«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 փետրվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունվարի 2003 թվականի N 81-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 50-րդ հոդվածին և 121-րդ հոդվածի հինգերորդ մասի 4-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգը հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. (կետն ուժը կորցրել է 15.01.04 N 9-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
2003 թ. փետրվարի 5 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2003 թվականիհունվարի 9-ի N 81-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերը կամ դրանց մասերն իրավաբանական կամ ֆիզիկական անձանց (այսուհետ` անձ) հավատարմագրային կառավարման հանձնելու միջոցով օգտագործման իրավունքի փոխանցման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգով հավատարմագրային կառավարման օբյեկտ է հանդիսանում ջրային համակարգը կամ դրա մասը (այսուհետ` ջրային համակարգ):
3. Ջրային համակարգերի հավատարմագրային կառավարման հանձնումն իրականացվում է մրցութային եղանակով:
Մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած անձը պետք է ներկայացնի հավատարմագրային կառավարման ծրագիր, որը պետք է ներառի`
ա) առաջարկություններ ներդրումներ կատարելու վերաբերյալ.
բ) հավատարմագրային կառավարչի վարձատրության չափը.
գ) հավատարմագրային կառավարման կատարումն ապահովող գրավի չափը.
դ) ջրապահպան միջոցառումների իրականացման ծրագիրը.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` մրցույթի այլ պայմաններին վերաբերող առաջարկներ:
4. Հավատարմագրային կառավարման ծրագիրը ջրային համակարգի կառավարչի գործառույթներն ստանձնելու նպատակով մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձի ծրագիրն է, որը պետք է բովանդակի՝
ա) հավատարմագրային կառավարման տնտեսական նպատակահարմարության հիմնավորումը.
բ) հավատարմագրային կառավարման նպատակներին հասնելու համար դրված խնդիրները, դրանց լուծման ուղիների նկարագրությունը.
գ) տեղեկություններ անձի տեխնիկական և մասնագիտական ապահովվածության մասին.
դ) ջրային համակարգի արդյունավետ օգտագործման և զարգացման համար առաջացող (իրականացվելիք) միջոցառումները, դրանց կատարման ժամկետները, ուղիները, պահանջվող ֆինանսական միջոցները և աղբյուրները.
ե) այլ տեղեկություններ և դրույթներ, որոնք անհրաժեշտ կհամարվեն հայտ ներկայացրած անձի կողմից:
5. Հավատարմագրային կառավարման պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովվում է հավատարմագրային կառավարչի կողմից օրենքով սահմանված կարգով տրամադրված գրավով:
6. Սույն կարգով ջրային համակարգերի հավատարմագրային կառավարման հանձնումն առանձին դեպքերում իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` ջրային համակարգերի կառավարման մարմնի ներկայացմամբ, որը ստանձնում է նաև հավատարմագրային կառավարման հիմնադրի լիազորությունները (այսուհետ` հավատարմագրային կառավարման հիմնադիր):
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետք է բովանդակի՝
ա) հավատարմագրային կառավարման պարտավորությունների կատարումն ապահովող գրավի առարկայի նկարագիրը և նվազագույն չափը.
բ) հավատարմագրային կառավարման ժամկետը.
գ) պահանջվող ներդրումների մեծությունը.
դ) հավատարմագրային կառավարչին հասանելիք վարձատրության առավելագույն չափը.
ե) ջրային համակարգի օգտագործման, ինչպես նաև տվյալ ջրային համակարգի աշխատողների սոցիալական երաշխիքներին վերաբերող պահանջները.
զ) մրցույթին մասնակցելու համար ներկայացված ծրագրերի գնահատման սկզբունքները` ծրագրի յուրաքանչյուր ցուցանիշի, ինչպես նաև հավատարմագրային կառավարման պարտավորությունների կատարումն ապահովող գրավի գնահատման կշռային գործակիցների սահմանման միջոցով.
է) այլ անհրաժեշտ դրույթներ:
7. Ջրային համակարգի հավատարմագրային կառավարման պայմանագրի ժամկետը երկարաձգված է համարվում նույն ժամկետով և պայմաններով, սակայն ոչ ավելի, քան ջրային համակարգի օգտագործման թույլտվությամբ նախատեսվածն է, եթե կողմերը հավատարմագրային կառավարման դադարման մասին չեն հայտարարել պայմանագրի ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ:
8. Հավատարմագրային կառավարիչն օրենքով նախատեսված և (կամ) հավատարմագրային կառավարման պայմանագրով սահմանված կարգով իրականացնում է իրեն փոխանցված ջրային համակարգի նկատմամբ սեփականատիրոջ լիազորությունները: Հավատարմագրային կառավարիչն իրեն փոխանցված ջրային համակարգի նկատմամբ ձեռք չի բերում սեփականության իրավունք: Հավատարմագրային կառավարիչն անձամբ է իրականացնում իրեն փոխանցված ջրային համակարգի կառավարումը և չի կարող այդ լիազորությունները փոխանցել այլ անձի՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 963-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի:
Ջրային համակարգի հավատարմագրային կառավարիչը՝ համաձայն իրեն վերապահված կառավարման իրավունքի՝
ա) իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
բ) կառավարումն իրականացնում է ի շահ Հայաստանի Հանրապետության.
գ) ջրային համակարգն օգտագործում է ջրօգտագործման թույլտվության պահանջներին համապատասխան.
դ) ապահովում է ջրամատակարարներին և (կամ) ջրօգտագործողներին ջրօգտագործման պայմանագրով սահմանված ռեժիմի, որակի և քանակի ջրով.
ե) ապահովում է ստացվող և մատակարարվող ջրի հաշվառումը.
զ) ապահովում է մատակարարված ջրի վճարների հավաքագրումը` համաձայն սահմանված կարգավորվող սակագների.
է) ապահովում է ջրային համակարգի օգտագործման և պահպանման անվտանգությունը.
ը) իր գործառույթների իրականացման համար կարող է մուտք գործել ջրառի, ջրերի մշակման կամ տեղափոխման գործունեություն իրականացնելու համար նախատեսված տարածքներ.
թ) ջրային համակարգին վնաս պատճառած անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում է միջոցներ վնասների հատուցման համար.
ժ) վերլուծում է ջրային համակարգի տեխնիկական և ֆինանսատնտեսական վիճակը.
ժա) յուրաքանչյուր եռամսյակի վերջում (մինչև հաջորդող ամսվա 25-ը) իր գործունեության մասին հաշվետվություն է ներկայացնում հավատարմագրային կառավարման հիմնադրին:
II. ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
9. Ջրային համակարգը հավատարմագրային կառավարման է հանձնվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված մրցութային հանձնաժողովների կողմից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված լինելու դեպքում` հավատարմագրային կառավարման հիմնադրի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի կողմից:
10. Մրցույթները բաց են մրցույթի պայմանները բավարարող բոլոր անձանց համար:
11. Մրցութային հանձնաժողովում կարող են ընդգրկվել ջրային համակարգերի կառավարման մարմնի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության և պետական կառավարման այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները:
12. Ջրային համակարգը հավատարմագրային կառավարման հանձնելիս մրցույթի պայմանների մշակման համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված լինելու դեպքում մրցութային հանձնաժողովը կարող է ներգրավել մասնագիտացված խորհրդատուների և համապատասխան ոլորտի փորձագետների:
13. Մրցույթի մասին հայտարարությունները հրապարակվում են 1000 օրինակից ոչ պակաս տպաքանակ ունեցող առնվազն մեկ թերթում՝ մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման օրվանից ոչ ուշ, քան 60 օր առաջ:
Ջրային համակարգը հավատարմագրային կառավարման տրամադրելու մրցույթի մասին հրապարակային հայտարարության մեջ նշվում են հավատարմագրային կառավարման ժամկետները, պահանջվող ներդրումների մեծությունը, հավատարմագրային կառավարչին հասանելիք վարձատրության մեկնարկային չափը, ջրային համակարգի օգտագործման, ինչպես նաև տվյալ ջրային համակարգի աշխատողների սոցիալական երաշխիքներին վերաբերող պահանջները:
Բացի նշված պահանջներից մրցույթի մասին հրապարակային հայտարարությամբ պետք է տեղեկացվի մրցույթին մասնակցելու համար ներկայացված ծրագրերի գնահատման սկզբունքների` ծրագրի յուրաքանչյուր ցուցանիշի, ինչպես նաև հավատարմագրային կառավարման պարտավորությունների կատարումն ապահովող գրավի, տեխնիկական ու ֆինանսական այլ ցուցանիշների գնահատման համար սահմանված կշռային գործակիցների, մրցույթի հաղթողին որոշելու, առանց հաղթողին որոշելու մրցույթը դադարեցնելու կարգի վերաբերյալ, մրցույթին մասնակցության վճարի չափի մասին, ինչպես նաև նշի այն վայրը, որտեղից կարելի է ստանալ լրացուցիչ տեղեկություններ:
Մրցույթին մասնակցության վճարի չափը, մուծման ժամկետները և կարգը սահմանում է մրցութային հանձնաժողովը: Մրցույթին մասնակցության վճարի չափը սահմանվում է՝ ելնելով մրցույթի անցկացման համար կատարվելիք ծախսերի փոխհատուցման անհրաժեշտությունից: Մրցույթում չհաղթելու կամ մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում մրցույթին մասնակցության վճարը 10-օրյա ժամկետում վերադարձվում է մասնակցին` բացառությամբ այն դեպքի, երբ մրցույթը չկայացած է հայտարարվել պայմանագրի ստորագրումից հաղթողի հրաժարվելու պատճառով:
(պարբերությունն ուժը կորցրել է 23.07.15 N 805-Ն)
(13-րդ կետը փոփ., խմբ. 23.07.15 N 805-Ն)
14. Մրցույթին մասնակցելու համար հայտատուն մրցութային հանձնաժողով է ներկայացնում փակ ծրարով գրավոր հայտ, որը պետք է բովանդակի հետևյալ տվյալները՝
եթե հայտատուն առևտրային կազմակերպություն է՝
ա) կազմակերպության պետական գրանցման համարը, կազմակերպության բաժնետերերի, մասնակիցների կամ փայատերերի ցուցակը՝ մասնակցության մասնաբաժնի նշումով, կազմակերպության գտնվելու և գործունեության իրականացման վայրերը: Եթե կազմակերպությունն օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա պետք է նշվի նաև այն պետությունը, որի օրենքների հիման վրա ստեղծվել և գործում է տվյալ կազմակերպությունը, ինչպես նաև պետք է կցվի օտարերկրյա իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը, կազմակերպության ստեղծման հիմնադիր փաստաթուղթը և (կամ) կանոնադրությունը, վերջին 3 տարվա տարեկան հաշվետվությունը, որը պետք է պարունակի նաև նշված ժամանակաշրջանի ֆինանսական տվյալները՝ աուդիտի եզրակացությամբ.
բ) մրցույթին մասնակցելու համար սահմանված վճարի՝ մրցութային հանձնաժողովի կողմից նշված բանկի հաշվարկային հաշվին մուծման իսկությունը հաստատող վճարային փաստաթղթի պատճենը.
գ) հավատարմագրային կառավարման ծրագիրը.
եթե հայտատուն ֆիզիկական անձ է՝
ա) անձնագրի տվյալները (ազգանունը, անունը, քաղաքացիությունը և բնակության վայրը), իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ նաև ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը.
բ) մրցույթին մասնակցելու համար սահմանված վճարի՝ մրցութային հանձնաժողովի կողմից նշված բանկի հաշվարկային հաշվին մուծման իսկությունը հաստատող վճարային փաստաթղթի պատճենը.
գ) հավատարմագրային կառավարման ծրագիրը.
դ) կառավարման բնագավառում նրա փորձի մասին վկայող փաստաթղթերը:
Հայտատուն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ներկայացված տվյալների արժանահավատության համար:
(14-րդ կետը խմբ. 23.07.15 N 805-Ն)
15. Մրցույթի մասնակիցներից ստացված տվյալները հրապարակման ենթակա չեն:
16. Մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման ժամկետը՝ հաշված հայտերի ընդունման օրվանից չի կարող 30 օրվանից պակաս և 40 օրվանից ավելի լինել:
Հայտի ընդունման մերժումն արգելվում է, եթե պահպանվել են սույն կարգով սահմանված պայմանները:
17. Մրցույթն անցկացվում է ոչ ուշ, քան հայտերի ընդունման ժամկետը լրանալուց հետո մեկ օրվա ընթացքում:
18. Մրցույթի օրը մրցութային հանձնաժողովը բացում է բոլոր ներկայացված ծրարները, ստուգում հայտերի համապատասխանությունը ներկայացված պահանջներին և գնահատում առաջարկները: Մրցույթի հաղթող է ճանաչվում այն հայտատուն, որը մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմաններ: Հաղթողի մասին որոշումն ընդունում է մրցութային հանձնաժողովը:
19. Հավատարմագրային կառավարման հիմնադիրը մրցույթի հաղթողի հետ պայմանագիրը կնքում է հաղթողին որոշելու օրվանից ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում:
20. Մրցույթին մասնակցելու համար ստացված մեկ հայտը չի կարող մրցույթը դադարեցնելու պատճառ համարվել:
Եթե մրցույթն առաջարկների բացակայության պատճառով սահմանված ժամկետում չի կայանում կամ դադարեցվում է առանց մրցույթի հաղթողին որոշելու, մրցույթը համարվում է չկայացած, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը 60 օրվա ընթացքում տվյալ ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման մասին նոր որոշում է ընդունում:
21. Մրցույթի արդյունքների մասին հայտարարությունը հրապարակվում է հավատարմագրային կառավարման պայմանագիրը կնքվելուց 5 օր առաջ: Արդյունքների մասին հայտարարությունը հրապարակվում է այն օրաթերթում, որտեղ տպագրվել է մրցույթի մասին հայտարարությունը:
III. ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
22. Հավատարմագրային կառավարիչը ջրային համակարգի հավատարմագրային կառավարման իրավունքն ստանում է հավատարմագրային կառավարման հանձնելու մասին երկկողմ արձանագրության ստորագրման և հավատարմագրային կառավարման պարտավորությունների կատարման գրավի պայմանագրերի՝ սահմանված կարգով կնքման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում պետական գրանցման պահից:
23. Մրցույթի հաղթողին որոշելուց հետո ջրային համակարգերի կառավարման մարմինը հավատարմագրային կառավարչի հետ կնքում է հավատարմագրային կառավարման պայմանագիր:
Հավատարմագրային կառավարման պայմանագրում նշվում են՝
ա) հավատարմագրային կառավարման հանձնվող ջրային համակարգի գույքի կազմը (տեսակը, քանակը, փաստացի տեխնիկական վիճակը).
բ) հավատարմագրային կառավարչի անվանումը (անունը), հասցեն (բնակվելու հասցեն).
գ) շահառուի վերաբերյալ տվյալները.
դ) հավատարմագրային կառավարչի վարձատրության չափը, կարգը և աղբյուրները.
ե) հավատարմագրային կառավարչի կողմից հավատարմագրային կառավարման հիմնադրին հավատարմագրային պայմանագրի մասին հաշվետվություններ ներկայացնելու կարգը և ժամկետները.
զ) պայմանագրի գործողության ժամկետը.
է) կողմերի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը.
ը) հավատարմագրային կառավարչի կողմից ստանձնվող պարտավորությունների չկատարման և (կամ) ոչ պատշաճ կատարման հետևանքով պետությանը վնաս պատճառելու դեպքերում նրան գույքային պատասխանատվության ենթարկելու, այդ թվում՝ ի հաշիվ հավատարմագրային կառավարման պարտավորությունների կատարումն ապահովող գրավի կարգը.
թ) կողմերի միջև վեճեր առաջանալու դեպքում դրանց լուծման կարգը.
ժ) կողմերի հայեցողությամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ պայմաններ:
24. Հավատարմագրային կառավարման պայմանագրով կարող են նախատեսվել լրացուցիչ պայմաններ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստորագրված միջպետական պայմանագրերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կատարումն ապահովելու համար:
25. Պայմանագրի գործողությունը դադարելու պահից, բայց ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում հավատարմագրային կառավարման հիմնադրի և հավատարմագրային կառավարչի միջև կնքվում է հավատարմագրային կառավարման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման մասին երկկողմ արձանագրություն, որից հետո հավատարմագրային կառավարման հիմնադիրը հետ է ստանում հավատարմագրային կառավարման հանձնված ջրային համակարգը, իսկ հավատարմագրային կառավարման պարտավորությունների կատարումն ապահովող գրավը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դադարում է:
(հավելվածը փոփ., խմբ. 23.07.15 N 805-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.07.2015, N 805-Ն | 06.08.2015, N 81-Ն | |
15.01.2004, N 9-Ն | 12.02.2004, N 81-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|