Գլխավոր տեղեկություն
Номер
N 1399-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.09.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.10.25/55(510) Հոդ.1123
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.08.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.10.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.10.2006
Дата вступления в силу
26.10.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 օգոստոսի 2006 թվականի N 1399-Ն

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2200-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ գլխի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել էներգետիկ փորձաքննության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված ծրագրի 108, 155, 168 և 188-րդ կետերը:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հոկտեմբերի 7
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 31-ի N 1399-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Էներգետիկ փորձաքննությունն իրականացվում է համաձայն «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և նպատակ ունի էներգաարդյունավետության փաստացի և Ազգային ստանդարտներով սահմանված ցուցանիշների համեմատության ճանապարհով, իսկ նման ստանդարտների բացակայության դեպքում` ստացված ցուցանիշների վերլուծության միջոցով, եզրակացություն տալ կազմակերպության կողմից օգտագործվող վառելիքաէներգետիկ պաշարների (այսուհետ` ՎԷՊ) խնայողաբար օգտագործման վերաբերյալ և գնահատել ՎԷՊ-ի քանակի կրճատմանն ուղղված միջոցառումները:

2. Սույն կարգի համաձայն իրականացվում է էներգատեղակայանքների, շենքերի և կառուցվածքների, դրանցում կիրառվող կառուցվածքաջերմամեկուսիչ, ջերմամեկուսիչ և հերմետիկացնող նյութերի ու շինվածքների, արդյունաբերության, այդ թվում` գյուղմթերքների վերամշակման ոլորտներում կիրառվող տեխնոլոգիական պրոցեսների և սարքավորումների, էներգակիր սպառող ճարտարագիտատեխնիկական համալիրների (լուսավորության, ջերմամատակարարման, օդի լավորակման, օդափոխության, ջրամատակարարման և ջրահեռացման), դրանց նախագծերի և արտադրության էներգետիկ փորձաքննություն:

3. Էներգետիկ փորձաքննությունն ուղղված է հետևյալ հիմնական խնդիրների լուծմանը`

ա) կազմակերպության կողմից օգտագործվող ՎԷՊ-ի քանակի և որակի ցուցանիշների փաստագրում,

բ) ՎԷՊ-ի կորուստների պատճառների բացահայտում,

գ) ՎԷՊ-ի կորուստների կրճատմանն ուղղված միջոցառումների ցանկի մշակում,

դ) ՎԷՊ-ի էներգախնայողության ներուժի գնահատում,

ե) տեխնոլոգիական պրոցեսներում և սարքավորումներում էներգասպառման ռացիոնալ չափաքանակների որոշում,

զ) կազմակերպությունների համար էներգակիրների ծախսի հաշվառման և հսկողության կատարելագործման առաջարկությունների մշակում,

է) նոր սարքավորումների, տեխնոլոգիաների ստեղծման համար ելակետային տվյալների հավաքագրում և մշակում, կազմակերպության էներգետիկ հաշվեկշռի համապատասխանեցում ստանդարտներին` ներգրավելով երկրորդային (վերականգնվող) էներգապաշարներ:

 

II. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Էներգետիկ փորձաքննության իրականացումը կամավոր է և կատարվում է իրավաբանական և ֆիզիկական անձանց նախաձեռնությամբ ու հաշվին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

(4-րդ կետը լրաց. 10.09.15 N 1026-Ն)

5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող նախագծերի, կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտների էներգետիկ փորձաքննությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1504-Ն որոշման հավելվածով սահմանված էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր միջոցառումներին համապատասխան:

(5-րդ կետը խմբ. 10.09.15 N 1026-Ն)

6. Էներգետիկ փորձաքննությունն իրականացնում են «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների կողմից սերտիֆիկացված անձինք (այսուհետ` սերտիֆիկացված անձ):

(6-րդ կետը խմբ. 04.08.11 N 1105-Ն, 10.09.15 N 1026-Ն)

7. Էներգետիկ փորձաքննություն իրականացնելու համար սերտիֆիկացված անձինք պետք է բավարարեն նաև հետևյալ պայմանները`

ա) հագեցված լինեն անհրաժեշտ տեխնիկական կանոնակարգերով, ստանդարտներով, մեթոդականներով և դրանցով սահմանված չափիչ սարքերի բազայով.

բ) համալրված լինեն անհրաժեշտ որակավորման մասնագետներով:

(7-րդ կետը խմբ. 10.09.15 N 1026-Ն)

7.1. «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն էներգետիկ փորձաքննության կազմակերպման համար անձը պետք է սերտիֆիկացված լինի հավատարմագրված ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմնի կողմից:

1) էներգետիկայի բնագավառում իրականացնում են հետազոտական, ուսումնական գործառույթներ և ունեն էներգետիկական չափումներ կատարելու փորձ.

2) հիմնական հաստիքացուցակին համապատասխան համալրված են առնվազն տասը տարվա գիտաուսումնական փորձ և էներգետիկայի բնագավառում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող մասնագետներով:

(7.1-ին կետը լրաց. 04.08.11 N 1105-Ն, խմբ. 10.09.15 N 1026-Ն)

8. Էներգետիկ փորձաքննության իրականացումը պարտադիր փաստաթղթավորվում է Սերտիֆիկացված անձի կողմից:

(8-րդ կետը փոփ. 10.09.15 N 1026-Ն)

9. Էներգետիկ փորձաքննության փաստաթղթավորումը նախատեսում է Սերտիֆիկացված անձի աշխատանքային փաստաթղթերի, փորձաքննության արդյունքների հիման վրա էներգետիկ փորձաքննության եզրակացության և էներգետիկ փորձաքննության հաշվետվության կազմումը:

(9-րդ կետը փոփ. 10.09.15 N 1026-Ն)

10. Էներգետիկ Սերտիֆիկացված անձի աշխատանքային փաստաթղթերը չափագրումների արդյունքում պատրաստվող և պահպանվող փաստաթղթեր են: Էներգետիկ Սերտիֆիկացված անձի աշխատանքային փաստաթղթերն առևտրային գաղտնիք կազմող փաստաթղթեր են:

(10-րդ կետը փոփ. 10.09.15 N 1026-Ն)

11. Էներգետիկ փորձաքննության իրականացման գործընթացը բաղկացած է հետևյալ մակարդակներից`

ա) առաջին մակարդակի էներգետիկ փորձաքննություն` հաշվարկվում են ՎԷՊ-ի ծախսերն ընդհանուր ծախսերի մեջ.

բ) երկրորդ մակարդակի էներգետիկ փորձաքննություն` էներգատեխնոլոգիական համակարգերի և կազմակերպությունների խորացված ուսումնասիրություն՝ ընդհանուր առմամբ էներգետիկ հոսքերի որոշում:

Էներգետիկ փորձաքննության մակարդակը որոշվում է պատվիրատուի կողմից:

Նախագծերի համար իրականացվում է առաջին մակարդակի էներգետիկ փորձաքննություն:

12. Առաջին մակարդակի էներգետիկ փորձաքննության նպատակներն են`

ա) որոշել ՎԷՊ-ի օգտագործման և ծախսերի կառուցվածքները.

բ) որոշել կազմակերպության էներգախնայողության ներուժը.

գ) առանձնացնել այն հանգույցներն ու տեղամասերը, որտեղ ոչ ռացիոնալ են օգտագործվում ՎԷՊ-երը.

դ) որոշել էներգախնայողության հետ կապված հետագա աշխատանքների առաջնահերթությունները.

ե) բացահայտել երկրորդ մակարդակի էներգետիկ փորձաքննություն կատարելու անհրաժեշտությունը:

13. Երկրորդ մակարդակի էներգետիկ փորձաքննության նպատակներն են`

ա) գտնել և առաջարկել էներգախնայողություն ապահովող նախագծերի ներդրման հնարավորությունները.

բ) գնահատել այդ նախագծերի տեխնիկատնտեսական արդյունավետությունը.

գ) համակարգել և առաջարկել տեխնիկական լուծումներ, որոնք կապահովեն էներգաարդյունավետություն և էներգախնայողություն.

դ) ստեղծել նախադրյալներ կազմակերպությունում էներգախնայողության համալիր և երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար:

 

III. ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

14. Առաջին մակարդակի էներգետիկ փորձաքննության համար նախատեսվող աշխատանքներն են` ծանոթություն նախագծի կամ օբյեկտի հետ, փորձաքննության համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և էներգախնայողության ներուժի գնահատում:

(14-րդ կետը խմբ. 10.09.15 N 1026-Ն)

15. Առաջին մակարդակի էներգետիկ փորձաքննության հիմնական փուլերն են`

ա) ակնադիտական ծանոթություն կազմակերպության հետ.

բ) նախնական տվյալների հավաքագրում (կազմակերպության հաշվապահության ձևակերպումների մեջ ներառված տվյալներ).

գ) էներգիական անձնագրի լրացում` կազմակերպության տրամադրության տակ եղած տվյալների հիման վրա.

դ) կազմակերպության էներգատնտեսագիտական ցուցանիշների վերլուծություն.

ե) փորձաքննության օբյեկտների ընտրություն.

զ) առաջին մակարդակի էներգետիկ փորձաքննության հաշվետվության և եզրակացության կազմում:

16. Տեղեկատվության հավաքագրումը կատարվում է Սերտիֆիկացված անձի կողմից, նախօրոք կազմված փորձաքննության ծրագրի շրջանակներում, ներգրավելով կազմակերպության համապատասխան աշխատողներին, և տվյալները գրանցվում են այդ նպատակով մշակված ձևաթղթերում:

(16-րդ կետը փոփ. 10.09.15 N 1026-Ն)

17. Տեղեկատվության աղբյուրներ են հանդիսանում՝

ա) կազմակերպության ղեկավարների և տեխնիկական անձնակազմի հետ տարվող հարցազրույցը.

բ) էներգամատակարարման և ՎԷՊ-ի հաշվառման գործող սխեմաները.

գ) էներգապաշարների տեխնիկական և առևտրային հաշվառման վերաբերյալ հաշվետվությունները և ՎԷՊ-ի մատակարարների կողմից ներկայացված հաշիվները.

դ) օրական, շաբաթական և ամսական ջերմային և էլեկտրական էներգիաների բեռերի գրաֆիկները.

ե) թողարկվող արտադրանքի ծավալի և նրանց գների ու սակագների վերաբերյալ տվյալները.

զ) տեխնոլոգիական և օժանդակ սարքավորումների տեխնիկական փաստաթղթերը (ռեժիմային քարտեր, այդ սարքերն արտադրող կազմակերպության դասակարգիչներ, կանոնակարգեր և այլն).

է) նորոգումների, կարգաբերումների, փորձարկումների և էներգախնայողության վերաբերյալ հաշվետվությունները.

ը) հեռանկարային ծրագրերը, տեխնիկատնտեսական հիմնավորումները, կազմակերպության զարգացման բիզնես-ծրագրով նախատեսված ցանկացած տեխնոլոգիական վերակառուցման ու կազմակերպչական բարեփոխումների նախագծային փաստաթղթերը:

Թվարկված տեղեկատվությունը ներկայացվում է փորձաքննությունն իրականացնողին առնվազն վերջին երկու տարվա կտրվածքով:

18. Նախնական տվյալների կազմը հետևյալն է`

ա) կազմակերպության վերաբերյալ ընդհանուր տեղեկությունները.

բ) բազային և ընթացիկ տարիների էներգասպառման և թողարկված արտադրանքի վերաբերյալ փաստացի հաշվետվությունների տվյալները.

գ) հիմնական էներգատեխնոլոգիական սարքավորումների ցանկը և դրանց տեխնիկական ու էներգետիկական բնութագրերը.

դ) կազմակերպության կողմից օգտագործվող ՎԷՊ-ի տեխնիկատնտեսական բնութագրերը.

ե) էլեկտրական ենթակայանների, սեղմված օդի, ջերմամատակարարման և ջրամատակարարման աղբյուրների մասին տեղեկություններ:

19. Կազմակերպության էներգատնտեսագիտական ցուցանիշների վերլուծությունը ներառում է`

ա) վերջին 2-3 տարվա համար թողարկված արտադրանքի քանակական բնութագրերը.

բ) փորձաքննության իրականացման պահին թողարկվող արտադրանքի ինքնարժեքը, այդ թվում` վառելիքի, էլեկտրական և ջերմային էներգիաների վրա կատարված ծախսերը.

գ) արտադրանքի էներգատարությունը.

դ) յուրաքանչյուր ամսվա ընթացքում թողարկված արտադրանքի տեսակարար էներգատարությունը և արտադրանքի հիմնական տեսականու վրա էներգապաշարների տեսակարար ծախսերը.

ե) աշխատողների միջին տարեկան թիվը, այդ թվում` առանձնացված էներգածառայության վարչական և արտադրական աշխատողների թիվը:

Անհրաժեշտ է պարզել, թե էներգիայի ընդհանուր ծախսի մեջ ՎԷՊ-ի որ տեսակների ծախսն ավելի զգալի է և որի վրա պետք է հատուկ ուշադրություն դարձվի առաջին հերթին: Էներգասպառման մասին տեղեկատվությունը պետք է ներառի ՎԷՊ-ի յուրաքանչյուր տեսակի մասնաբաժինը էներգասպառման ամբողջ ծավալի մեջ` դրանց վրա կատարվող ծախսերով հանդերձ:

Գների մասին տեղեկանքում պետք է ներառել վառելիքի միավորի գինը և (կամ) սակագինը:

20. Էլեկտրաէներգիայի սպառման խնայողության ներուժի գնահատման նպատակով անհրաժեշտ է ստանալ հետևյալ տեղեկատվությունը`

ա) էլեկտրական էներգիայի յուրաքանչյուր սնուցման հզորությունը.

բ) միացված բեռի լրիվ հզորությունը.

գ) տարեկան և օրական բեռի գրաֆիկները.

դ) հզորության գործակցի միջինացված արժեքը.

ե) ռեակտիվ հզորության կոմպենսացման առկայությունը.

զ) էլեկտրասպառման ընդհանուր կառուցվածքը (շարժիչներ, լուսավորություն, տեխնոլոգիական պրոցես և այլն):

21. ՎԷՊ-ի օգտագործման խնայողության հնարավորությունը գնահատելու և ներկայացվող արդյունքների թափանցիկությունն ապահովելու նպատակով անհրաժեշտության դեպքում կարող են հաշվարկվել հետևյալ տեսակարար ծախսերը` ՎԷՊ-ի և էներգիայի միջին արժեքը, էներգակրի մեջ էներգիայի միավորի սահմանային արժեքը, օգտակար էներգիայի միավորի արժեքը և այլն:

22. Առաջին մակարդակի էներգետիկ փորձաքննության ավարտին սպառիչ պատկերացում է կազմվում կազմակերպության և նրա տեխնոլոգիական պրոցեսների մասին, ներառյալ`

ա) կազմակերպության կողմից ՎԷՊ-ի համար կատարված ընդհանուր ծախսերը.

բ) էներգակիրների ծախսերի կառուցվածքը.

գ) ՎԷՊ-ի սպառման և ծախսերի սեզոնային փոփոխությունը.

դ) յուրաքանչյուր էներգակրի գնի կառուցվածքը:

 

IV. ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

23. Երկրորդ մակարդակի փորձաքննության նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է`

ա) կատարել օբյեկտի ՎԷՊ օգտագործող սարքավորումների և տեխնոլոգիական պրոցեսների հետազոտություն.

բ) կազմել տեխնոլոգիական պրոցեսների ուրվակները.

գ) կազմել էներգիայի հիմնական սպառիչների ցանկը.

դ) կատարել յուրաքանչյուր հիմնական սպառիչի համար էներգիայի ծախսի հաշվարկ.

ե) կատարել հիմնական սպառիչների աշխատանքի վերլուծություն:

(23-րդ կետը փոփ. 10.09.15 N 1026-Ն)

24. Կազմակերպության հետազոտության փուլում կատարվում է վիճակագրական տվյալների և նախնական տեղեկատվության հավաքագրում, որը ներառում է`

ա) ընթացիկ և անցած տարվա ընթացքում ամենամսյա և տարեկան հիմնական և լրացուցիչ արտադրանքի թողարկումը.

բ) ՎԷՊ-ի ամենամսյա և տարեկան սպառումը և ծախսը.

գ) միավոր արտադրանքի թողարկման տեսակարար ՎԷՊ-ի նորմերը.

դ) աշխատաժամերի քանակը և հերթայնությունը.

ե) ջերմամատակարարման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման և սեղմված օդի մատակարարման աղբյուրները.

զ) օբյեկտի ջերմամատակարարման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման և սեղմված օդի մատակարարման համակարգերի սխեմաները.

է) վերջին 1-2 տարվա ընթացքում էներգասպառման ցուցանիշները և էներգաօգտագործման արդյունավետության բարելավման ուղղությամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ գոյություն ունեցող վիճակագրական և կազմակերպության ներքին հաշվետվությունների տվյալները.

ը) ջերմային և էլեկտրական էներգիաների հաշվառքի և ծախսի նորմավորման վիճակը.

թ) էներգատար սարքավորումների և ինժեներական համակարգերի անձնագրերի առկայությունը.

ժ) երկրորդային էներգապաշարների, այդ թվում` ցածր պոտենցիալ ունեցող, ելքն արտադրությունից և նրանց օգտագործումը.

ժա) կազմակերպության էներգիական անձնագրի առկայությունը:

(24-րդ կետը փոփ. 10.09.15 N 1026-Ն)

25. Օբյեկտի հետազոտության համար անհրաժեշտ է`

ա) որոշել տեխնոլոգիական պրոցեսների մուտքում և ելքում էներգետիկական հոսքերը.

բ) որոշել հումքի և արտադրանքի հոսքերը.

գ) սահմանել ՎԷՊ-ի կորուստների և թափոնների հոսքերը.

դ) սահմանել արտադրության աշխատանքային ռեժիմները և հանգուցային անձանց (հանգուցային անձինք կազմակերպությունում հանդիսանում են տեխնոլոգիական տեղակայանքների օպերատորները, վարպետները, տեխնոլոգները և թողարկվող արտադրանքի կառավարիչները):

(25-րդ կետը փոփ. 10.09.15 N 1026-Ն)

26. Տեխնոլոգիական պրոցեսի ուրվակն իրենից ներկայացնում է դիագրամա, որը ցույց է տալիս հումքի և նյութերի շարժի հիմնական փուլերի հերթականությունը` մինչև պատրաստի արտադրանքի վերածվելը: Ուրվակի վրա նշվում են այն տեղերը, որտեղ տրվում և օգտագործվում են էներգապաշարները, ինչպես նաև տեխնոլոգիական պրոցեսում իրականացվում է հումքի վերամշակում և թափոնների օգտահանում:

27. Կազմակերպությունում էներգիայի հիմնական սպառիչները հայտնաբերվում են աշխատողների հետ զրույցի, տեխնոլոգիական պրոցեսների ուրվակների ուսումնասիրման և կազմակերպության շրջայցի միջոցով: Վառելիքի խոշոր սպառողները սովորաբար լինում են շոգեկաթսաները և ջրատաքացուցիչ կաթսաները, տարբեր նշանակության վառարանները և հեղուկների տաքացուցիչները, ջերմամատակարարման համակարգը:

28. Էներգասպառման հաշվարկ կատարելու համար հիմնական էներգասպառիչների ցանկից առավել խոշոր սպառիչներին առանձնացնելու և նրանց մանրակրկիտ ուսումնասիրության առաջնայնությունը կազմելու նպատակով անհրաժեշտ է իմանալ նրանց էներգասպառման մասը ընդհանուր էներգասպառման մեջ:

29. Առանձին սպառողների էներգասպառման չափը գնահատելու համար պետք է հաշվի առնել`

ա) էներգասպառման սեզոնային փոփոխությունները.

բ) կատարված չափումների արդյունքները.

գ) կատարված հաշվարկների արդյունքները:

30. Էներգասպառման սեզոնային փոփոխությունների հաշվառումը հնարավորություն կտա առանձնացնելու ջեռուցման վրա ծախսված ՎԷՊ-ը տեխնոլոգիական պրոցեսում ծախսված ՎԷՊ-ից: Սպառման հաշվարկները հաճախ իրականացվում են չափումների, գնահատման և մաթեմատիկական հաշվարկների կատարման համադրմամբ: Սույն փուլում կարևոր է ունենալ էներգասպառման ընդհանուր պատկերը:

31. ՎԷՊ-ի սպառման հաշվեկշռի հաշվարկային տվյալների ճշգրտման նպատակով կատարվում է կազմակերպության էներգետիկ հոսքերի գնահատում: Այդպիսի գնահատում կարելի է կատարել հետևյալ եղանակներով`

ա) տեղադրված ցանկացած հաշվառքային սարքերի օգտագործմամբ,

բ) հատուկ փոխադրելի չափիչ-հսկիչ սարքերի կիրառմամբ,

գ) տեղակայված սարքավորումների նախագծային տվյալների կիրառմամբ,

դ) էներգակիրներ տեղափոխող խողովակաշարերի տրամագծերի չափերով պայմանավորված առավելագույն հոսքերի գնահատմամբ:

32. Էներգասպառման հաշվեկշիռը մշակվում է կազմակերպության կառուցվածքին համապատասխան, որտեղ առանձնացվում են էներգասպառման հետևյալ խմբերը`

ա) ընդհանուր գործարանային ծախսեր,

բ) ընդհանուր արտադրամասային ծախսեր` յուրաքանչյուր արտադրատեսակի համար,

գ) տեխնոլոգիական ծախսեր` յուրաքանչյուր արտադրատեսակի համար:

33. Կազմակերպության էներգետիկական հաշվեկշռի վերլուծության հիմնական խնդիրներն են`

ա) էներգաօգտագործման փաստացի վիճակի գնահատականը,

բ) տեխնոլոգիական և էներգետիկական սարքավորումների աշխատանքի բարելավումը և ՎԷՊ-ի կորուստների ի հայտ բերումն ու գնահատումը,

գ) տեխնոլոգիական պրոցեսներում և արդյունաբերական տեղակայանքներում ՎԷՊ-ի սպառման արդյունավետ չափերի որոշումը,

դ) նորմավորման մեթոդիկայի կատարելագործումը և արտադրվող ապրանքի համար ՎԷՊ-ի նորմերի մշակումը,

ե) սպառվող ՎԷՊ-ի յուրաքանչյուր տեսակի համար չափիչ-հսկիչ սարքերի նկատմամբ պահանջների մշակումը և հաշվառման համակարգի կատարելագործումը:

Փորձաքննություն իրականացնողի գործելակերպը պետք է համապատասխանի, բայց ոչ սահմանափակվի հետևյալ ալգորիթմով`

ա) կազմել էներգամատակարարման կառուցվածքային ուրվակը` նշելով առևտրային և տեխնիկական հաշվառքի սարքերի տեղերը,

բ) որոշել էներգասպառման վերլուծության համար անհրաժեշտ դիագնոստիկական լրացուցիչ սարքերի քանակը և տեսակը,

գ) վերլուծել էներգաբաշխման համակարգը և դրա վրա կատարվող ծախսերը, որի համար անհրաժեշտ է ունենալ ծախսված էներգիայի վճարման հաշիվը, սպառված էներգիայի սակագների մեծությունը, առևտրային հաշվիչների ցուցմունքները, ինչպես նաև բեռի տիպային օրական գրաֆիկները` ձմեռային և ամառային առավելագույն հզորություններով,

դ) որոշել կազմակերպության առանձին տեղամասերում էներգասպառման ծախսերը և ստանալ նախորդ տարվա էներգաբաշխման կառուցվածքը,

ե) հաշվարկել էներգիայի առանձին տեսակների ծախսերը` յուրաքանչյուր տեղամասի և ընդհանրապես կազմակերպության համար,

զ) կազմել կազմակերպության էներգետիկ հաշվեկշիռը,

է) վերլուծել հետևյալ ցուցանիշները`

մատակարարների կողմից ներկայացված հաշիվների համաձայն ՎԷՊ-ի համար կատարված վճարումների համապատասխանությունը հաշվարկի արդյունքում ստացված մեծություններին,

նախօրոք սահմանված ակտիվ հզորությունների առավելագույն արժեքների հարաբերությունը փորձաքննության ընթացքում նույն օրերի առավելագույն հզորություններին` ամառային և ձմեռային օրերի համար:

 

V. ՉԱՓԻՉ ՍԱՐՔԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ

 

34. Սարքերի կիրառմամբ հետազոտություն կատարվում է այն դեպքում, երբ բացակայող տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է էներգասպառման արդյունավետությունը գնահատելու համար, հաշվետվություններում ընդգրկված չէ կամ արժանահավատություն չի հարուցում: Սարքերի կիրառմամբ հետազոտության ժամանակ օգտագործվում են տեղադրված կամ փոխադրվող հատուկ չափիչ-հսկիչ սարքեր` առաջնայնությունը տալով տեղադրված առևտրային և տեխնիկական հաշվառքի սարքերին: Սույն հետազոտությունների դեպքում կազմակերպությունը բաժանվում է առանձին համակարգերի կամ օբյեկտների, որոնք ենթակա են հնարավոր համալիր հետազոտության:

35. Սարքերի կիրառմամբ հետազոտության ժամանակ չափումները բաժանվում են հետևյալ խմբերի`

ա) միանգամյա չափումներ, որոնք հանդիսանում են առավել պարզ չափում և կիրառվում են առանձին օբյեկտի որոշակի ռեժիմում աշխատանքի պայմաններում էներգաարդյունավետության ուսումնասիրության ժամանակ: Որպես օրինակ կարող են հանդիսանալ կաթսայական ագրեգատի օգտակար գործողության գործակցի չափումը, պոմպերի, օդամուղների, կոմպրեսորների հետազոտությունները և այլն: Միանգամյա չափման համար բավարար է սարքերի նվազագույն թիվը և դրանց վրա չի դրվում հիշողության կամ դիագրամի վրա գրանցման պարտադիր պայմանը.

բ) հաշվեկշռային չափումներ, որոնք կիրառվում են առանձին սպառիչների, տեղամասերի, կազմակերպության համար որևիցե մեկ տեսակի էներգակրի բաշխման հաշվեկշռի կազմման ժամանակ: Հաշվեկշռային չափումները կատարվում են ունենալով էներգակրի բաշխման ստույգ ուրվակը, համաձայն որի պետք է կատարվեն չափումներ` հաշվեկշռի ստացման համար: Սույն խմբին դասվող չափումների ժամանակ ցանկալի է ունենալ տարբեր կետերում միաժամանակյա չափման համար տեղադրված չափիչ սարքեր: Խորհուրդ է տրվում օգտագործել հիմնականում առևտրային և տեխնիկական հաշվառքի չափիչ սարքերը: Համապատասխան քանակի չափիչ սարքերի բացակայության դեպքում պետք է ապահովել էներգակրի բաշխման ցանցին միացված բոլոր սարքավորումների համար կայունացված ռեժիմ և չափումների ընթացքում բացառել անհարկի միջամտությունը կայունացված ռեժիմի ընթացքին: Հաշվեկշռային չափումների արդյունքում ստացված տվյալները կարող են հիմք հանդիսանալ էներգամատակարարման ուրվակների ճշգրտման համար.

գ) ցուցանիշների գրանցում, կատարվում է, երբ անհրաժեշտ է որոշել այս կամ այն ցուցանիշի փոփոխությունը ժամանակի ընթացքում: Որպես օրինակ կարող է հանդիսանալ օրական բեռի գրաֆիկի ստացումը, սպառվող ջերմության կախվածությունը ջերմաստիճանից և այլն: Այս չափումների ժամանակ սարքերը պետք է կահավորված լինեն ներքին կամ արտաքին հիշողության սարքվածքներով և ունենան հնարավորություն տեղեկատվությունը փոխանցելու համակարգչին: Որոշ դեպքերում թույլատրվում է օգտագործել տեղադրված չափիչ սարքերն առանց հիշողության, պայմանով, որ նրանց ցուցմունքները կվերցվեն հավասար ժամանակահատվածներում:

 

VI. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 

36. Այս փուլի նպատակը նախորդ փուլերում հավաքված տեղեկատվությունների խորը վերլուծության արդյունքում կազմակերպությունում էներգախնայողության ուղիներ առաջարկելն է, որոնք սովորաբար լինում են`

ա) անարդյունավետ էներգասպառման բացառումը,

բ) կորուստների նվազեցումը,

գ) էներգիայի փոխակերպումների արդյունավետության բարձրացումը:

37. Էներգապաշարների կորուստները և դրանց անարդյունավետ օգտագործման տեղամասերն ի հայտ բերելուց հետո մշակվում են միջոցառումների ցանկ և կազմակերպության էներգասպառման արդյունավետության բարձրացման մասին նախագծեր:

38. Անհրաժեշտ է որոշել էներգահոսքերի արդյունավետությունը` ըստ իրենց ուղղությունների և մեծությունների: Այս նպատակով համեմատություն է կատարվում նմանատիպ կազմակերպությունների հետ, որպես չափորոշիչներ են վերցվում Ազգային ստանդարտներով սահմանված, իսկ դրանց բացակայության դեպքում` զարգացած երկրների նույնատիպ արտադրատեսակների համար էներգասպառման տեսակարար ցուցանիշները:

39. Կազմակերպության էներգասպառման արդյունավետության բարձրացման լավագույն լուծումներն առաջարկվում են տեխնոլոգիական պրոցեսների խորը ուսումնասիրման արդյունքում` ներգրավելով կազմակերպության բանիմաց մասնագետներին:

40. Ամբողջ տեղեկատվությունը, որը հավաքագրվում է փաստաթղթերից և գործիքային հետազոտությունների ընթացքում, հանդիսանում է էներգասպառման արդյունավետության որոշման համար ծառայող սկզբնանյութ: Հիմք ընդունելով հավաքագրված սկզբնանյութը և կախված սարքավորումների տեսակներից` ընտրվում է էներգաարդյունավետության վերլուծության մեթոդը:

41. Վերլուծության մեթոդները լինում են ֆիզիկական և ֆինանսատնտեսագիտական:

42. Ֆիզիկական մեթոդն առնչվում է տեխնոլոգիական պրոցեսը բնութագրող ֆիզիկական (բնական) մեծությունների հետ և նպատակ ունի որոշելու էներգասպառման բնութագրերը:

Այս մեթոդը ներառում է`

էներգասպառող օբյեկտների կազմի որոշումը, որոնցում պետք է իրականացվի վերլուծությունը (որպես օբյեկտ կարող են ծառայել առանձին սպառիչներ, համակարգեր, տեխնոլոգիական գծեր, շենքեր, ստորաբաժանումներ, ինչպես նաև կազմակերպությունն ամբողջությամբ).

օբյեկտների կողմից օգտագործվող ամբողջ էներգիայի բաշխման որոշումը` ըստ էներգապաշարների և էներգակիրների առանձին տեսակների: Այս նպատակով տվյալներն ամբողջությամբ բերվում են չափողականությունների նույն համակարգի, որոշվում է յուրաքանչյուր օբյեկտի համար բնութագրիչ մեծությունը, որն առավել մեծ ազդեցություն է ունենում էներգասպառման վրա: Օրինակ` տեխնոլոգիական սարքավորումների համար այդպիսի մեծություն է հանդիսանում թողարկվող արտադրանքը, ջեռուցման համակարգի համար` արտաքին օդի ջերմաստիճանը, էներգիայի տեղափոխման և կերպափոխման համար` ելքի օգտակար էներգիան և այլն:

Այնուհետև բոլոր օբյեկտների համար հաշվարկվում է էներգապաշարների առանձին տեսակների տեսակարար էներգասպառումը, որն իրենից ներկայացնում է էներգասպառման հարաբերությունը բնութագրիչ մեծության վրա: Ստացված տեսակարար ծախսը համեմատվում է բազային համանուն ցուցանիշների հետ և կատարվում է համապատասխան եզրահանգում յուրաքանչյուր օբյեկտի էներգասպառման արդյունավետության վերաբերյալ: Բազային ցուցանիշներ կարող են հանդիսանալ տվյալ ոլորտի համար Ազգային ստանդարտներով սահմանված նորմերը, օբյեկտի նախագծային նորմերը, ինչպես նաև զարգացած երկրների համապատասխան օբյեկտների համար կիրառվող ցուցանիշները:

Պրոցեսների ֆիզիկական մոդելավորման միջոցով կամ փորձագիտական գնահատմամբ որոշվում են էներգիայի ուղղակի կորուստները` էներգակիրների արտահոսքերի միջոցով, մեկուսացման խախտմամբ, սարքավորման ոչ ճիշտ շահագործմամբ, հարկադիր պարապուրդի արդյունքում ի հայտ են բերվում առավել անբարենպաստ օբյեկտները` էներգաարդյունավետության տեսանկյունից:

43. Ֆինանսատնտեսագիտական վերլուծությունը կատարվում է ֆիզիկականին զուգընթաց` դրանում բերված եզրակացություններին տնտեսագիտական հիմնավորում տալու նպատակով: Այս փուլում հաշվարկվում են առանձին էներգապաշարների վրա կատարվող ծախսերը` յուրաքանչյուր էներգասպառող օբյեկտի համար: Ուղղակի կորուստները գնահատվում են դրամական արտահայտությամբ: Էներգախնայողության միջոցառումների և նախագծերի վերլուծության ժամանակ որոշիչ դեր ունեն ֆինանսատնտեսագիտական չափորոշիչները:

 

VII. ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ

 

44. Այս փուլի նպատակն է`

ա) որոշել հնարավոր առաջարկներից այն առաջարկները, որոնք կարող են դառնալ իրական նախագծեր,

բ) համեմատել այլընտրանքային մտահղացումները և ընտրել լավագույնը,

գ) մշակել նախագծերի ընդհանուր ցանկ:

45. Էներգախնայողության միջոցառումների մշակման հիմքում դրվում է էներգախնայողության հայտնի տիպարային մեթոդների կիրառումը` վերլուծության փուլում ի հայտ բերված անարդյունավետ էներգասպառում ունեցող օբյեկտների համար:

46. Էներգախնայողության միջոցառումների ցանկը մշակելիս անհրաժեշտ է`

ա) որոշել առաջարկվող կատարելագործման տեխնիկական էությունը և տնտեսման սկզբունքը,

բ) հաշվել տարեկան կտրվածքով հնարավոր տնտեսման չափը` ֆիզիկական ծավալով և դրամային մեծությամբ,

գ) որոշել սարքավորումների կազմը, որն անհրաժեշտ է առաջարկության իրականացման համար, դրանց մոտավոր արժեքը` հիմք ընդունելով նմանատիպ սարքավորումների միջազգային գները, փոխադրման, տեղադրման և շահագործման հանձնելու հետ կապված ծախսերը,

դ) դիտարկել կազմակերպության ուժերով աշխատանքների կատարման հնարավորությունը` ծախսերի նվազեցման նպատակով,

ե) որոշել առաջարկության հնարավոր կողմնակի ազդեցությունը կազմակերպության իրական տնտեսական արդյունավետության վրա,

զ) գնահատել առաջարկվող կատարելագործման ընդհանուր տնտեսական արդյունավետությունը` հաշվի առնելով վերը նշված բոլոր գործոնները:

47. Եթե տրվում են միմյանցից կախված երկու և ավելի միջոցառումներ, ապա հաշվարկվում է արդյունավետության որոշման առնվազն երկու ցուցանիշ`

ա) արդյունավետության ցուցանիշ` միայն տվյալ միջոցառման ներդրման հետևանքով,

բ) արդյունավետության ցուցանիշ` բոլոր միջոցառումների ներդրման հետևանքով:

48. Էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումներից ստացված տնտեսական արդյունքը սովորաբար գնահատվում է ներդրումների հետգնման ժամանակամիջոցի հաշվարկի միջոցով: Պատվիրատուի պահանջով կարող են կիրառվել տնտեսական արդյունավետության հաշվարկի առավել բարդ մեթոդներ:

49. Տնտեսական արդյունավետությունը գնահատելուց հետո առաջարկված բոլոր միջոցառումները դասակարգվում են երեք խմբի`

ա) միջոցառումներ, որոնց իրականացման համար ծախսեր չեն պահանջվում կամ պահանջվում են քիչ ծախսեր: Այսպիսի միջոցառումներն իրականացվում են կազմակերպության ընթացիկ գործունեության ժամանակ,

բ) միջին ծախսատարություն պահանջող միջոցառումներ: Այսպիսի միջոցառումները կարող են իրականացվել կազմակերպության սեփական միջոցների հաշվին,

գ) բարձր ծախսատարություն պահանջող միջոցառումներ: Այսպիսի միջոցառումները սովորաբար իրականացվում են վարկային միջոցների ներգրավման շնորհիվ:

Առաջարկված միջոցառումները լրացվում են նշված խմբերը պարունակող աղյուսակի տեսքով` արդյունավետության չափի նվազման հաջորդականությամբ, որն էլ կարող է հանդիսանալ դրանց իրականացման հաջորդականություն:

 

VIII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

50. Էներգետիկ փորձաքննության եզրակացությունը սերտիֆիկացված անձի կողմից կազմված փաստաթուղթ է, որում արտահայտվում է կարծիք՝ էներգետիկ փորձաքննության ենթարկվող նախագծի կամ օբյեկտի (արտադրության տեխնոլոգիական պրոցեսի) և (կամ) էներգատեղակայանքներում էներգակիրների արդյունավետ օգտագործման էներգաարդյունավետության ցուցանիշների մասին և համապատասխանում է պատվիրատուի և սերտիֆիկացված անձի միջև կազմված էներգետիկ փորձաքննության առաջադրանքին:

(50-րդ կետը խմբ. 10.09.15 N 1026-Ն)

51. Էներգետիկ փորձաքննության եզրակացությունը կազմվում է առնվազն երկու օրինակից, ստորագրվում և (կամ) կնքվում է էներգետիկ Սերտիֆիկացված անձի կողմից: Էներգետիկ փորձաքննության եզրակացության մեկ օրինակը տրվում է էներգետիկ փորձաքննության ենթարկվող անձին, իսկ մյուսը մնում է էներգետիկ Սերտիֆիկացված անձի մոտ:

(51-րդ կետը փոփ. 10.09.15 N 1026-Ն)

52. Եզրակացությունը բաղկացած է երեք հիմնական մասից` ներածական, վերլուծական և եզրափակիչ:

53. Ներածական մասում նշվում են`

ա) կազմակերպության անվանումը, որը ենթարկվել է էներգետիկ փորձաքննության և այն ժամանակահատվածը, որի համար իրականացվել է փորձաքննությունը,

բ) էներգասպառման և էներգետիկ հաշվեկշիռների մասին հիմնական տեղեկությունները,

գ) պայմանական վառելիքի, ջերմության և էլեկտրական էներգիայի գումարային ծախսը` վերագրված թողարկվող հիմնական ապրանքատեսակներին և կազմակերպությանն ընդհանրապես,

դ) կազմակերպությունում օգտագործված էներգակիրների տեսակները, դրանց քանակությունը և տեխնոլոգիական պրոցեսների խոշորացված խմբերի միջև բաշխվածությունը,

ե) թողարկված ապրանքների քանակությունը` առանձնացնելով դրանցից առավել էներգատար ապրանքները,

զ) թողարկված հիմնական ապրանքների վրա վառելիքի, ջերմության և էլեկտրական էներգիայի պլանային և փաստացի տեսակարար ծախսերը,

է) կազմակերպության էներգետիկ հաշվեկշիռը` ըստ տեխնոլոգիական պրոցեսների խոշորացված խմբերի և օգտագործված էներգակիրների տեսակների և էներգետիկական սարքավորումների կազմը:

54. Վերլուծական մասը պարունակում է`

ա) էներգասպառման փաստացի մակարդակի գնահատումը և այդ մակարդակի նվազեցման հնարավորությունները,

բ) էներգատնտեսության տարրերում կորուստների հիմնական պատճառների և դրանց քանակության որոշումը,

գ) վառելիքի և էներգիայի տնտեսման արտադրական պաշարները,

դ) երկրորդային էներգապաշարների ելքը և դրանց օգտագործումը,

ե) էներգակիրների տարբեր պարամետրերի օգտագործման արդյունավետության գնահատականը առանձին սարքավորումներում և պրոցեսներում,

զ) նոր տեխնիկայի և տեխնոլոգիաների ազդեցությունը կազմակերպության էներգասպառման մակարդակի վրա,

է) էներգատնտեսության արդյունավետության բարձրացման ընթացիկ և հեռանկարային (5-10 տարի) պլանները,

ը) սարքավորումների էներգետիկ ռեժիմների ինտենսիվացման հնարավորությունները և էներգասպառման նորմավորման և պլանավորման կատարելագործումը:

55. Էներգախնայողության ընթացիկ պաշարները գնահատվում են` ելնելով կազմակերպության փաստացի և տեխնիկական նորմատիվների հիման վրա կազմված էներգետիկ հաշվեկշիռների համեմատությունից:

Տեխնիկական նորմատիվներով հաշվեկշռի կազմման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի միջոցառումներ, որոնք չեն պահանջում հատուկ նախագծային և կոնստրուկտորային աշխատանքներ կամ երկարատև և մեծ ծախսեր պահանջող սարքավորումների ձեռք բերում: Էներգախնայողության հեռանկարային պաշարները գնահատվում են` ելնելով տեխնիկական նորմատիվների և տնտեսագիտական հիմնավորմամբ կազմված էներգետիկ հաշվեկշիռների համեմատությունից:

56. Էներգետիկ փորձաքննության եզրակացության եզրափակիչ մասում նշվում է` ՎԷՊ-ի արդյունավետ օգտագործման համառոտ գնահատականը, վառելիքի ծախսի և էներգամատակարարման ծախսերի կրճատմանն ուղղված առաջարկությունները: Եզրակացությանը կցվում են կազմակերպության էներգիական անձնագիրը, ՎԷՊ-ի սպառման օպտիմալ ռեժիմները, էներգախնայողության առաջարկվող նախագծերը` իրենց հիմնավորումներով, այդ թվում` ներդրումների չափը և դրանց հետգնման ժամանակամիջոցը և դրանց համեմատությունն ազգային ստանդարտների հետ:

57. Էներգետիկ փորձաքննության հաշվետվությունն առևտրային գաղտնիք պարունակող փաստաթուղթ է: Այն կազմվում է երկու օրինակից` յուրաքանչյուր կողմի համար մեկական օրինակ, ստորագրվում փորձաքննողի ու ստորագրվում և կնքվում էներգետիկ Սերտիֆիկացված անձի ղեկավարի կողմից:

(57-րդ կետը փոփ. 10.09.15 N 1026-Ն)

58. Էներգետիկ փորձաքննության հաշվետվությունում ներառվում են տեղեկություններ փորձաքննության ընթացքի, փորձաքննողի կողմից կիրառված մեթոդների, սարքերի, էներգետիկական տնտեսությունում հայտնաբերված սխալների և թերությունների, դրանց վերացման մասին, ինչպես նաև հակիրճ տեղեկատվություն էներգաարդյունավետության ցուցանիշների բարելավման ուղղությամբ:

59. Սարքերի կիրառմամբ հետազոտման մասով էներգետիկ փորձաքննությունը պետք է իրականացվի համապատասխան սարքերի միջոցով, որոնք պետք է ունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սերտիֆիկատ և լինեն ստուգաչափված:

(59-րդ կետը խմբ. 10.09.15 N 1026-Ն)

60. Սերտիֆիկացված անձի կողմից օգտագործվող սարքերը պետք է ապահովեն համապատասխան ազգային ստանդարտով սահմանված մեթոդիկայի համաձայն էներգետիկ փորձաքննության համար անհրաժեշտ չափումների ու հետազոտությունների իրականացումը՝ ամբողջ ծավալով:

(60-րդ կետը խմբ. 10.09.15 N 1026-Ն)

61. Էներգետիկ փորձաքննության տիպային օբյեկտներ են հանդիսանում, բայց չեն սահմանափակվում, ստորև ներկայացվածները.

ա) էներգախնայողություն ապահովող նախագծերը,

բ) կազմակերպությունների էլեկտրամատակարարումը, բաշխիչ կետերը և փոխակերպիչները,

գ) էլեկտրաշարժաբերը,

դ) կաթսաները,

ե) տուրբինները,

զ) վառարանները,

է) բոյլերները, ջերմափոխանակիչները,

ը) շոգու համակարգերը,

թ) օդամատակարարման համակարգերը,

ժ) օդափոխությունը, օդի լավորակումը,

ժա) լուսավորությունը,

ժբ) ջրամատակարարումը, պոմպային կայանքները,

ժգ) սառնարանային կայանքները,

ժդ) շենքերը, շինությունները:

(61-րդ կետը խմբ. 10.09.15 N 1026-Ն)

62. Էներգետիկ փորձաքննության յուրաքանչյուր օբյեկտ կարող է ունենալ էներգետիկ փորձաքննության անցկացման կիրառելի մեթոդիկան, որը կարող է սահմանվել համապատասխան ազգային ստանդարտով կամ վերջինիս բացակայության դեպքում՝ կազմակերպության ստանդարտով:

(62-րդ կետը խմբ. 10.09.15 N 1026-Ն)

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 04.08.11 N 1105-Ն, 10.09.15 N 1026-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան