ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2015 թվականի N 529-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ 2015 թվականի օգոստոսի 2-13-ը կայանալիք համահայկական ամառային վեցերորդ խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ մարզական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2015 թվականի օգոստոսի 30-ը Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ներկայացնել հաշվետվություններ սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի չափի վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված հաշվետվություններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից այդ հաշվետվություններում նշված գումարի չափով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը սույն որոշման 1-ին կետում նշված պետական տուրքի վճարումից ազատված մուտքի արտոնագրերի համար նախատեսված պետական տուրքի գումարների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով գումար հատկացնելու վերաբերյալ:
4. Համահայկական ամառային վեցերորդ խաղերի կազմկոմիտեի նախագահին` մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել համահայկական ամառային վեցերորդ խաղերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ մարզական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիների ցուցակները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության 2015 թ. մայիսի 25 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|