դրանց մի մասի տրամադրման գործընթացը կազմակերպվում է սոցիալական աջակցության տարածքային մարմինների միջոցով:

64. Սոցիալական աջակցության տարածքային մարմինները, ՎԱԾ-ում ներառված սոցիալական վերականգնման ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, իրականացնում են հաշմանդամություն ունեցող տվյալ անձի մասին տվյալների համադրումն ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում և սոցիալական աջակցության տեղեկատվական այլ բազաներում հաշմանդամություն ունեցող տվյալ անձի վերաբերյալ առկա տեղեկատվության հետ: Համադրման արդյունքում պարզվում են՝

1) հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելը և ընտանիքի անապահովության միավորը.

2) հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի սոցիալական կարիքների գնահատման անձնագրի (անձնագրերի) առկայությունը (երբևէ կազմած լինելու հանգամանքը) կամ բացակայությունը, իսկ առկայության դեպքում` դրանում արտացոլված տեղեկատվությունը.

3) հաշմանդամություն ունեցող անձի համար երբևէ անհատական սոցիալական ծրագիր (ծրագրեր) կազմած լինելու հանգամանքը, իսկ առկայության դեպքում` դրանում արտացոլված տեղեկատվությունը:

65. Համադրման արդյունքներն ամփոփելուց հետո, անկախ սույն կարգի 64-րդ կետով սահմանված հանգամանքների առկայությունից, սոցիալական աջակցության տարածքային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձին տնային այցելություն (այսուհետ` տունայց), որի ընթացքում, ի թիվս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ իրականացման ենթակա այլ գործառույթների, տունայցն իրականացնող սոցիալական աշխատողը (կամ տունայցն իրականացնող հանձնաժողովի (խմբի) կազմում ընդգրկված սոցիալական աշխատողը) հաշմանդամություն ունեցող անձին տեղեկատվություն և խորհրդատվություն է տրամադրում ՎԱԾ-ի սոցիալական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացման, դրանց հաջորդականության, նպատակների, այդ միջոցառումներն իրականացնող մարմինների (կազմակերպությունների, հիմնարկների) վերաբերյալ, ինչպես նաև իրազեկում է հաշմանդամություն ունեցող անձի կամահայտնության (համաձայնության) առկայության պարագայում ՎԱԾ-ի սոցիալական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների կամ դրանց մի մասի տրամադրման գործընթացը, իսկ սույն կարգի 70-րդ և 71-րդ կետով նախատեսված դեպքում՝ ՎԱԾ-ն ամբողջությամբ սոցիալական աջակցության տարածքային մարմինների միջոցով կազմակերպելու հնարավորության վերաբերյալ, եթե մինչև տունայցի կատարվելը հաշմանդամություն ունեցող անձը դրա համար չի դիմել սոցիալական աջակցության տարածքային մարմիններին (կամ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի միասնական ընդունարանին): Սույն կետով սահմանված տեղեկատվությունը և խորհրդատվությունը տրամադրվում է հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամներին (իսկ օրենքի կամ լիազորագրի հիման վրա ներկայացուցիչներ ունենալու կամ պատրոնաժ սահմանված լինելու դեպքում՝ նաև ներկայացուցիչներին ու պատրոնին), եթե հաշմանդամություն ունեցող անձն առողջական վիճակի բերումով չի կարող ինքնուրույն իրականացնել սոցիալական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումներն իրականացնելու իր իրավունքները կամ ունի հաղորդակցվելու կարողության այնպիսի սահմանափակում, որը հնարավորություն չի ընձեռում լիարժեք ընկալել տունայցը կատարող սոցիալական աշխատողի կողմից տրամադրվող տեղեկատվությունը:

66. Սոցիալական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների կամ դրանց մի մասի տրամադրման գործընթացը սոցիալական աջակցության տարածքային մարմինների միջոցով կազմակերպելու դեպքում, սոցիալական աջակցության տարածքային մարմինները, հաշվի առնելով սոցիալական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների բնույթը, հաշմանդամություն ունեցող անձին ուղղորդում են տվյալ միջոցառումներն իրականացնող կազմակերպություն:

67. Եթե սույն կարգի 64-րդ կետով սահմանված համադրման արդյունքում պարզվում է, որ հաշմանդամություն ունեցող տվյալ անձի համար վարվում է սոցիալական դեպք, ապա հաշմանդամություն ունեցող անձի անհատական սոցիալական ծրագրում անհրաժեշտության դեպքում կատարվում են համապատասխան փոփոխություններ` հաշվի առնելով ՎԱԾ-ի սոցիալական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումները, իսկ ՎԱԾ-ի սոցիալական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների տրամադրման գործընթացը կազմակերպվում է` սույն կարգի VII բաժնով սահմանված պահանջներին համապատասխան:

68. Եթե տունայցի արդյունքների ամփոփման ու վերջնական գնահատման փուլում պարզվում է, որ հաշմանդամություն ունեցող տվյալ անձի համար առկա է սոցիալական դեպքի վարման անհրաժեշտություն, ապա ՎԱԾ-ի սոցիալական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների տրամադրման գործընթացը կազմակերպվում է` սույն կարգի VII բաժնով սահմանված պահանջներին համապատասխան:

69. Սույն կարգի 64-68-րդ կետերով սահմանված պահանջները ենթակա են կատարման` անկախ հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող անձի ներկայացուցչի դիմումի համաձայն ՎԱԾ-ի սոցիալական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների կամ դրանց մի մասի տրամադրման գործընթացը սոցիալական աջակցության տարածքային մարմինների կողմից կազմակերպվելու հանգամանքից:

 

VII. ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՎ ԱՅԴՊԻՍԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ՌԻՍԿԻ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

70. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ հաշմանդամություն ունեցող անձանց ՎԱԾ-ում նշված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերում ընդգրկված միջոցառումների տրամադրման գործընթացը կազմակերպվում է սոցիալական աջակցության տարածքային մարմինների կողմից՝ օրենքներով, այլ իրավական ակտերով, այդ թվում՝ սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

71. Սոցիալական աջակցության տարածքային մարմինների կողմից օրենքներով, այլ իրավական ակտերով, այդ թվում՝ սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան կազմակերպվում է նաև հաշմանդամություն ունեցող այն անձանց ՎԱԾ-ում նշված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերում ընդգրկված միջոցառումների տրամադրման գործընթացը, որոնք կարող են հայտնվել կյանքի դժվարին իրավիճակում:

72. ՎԱԾ-ն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում սոցիալական աջակցության տարածքային մարմինն իրականացնում է սույն կարգի 64-րդ կետում նշված՝ հաշմանդամություն ունեցող տվյալ անձի մասին տվյալների համադրումը, որից հետո կատարում է տունայց՝ սույն կարգի 65-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան:

73. Եթե տվյալների համադրման կամ տունայցի արդյունքների ամփոփման ու վերջնական գնահատման փուլում պարզվում է, որ հաշմանդամություն ունեցող անձը գտնվում է կյանքի դժվարին իրավիճակում կամ գտնվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո (առկա են բավարար և էական նախադրյալներ, բացասական գործոններ, որոնց ազդեցությունը կարող է հանգեցնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելուն), ապա հաշմանդամություն ունեցող անձի կամահայտնության (համաձայնության) առկայության պարագայում, ՎԱԾ-ում ներառված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերի տրամադրման գործընթացը կազմակերպվում է սոցիալական աջակցության տարածքային մարմինների միջոցով: Այն դեպքում, երբ հաշմանդամություն ունեցող անձը գրավոր կերպով հրաժարվում է ՎԱԾ-ում ներառված որևէ ծրագրի կամ ՎԱԾ-ում ներառված ծրագրերում ընդգրկված որևէ միջոցառման իրականացումից կամ դրանց տրամադրման գործընթացը սոցիալական աջակցության տարածքային մարմինների միջոցով կազմակերպելու հնարավորությունից, ապա սոցիալական աջակցության տարածքային մարմինների միջոցով կազմակերպվում է ՎԱԾ-ում ներառված այն ծրագրի կամ ՎԱԾ-ում ներառված ծրագրերում ընդգրկված այն միջոցառման (միջոցառումների) տրամադրման գործընթացը, որից հաշմանդամություն ունեցող անձը չի հրաժարվել և որի տրամադրման գործընթացը համաձայն է կազմակերպել սոցիալական աջակցության տարածքային մարմինների միջոցով:

74. Սույն կարգի 73-րդ կետում նշված համաձայնությունը ձեռք է բերվում հաշմանդամություն ունեցող անձի ներկայացուցչից, իսկ այդպիսին չունենալու դեպքում՝ հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամներից, եթե հաշմանդամություն ունեցող անձն ունի հաղորդակցվելու կարողության այնպիսի սահմանափակում, որը հնարավորություն չի ընձեռում լիարժեք ընկալել ստացվող տեղեկատվությունը և արտահայտել իր կամահայտնությունն իրավունքների իրականացման ծավալի և վերականգնմանն ուղղված միջոցառումների ստացման եղանակների մասին:

75. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող՝ հաշմանդամություն ունեցող անձի ՎԱԾ-ի բժշկական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների տրամադրման գործընթացը կազմակերպելիս, սոցիալական աջակցության տարածքային մարմինները, հաշվի առնելով ՎԱԾ-ի բժշկական վերականգնման ծրագրում ներառված տվյալները, նախապես ճշտում և հաշմանդամություն ունեցող անձին իրազեկում են հաշմանդամություն ունեցող տվյալ անձի համար նախատեսված բժշկական վերականգնման յուրաքանչյուր միջոցառումն իրականացնելու հնարավորություն ունեցող մարմինների վերաբերյալ՝ նշելով դրանց անվանումները, գտնվելու վայրերը, աշխատանքային ժամերը, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնք կարող են կարևորվել բժշկական վերականգնման ծրագրի իրականացման և այլընտրանքային հնարավորությունների առկայության դեպքում բժշկական վերականգնման յուրաքանչյուր միջոցառումն իրականացնող մարմնի (կազմակերպության, հիմնարկի) ընտրության կատարման տեսանկյունից: Բժշկական վերականգնման ծրագրում պարագաներով ապահովում նախատեսող միջոցառումների առկայության դեպքում, հաշմանդամություն ունեցող անձին տրամադրվում է նաև խորհրդատվություն պարագաների տրամադրման համար իրականացման ենթակա քայլերի և դրանց հաջորդականության վերաբերյալ:

76. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող՝ հաշմանդամություն ունեցող անձի ՎԱԾ-ի մասնագիտական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների տրամադրման գործընթացը կազմակերպելիս, սոցիալական աջակցության տարածքային մարմինները հաշմանդամություն ունեցող անձին ուղղորդում են զբաղվածության պետական գործակալության համապատասխան տարածքային կենտրոն՝ նախապես իրազեկելով հաշմանդամություն ունեցող անձի կողմից ձեռնարկվելիք գործողությունների և դրանց հաջորդականության, ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի, բովանդակության, դրանց ներկայացման ժամկետների վերաբերյալ, տրամադրում են անհրաժեշտ խորհրդատվություն, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնք կարող են կարևորվել մասնագիտական վերականգնման ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացման տեսանկյունից:

77. Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում (այսուհետ՝ ՀՍԾՏԿ) սույն կարգի 76-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը հաշմանդամություն ունեցող անձին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրում են նաև ՀՍԾՏԿ-ի միասնական ընդունարանների՝ համապատասխան լիազորություններով օժտված աշխատողները:

78. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող՝ հաշմանդամություն ունեցող անձի ՎԱԾ-ի սոցիալական վերականգնման ծրագրի շրջանակներում խորհրդատվական օգնությունը տրամադրվում է, իսկ իրավաբանական օգնությունը կազմակերպվում է սույն կարգի 60-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան:

79. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող՝ հաշմանդամություն ունեցող անձի ՎԱԾ-ում ներառված՝ սոցիալական վերականգնման ծրագրի շրջանակներում խնամքի տրամադրումը, Բրայլի համակարգով լրացուցիչ ուսուցումը, Բրայլյան գրքերի տրամադրումը, ինչպես նաև սոցիալական վերականգնմանն ուղղված այլ միջոցառումների տրամադրումը կազմակերպելու նպատակով, սոցիալական աջակցության տարածքային մարմինները, հաշվի առնելով սոցիալական վերականգնման ծրագրում ներառված տվյալները, նախապես ճշտում և հաշմանդամություն ունեցող անձին իրազեկում են հաշմանդամություն ունեցող տվյալ անձի համար նախատեսված սոցիալական վերականգնման յուրաքանչյուր միջոցառումն իրականացնելու հնարավորություն ունեցող մարմինների վերաբերյալ՝ նշելով դրանց անվանումները, գտնվելու վայրերը, աշխատանքային ժամերը, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնք կարող են կարևորվել սոցիալական վերականգնման ծրագրի իրականացման և այլընտրանքային հնարավորությունների առկայության դեպքում սոցիալական վերականգնման յուրաքանչյուր միջոցառումն իրականացնող մարմնի (կազմակերպության, հիմնարկի) ընտրության կատարման տեսանկյունից:

80. Սոցիալական աջակցության տարածքային մարմինները կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող՝ հաշմանդամություն ունեցող անձի ՎԱԾ-ում ներառված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերի տրամադրման գործընթացը կազմակերպելիս, ըստ անհրաժեշտության, համագործակցում են Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կառուցվածքային և տարածքային մարմինների, զբաղվածության պետական գործակալության (այդ թվում՝ դրա համապատասխան տարածքային կենտրոնների), «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով սահմանված՝ աջակցող ցանցի մասնակիցների, միջգերատեսչական սոցիալական համագործակցության կողմերի, խնամք տրամադրող կազմակերպությունների սոցիալական աշխատողների հետ՝ վարչական, կազմակերպչական, մարդկային, նյութական, տեղեկատվական և այլ ռեսուրսների ու հնարավորությունների զուգակցված, արդյունավետ և նպատակային կիրառմամբ հաշմանդամություն ունեցող անձի վերականգնմանը նպաստելու և ՎԱԾ-ի իրականացման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձի իրավունքների արդյունավետ իրականացման և օրինական շահերի պաշտպանության նպատակով:

81. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող՝ հաշմանդամություն ունեցող անձի ՎԱԾ-ում ներառված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերում ընդգրկված միջոցառումների տրամադրման գործընթացի կազմակերպման և դրանց իրականացման ամբողջ ընթացքում, սոցիալական աջակցության տարածքային մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում աջակցում են հաշմանդամություն ունեցող անձին՝ ՎԱԾ-ում ընդգրկված միջոցառումների իրականացման ընթացքում հնարավոր խնդիրները լուծելու և խոչընդոտները վերացնելու հարցերում:

82. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող՝ հաշմանդամություն ունեցող անձանց ՎԱԾ-ում ներառված բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման ծրագրերում ընդգրկված միջոցառումների իրականացման և դրանց իրականացմանն աջակցության հետ կապված հարաբերությունների վրա սույն կարգի III, V և VI բաժիններով նախատեսված դրույթները տարածվում են, եթե այլ բան չի բխում սույն բաժնով սահմանված կարգավորման առանձնահատկություններից և որքանով որ դրանք կիրառելի են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու վտանգի (ռիսկի) ներքո գտնվող՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

 

VIII. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

83. Վերականգնողական օգնություն տրամադրող կազմակերպությունները, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում և կարգով, լիազորած մարմին են ներկայացնում վերականգնողական օգնության տրամադրման մասին տեղեկատվություն:

84. Պարագաներ տրամադրող կազմակերպությունների կողմից, լիազորած մարմնի հետ կնքած համապատասխան պայմանագրերով սահմանված պահանջներին համապատասխան, հաշմանդամություն ունեցող անձանց պարագաների տրամադրման մասին տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով մուտքագրվում է պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական համակարգ:

85. Պարագաներ տրամադրող կազմակերպությունները լիազորած մարմին են ներկայացնում պարագաների տրամադրման (վերանորոգման) մասին հաշվետվություն՝ լիազորած մարմնի ղեկավարի հրամանով սահմանած կարգով և ձևին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

NN
ը/կ

Անվանումը

Օգտագործման ժամկետը

1.

Պրոթեզներ

 

1)

ստորին վերջույթների պրոթեզներ

մեծահասակներին` երեք տարի

երեխաներին` մեկ տարի

2)

վերին վերջույթների պրոթեզներ

մեծահասակներին` չորս տարի

երեխաներին` երկու տարի

3)

օրթոպրոթեզներ

մեծահասակներին` երկու տարի

   

երեխաներին` 1 տարի

2.

Օրթեզներ

մեծահասակներին` մեկ տարի

երեխաներին` վեց ամիս

3.

Ստորին վերջույթների ապարատներ

մեծահասակներին` երկու տարի

երեխաներին` 1 տարի

4.

Սեղմիրաններ

մեծահասակներին` 2 տարի

երեխաներին` վեց ամիս

5.

Աղեկապեր (ծնկակալ, ռեկլինատոր)

մեկ տարի

6.

Կոշիկներ

 

1)

պրոթեզի (տարեկան` երկու զույգ)

մեկ տարի

2)

օրթոպեդիկ (տարեկան` երկու զույգ)

մեկ տարի

7.

Վերականգնման տեխնիկական միջոցներ

 

1)

ձեռնափայտեր` մեկ լրացուցիչ ռետինով

երկու տարի

2)

հենակներ` մեկ լրացուցիչ ռետինով

երկու տարի

3)

սուպինատոր/տակդիր

մեծահասակներին` մեկ տարի, երեխաներին` վեց ամիս

4)

կրծքագեղձի պրոթեզ

մեկ տարի

5)

անկախ պետությունների համագործակցության երկրների արտադրության լսողական սարքեր

երեք տարի

6)

եվրոպական արտադրության լսողական սարքեր (հավաստագիր)

հինգ տարի

7)

հաշմանդամի սայլակ

երեք տարի

8)

փոքր տրամաչափի սայլակ

երկու տարի

9)

քայլակներ

մեծահասակներին՝ երեք տարի
երեխաներին` երկու տարի

8.

Աչքի պրոթեզ

մեծահասակներին` երկու տարի, երեխաներին` մեկ տարի

9.

Ձայնաստեղծ սարք

հինգ տարի

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան