ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2015 թվականի N 878-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ 2015 թվականի հոկտեմբերի 9-12-ը կայանալիք` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2015 թվականի հոկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի չափի վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից այդ հաշվետվություններում նշված գումարի չափով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի վճարումից ազատված մուտքի արտոնագրերի համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` մինչև 2015 թվականի սեպտեմբերի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիների ցուցակները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. օգոստոսի 10 |