Գլխավոր տեղեկություն
Номер
N 240-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.08.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.08.03/20(532) Հոդ.190
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
15.07.2015
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
15.07.2015
Дата вступления в силу
13.08.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 հուլիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60015298

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

15 հուլիսի 2015 թ.
ք. Երևան

N 240-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 314-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 27-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգը հաստատելու մասին» N 314-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգում (այսուհետ՝ Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կարգի 3.1 և 3.2 կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«3.1 Նոր կայանի միացման համար Տեխնիկական պայմանները տրամադրվում են Կառուցողի գրավոր դիմումի հիման վրա: Դիմումը ներառում է հետևյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը.

1) Հանձնաժողովի կողմից Կառուցողին արտադրական հզորությունների կառուցման գործունեություն իրականացնելու համար տրված լիցենզիայի պատճենը,

2) պահանջվող հզորությունը,

3) գեներատորների քանակը, տիպերը, նրանց էլեկտրական բնութագրերը՝ ըստ տեխնիկական անձնագրի (հզորություն, հզորության գործակից, լարում, հոսանք, դիմադրությունները՝ գեներատորի աշխատանքի զանազան ռեժիմներում, կարճ միակցման հոսանքների հաշվարկային մեծությունները),

4) կայանի անվտանգ շահագործման նպատակով անհրաժեշտ պաշտպանության միջոցների նախատեսված ծավալը և կառուցվածքը,

5) սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի և հզորության առավելագույն և նվազագույն պահանջարկը,

6) տեղաբաշխման հատակագիծը՝ տեղակայանքի միացման կետի նշումով,

7) կայանի կառուցման տարածքի նկատմամբ իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերը,

8) Կառուցողի՝ հարկ վճարողի հաշվառման համարը,

9) Կայանի գործարկման նախատեսվող ժամկետը:»:

«3.2 Էլեկտրական էներգիա արտադրող կայանների հզորության ավելացման համար Տեխնիկական պայմանները տրամադրվում են Արտադրողի գրավոր դիմումի հիման վրա: Դիմումը ներառում է հետևյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը.

1) Հանձնաժողովի կողմից Արտադրողին արտադրական հզորությունների վերակառուցման գործունեություն իրականացնելու համար տրված լիցենզիայի կամ համապատասխան որոշման պատճենը,

2) լրացուցիչ պահանջվող հզորությունը,

3) լրացուցիչ տեղակայվող գեներատորների քանակը, տիպերը, նրանց էլեկտրական բնութագրերը՝ ըստ տեխնիկական անձնագրի (հզորություն, հզորության գործակից, լարում, հոսանք, դիմադրությունները՝ գեներատորի աշխատանքի զանազան ռեժիմներում, կարճ միակցման հոսանքների հաշվարկային մեծությունները),

4) կայանի անվտանգ շահագործման նպատակով անհրաժեշտ պաշտպանության միջոցների նախատեսված ծավալը և կառուցվածքը,

5) սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի և հզորության առավելագույն և նվազագույն պահանջարկը,

6) տեղաբաշխման հատակագիծը,

7) կայանի վերակառուցման տարածքի նկատմամբ իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերը,

8) Արտադրողի՝ հարկ վճարողի հաշվառման համարը,

9) տեղակայվող լրացուցիչ հզորությունը շահագործման հանձնելու նախատեսվող ժամկետը:»:

2) Կարգը լրացնել 3.8, 3.9 և 3.10 կետերով հետևյալ բովանդակությամբ.

«3.8 Չի թույլատրվում Տեխնիկական պայմաններ ստանալու դիմում ներկայացրած անձանցից պահանջել կատարել վճարներ, տրամադրել հատուցում, ներկայացնել տեղեկատվություն և փաստաթղթեր կամ նրանց ծանրաբեռնել պարտավորություններով, եթե դրանք սահմանված չեն սույն Կարգով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով:

3.9 Հաշվառքի սարքի, ինչպես նաև էլեկտրական ցանցի ավտոմատ հաշվառման համակարգին միացման համար անհրաժեշտ սարքավորումների և ծրագրային ապահովման ձեռքբերման, տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ` սպասարկման, նորոգման և պահպանման) ծախսերն ու պատասխանատվությունը կրում է Կառուցողը կամ Արտադրողը:

3.10 Հաշվառքի սարքին, ինչպես նաև էլեկտրական ցանցի ավտոմատ հաշվառման համակարգին միացման համար անհրաժեշտ սարքավորումներին և ծրագրային ապահովմանը ներկայացվող պահանջները սահմանված են Հանձնաժողովի 2006 թվականի մայիսի 3-ի N 72-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման միջոցների տեղադրման և շահագործման կարգով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան