ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
28 հուլիսի 2015 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թվականի մայիսի 11-ին ստորագրված`«Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 2015 թվականի հուլիսի 7-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը։
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագիրը (Վարկային համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել է 2015 թվականի մայիսի 11-ին։
2. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (Բանկ) Վարկային համաձայնագրով սահմանված կարգով և պայմաններով Հայաստանի Հանրապետությանը (Վարկառու) տրամադրում է չորս միլիոն (4,000,000) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ (Վարկ)` Վարկային համաձայնագրով նախատեսված ծրագրի (Ծրագիր) ֆինանսավորմանն աջակցելու համար:
Ծրագրի նպատակն է աջակցել Վարկառուին 28 ընտրված փողոցներում քաղաքային լուսավորության համակարգի արդիականացմանը` նոր էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման միջոցով:
Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից.
- կապիտալ ծախսեր` քաղաքային լուսավորության լուսադիոդային («LED») համակարգ (լամպեր, վերահսկման և մոնիտորինգի կենտրոն, սյուների և մալուխների փոխարինում).
- տեխնիկական համագործակցություն` Ծրագրի իրականացման աջակցության և ինժեներական ծառայությունների ծրագիր և կորպորատիվ զարգացման ծրագիր:
Ծրագրի մասերը ենթակա են այնպիսի փոփոխությունների, որոնց շուրջ Բանկը և Վարկառուն կարող են ժամանակ առ ժամանակ փոխհամաձայնության գալ:
Ծրագիրն իրականացվելու է «Երքաղլույս» ՓԲԸ-ի (Ծրագրի սուբյեկտ) կողմից, որը հանդիսանում է համայնքային կազմակերպություն, ստեղծվել և գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, որի 100 տոկոս բաժնետերը Երևանի քաղաքապետարանն է:
Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրության համաձայն` Ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կընձեռվի նվազեցնել արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման ծախսերը, ինչպես նաև սպառվող էլեկտրաէներգիայի քանակը, ապահովել առավել անվտանգ երթևեկություն և նվազեցնել բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
3. Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
ա) Վարկային համաձայնագրով սահմանված կարգով և ժամկետներում մարել Վարկը 14 հավասար (կամ հնարավորինս հավասար) կիսամյակային վճարումներով` յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին: Վարկի մարման վերջին ամսաթիվը պետք է լինի 2025 թվականի ապրիլի 16-ը.
բ) վարկային միջոցները հասանելի դարձնել Ծրագրի սուբյեկտի համար, Բանկի կողմից ընդունելի պայմաններով` համաձայն ենթավարկային համաձայնագրի, Բանկի համար բավարար ձևով ու բովանդակությամբ.
գ) ենթավարկային համաձայնագրի շրջանակներում իր իրավունքները կիրառել այնպես, որպեսզի պաշտպանի Վարկառուի և Բանկի շահերը, բավարարի Վարկային համաձայնագրի դրույթները և իրականացնի այն նպատակները, որոնց համար տրամադրված է Վարկը.
դ) չփոխանցել, չփոփոխել, չեղյալ չհայտարարել և չհրաժարվել ենթավարկային համաձայնագրի որևէ դրույթից` բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկն այլ կերպ համաձայնի:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2015 թվականի հունիսի 25-ին հավանություն է տվել սույն գործով քննության առարկա Վարկային համաձայնագրին:
5. Սահմանադրական դատարանն ինչպես իր որոշումներում, այնպես էլ դրանց կատարման վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումներում բազմիցս անդրադարձել է վարկային (փոխառության) միջոցներով ֆինանսավորվող ծրագրային միջոցների նպատակային օգտագործման, դրանց նկատմամբ արդյունավետ վերահսկողության անհրաժեշտության հիմնախնդիրներին: Սույն գործով քննության առարկա Վարկային համաձայնագիրը ևս պահանջում է հասցեական վերահսկողություն վարկային միջոցների օգտագործման և Ծրագրի իրականացման ու կառավարման առումով` Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թվականի մայիսի 11-ին ստորագրված`«Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
28 հուլիսի 2015 թ. ՍԴՈ-1226 |