Գլխավոր տեղեկություն
Номер
N 131-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.06.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.06.08/15(527) Հոդ.134
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
20.05.2015
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
20.05.2015
Дата вступления в силу
18.06.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 հունիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60015199

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

20 մայիսի 2015 թ.
ք. Երևան

N 131-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 72-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մայիսի 3-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման միջոցների տեղադրման և շահագործման կարգը հաստատելու մասին» N 72-Ն որոշմամբ հաստատված հավելվածի` էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման միջոցների տեղադրման և շահագործման կարգի 6-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Չափիչ համալիրների տեղադրումը, կնքումը և փոխարինումը

6.1 Չափիչ համալիրների կամ դրանց առանձին տարրերի տեղադրումը և փոխարինումն իրականացնում են պայմանագրային կողմերը՝ Հաշվարկային կենտրոնի մասնակցությամբ, կազմելով համապատասխան արձանագրություն (ակտ)՝ յուրաքանչյուր կողմի համար մեկական օրինակից: Արձանագրության (ակտի) օրինակելի ձևը սահմանում է Հաշվարկային կենտրոնը:

6.2 Չափիչ համալիրները կամ դրանց առանձին տարրերը կնքում է (կնիքները հանում է) Հաշվարկային կենտրոնը՝ պայմանագրային կողմերի մասնակցությամբ, բացառությամբ սույն կարգի 6.3 կետով սահմանված դեպքերի, կազմելով համապատասխան արձանագրություն (ակտ): Արձանագրության (ակտի) օրինակելի ձևը սահմանում է Հաշվարկային կենտրոնը:

6.3 Չափիչ համալիրներում կամ դրանց առանձին տարրերում առաջացած վթարային իրավիճակների վերացման նպատակով կնիքների հանումը կարող է իրականացվել առանց Հաշվարկային կենտրոնի և պայմանագրային մյուս կողմի մասնակցության՝ անմիջապես տեղեկացնելով վերջիններիս: Սույն կետում նշված դեպքերում Չափիչ համալիրների կամ դրանց առանձին տարրերի վերակնքումն իրականացվում է սույն կարգի 6.2 կետի համաձայն՝ 72 ժամվա ընթացքում:

6.4 Օրացուցային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ Չափիչ համալիրները Հաշվարկային կենտրոնի և շուկայի մասնակցի ներկայացուցիչների կողմից ենթարկվում են ակնադիտարկման, որի ընթացքում ստուգվում է Չափիչ համալիրների ամբողջականությունը, կնիքների առկայությունը և կազմվում է արձանագրություն: Արձանագրության օրինակելի ձևը սահմանում է Հաշվարկային կենտրոնը:

6.5 ԷՄՇ ավտոմատացված համակարգի տարրերի փոխարինումը կամ ընդլայնման նպատակով նոր տարրերի տեղակայումն իրականացնում են պայմանագրային կողմերը՝ Հաշվարկային կենտրոնի հետ համաձայնեցված նախագծով:

6.6 Հաշվարկային կենտրոնն իրականացնում է՝

ա) նոր միացվող հզորությունների Չափիչ համալիրների ստուգումը և կնքումը,

բ) Հաշվառման համակարգում գրանցված Հաշվիչների ստուգաչափման աշխատանքների կոորդինացումը,

գ) Հաշվառման համակարգում գրանցված Հաշվիչների ծրագրավորման, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նոր ծրագրերի կազմման և Հաշվիչների վերածրագրավորման աշխատանքները:

6.7 Հաշվիչների ստուգաչափումն իրականացնում է «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողություն իրականացնող կազմակերպությունը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան