Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.02.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.09.08/57(1146).1 Հոդ.816.7
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.02.2015
Подписан
Նախագահող
Дата подписания
27.02.2015
Дата вступления в силу
27.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՐԱԴ/0001/11/14

ԱՐԱԴ/0001/11/14

Նախագահող դատավոր` Գ. Ավետիսյան 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

մասնակցությամբ
դիմող

Մ.  Հովհաննիսյանի

դիմողի ներկայացուցիչ

Ս. Աբրահամյանի

   

 

2015 թվականի փետրվարի 27-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 2-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր. Բադալյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի նոյեմբերի 21-ին Մանվել Հովհաննիսյանը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնականի բաժին հաղորդում է ներկայացրել Սամվել Հովհաննիսյանի կողմից քաղաքաքացիական գործով կեղծ տեղեկանք ներկայացնելու և սուտ ցուցմունք տալու մասին:

2013 թվականի դեկտեմբերի 9-ին նախապատրաստված նյութերի արդյունքում ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի ավագ հետաքննիչ Զ. Ամիրյանի (այսուհետ նաև` Հետաքննիչ) որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

2013 թվականի դեկտեմբերի 16-ին Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Ռ. Հայրապետյանի (այսուհետ նաև՝ Դատախազ) որոշմամբ Հետաքննիչի՝ 2013 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումը վերացվել է, Մ.Հովհաննիսյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, և այն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժին:

Վարույթն իրականացնող մարմնի՝ 2013 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ գործն ուղարկվել է ՀՀ Արագածոտնի մարզի դատախազություն` քննչական ենթակայության հարցը լուծելու համար, նույն օրը՝ նաև ՀՀ գլխավոր դատախազություն:

 2014 թվականի հունվարի 29-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր. Բադալյանը գրավոր հանձնարարություն է տվել Մ. Հովհաննիսյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը կարճելու մասին:

2014 թվականի փետրվարի 14-ին Դատախազը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, որոշում է կայացրել Մ. Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու մասին:

2. ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 2014 թվականի մայիսի 5-ի որոշմամբ բավարարել է Մանվել և Լիդա Հովհաննիսյանների բողոքը, վերացրել Դատախազի՝ 2014 թվականի փետրվարի 14-ի որոշումը և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել վերացնել Մ. Հովհաննիսյանի իրավունքների և ազատությունների խախտումը:

3. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր. Բադալյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մայիսի 5-ի որոշման եզրափակիչ մասից հանել «Վերացնել ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Ռ. Հայրապետյանի «քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու մասին» 2014 թվականի փետրվարի 14-ին որոշումը» պարբերությունը, իսկ վարույթն իրականացնող մարմնին Մ. Հովհաննիսյանի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելուն պարտավորեցնելու մասով Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 2-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր. Բադալյանը:

Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

 Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. 2013 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնականի բաժին Մ. Հովհաննիսյանի ներկայացրած հաղորդումը վերաբերել է Ս.Հովհաննիսյանի կողմից Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քաղաքացիակիան գործով կեղծ տեղեկանք ներկայացնելուն և սուտ ցուցմունք տալուն (տե՛ս քրեական գործի նյութեր, 8-11 էջեր):

6. Դատախազի 2013 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման համաձայն` «(…) [Ք]րեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն անօրինական է և չի բխում նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալներից, քանի որ չնայած այն հանգամանքին, որ նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ Ս.Հովհաննիսյանը դատարանում կեղծ տեղեկանք չի ներկայացրել և սուտ ցուցմունք չի տվել, ՀՀՈ Աշտարակի բաժնի ավագ հետաքննիչ Զ. Ամիրյանը անդրադարձ չի կատարել Մ. Հովհաննիսյանի կողմից ՀՀՈ Երևան քաղաքի վարչության կենտրոնի բաժնում 21.11.2013թ. տված հաղորդմանը և իրավական գնահատական չի տվել Մ. Հովհաննիսյանի արարքին, այնինչ նախապատարաստված նյութերով առկա են Մ. Հովհաննիսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու հատկանիշներ (…)» (տե՛ս քրեական գործի նյութեր, 72-74 էջեր):

7. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր. Բադալյանի՝ 2014 թվականի հունվարի 29-ի գրավոր հանձնարարության համաձայն` «Ստուգմամբ պարզվել է, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Ռ. Հայրապետյանի` 2013թ. դեկտեմբերի 16-ի որոշումն անօրինական է, որպիսի պայմաններում քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները թույլատրելի լինել չեն կարող: (…) [Ռ. Հայրապետյանի կողմից] հաշվի չի առնվել այն, որ Մանվել Հովհաննիսյանի կողմից ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու դեպքը հանդիսացել է քրեական գործ հարուցելու առանձին առիթ, որպիսի պայմաններում մեկ այլ դեպքով նյութեր նախապատրաստելու արդյունքում հետաքննության մարմնի կողմից կատարված ճիշտ հետևությունը, այն է` Մանվել Հովհաննիսյանի հաղորդման մեջ և բացատրություններում հանցագործության հատկանիշներ չլինելու մասին եզրահանգումը, չէր կարող համարվել անհիմն կամ անօրինական, ինչպես որ փաստացի դատախազի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշման կայացմամբ, համարվել է:

Գտնելով, որ Մանվել Մարգարի Հովհաննիսյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ է պարունակում` դատախազը, օգտվելով քրեական գործ հարուցելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված լիազորությունից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, պետք է կայացներ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին առանձին որոշում, իսկ Մանվել Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի ավագ հետաքննիչ Զ. Ամիրյանի` 2013թ. դեկտեմբերի 9-ի որոշումը դատախազի կողմից կարող էր վերացվել բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորման շրջանակներում (…)» (տե՛ս քրեական գործի նյութեր, 78-80 էջեր):

8. Առաջին ատյանի դատարանը, որոշում կայացնելով Դատախազի` 2014 թվականի փետրվարի 14-ի որոշումը վերացնելու և վարույթն իրականացնող մարմնին Մ. Հովհաննիսյանի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելուն պարտավորեցնելու մասին, իր դատական ակտում նշել է. «(…) ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր. Բադալյանի հանձնարարականը ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ Ռ. Հայրապետյանը կատարել է և 2014թ. փետրվարի 14-ին որոշում է կայացրել Մանվել Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու վերաբերյալ` չանդրադառնալով ավագ հետաքննիչ Զ. Ամիրյանի 09.12.2014թ-ին «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշմանը:

(…)

Դատախազը Մանվել Հովհաննիսյանի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի վարույթի կարճման հիմքում դրել է արարքի մեջ հանցակազմի բացակայությունն առանց որևէ հիմնավորման և ապացույցների` չնշելով` արդյոք այդ արարքում ընդհանրապես հանցակազմ չկա, թե բացակայում են հանցակազմի չորս տարրերից որևէ մեկը կամ մի քանիսը, ինչին կարող էր իրավական գնահատական տրվել միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն կատարելու արդյունքում: (…)» (տե՛ս քրեական գործի նյութեր, 41-49 էջեր):

9. Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է. «(…) [Չ]պատճառաբանված որոշում կայացնելով և միայն որոշման եզրափակիչ մասում նշելով Մ. Հովհաննիսյանի գործողություններում հանցակազմի բացակայության մասին և ըստ էության լուծում չտալով վերջինիս հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հետաքննիչի որոշմանը` Ռ. Հայրապետյանն իր 2013 թվականի դեկտեմբերի 16-ի (…) և 2014 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ [խախտել է] Մանվել և Լիդա Հովհաննիսյանների իրավունքներն ու օրինական շահերը:

(…) Դատախազ Ռ. Հայրապետյանը 2013 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ միաժամանակ վերացրել է հետաքննիչի 2013 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումը: Սակայն 2014 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ դատախազ Ռ. Հայրապետյանն իր նախորդ որոշման այդ կետին չի անդրադարձել: Այսինքն` ներկա վիճակով առկա է հետաքննիչի` 2013 թվականի դեկտեմբերի 9-ի դատախազի կողմից վերացված 2014 փետրվարի 14-ի որոշումը: Ուժի մեջ գտնվող` դատախազի 2013 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման առկայության պայմաններում քրեական գործ չի հարուցվել մերժված նյութերի մասով:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ցուցումով, Ռ. Հայրապետյանի 2014 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ չի լուծվել վերոհիշյալ անհստակության հարցը:

 (…)

Վերադաս դատախազի կողմից չի քննարկվել դատախազ Ռ. Հայրապետյանի` 2013 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումն ամբողջությամբ վերացնելու` քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչի որոշման օրինականության հարցը լուծելու առումով: (…)» (տե՛ս քրեական գործի նյութեր, 124-142 էջեր):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

 10. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախտում, ինչն ազդել է գործի ելքի վրա:

Բողոքաբերը, մասնավորապես, նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված հանցակազմի տարրերից թեկուզև մեկի բացակայությունն արդեն իսկ վկայում է արարքում հանցակազմ չլինելու մասին: Բացի այդ, արարքում հանցակազմ չլինելու մասին վարույթն իրականացնող մարմնի չվերացված որոշումն արդեն իսկ մինչդատական վարույթում փաստում և հռչակում է մեղսագրված հանցավոր արարքի կատարման մեջ անձի անմեղությունը: Հետևաբար Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումն այն մասին, որ դատախազ Ռ. Հայրապետյանը Մ. Հովհաննիսյանի արարքում հանցակազմի բացակայության հանգամանքի վկայակոչմամբ գործի վարույթը կարճելիս պետք է հիմնավորեր և նշեր՝ արդյոք արարքի մեջ ընդհանրապես հանցակազմ չկա, թե բացակայում են հանցակազմի մեկ կամ մի քանի տարրերը, հիմնավորված չէ:

Բողոքաբերը նշել է նաև, որ Առաջին ատյանի դատարանի կողմից չի պատճառաբանվել, թե արարքում հանցակազմի բացակայության հիմքով Մ. Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց դատախազի հրաժարվելը ինչպես է խախտել վերջինիս սահմանադրական իրավունքները և օրինական շահերը, ինչպիսի բացասական հետևանքներ է առաջացրել կամ կարող էր առաջացնել վերջինիս համար:

11. Բողոքաբերի պնդմամբ ստորադաս դատարանների կողմից վարույթն իրականացնող մարմնին Մ. Հովհաննիսյանի իրավունքների ու ազատությունների խախտումը վերացնել պարտավորեցնելու մասին որոշում կայացնելու հետևանքով ստեղծվում է դատական ակտի կատարման իրավական անհնարինություն: Մասնավորապես քրեական գործով վարույթը պետք է վերսկսվի այն պայմաններում, երբ այդ վարույթը սկսելու իրավաբանական հիմքը` Դատախազի` 2013 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումն ինքնին անօրինական է:

12. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման մեջ դատախազը պետք է անդրադառնար Մ. Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում հանցագործության դեպքի բացակայության մասին Հետաքննիչի հետևության հիմնավորվածությանն ու օրինականությանը և քրեական գործ հարուցեր մերժված նյութերի մասով: Մինչդեռ բողոքաբերը գտել է, որ այդ դիրքորոշումը դուրս է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումից, քանի որ նշված օրենսգրքի որևէ իրավանորմ քրեական հետապնդման մարմնին իրավունք չի վերապահում քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում կայացնելիս նույն որոշմամբ քրեական գործ հարուցել:

13. Բողոք բերած անձը փաստարկել է նաև, որ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին Դատախազի` 2014 թվականի փետրվարի 14-ի որոշումը Մ. Հովհաննիսյանի կողմից օրենքով սահմանված կարգով վերադաս դատախազին չի բողոքարկվել, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

14. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մայիսի 5-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 2-ի որոշումները, դատախազ Ռ. Հայրապետյանի՝ 2014 թվականի փետրվարի 14-ի որոշման դեմ Մանվել և Լիդա Հովհաննիսյանների կողմից ներկայացված բողոքը` մերժել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

15. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք Մանվել և Լիդա Հովհաննիսյանների իրավունքների և ազատությունների խախտման առկայության և, ըստ այդմ, վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու մասին ստորադաս դատարանների հետևությունները:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը սահմանում է.

«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»:

(…)

5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին (…)»:

Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն այն մասին, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության խնդիրներն են`

- դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքների և ազատությունների, օրինական շահերի պաշտպանության ապահովումը,

- դատավարության մասնակիցների և այլ անձանց խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումը մինչդատական վարույթում:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալ անձի իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները (տե՛ս տուժողի իրավահաջորդ Ներսես Միսակյանի և նրա ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանի կողմից 2009 թվականի ապրիլի 10-ին կայացված թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշման 12-րդ կետը): Նույնաբովանդակ դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՈ-844 որոշմամբ (տե՛ս վկայակոչված որոշման 5-րդ կետը):

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածը սահմանում է.

«1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:

(…)

3. Դատարանի դատավճիռը հիմնավորված է, եթե`

1) դրա հետևությունները հիմնված են միայն դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա.

2) այդ ապացույցները բավարար են մեղադրանքը գնահատելու համար.

3) դատարանի կողմից հաստատված ճանաչված հանգամանքները համապատասխանում են դատարանում հետազոտված ապացույցներին:

4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:

Մեջբերված դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:

(...) Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման:

(...) Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում` ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտել [է] «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` անձի արդար դատական քննության իրավունքի խախտում (տե՛ս Սալովն ընդդեմ Ուկրաինայի (Salov v. Ukraine) 06.09.2005 թվականի որոշումը, գանգատ թիվ 65518/01, Բոլդեան ընդդեմ Ռումինիայի (Boldea v. Romania) 15.02.2007 թվականի որոշումը, գանգատ թիվ 19997/02, Գրադինարն ընդդեմ Մոլդովայի (Gradinar v. Moldova) 08.04.2008 թվականի որոշումը, գանգատ թիվ 7170/02)» (տե՛ս Ֆրունզիկ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը):

Վերահաստատելով Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Գ. Խնուսյանի գործով որոշման շրջանակներում արձանագրել է. «(...) [Հ]աշվի առնելով արդարադատության իրականացման ընթացքում կայացված դատական ակտերի իրավական նշանակությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է: (...)» (տե՛ս Գևորգ Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը):

18. Սույն որոշման 16-րդ և 17-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների համադրված վերլուծությունից հետևում է, որ դատարանը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում ներկայացված բողոքը հիմնավորված ճանաչելու դեպքում իր դատական ակտում պետք է հստակ պատճառաբանի՝

ա) վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեադատավարական օրենսդրության որ պահանջն է խախտվել և ինչում է այն դրսևորվել,

բ) դրա հետևանքով անձի որ իրավունքը կամ ազատությունն է խախտվել:

 Հակառակ դեպքում դատարանի կայացրած որոշումը կդառնա կամայական և ինքնանպատակ: Մասնավորապես, եթե դատական ակտում բացակայեն պատճառաբանություններ այն մասին, թե անձի որ իրավունքը կամ ազատությունն է խախտվել և ինչի հետևանքով, վարույթն իրականացնող մարմնի համար անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու պարտականությունը ողջամտորեն կդառնա անիրագործելի: Ավելին, վարույթն իրականացնող մարմնի կոողմից անձի իրավունքների կամ ազատությունների խախտում թույլ տրված լինելու փաստ կամայականորեն հաստատելու արդյունքում կխախտվի հանրային և մասնավոր շահերի ճիշտ հավասարակշռումը, ինչը կհակասի քրեական դատավարության տրամաբանությանը:

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը Մ. Հովհաննիսյանի իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ եզրահանգումը հիմնավորել է նրանով, որ Դատախազը ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով վարույթը կարճել է արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով՝ չնշելով՝ արդյոք այդ արարքում ընդհանրապես հանցակազմ չկա, թե բացակայում են հանցակազմի չորս տարրերից որևէ մեկը կամ մի քանիսը, ինչին կարող էր իրավական գնահատական տրվել միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն կատարելու արդյունքում: Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում ընդգծել է նաև այն հանգամանքը, որ Դատախազը, որոշում կայացնելով քրեական գործով վարույթը կարճելու և Մ. Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին, չի անդրադարձել Հետաքննիչի` 2013 թվականի դեկտեմբերի 9-ի որոշման օրինականությանը և հիմնավորվածությանը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին իրավաչափ է համարել Մ. Հովհաննիսյանի իրավունքների և ազատությունների խախտման մասին Առաջին ատյանի դատարանի դատական ակտի հիմքում դրված պատճառաբանությունները: Մասնավորապես նշել է, որ Դատախազը քրեական գործով վարույթը կարճելու և Մ. Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշմամբ ըստ էության չի քննարկել և չի լուծել Մ. Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին Հետաքննիչի որոշման օրինականության հարցը, ինչի արդյունքում խախտվել են դիմողի իրավունքներն ու օրինական շահերը: Վերաքննիչ դատարանը փաստել է նաև, որ Դատախազի՝ 2013 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ, ըստ էության, վերացվել է Հետաքննիչի՝ քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 9-ի որոշումը, սակայն քրեական գործ չի հարուցվել, իսկ Դատախազն իր՝ 2014 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր. Բադալյանն իր հանձնարարության մեջ նշված խնդրին չեն անդրադարձել (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

20. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 16-18-րդ կետերում շարադրված իրավական վերլուծությունների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերում չեն պատճառաբանել, թե Մանվել և Լիդա Հովհաննիսյանների որ իրավունքները կամ ազատություններն են խախտվել Դատախազի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու որոշմամբ:

20.1. Ավելին, անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի՝ Մ. Հովհաննիսյանի իրավունքների և ազատությունների խախտման մասին եզրահանգման հիմքում դրված և նախորդ կետի առաջին նախադասությամբ մատնանշված հիմնավորմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձը, ում նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մաս) և օգտվում այդ կարգավիճակից բխող բոլոր իրավունքներից (մանրամասն տե՛ս նաև Արմեն Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՔԴ/0009/11/13 որոշման 16-րդ կետը): Ընդ որում, արդարացնող այս հիմքով քրեական գործով վարույթը կարճելը փաստում է անձի անմեղությունը և հանգեցնում վերջինիս հնարավոր խախտված կամ որևէ կերպ սահմանափակված իրավունքների վերականգնմանն անկախ այն հանգամանքից, թե անձի արարքում հանցակազմի կոնկրետ որ տարրն է բացակայում, կամ թե բացակայում են այդ տարրերից մեկը, թե մի քանիսը: Այլ կերպ՝ համապատասխան դեպքերում անձը ipso facto (փաստի ուժով) ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն իրավաչափ չի համարում Առաջին ատյանի դատարանի վերը նշված դիրքորոշումը և իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի փաստարկին առ այն, որ Առաջին ատյանի դատարանի կողմից չի պատճառաբանվել, թե արարքում հանցակազմի բացակայության հիմքով Մ. Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց Դատախազի հրաժարվելը ինչպես է խախտել վերջինիս սահմանադրական իրավունքները և օրինական շահերը (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

20.2. Անդրադառնալով ստորադաս դատարանների այն դիրքորոշմանը, որ Դատախազն իր՝ 2014 թվականի փետրվարի 14-ի որոշման մեջ պետք է անդրադառնար Հետաքննիչի՝ 2013 թվականի դեկտեմբերի 9-ի որոշման օրինականությանն ու հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատախազի վերոհիշյալ որոշումը կայացվել է Մ. Հովհաննիսյանի կողմից սուտ մատնություն կատարելու, այլ ոչ թե Ս.Հովհաննիսյանի կողմից քաղաքացիական գործով կեղծ տեղեկանք ներկայացնելու և սուտ ցուցմունք տալու փաստի առթիվ իրականացված քննության շրջանակներում: Իսկ ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը որոշակի փաստի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու և անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնելիս մեկ այլ փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելու կամ այդ որոշումը վերացնելու որևէ օրենսդրական կառուցակարգ չի նախատեսում: Հետևաբար Մ. Հովհաննիսյանի կողմից սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով հսկողություն իրականացնող Դատախազը, ինչպես նաև վերադաս դատախազը իրավասու չէին տվյալ գործի շրջանակներում անդրադառնալ Հետաքննիչի՝ 2013 թվականի դեկտեմբերի 9-ի որոշման օրինականությանը և հիմնավորվածությանը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ Մանվել և Լիդա Հովհաննիսյանների կողմից բողոքարկվում է Դատախազի՝ 2014 թվականի փետրվարի 14-ի՝ Մ. Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու մասին որոշումը, որի առարկայի շրջանակներից դուրս է Սամվել Հովհաննիսյանի կողմից քաղաքացիական գործով կեղծ տեղեկանք ներկայացնելու և սուտ ցուցմունք տալու փաստի առթիվ նախապատրաստված նյութերով վարույթն իրականացնող մարմինների որոշումների, գործողությունների կամ անգործության ստուգումը: Ավելին, դրանց վերաբերյալ բողոքաբերների կողմից բողոք չի ներկայացվել:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Հետաքննիչի որոշումը վերացնելու խնդրի կապակցությամբ եզրահանգումներ անելով (տե՛ս սույն որոշման 8-9-րդ կետը), դուրս են եկել բողոքի շրջանակներից:

21. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն եզրահանգում է, որ Մանվել և Լիդա Հովհաննիսյանների իրավունքների և ազատությունների խախտման առկայության և, ըստ այդմ, վարույթն իրականացնող մարմնին այդ խախտումը վերացնելուն պարտավորեցնելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները չեն պատճառաբանել, թե բողոք ներկայացնող անձանց որ իրավունքներն են խախտվել Դատախազի՝ 2014 թվականի փետրվարի 14-ի քրեական հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու որոշմամբ, ինչում են դրանք դրսևորվել, դրանով իսկ թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջների խախտում, ինչը նույն օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է քրեադատավարական օրենքի էական խախտում:

Վերոգրյալ հանգամանքը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա բեկանելու ստորադաս դատարանի դատական ակտը և գործն ուղարկելու Վերաքննիչ դատարան` նոր քննության:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է վերացնի սույն որոշմամբ արձանագրված խախտումները և գործի հանգամանքների բազմակողմանի վերլուծության ու գնահատման հիման վրա գա համապատասխան հետևության:

21.1. Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարան, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 13-րդ կետում բարձրացրած փաստարկը Վճռաբեկ դատարանի կողմից չի կարող քննարկման առարկա դառնալ, քանի որ գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ տվյալ փաստարկը վերաքննիչ բողոքում չի մատնանշվել և վերաքննության կարգով չի քննարկվել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մանվել և Լիդա Հովհաննիսյանների բողոքը բավարարելու մասին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի մայիսի 5-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հուլիսի 2-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան