Գլխավոր տեղեկություն
Номер
N 1195-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.11.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.10.26/71(1160) Հոդ.920
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.10.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.10.2015
Дата вступления в силу
05.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


15 հոկտեմբերի 2015 թվականի N 1195-Ն

 

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1899-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերը և «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրության, փաթեթավորման և շրջանառության տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Թունաքիմիկատների և պարարտանյութերի վաճառքի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 1899-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է դրանից հետո ծագող հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 19

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1195-Ն որոշման

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրությանը, փաթեթավորմանը և շրջանառությանը ներկայացվող պահանջները (այսուհետ՝ պահանջներ):

2. Սույն պահանջները տարածվում են այն կազմակերպությունների վրա (այսուհետ՝ կազմակերպություն), որոնք արտադրում են պեստիցիդներ և ագրոքիմիկատներ կամ իրականացնում են դրանց տարանջատումն ու փաթեթավորումը:

3. Սույն պահանջները նպատակ ունեն ապահովելու պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրության, փաթեթավորման ու շրջանառության անվտանգությունը:

4. Պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրությունն իրականացվում է դրանց թունաբանահիգիենիկ գնահատումը հավաստող փաստաթղթի առկայության ու պետական գրանցման դեպքում:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

5. Պեստիցիդների և ագրոքիմիկատների մեխանիկական և ավտոմատ, աշխատատար ու վտանգավոր աշխատանքներով իրականացվող արտադրության ժամանակ պետք է պահպանվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված սանիտարական կանոնների և նորմերի պահանջները:

6. Օգտագործվող սարքավորումներն ապահովում են վտանգավոր նյութերի մեկուսացումը շրջակա միջավայրից, դյուրին մաքրումը և տեխնիկական սպասարկումը:

7. Հեղուկների հետ աշխատող սարքավորումները չպետք է ունենան արտահոսք, ցողում և պետք է ունենան կոլեկտոր, որը հավաքում է այդ հեղուկը:

8. Պեստիցիդների և ագրոքիմիկատների հետ աշխատանքն իրականացվում է՝ օգտագործելով անհատական պաշտպանության միջոցներ, որոնք նշված են կոնկրետ պատրաստուկի տեխնիկական փաստղթղթերում:

9. Պեստիցիդներ և ագրոքիմիկատներ արտադրող կազմակերպությունների աշխատատեղերում պահպանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված սանիտարական կանոնների ու նորմերի պահանջները:

10. Մինչև մթնոլորտային արտանետումները մաքրող և կեղտաջրերը հավաքող ու մաքրող (վնասազերծող) համակարգերի շահագործումը՝ չի թույլատրվում արտադրամասի, ինչպես նաև տեխնոլոգիական սարքավորումների շահագործումը:

 

III. ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

11. Կառուցվող կամ վերակառուցվող կազմակերպության արտադրական և օժանդակ կառույցները տեղակայվում են՝ հաշվի առնելով քամու ուղղությունը:

 12. Կազմակերպության տարածքում նախատեսվում են տարաների պահպանման, թափոնների պահեստավորման վայրեր՝ ամուր անջրաթափանց ծածկույթով և սարքավորումներով, որոնք կբացառեն շրջակա միջավայրի ախտոտումը թափոնների պահպանման ժամանակ:

13. Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) դասակարգման՝ «I a» և «I b» դասերի թունունակության ագրոքիմիկատների, պեստիցիդների և դրանց տարաների պահպանումը բաց երկնքի տակ, առանց պահեստավորման համար նախատեսված տարածքների, չի թույլատրվում:

14. Կազմակերպությունում թույլատրվում է II և III դասերի թունունակության (ըստ ԱՀԿ-ի) պեստիցիդների և ագրոքիմիկատների պահպանումը համապատասխան փաթեթավորմամբ, հատուկ կահավորված հարթակների կամ ծածկերի տակ, որոնք կբացառեն շրջակա միջավայրի հնարավոր ախտոտումը:

15. Կազմակերպության տարածքում և սանիտարապաշտպանիչ գոտիների սահմաններում, բնակչության կենսապայմանների վրա արտադրության անբարենպաստ ազդեցությունը կանխելու և բացառելու նպատակով կազմակերպության կողմից պետք է իրականացվի մշտական հսկողություն մթնոլորտային օդի վիճակի և հոսքաջրերի մաքրման արդյունավետության նկատմամբ:

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

16. Կազմակերպություններն ապահովվում են օդափոխության, ջրամատակարարման, կոյուղաջրահեռացման համակարգերով, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված սանիտարական կանոնների և նորմերի պահանջները:

17. Արտադրության և տեխնիկական նպատակներով ջրամատակարարման համակարգերը մոնտաժվում են առանձին և ունեն տարբեր գունային երանգներով խողովակներ:

18. Արտադրատարածքում պետք է կատարվեն արտադրական տարածքներից, տարաների լվացման վայրերից, պեստիցիդների և ագրոքիմիկատների տեղափոխման համար նախատեսված սարքավորումներից ու տրանսպորտից հոսող ջրերի հեռացում և վնասազերծում:

19. Պեստիցիդներ և ագրոքիմիկատներ արտադրող կազմակերպությանը չի թույլատրվում չմաքրած հոսող ջրերը լցնել բնակության վայրի կոյուղու համակարգ կամ ջրամբար:

20. Բոլոր ջրհավաք ուղղությունները հավաքվում են հատուկ կոլեկտորներում, որոնց մուտքը դրենաժային համակարգ չի թույլատրվում:

21. Վարակազերծման խառնուրդների օգտագործման տարածքների խոնավ մաքրման և սարքավորումների լվացման համար տեղադրվում են անջրաթափանց էլեկտրասարքավորումներ, պատերը և հատակը պատվում են արտադրության գործընթացում օգտագործվող նյութերի նկատմամբ կայուն ծածկույթով: Օգտագործվում են այնպիսի երեսապատման նյութեր, որոնք բացառում են վնասակար և վտանգավոր նյութերի ներծծումը:

22. Արտադրական տարածքների հատակները պետք է լինեն ամուր, առանց ճեղքերի և անհավասարությունների, որոնք կբացառեն պատահական թափված նյութի կուտակումը և հարմար կլինեն մաքրման համար:

23. Կազմակերպության տարածքներում, որտեղ հնարավոր է բարձր սահունություն, հատակները կառուցվում են ոչ սահուն մակերեսով սալիկներից, իսկ այնտեղ, որտեղ օգտագործվում է մեծ քանակությամբ ջուր՝ կառուցվում են թեքահարթակներ դեպի ջրահեռացման համակարգեր:

24. Այն վայրերում, որտեղ պահվում են պեստիցիդներ և ագրոքիմիկատներ, հատակը պետք է լինի բետոնե, երեսապատված թթվադիմացկուն ու խոնավադիմացկուն սալիկներով:

25. Պեստիցիդների և ագրոքիմիկատների պահպանման ու տեղափոխման համար նախատեսված տարաները համապատասխանորեն պիտակավորվում և մակնշվում են, որպեսզի հնարավոր լինի հեշտ որոշել բաղադրությունը և զգուշացնել հնարավոր վնասի մասին:

26. Թունավոր նյութերի վերամշակման և փաթեթավորման վայրերում դրվում են կողմնակի անձանց մուտքն արգելող ցուցանակներ: Տեսանելի վայրերում տեղադրվում են ցուցանակներ, որոնցում կա տեղեկատվություն պաշտպանական հագուստի և վթարային հեռախոսահամարների մասին:

27. Կազմակերպության տարածքները, որտեղ կատարվում են վտանգավոր նյութերով աշխատանքներ, որոնք կարող են առաջացնել մաշկի կոնտակտային ախտահարում, աչքի լորձաթաղանթի ախտահարում՝ կահավորվում են վթարային ցնցուղով, որը հնարավորություն է տալիս լվանալու վնասված մասը:

28. Կազմակերպության աշխատանքային տարածքի հատակի վրա տեղադրվում են հարթ տարաներ, որոնց մեջ լցվում են հիմնային լուծույթներ, և կան խոզանակներ՝ արտադրության տարածքից դուրս գալուց առաջ կոշիկները մշակելու համար:

 

V. ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

29. Տեխնոլոգիական գործընթացների կազմակերպումը և արտադրության սարքավորումների ընտրությունը կատարվում են տվյալ կազմակերպության կողմից:

30. Արտադրության հզորությունն ավելացնելու նպատակով տեխնոլոգիաների փոփոխության դեպքում պետք է իրականացվեն սարքավորումների հերմետիկության ապահովման, օդափոխության համակարգի արդյունավետության բարձրացման, թափոնների մաքրման և այլ միջոցառումներ:

31. Ըստ ԱՀԿ-ի դասակարգման՝ I a և I b դասերի թունունակության նյութերի արտադրությունն իրականացվում է փակ ցիկլով՝ հերմետիկ սարքավորումների կիրառմամբ:

32. Պեստիցիդների արտադրության ժամանակ չի թույլատրվում ձեռքով կատարել մանրացում, մաղում, կշռում, փաթեթավորում:

33. Թունավոր նյութերի թափոններով լցված տարաները տեղակայվում են կազմակերպության սահմաններից ու բնակության վայրերից դուրս: Եթե դա հնարավոր չէ, ապա անձնակազմի մուտքը թունավոր նյութերի թափոններով լցված տարաների տեղակայման վայրեր առավելագույնս սահմանափակվում է, և նախատեսվում են աշխատողների անվտանգության միջոցներ՝ հնարավոր վտանգավոր գործողություններից ու վթարային իրավիճակից պաշտպանելու համար՝ ներառյալ անձնակազմի ապահովումն անհատական պաշտպանության միջոցներով:

34. Այն կազմակերպությունները, որտեղ արտադրվում են փոշենման պեստիցիդներ, և առկա են վակուումային համակարգով մշտական աշխատող սարքավորումներ, պետք է ապահովվեն տարածքը (այդ թվում՝ բարձր դիրքում գտնվող մակերեսները) մաքրող սարքավորումներով, որոնք կապահովեն թունավոր նյութերի դուրսբերումն աշխատավայրից:

35. Թափոնները և կողմնակի նյութերը կուտակվում են կազմակերպության տարածքում՝ այդ նպատակով նախատեսված բետոնե բունկերներում: Գործիքները, նյութերը և անհատական պաշտպանության միջոցները պահվում են առանձին սենյակներում:

 

VI. ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆՆ ՈՒ ՄԱԿՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

36. Պեստիցիդների և ագրոքիմիկատների սպառողական փաթեթավորման յուրաքանչյուր միավոր պետք է ուղեկցվի պիտակով, որում նշվում է «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված տեղեկատվությունը:

 

VII. ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

37. Վնասված տարայի նյութերն անմիջապես տեղափոխվում են նոր տարաների մեջ, իսկ ազատված տարաներն անմիջապես վնասազերծվում են և ոչնչացվում անվտանգ եղանակներով: Այդ գործընթացով զբաղվող անձնակազմը պետք է ապահովված լինի անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցներով:

38. Պեստիցիդները և ագրոքիմիկատները չպետք է թողնել առանց փաթեթավորման և ցրված վիճակում:

39. Պեստիցիդների և ագրոքիմիկատների վնասազերծման համար կազմակերպությունը պետք է ապահովված լինի վնասազերծող (դեզակտիվացնող) միջոցների բավարար քանակությամբ՝ քլորակիր, կալցիումացված սոդա և այդ նպատակի համար նախատեսված նյութեր:

40. Պեստիցիդները և ագրոքիմիկատները պահպանվում են այդ նպատակի համար նախատեսված շինություններում ու զետեղարաններում:

41. Նշված պահեստային շինությունները չի թույլատրվում օգտագործել սննդամթերքի, ֆուրաժի, զանազան տնտեսական և կենցաղային նշանակության իրերի պահպանման նպատակով, ինչպես նաև՝ պեստիցիդներն ու ագրոքիմիկատները պահել այդ նպատակի համար չնախատեսված շինություններում:

42. Վթարային իրավիճակներում պեստիցիդների և ագրոքիմիկատների պահպանման վայրերում պետք է ապահովվի անձնակազմի ազատ տեղաշարժը:

43. Պեստիցիդների և ագրոքիմիկատների պահպանման ժամանակ պետք է հաշվի առնվեն նյութերի հատկությունները և ուժեղ օքսիդիչների, հրդեհային ու պայթունավտանգ նյութերի հետ դրանց մեկուսի պահպանման անհրաժեշտությունը:

44. Հեղուկ պեստիցիդներով ու ագրոքիմիկատներով լցված տարաները պահեստավորվում են խցանները դեպի վեր դիրքով: Չի թույլատրվում տարայի բացման համար կիրառել այնպիսի գործիքներ և միջոցներ, որոնք կարող են կայծ առաջացնել:

45. Հեղուկ պրեպարատների և (կամ) լուծիչների զետեղարանները պետք է տեղադրել անջրաթափանց շինություններում կամ պատով շրջափակված հատուկ վայրում, որը վթարի դեպքում ընդունակ է պահելու դուրս հոսող ապրանքի ամբողջ ծավալը:

46. Պրեպարատների դարակների բարձրությունը պետք է ընտրվի այնպես, որպեսզի ներքևի փաթեթները չվնասվեն վերևինների կողմից:

47. Պեստիցիդների և ագրոքիմիկատների պահպանման վայրերում պետք է տեղադրվի տեղեկատվություն՝ նշված միջոցների պահպանման առանձնահատկությունների, անվտանգության, այդ թվում՝ վթարային իրավիճակում իրականացվող միջոցառումների մասին:

 

VIII. ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

48. Պեստիցիդներ և ագրոքիմիկատներ փոխադրող տրանսպորտային միջոցի ոչ նպատակային օգտագործումը չի թույլատրվում:

49. Պեստիցիդների և ագրոքիմիկատների հետ այլ բեռների համատեղ փոխադրումը, ինչպես նաև տրանսպորտային միջոցում կողմնակի անձանց ներկայությունը չի թույլատրվում:

50. Տրանսպորտային միջոցը պետք է ապահովված լինի առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու համար նախատեսված դեղատուփով, կրակմարիչով և հավաքող սարքավորմամբ:

51. Աշխատանքների ավարտից հետո տրանսպորտային միջոցը պետք է ենթարկվի վնասազերծման և թաց մաքրման:

 

IX. ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻՆ ՈՒ ՎԱՃԱՌՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

52. Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառքի ենթակա են միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված և օգտագործման համար թույլատրված պեստիցիդները և ագրոքիմիկատները:

53. Պեստիցիդների և ագրոքիմիկատների վաճառք իրականացնող խանութներում` գնորդներին (սպառողներին) տեսանելի տեղում փակցվում է սույն հավելվածի 52-րդ կետում նշված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկը:

54. Արտադրողի և մասնագիտացված կազմակերպության, այդ թվում` վաճառողի կողմից խանութներում պեստիցիդների և ագրոքիմիկատների վաճառքը կատարվում է միայն կշռափաթեթավորված:

55. Վաճառողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սպառողին է տրամադրում պեստիցիդի և ագրոքիմիկատի մասին անհրաժեշտ տեղեկատվություն:

56. Վաճառողն ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` պեստիցիդների և ագրոքիմիկատների վաճառքի, խանութում տեղավորելու և պահելու անվտանգության պարտադիր պահանջները:

57. Կշռափաթեթավորված պեստիցիդները և ագրոքիմիկատները վաճառելիս՝ դրանք պետք է ունենան պիտակներ, որոնք պարունակում են «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան