Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1222
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.06.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.07.07/41(1130) Հոդ.564
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
26.06.2015
Подписан
Նախագահող
Дата подписания
26.06.2015
Дата вступления в силу
26.06.2015

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

26 հունիսի 2015 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՄՎԵԼ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 181-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմող Ս. Ալավերդյանի, դիմողի ներկայացուցիչ Մ. Ղուլյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Սամվել Ալավերդյանի դիմումի հիման վրա`ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացի Սամվել Ալավերդյանի` 2015 թվականի փետրվարի 23-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմումը և պատասխանող կողմի գրավոր բացատրությունը, հետազոտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 2013 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ին:

Օրենսգրքի՝ սույն գործով վիճարկվող 181-րդ հոդվածը սահմանում է.

«Հոդված 181. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը

1. Նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝

1) այդ դատական ակտը կայացվել է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ վկայի սուտ ցուցմունքների, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացության, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանության, կեղծ փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների հիման վրա.

2) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռվ հաստատվել է, որ դատավարության մասնակիցը կամ նրա ներկայացուցիչը կամ դատավորը գործի քննության առնչությամբ կատարել է հանցագործություն»:

28.11.2007թ. խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման կարգը նախատեսված էր օրենսգրքի 134-րդ հոդվածում, համաձայն որի`

«Վարչական դատարանի դատական ակտերը կարող են վերանայվել նոր երևան եկած հանգամանքներով կամ նոր հանգամանքներով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով»:

 

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. ՀՀ ԿԱ ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչությունը դատարան ներկայացրած հայցադիմումով խնդրել է արձակել վճարման կարգադրություն՝ սույն գործով դիմող` անհատ ձեռնարկատեր Սամվել Ալավերդյանից 6.242.610 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ: Դիմողը 09.02.2012 թվականին դատարան ներկայացրած հակընդդեմ հայցով խնդրել է անվավեր ճանաչել Էրեբունու հարկային տեսչության թիվ 10000445 ստուգման ակտը: ՀՀ վարչական դատարանի 29.07.2013 թվականի թիվ ՎԴ 3170/05/12 որոշմամբ հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վարչական դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 18.12.2013 թվականի որոշմամբ մերժվել է: Դիմողի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 19.02.2014 թվականի որոշմամբ վերադարձվել է:

Դիմողը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2014 թվականի որոշմամբ մերժվել է: Իսկ դիմողի՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով ՀՀ վճռաբեկ դատարան կրկին ներկայացրած վճռաբեկ բողոքը նույն դատարանի 27.08.2014 թվականի որոշմամբ թողնվել է առանց քննության, իսկ 05.11.2014 թվականի որոշմամբ մերժվել է վարույթ ընդունելը:

Մինչ այդ, նախաքննական մարմնի 2012 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ դիմողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով՝ հարկերից, տուրքերից և պարտադիր այլ վճարներից խուսափելու համար: Թիվ ԵԿԴ/0233/01/12 քրեական գործի շրջանակներում դատարանը նշանակել է դատահաշվապահական լրացուցիչ փորձաքննություն, որի հիման վրա հաստատված է համարվել այն փաստը, որ դիմողն ունի ընդամենը 924.882 ՀՀ դրամ գումարի լրացուցիչ հարկային պարտավորություն, ճանաչելով նրա անմեղությունն առանձին դրվագով առաջադրված մեղադրանքում՝ կայացնելով համապատասխան դատավճիռ: Վերջինս բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան և 19.09.2014 թվականի որոշմամբ թողնվել է անփոփոխ:

 

3. Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավադրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 1, 3, 6, 18 և 19-րդ հոդվածների պահանջներին` ներկայացնելով հետևյալ հիմնավորումները.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածում սպառիչ կերպով թվարկված են նոր երևան եկած հանգամանքները, «ինչը հնարավորություն չի տալիս դատարանին այդ հիմքերից բացի դատական ակտի վերանայման համար այլ հիմք կիրառել», տվյալ դեպքում առկա է մի իրավիճակ, «երբ ՀՀ դատական համակարգի երկու դատական ակտերը հակասում են միմյանց, մասնավորապես, ՀՀ վարչական դատարանի դատական ակտով հաստատվել է պարտավորության մի չափ, իսկ քրեական գործով դատական ակտով նույն պարտավորության մեկ այլ չափ է ամրագրվել: Եվ գործող օրենսդրությունը չի նախատեսում այս իրավիճակի լուծման որևէ կառուցակարգ»:

Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին, քանի որ «սահմանափակվում է արդարադատության մատչելիության իրավունքը»: Ըստ դիմողի` վիճարկվող նորմի սահմանափակ կարգավորման պարագայում «անձը զրկվում է դատական պաշտպանության իրավունքից այն դեպքում, երբ ի հայտ է գալիս գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այնպիսի հանգամանք, որը մինչ այդ անձին հայտնի չէր»: Իրավակիրառ պրակտիկայում հնարավոր են տարատեսակ իրավիճակներ, երբ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող որոշակի հանգամանքներ անձանց հայտնի չեն եղել, չէին կարող հայտնի լինել և չեն ներկայացվել նրանցից անկախ պատճառներով, և ինչպես գտնում է դիմողը` արդարադատության շահերից ելնելով օրենքը պետք է նախատեսի որոշակի կառուցակարգեր նման իրավիճակներում անձի իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար: Եվ ինչպես վկայակոչում է դիմողը` նմանատիպ հիմք նախատեսում են նաև ՀՀ քրեական և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերը, որոնց համաձայն նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են, եթե ի հայտ են եկել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այլ հանգամանքներ: Մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածին «տրված մեկնաբանությունը սահմանափակում է արդարադատության մատչելիության իրավունքը, քանի որ նոր երևան եկած հանգամանքների թվում չի նախատեսում այն հանգամանքների ի հայտ գալը, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն»:

Այսպիսով, դիմող կողմը հանգում է այն հետևությանը, որ «գործող օրենսդրությունը տարբեր մոտեցում է դրսևորում վարչական և քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործերի հանդեպ նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման հիմքերի սահմանման հարցում», ինչն առկա չէր նախկին իրավակարգավորման պարագայում:

 

4. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ, ի տարբերություն ՀՀ քրեական և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում նոր երևան եկած հանգամանքներով վերջնական դատական ակտերի վերանայման հիմքերի սպառիչ ցանկ սահմանելը պայմանավորված է «նախևառաջ վարչական դատավարության առանձնահատկություններով: Ի տարբերություն քաղաքացիական դատավարության` վարչական դատավարությունը խարսխված է գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի վրա, որը ենթադրում է, որ դատավորը ինքնուրույն` կողմերից անկախ, պետք է ձեռնարկի բոլոր համարժեք միջոցները գործի իրական փաստերը բացահայտելու համար», և որ «վարչական դատարանը պետք է ձեռնարկի համարժեք միջոցներ՝ կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար»: Ըստ պատասխանող կողմի դիրքորոշման` ելնելով գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու վերոնշյալ սկզբունքից, «եթե գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ հանգամանք չի բացահայտվել, ապա առկա է դատարանի կողմից թույլ տրված դատավարական խախտում, քանի որ դատարանն ունի պարտականություն այդ հանգամանքը վեր հանելու: Իսկ դատարանի կողմից թույլ տված դատավարական խախտման պարագայում համապատասխան հանգամանքը չի կարող համարվել նոր երևան եկած»:

Միաժամանակ, անդրադառնալով վարչական ակտի, վարչական մարմնի գործողության կամ անգործության իրավաչափության հետ կապված և նոր երևան եկած հանգամանքների հետազոտման խնդրին, ապա պատասխանողը գտնում է, որ` «ոչ թե պետք է դատարանի կողմից վերանայվի նախկինում կայացված դատական ակտը, այլ համապատասխան փաստական հանգամանքի շրջանակում վարչական մարմնի կողմից վերանայվի նախկինում կայացրած վարչական ակտը»:

 

5. Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող իրավակարգավորման սահմանադրականությունը որոշելիս հաշվի առնել.

- ուժի մեջ մտած դատական ակտերը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու ինստիտուտի շրջանակներում վիճարկվող իրավակարգավորման սահմանադրաիրավական համատեղելիությունը՝ ելնելով տվյալ հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներից, հաշվի առնելով նաև եվրոպական իրավահամակարգում ձևավորված պրակտիկան,

- դիմումի առարկա հանդիսացող վեճի շրջանակներում անձի իրավունքների դատական պաշտպանության, այդ թվում՝ արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափությունը` այն դիտարկելով վարչադատական և վարչական վարույթի ընթացակարգերի առանձնահատկությունների համատեքստում:

 

6. Ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման ինստիտուտի, այդ թվում՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով, որպես մարդու խախտված իրավունքները ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին համապատասխան արդար և արդյունավետ դատաքննությամբ վերականգնելու բացառիկ արդարադատական միջոցի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման, դրա միակերպ ընկալման ու կիրառման խնդիրներին ՀՀ սահմանադրական դատարանը հանգամանորեն անդրադարձել է իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-701, ՍԴՈ-709, ՍԴՈ-751, ՍԴՈ-758, ՍԴՈ-765, ՍԴՈ-767, ՍԴՈ-833, ՍԴՈ-872, ՍԴՈ-935, ՍԴՈ-1049, ՍԴՈ-1114 և այլն): Դրանցում արտահայտված իրավական դիրքորոշումները, ելնելով սույն գործով քննության առարկա իրավակարգավորման շրջանակներից, հանգեցնում են ելակետային նշանակություն ունեցող հետևյալ եզրահանգումներին.

- նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության ստուգումն իրավական լուրջ երաշխիք է անձի խախտված իրավունքները վերականգնելու, դատական սխալներն ուղղելու և գործով ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ,

- այդ հանգամանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ չնայած օբյեկտիվորեն գոյություն են ունեցել գործով վերջնական դատական ակտի կայացման պահին, սակայն հայտնի չէին և(կամ) չէին կարող հայտնի լինել թե՛ գործին մասնակցող անձանց և թե՛ դատարանին, կամ հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, կամ որոշ դեպքերում (ՀՀ քաղ. դատ. օր-ի 204.32-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ)՝ նորահայտ են,

- իրավասու անձի կողմից որպես նոր երևան եկած հանգամանքներ դատարան ներկայացված հիմնավորումները (տեղեկությունները, փաստարկները) առիթ են ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը պատշաճ իրավական ընթացակարգով ուսումնասիրելու և իրավական անհրաժեշտ հիմնավորումների (ապացույցների) առկայության (այդ հանգամանքները որպես գործի լուծման համար էական նշանակություն ունեցող գնահատվելու) դեպքում հիմք են դատական ակտը վերանայելու (բեկանելու և գործն իրավասու դատարանի նոր քննությանն ուղարկելու) համար, այսինքն` այդպիսի քննության շրջանակներում իրավասու դատարանը նաև պետք է որոշի, թե որքանով են ներկայացված հանգամանքներն ազդել քննության առարկա գործի ելքի վրա և ինչպես պետք է վերականգնվեն անձի հնարավոր խախտված իրավունքները,

- դատավարական (քրեական, քաղաքացիական) օրենսդրությամբ օբյեկտիվորեն սահմանված չէ որպես «նոր երևան եկած» գնահատելի հանգամանք հանդիսացող փաստարկների, տեղեկությունների, ապացույցների սպառիչ անվանական ցանկը, ինչը յուրաքանչյուր գործով շահագրգիռ անձի կողմից այդպիսիք ներկայացվելու դեպքում դատարանի գնահատման (որոշման) խնդիրն է, միաժամանակ, օրենսդրության խնդիրն է չբացառել որպես «նոր երևան եկած» իրավաբանորեն գնահատելի որևէ հանգամանքի՝ իրավասու դատարանում քննության հնարավորությունը, եթե դրա՝ դատական ակտի հիմքում օբյեկտիվորեն հաշվի չառնելը հանգեցրել է անիրավաչափ, անհիմն որոշման կայացմանը, հետևաբար` նաև անձի իրավունքների խախտմանը,

- ուժի մեջ մտած դատական ակտը՝ վկայակոչված այս կամ այն (նախապես հայտնի կամ անհայտ) հանգամանքի հիմքով վերանայելու անհրաժեշտության իրավական հիմնավորման (ապացուցման) պարտականությունը կրում է այդպիսի վերանայում նախաձեռնած անձը,

- ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը` նոր երևան եկած հանգամանքներով, կատարվում է դատավարական համապատասխան ընթացակարգով, որի շրջանակներում իրավասու դատարանը կոչված է լուծելու արդարադատական հետևյալ հիմնական խնդիրները. գործով կայացված որոշման հիմքում չարտացոլված և նոր երևան եկած փաստական հանգամանքների (ապացույցների) ուսումնասիրում, իրավագնահատում և իրավական վեճի լուծման համար օրենսդրության համապատասխան նորմերի ընտրություն, դրանց մեկնաբանում ու կիրառում, որոնց հաջորդում են պարտադիր իրավական հետևանքներ, այդ թվում՝ անձի իրավունքների պաշտպանության հետ կապված:

Նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի սահմանադրականության վերաբերյալ վերոհիշյալ գործերով դատաքննությունների շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրումը նույնպես վկայել է ներպետական արդարադատական գործընթացներում վերոշարադրյալ չափորոշիչների կիրառման անհրաժեշտությունը յուրաքանչյուր այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան նոր երևան եկած հանգամանքներով «գործի վերաքննություն» նախաձեռնելու համար: Մասնավորապես, ՄԻԵԴ-ն իր մի շարք որոշումներով վերահաստատել է, որ այն հանգամանքները, որոնք արդեն իսկ առկա են դատաքննության ժամանակ, սակայն որևէ պատճառով չեն ներկայացվել դատարան և հայտնի են դարձել միայն դատավարությունից հետո, համարվում են «նոր երևան եկած»: Դատարանի ակտն ուժը կորցրած ճանաչելու պահանջով դիմած անձը պետք է ցույց տա, որ ապացույցն անհնար է եղել ներկայացնել վերջնական նիստի ժամանակ, և այդ ապացույցն ունի որոշիչ նշանակություն (Xheraj v. Albania, application no. 37959/02, §53-54, Yerogova v. Russia, application no. 77478/01, §33, Maltseva v. Russia, application no. 76676/01, §33, Kumkin and others v. Russia, application no. 73294/01, §31):

Մեկ այլ գործով, անդրադառնալով նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման գործընթացի իրավական կարևորության խնդրին` ՄԻԵԴ-ն արձանագրել է. «… գործի նորոգումը նոր երևան եկած հանգամանքների հիման վրա ինքնին չի հակասում իրավական որոշակիության սկզբունքին այնքանով, որքանով այն օգտագործվում է արդարադատության սխալներն ուղղելու համար: Դատարանի խնդիրն է պարզել արդյո՞ք ընթացակարգը կիրառվել է այնպես, որ համահունչ է 6-րդ հոդվածի 1-ին պարագրաֆին (Case of Kuznetsova v. Russia, Application no. 67579/01, see Pravednaya, cited above, §28):

Եվրոպական միության անդամ հանդիսացող մի շարք պետություններում նոր երևան եկած հանգամանքների հիման վրա գործի նորոգման վերաբերյալ ներպետական առկա իրավակարգավորումների ուսումնասիրությունը, մասնավորապես՝ վարչադատավարական գործընթացներում, վկայում է, որ ի թիվս այլնի, որպես «նոր երևան եկած» հանգամանք են որակվում գործի քննության ժամանակ գոյություն ունեցող էական այն փաստերը, ապացույցները, որոնք հայտնի չեն եղել դատարանին և կարող են հանգեցնել բոլորովին այլ որոշման (Լատվիա (Վարչական դատավարության օրենք, գլուխ 39, Գործերի de novo քննությունը նոր երևան եկած հանգամանքների հիմքով, Բաժին 353. Նոր երևան եկած հանգամանքներ), Էստոնիա (Վարչական դատավարության օրենսգիրք (Ուժի մեջ է մտել 01.01.2012թ.), §240, Վերաբացման հիմքերը), Բոսնիա և Հերցեգովինա (Վարչական դատավարության մասին օրենք, հոդված 238), Խորվաթիա (Վարչական դատավարության մասին ընդհանուր ակտ, հոդված 123), Բուլղարիա (Վարչական դատավարության օրենսգիրք, գլուխ 14, Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը, Բաժին 1, հոդված 239.), Չեխիա (Վարչական դատավարության օրենսգիրք, Բաժին 2, Վարույթի վերաբացումը, §111. Վերաբացման պատճառները), Լեհաստան (Վարչական դատարաններում դատավարության վերաբերյալ օրենք, հոդված 273), Գերմանիա (ԳԴՀ վարչական դատավարության օրենսգիրք, 153-րդ հոդված, ԳԴՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, §580), Ֆինլանդիա (Վարչական դատական ընթացակարգի վերաբերյալ ակտ, Բաժին 27, Բողոքի վերանայում) և այլն): Այսպես, օրինակ` իրավական ուժի մեջ մտած վճռով ավարտված վարույթն ըստ Գերմանիայի վարչական դատավարության օրենսգրքի §153-ի` կարող է վերսկսվել միայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ գլխի դրույթների, այսինքն՝ սոսկ վճիռն առ ոչինչ ճանաչելու պահանջով ներկայացվող հայցի հիման վրա` ըստ նույն օրենսգրքի §579-ի, եթե առկա են որոշակի ծանրակշիռ դատավարական խախտումներ, կամ որպես ռեստիտուցիայի պահանջով ներկայացվող հայցի հիման վրա` ըստ Գերմանիայի քաղաքացիական դատավարության օրենսգրքի §580-ի, եթե դատարանի որոշումը հիմնված է ոչ ճիշտ, մասնավորապես՝ կեղծված կամ այլ պատճառներով թերի կամ անբավարար հիմքերի վրա։ ԳԴՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է. «Ավարտված դատավարությունը կարող է վերսկսվել՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ Գլխի դրույթներին համապատասխան», իսկ վերջինիս §580-ը սահմանում է. «Դատավարությունը վերսկսելու հայց ներկայացվում է՝

1. եթե հակառակ կողմը հանդիսանում է մեղավոր՝ դիտավորյալ կամ անզգուշությամբ երդվելու պարտականության խախտմամբ այն ապացույցները ներկայացնելիս, որոնց վրա հիմնված է որոշումը,

2. եթե փաստաթուղթը, որի վրա հիմնված է որոշումը, եղել է կեղծ կամ կեղծված,

3. եթե վկան ցուցմունք տալիս կամ փորձագետը եզրակացություն ներկայացնելիս, որոնք դրվել են որոշման հիմքում, թույլ են տվել պատժելի արարքի հատկանիշներ պարունակող կեղծիքներ,

4. եթե որոշման հնարավոր է եղել հասնել կողմի կամ նրա ներկայացուցչի կողմից պատժելի արարք կատարելու միջոցով,

5. եթե որոշումը կայացնող դատարանը կողմերի նկատմամբ իր պարտականությունները կատարելիս թույլ է տվել պատժելի արարք,

6. եթե դատարանը հիմնվել է մեկ այլ դատարանի որոշման վրա, որը բեկանվել է,

7. եթե կողմը՝ ա) հայտնաբերի, որ այդպիսի գործով նախկինում կայացվել է օրինական ուժի մեջ մտած վճիռ, կամ` բ) հայտնաբերել է փաստաթուղթ, որի պարագայում դատարանը կկայացներ իր նկատմամբ առավել բարենպաստ վճիռ»:

Այսպիսով, վերահաստատելով նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակության, դրա միակերպ ընկալման ու կիրառելիության սկզբունքների վերաբերյալ իր նախորդ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ հիմնված նաև եվրոպական իրավահամակարգում ներդրված համապատասխան չափորոշիչների համակողմանի ուսումնասիրման վրա, սահմանադրական դատարանն արձանագրում է այդ ինստիտուտի սահմանադրաիրավական կարևորությունն արդարադատական տարբեր, այդ թվում վարչադատական գործընթացներում ՝ ուղղված արդար, արդյունավետ և մատչելի դատաքննության միջոցով անձի իրավունքների պաշտպանության ապահովման երաշխավորմանը:

 

7. Անդրադառնալով վիճարկվող իրավակարգավորման սահմանադրականության գնահատման խնդրին` սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում հարցը դիտարկել ինչպես նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման ինստիտուցիոնալ առկա ընդհանուր լուծումների (քաղաքացիական և քրեադատավարական), այնպես էլ ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով նախատեսված` անձի իրավունքների պաշտպանության (դատարանի մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների) երաշխավորման սահմանադրական իրավաչափության և վարչադատական, ինչպես նաև վարչական վարույթի ընթացակարգերի գոյություն ունեցող առանձնահատկությունների համատեքստում, ելնելով նաև սույն գործով կողմերի հարցադրումներից, կարևորելով, մասնավորապես`

- թե որքանո՞վ են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի նորմերն իրավական իմաստով լիարժեք երաշխավորում գործի համար նշանակություն ունեցող այս կամ այն տեղեկատվության (ապացույցի) որպես «նոր երևան եկած հանգամանք» գնահատելու հնարավորությունը և, մասնավորապես՝ այն իմաստով, որ եթե դատավարության մասնակցի կողմից ներկայացված տվյալ հանգամանքը հայտնի լիներ դատարանին (հետազոտված լիներ դատարանի կողմից), ապա կկայացվե՞ր այլ որոշում, քան այն, որն այդ հանգամանքի երևան գալու հիմքով վիճարկվում է,

- սույն գործով վիճելի իրավակարգավորմամբ որքանո՞վ են երաշխավորվում «նոր երևան եկած հանգամանք» իրավական եզրույթի հատկանիշներ պարունակող (ՍԴՈ-935) այս կամ այն տեղեկատվության (ապացույցի) հետազոտման ու գնահատման արդյունավետ արդարադատական գործընթացներ,

- քննության առարկա իրավակարգավորմամբ որքանո՞վ է երաշխավորված անձի իրավունքներն արդար, մատչելի ու արդյունավետ դատաքննությամբ պաշտպանելու՝ ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներում նախատեսված իրավունքի լիարժեք իրացումը,

- սահմանադրական օրինականության տեսանկյունից որքանո՞վ է իրավաչափ նոր երևան եկած հանգամանքների հիմքով ծագած իրավահարաբերությունները վարչական վարույթի շրջանակներում կարգավորելը:

Հաշվի առնելով վերոթվարկյալ հարցադրումները և նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուցիոնալ առկա ընդհանուր լուծումները, սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև վիճելի իրավակարգավորման` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` «Նոր երևան եկած և նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելը» վերտառությունը կրող 25-րդ գլխում ներառված նորմերի համատեքստում վերլուծությունը, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ.

- ուժի մեջ մտած դատական ակտերը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու ինստիտուտ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում նախատեսելը այդ ակտերի օրինականությունն ու հիմնավորվածությունը, ինչպես նաև անձի խախտված իրավունքների պաշտպանությունն ապահովելու լրացուցիչ երաշխիք է,

- որպես «նոր երևան եկած» հանգամանք գնահատելի փաստարկներն ու տեղեկություններն ուսումնասիրելու և դրանց պատշաճ իրավական գնահատական տալու համար օրենսդիրը նախատեսել է համապատասխան ընթացակարգ, դատավարության մասնակիցների իրավական կարգավիճակ, որը թույլ է տալիս ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածում նախատեսված հիմքերի քննության շրջանակներում իրականացնել որոշակի դատավարական իրավունքներ և կրել պարտականություններ, այդ թվում՝ ներկայացված հանգամանքների «նոր երևան գալը» դատարանում ապացուցելը,

- նոր երևան եկած հանգամանք հանդիսացող հիմքեր նախատեսելիս օրենսդիրն առաջնորդվել է այդպիսի հանգամանք հանդիսացող հնարավոր տեղեկությունների (փաստերի) անվանացանկը սահմանափակելու սկզբունքով, քանի որ որպես ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման հնարավոր հիմք են դիտարկվել միայն տվյալ գործով դատավարության մասնակիցների (նրանց ներկայացուցիչների), դատավորի կողմից կատարված, ինչպես նաև դատական տվյալ ակտի կայացման հիմքում առկա և օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված հանցավոր գործողությունները, դրանով իսկ բացառելով տվյալ գործով դատական ակտի կայացման պահին օբյեկտիվորեն առկա և(կամ) դատավարության մասնակիցներին, դատարանին անհայտ այլ հիմքեր, որոնց պատշաճ հետազոտումն ու իրավական գնահատականն անխուսափելիորեն կհանգեցնեին դատական այլ որոշման, քան՝ կայացվել է:

Հարկ է նշել նաև, որ վիճարկվող նորմերում դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանցավոր գործողությունները որպես նոր երևան եկած հանգամանք նախատեսելը քննության առարկա իրավակարգավորման շրջանակներում ինքնին սահմանադրականության խնդիր չի հարուցում: Այդպիսի հանգամանքի գոյությունն օբյեկտիվորեն կարող է որոշիչ նշանակություն ունենալ վարչական դատարանի ուժի մեջ մտած ակտերի վերանայման և արդար որոշումներ կայացնելու համար: Նման հանգամանքները, ի թիվս այլնի, համապատասխան հատկանիշների առկայությամբ որպես «նոր երևան եկած» գնահատելու իրավական հնարավորություն է նախատեսված նաև ՀՀ քրեական և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերում: Սակայն այդպիսի հանգամանքներում հատկապես օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին իրավական բացառիկ նշանակություն հաղորդելն էականորեն սահմանափակում է հանցավորության փաստը հաստատող այլ փաստական հանգամանքներ որպես նոր երևան եկած հանգամանք դիտարկելու և վարչական դատարանի ուժի մեջ մտած ակտը վերանայելու իրավական հնարավորությունը (օրինակ` համաներման և ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերով նախատսված այլ հիմքերով ու կարգով քրեական վարույթի կարճման, քրեական պատասխանատվությունից ազատելու դեպքերում), երբ օրենքով սահմանված կարգով հաստատված են հանցագործության փաստն ու այն կատարած անձը: Հետևաբար, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նման իրավակարգավորումն ինքնին էապես սահմանափակում է վարչական դատավարության շրջանակներում վերոհիշյալ հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի կիրառման հնարավոր շրջանակները, հետևաբար՝ անձի իրավունքների լիարժեք պաշտպանության արդյունավետ միջոց չի կարող հանդիսանալ:

Վիճարկվող նորմերի իրավական բովանդակությունից նաև հետևում է, որ անձը զրկված է որպես «նոր երևան եկած» գնահատելի այլ հանգամանքների հիմքով վարչական դատարանի ուժի մեջ մտած ակտը վիճարկելու հնարավորությունից, մասնավորապես՝ իրավաբանորեն փաստագրված հանցագործության հետ չկապված նոր երևան եկած այնպիսի հանգամանքների հիմքով, որպիսիք տվյալ գործով դատական ակտի կայացման պահին գոյություն են ունեցել, գործի արդար լուծման համար ունեցել են էական նշանակություն, սակայն դատավարության մասնակիցների կամքից անկախ չեն ներկայացվել, դատարանին անհայտ են մնացել: Այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող 181-րդ հոդվածում, ի տարբերություն ՀՀ քրեական և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերի համապատասխան իրավակարգավորումների, օրենսդիրը չի նախատեսել որպես «նոր երևան եկած» գնահատելի այլ հանգամանքների հիմքով վարչական դատարանի ուժի մեջ մտած ակտի վերանայման հնարավորություն:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման այնպիսի իրավակարգավորումը, համաձայն որի` էականորեն սահմանափակվում են ապացուցողական նշանակություն ունեցող փաստական այլ հանգամանքների իրավագնահատման պատշաճ դատավարական գործընթացներն այն դեպքերում, երբ այդպիսի հանգամանքների օբյեկտիվ գոյությունն անխուսափելիորեն հանգեցնում է (կհանգեցնի) դատական այլ որոշման, քան մինչ այդ հանգամանքների երևան գալը կայացվել է, կամ որ նույնն է` արդար, հիմնավոր, օրինական դատական ակտի կայացմանը, հետևաբար` նաև անձի խախտված իրավունքների վերականգնմանը, սահմանափակում է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածներով երաշխավորված` անձի արդյունավետ և մատչելի դատաքննության իրավունքը, հակասում է արդարադատության բուն նպատակներին ու ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածներում և 6-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներին:

 

8. Սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում պատասխանող կողմի այն դիրքորոշումը, համաձայն որի` օրենսդրի կողմից (ի տարբերություն նախորդ իրավակարգավորման (ՀՀ վարչ. դատ. օր. 134-րդ հոդված (28.11.2007թ. խմբ.) վիճարկվող իրավակարգավորմամբ որպես «նոր երևան եկած» գնահատելի հանգամանք հանդիսացող հիմքերի սպառիչ ցանկ նախատեսելը կամ այլ հնարավոր նման հիմքեր չնախատեսելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածում՝ դատարանի կողմից փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու վերաբերյալ արդարադատական սկզբունքի ամրագրմամբ:

Ակնհայտ է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու իրավական պահանջն ու ընթացակարգային սկզբունքը պայմանավորված են վարչադատավարական քննության առանձնահատկություններով և, մասնավորապես՝ դատարանի կողմից հանրային-իրավական վեճերի լուծման շրջանակներում լուծվող խնդիրներով, վարչական դատավարության մասնակիցների (կողմերի) միջև մրցակցային հարաբերություններում դատարանի ունեցած առանձնահատուկ դերով և այլն: Սակայն սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավարական ընթացակարգի որևէ առանձնահատկություն չի կարող սահմանափակել տվյալ գործով ըստ էության կայացված դատական ակտի օրինականությունը, հիմնավորվածությունը կասկածահարույց դարձնող որևէ, այդ թվում՝ նոր երևան եկած, հանգամանքի արդար, արդյունավետ և մատչելի դատաքննությամբ հետազոտումն ու օրենքով անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում կայացված դատական ակտի վերանայումը:

Սահմանադրական դատարանը կարևոր է համարում նաև ընդգծել, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու դատավարական սկզբունքի առկայության պայմաններում էլ (ինչին հղում է կատարում պատասխանող կողմը) որպես «նոր երևան եկած» գնահատելի հանգամանքները ներկայացնելու (ապացուցելու) իրավունքն ու պարտականությունը կրում է ոչ թե դատարանը, այլ՝ դատավարության շահագրգիռ մասնակիցն իր կամահայտնությամբ և նախաձեռնությամբ: Եվ վարչական դատավարության շրջանակներում մրցակցային քննության որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով հանգամանորեն անդրադարձել է դատարանի մատչելիության, ինչպես նաև արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` հավասարապես կարևորելով դրանք դատաընթացակարգային բոլոր բնագավառներում (քրեական, քաղաքացիական և վարչական): Սահմանադրական դատարանը վերահաստատելով իր նախորդ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները` սույն գործով ևս գտնում է, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ:

Սահմանադրական դատարանը միաժամանակ անհրաժեշտ է համարում վկայակոչել դատարանի մատչելիության սահմանափակումների վերաբերյալ ՄԻԵԴ-ի արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «…պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (Case of Khalfaoui v. France, application no. 34791/97, 14/03/2000):

Սահմանադրական դատարանն ընդգծում է վերոհիշյալ չափորոշչի սահմանադրաիրավական սկզբունքային կարևորությունը ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների իրացման օրենսդրական կարգի սահմանման յուրաքանչյուր և, այդ թվում՝ սույն գործով վիճարկվող իրավակարգավորման դեպքում:

 

9. Սահմանադրական դատարանն իր` տարբեր որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումներին չհամապատասխանող և ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության տեսանկյունից անթույլատրելի է համարում նաև պատասխանող կողմի այն դիրքորոշումը, համաձայն որի՝ ուժի մեջ մտած դատական ակտի վիճարկելիությունը նոր երևան եկած հանգամանքով հիմնավորող այս կամ այն ապացույցի առկայության դեպքում «ոչ թե պետք է դատարանի կողմից վերանայվի նախկինում կայացված դատական ակտը, այլ համապատասխան փաստական հանգամանքի շրջանակում վարչական մարմնի կողմից վերանայվի նախկինում կայացրած վարչական ակտը»: Այսինքն, ուժի մեջ մտած դատական ակտը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու հետ կապված իրավահարաբերության կարգավորման, և, ի վերջո՝ դատական տվյալ ակտի օրինականության վիճարկման, նոր երևան եկած հանգամանքի ուժով առաջացած դատական սխալն ուղղելու և գործին արդար լուծում տալու խնդրում առաջնային նշանակություն է տրվում արտադատական միջոցին:

Չանդրադառնալով վարչական դատավարության և վարչական վարույթի՝ օրենքով սահմանված նպատակների ու խնդիրների, ինչպես նաև իրավական այդ գործընթացների, դրանց իրավակարգավորիչ ընդհանուր դերի սահմանադրական բովանդակության մեկնաբանմանը` սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ իր` ՍԴՈ-652, ՍԴՈ-665, ՍԴՈ-673, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-954 և մի շարք այլ որոշումներում, անդրադառնալով դատական պաշտպանության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման խնդրին, սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշումներ է արտահայտել այն մասին, որ անձի իրավունքների ապահովման ու պաշտպանության տեսանկյունից ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի նպատակն է նաև իրավունքների խախտումների մասին անձի պնդումների դատական քննության և այդպիսի խախտումների հետևանքները վերացնելու իրավունքի երաշխավորումը: Սահմանադրական դատարանը գտել է, որ այդ իրավունքը սահմանափակման ենթակա չէ: Հետևաբար, սույն գործով, ելնելով նաև պատասխանող կողմի պնդումներից, սահմանադրական դատարանը վերահաստատում է իր վերոհիշյալ դիրքորոշումը: Եթե որպես «նոր երևան եկած» հանգամանք գնահատելի այլ փաստարկների (ապացույցների) հիմքերով դատական ակտի օրինականությունը կասկածահարույց է, ապա օրենսդիրը պարտավոր է սույն գործով վիճարկվող իրավակարգավորման շրջանակներում ոչ թե սահմանափակել նման ակտի վիճարկման իրավական հնարավորությունը, որն ուղղակի սահմանափակում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` անձի իրավունքներն ու դրանց դատական պաշտպանության հնարավորությունը, այլ ընդլայնել որպես «նոր երևան եկած» գնահատելի այլ հանգամանքները դատավարական համապատասխան գործընթացների շրջանակներում քննելու և դրանց իրավագնահատման արդյունքում գործին արդար լուծում տալու միջոցները՝ ապահովելով անձի իրավունքների պաշտպանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածների և 6-րդ հոդվածի 2-րդ մասի, 18-րդ և 19-րդ հոդվածների սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան:

Միաժամանակ, սահմանադրական դատարանը գտնում է, որ եթե անձն իր իրավունքների պաշտպանության նպատակով չի դիմել դատարան, այլ ընտրել է իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության՝ օրենքով նախատեսված արտադատական միջոց (տվյալ դեպքում՝ վարչական մարմնին), նման իրավակարգավորումն ինքնին չի կարող հանգեցնել ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների սահմանափակման:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածն այն առումով, որով արգելափակվում է ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականության վիճարկումը «նոր երևան եկած» իրավաչափ այլ հանգամանքների հիմքերով` հանգեցնելով անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների սահմանափակման, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի երկրորդ մասին, 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2. Նկատի ունենալով, որ սահմանադրական դատարանի որոշման ընդունման պահից սույն գործով վեճի առարկա իրավանորմերը ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելը կարող է առաջացնել իրավական բաց՝ խաթարելով այդ նորմերի ուժը կորցնելու արդյունքում հաստատվելիք իրավական անվտանգությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասով, սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2015 թվականի դեկտեմբերի 31-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին` հաշվի առնելով նաև հիմնախնդրի առնչությամբ միջազգային իրավական պրակտիկան, վեճի առարկա վերոհիշյալ իրավակարգավորումը համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

26 հունիսի 2015 թ.

ՍԴՈ-1222