Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.04.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.06.03/31(1120).1 Հոդ.421.14
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
30.04.2015
Подписан
Նախագահող
Дата подписания
30.04.2015
Дата вступления в силу
30.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0024/16/12

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0024/16/12

2015 թ.

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

Դատավորներ`

Ն. Տավարացյան

Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ինտերպայպ Ուկրաինա» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Նոյեմ Հովսեփյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2014 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության միջնորդության` Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատին կից գործող միջազգային կոմերցիոն արբիտրաժային դատարանի 11.02.2011 թվականի վճիռը ճանաչելու և Հայաստանի Հանրապետության տարածքում կատարումը թույլատրելու պահանջների մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ճանաչել Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատին կից գործող միջազգային կոմերցիոն արբիտրաժային դատարանի 11.02.2011 թվականի վճիռը և թույլատրել դրա կատարումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 07.03.2014 թվականի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է` որոշվել է Հայաստանի Հանրապետությունում ճանաչել Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատին կից գործող միջազգային կոմերցիոն արբիտրաժային դատարանի 11.02.2011 թվականի վճիռը, նշված վճռի հիման վրա տրամադրել կատարողական թերթ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի և ժամկետների պահպանմամբ թույլատրել դրա կատարումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.06.2014 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.03.2014 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «Գոլդեն Ֆիլդ» ՍՊԸ-ն:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» Նյու Յորքի 1958 թվականի կոնվենցիայի 3-րդ հոդվածը, «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 36-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 19-րդ, 23-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2477 -րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն ընդհանրապես քննության չի արժանացրել վերաքննիչ բողոքում բարձրացված այն հարցը, որ Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2477-րդ հոդվածի 1-ին կետի ուժով իրավասու լինելով միայն պարզել միջազգային արբիտրաժային դատարանի վճռի իրավաչափությունը և դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված ընթացակարգերին, քննության առնելով կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետներին առնչվող հարցերը, դուրս է եկել է միջնորդության քննության առարկայի շրջանակներից:

Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ տվյալ դեպքում կիրառելի է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2477-րդ հոդվածի 2-րդ կետը, այդուհանդերձ, փոխելով նշված դրույթի տառացի նշանակությունը, արձանագրել է, որ կատարողական թերթը տրվում է միջազգային արբիտրաժի վճռի հիման վրա, որը պետք է կատարվի ՀՀ ներպետական օրենսդրությանը համապատասխան` եզրակացնելով, որ Ընկերությունը խախտել է ՀՀ իրավասու դատարանին միջազգային արբիտրաժային դատարանի վճիռը ճանաչելու և կատարումը թույլատրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու ժամկետը: Վերաքննիչ դատարանը, սակայն, չի նշել, թե որ իրավական ակտով է սահմանվել ճանաչման միջնորդություն ներկայացնելու ժամկետ, որով ղեկավարվելով էլ միջնորդություն ներկայացնելու ժամկետի խախտում է արձանագրել:

Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 19-րդ և 23-րդ հոդվածները, գտել է, որ կատարողական թերթն առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ, այլ ոչ թե Դատարանի կողմից 2014 թվականին օտարերկրյա պետության արբիտրաժային դատարանի վճռի ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին որոշում կայացնելուց հետո:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2477-րդ հոդվածի 2-րդ կետի իմպերատիվ պահանջը, սխալ մեկնաբանելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի վերը նշված դրույթները, չի բացահայտել «արբիտրաժային տրիբունալ» և «միջազգային արբիտրաժային դատարան» հասկացությունների և դրանց կողմից կայացված ակտերի կատարմանը վերաբերող իրավակարգավորումների տարբերությունները:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.06.2014 թվականի որոշումը և փոփոխել այն հետևյալ կերպ՝

 «1. Որոշման պատճառաբանական մասում, որպես հաստատված հանգամանքներ, թողնել միայն վերլուծությունները և հետևություններն այն մասին, որ կատարման ենթակա վճիռը չի կայացվել «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» Նյու Յորքի 1958 թվականի կոնվենցիայով սահմանված դրույթների խախտմամբ, վճիռը ստացել է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ, հանդիսացել է վերջնական ակտ, կողմերը կայացված վճռի գործով եղել են պատշաճ ծանուցված, կողմերը նրանց նկատմամբ կիրառվող օրենքի առնչությամբ որևէ չափով անգործունակ չեն եղել, համաձայնագիրը, որը կնքել են կողմերը, դատական կարգով կամ այլ կերպ անվավեր չի ճանաչվել, դրա կատարումը չի կասեցվել, ըստ ՀՀ օրենքների, վեճի առարկան կարող է լինել արբիտրաժային դատարանի քննարկման առարկա, իսկ վճռի ճանաչումը և կատարումը չի հակասում ՀՀ հասարակական կարգին:

2. Որոշման եզրափակիչ մասի 2-րդ պարբերությունը բեկանել և փոփոխել հետևյալ կերպ. «Ճանաչել և թույլատրել Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատին կից գործող միջազգային կոմերցիոն արբիտրաժային դատարանի կողմից 11.02.2011 թվականին «Գոլդեն Ֆիլդ» ՍՊԸ-ի դեմ կայացված վճռի կատարումը Հայաստանի Հանրապետության տարածքում, այն է՝

1. Ճանաչել պատճառաբանված և օրինաչափ «Ինտերպայպ Ուկրաինա» ՍՊԸ-ի պահանջները՝ «Գոլդեն Ֆիլդ» ՍՊԸ-ից բռնագանձել 1.739.685,65 ԱՄՆ դոլար հիմնական պարտքը, 231.599,41 ԱՄՆ դոլար տույժ, արբիտրաժային գանձում վճարելու ծախսերը փոխհատուցելու 20.045,14 ԱՄՆ դոլար, ընդամենը՝ 1.991.330 ԱՄՆ դոլար և 20 ցենտ:

2. «Գոլդեն Ֆիլդ» ՍՊԸ-ին պարտավորեցնել վճարել «Ինտերպայպ Ուկրաինա» ՍՊԸ-ին հիմնական պարտքը՝ 100.000 ԱՄՆ դոլարը մինչև 2011 թվականի փետրվարի 25-ը, 150.000 ԱՄՆ դոլարը մինչև 2011 թվականի մարտի 25-ը, 285.437 ԱՄՆ դոլարը՝ մինչև 2011 թվականի ապրիլի 25-ը, 285.437 ԱՄՆ դոլարը՝ 2011 թվականի մայիսի 25-ը, 285.437 ԱՄՆ դոլարը մինչև 2011 թվականի հունիսի 27-ը, 285.437 ԱՄՆ դոլարը մինչև 2011 թվականի հուլիսի 25-ը, ընդամենը՝ 1.391.784 ԱՄՆ դոլար: Պատասխանողի կողմից ժամանակին և լրիվ պայմանները կատարելու դեպքում, հայցվորը հրաժարվում է պատասխանողից 347.937,65 ԱՄՆ դոլար հիմնական պարտքի մասի, 231.599,41 ԱՄՆ դոլար տույժի բռնագանձումից և 20.045,14 ԱՄՆ դոլար արբիտրաժային գանձումը վճարելու ծախսերի հատուցումից:

3. Այն դեպքում, եթե պատասխանողը մինչև 2011 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամկետը կկատարի պարտքի վճարում 1.304.764 ԱՄՆ դոլարի չափով, ապա հայցվորը հրաժարվում է պատասխանողից 434.921,65 ԱՄՆ դոլարի չափով հիմնական պարտքի մասի, 231.599,41 ԱՄՆ դոլարի չափով տույժի բռնագանձումից և 20.045,14 ԱՄՆ դոլար՝ արբիտրաժային գանձումը վճարելու ծախսերի հատուցումից:

4. «Գոլդեն Ֆիլդ» ՍՊԸ-ի կողմից սույն վճռով սահմանված ժամկետներում և չափով գումարային միջոցների միանգամյա չփոխանցման դեպքում «Ինտերպայպ Ուկրաինա» ՍՊԸ-ն դիմում է իրավասու պետական դատարան` Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատին կից գործող միջազգային կոմերցիոն արբիտրաժային դատարանի վճիռը ճանաչելու և հարկադիր կատարելու և «Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերությունից 1.739. 685, 65 ԱՄՆ դոլար հիմնական պարտքը, 231.599,41 ԱՄՆ դոլար տույժը, արբիտրաժային գանձում վճարելու ծախսերը փոխհատուցելու 20.045,14 ԱՄՆ դոլարը, ընդամենը՝ 1.991.330 ԱՄՆ դոլար և 20 ցենտ բռնագանձելու համար:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում ընդունման պահից»:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

 Վճռի կամավոր կատարման համար նախատեսված ժամկետը սահմանափակված է օրենքով հարկադիր կատարման համար նախատեսված ժամկետով, ուստի պահանջատերը պետք է իր օգտին կայացրած դատական ակտի կամավոր կատարում ակնկալեր այն ժամկետում, որի ընթացքում վերջինս դեռ զրկված չէր Հայաստանի Հանրապետության տարածքում իր դատական ակտը հարկադիր կերպով ի կատար ածելու հնարավորությունից: Այս պարագայում օտարերկրյա անձը պետք է օտարերկրյա դատական ակտը կատարման ներկայացնելիս առաջնորդվեր ոչ թե իր երկրում գործող ժամկետներով և կանոններով, այլ` Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության պահանջներով: Այն դեպքում, երբ ուկրաինական ընկերությունը քաջատեղյակ էր, որ դատական ակտը կատարման նեկայացնելու համար իր օրենսդրությամբ սահմանված է կոնկրետ ժամկետ, ուստի ողջամտորեն կարող էր ենթադրել, որ ՀՀ օրենսդրությամբ ևս պետք է նման ժամկետ սահմանված լինի, հակառակ դեպքում իրավիճակը կհանգեցնի փակուղու: Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` ուկրաինական ընկերությունն ակնկալել է դատական ակտի կամավոր կատարում դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարի յոթ ամսվա ընթացքում, այսինքն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետից ուշ, որից հետո օրենքով սահմանված թույլատրելի միջոցներ չի ձեռնարկել, մասնավորապես` կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի համարելու խնդրանքով չի դիմել դատարան:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատին կից գործող միջազգային կոմերցիոն արբիտրաժային դատարանի 11.02.2011 թվականի վճռի համաձայն` Ընկերության պահանջները «Գոլդեն Ֆիլդ» ՍՊԸ-ի նկատմամբ ճանաչվել են պատճառաբանված և օրինաչափ, և վճռվել է վերջինիցս բռնագանձել 1.739.685,65 ԱՄՆ դոլար հիմնական պարտքը, 231.599,41 ԱՄՆ դոլար տույժը, արբիտրաժային գանձում վճարելու ծախսերը փոխհատուցելու 20.045,14 ԱՄՆ դոլարը, ընդամենը` 1.991.330 ԱՄՆ դոլար և 20 ցենտ: Վճռով նշվել է նաև, որ «Գոլդեն Ֆիլդ» ՍՊԸ-ի կողմից պարտքը ժամանակացույցին համապատասխան մարվելու դեպքում Ընկերության կողմից կկատարվեն զիջումներ` նախատեսված գումարների չափով (հատոր 1-ին, գ.թ. 24-33, հատոր 4-րդ, գ.թ. 19-35):

2) Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատին կից գործող միջազգային կոմերցիոն արբիտրաժային դատարանի կողմից 12.08.2011 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ 11.02.2011 թվականի վճիռը ստացել է օրինական ուժ` դրա կայացման պահից (հատոր 2-րդ, գթ. 51, հատոր 3-րդ, գթ.16):

 3) Ընկերությունը 07.09.2012 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատին կից գործող միջազգային կոմերցիոն արբիտրաժային դատարանի 11.02.2011 թվականի վճիռը ճանաչելու և այն Հայաստանի Հանրապետությունում կատարելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 3, հատոր 4-րդ, գթ. 93):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2477 -րդ հոդվածի միատեսակ կիրառության համար:

 Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին

1 արդյո՞ք ներպետական օրենսդրությամբ սահմանված է օտարերկրյա պետության արբիտրաժային տրիբունալի (միջազգային արբիտրաժի) կողմից կայացված դատական ակտը ճանաչման ներկայացնելու ժամկետ.

2 արդյո՞ք այն դեպքում, երբ կատարման է ներկայացվում օտարերկրյա պետության արբիտրաժային տրիբունալի (միջազգային արբիտրաժի) կողմից կայացված դատական ակտը ՀՀ իրավասու դատարանի կողմից ճանաչելու մասին որոշման հիման վրա տրված կատարողական թերթ, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված՝ կատարողական թերթն առաջին անգամ հարկադիր կատարման ներակայացնելու մեկամյա ժամկետը պետք է հաշվարկել օտարերկրյա պետության արբիտրաժային տրիբունալի (միջազգային արբիտրաժի) դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու, թե՞ այդ դատական ակտը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահից:

 

1) ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2476 -րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, օտարերկրյա պետությունների դատարանների քաղաքացիական գործերով կայացրած վճիռները, որոշումները, ինչպես նաև օտարերկրյա պետությունների արբիտրաժային տրիբունալների վճիռները և որոշումները (այսուհետ` դատական ակտեր), որոնք կատարում են պահանջում, ենթակա են ճանաչման Հայաստանի Հանրապետության տարածքում: Նույն հոդվածի 2-րդ կետով սահմանված են օտարերկրյա պետությունների դատական ակտերը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելու՝ ՀՀ դատարանների իրավասությունները:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նախ և առաջ նշել, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ենթադրում է պետական իշխանության գերակայություն, ինքնուրույնություն և անկախություն, ինչն իր մեջ ներառում է նաև պետության ամբողջ տարածքում արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությունը: Հետևաբար օտարերկրյա դատական ակտերը Հայաստանի Հանրապետությունում ինքնըստինքյան չեն կարող ունենալ իրավական գործողության այն հատկանիշները (պարտադիրություն, անհերքելիություն, կատարելիություն, նախադատելիություն), ինչ ունեն ներպետական դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը:

Միևնույն ժամանակ պետության ինքնիշխանությունը չի բացառում օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման հնարավորությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչը նախ և առաջ միջազգային համագործակցության դրսևորում է:

Վերը նշվածով պայմանավորված՝ օրենսդիրը նախատեսել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման կարգ՝ այդ ակտերի ճանաչման իրավասությունը վերապահելով ՀՀ դատարաններին:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ կատարում պահանջող օտարերկրյա դատական ակտի ճանաչումն իրենից ներկայացնում է ՀՀ դատարանների կողմից այդ ակտերին այնպիսի իրավական հատկանիշների տրամադրում, որոնցով օժտված են Հայաստանի Հանրապետության դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, և թույլատրում այդ ակտի իրավական գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում: Այլ կերպ ասած՝ կատարում պահանջող օտարերկրյա դատական ակտը միայն ճանաչման արդյունքում է Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերում պարտադիրության և կատարելիության հատկանիշներ։ Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2476 -րդ հոդվածի 1-ին կետի և 2477 -րդ հոդվածի 1-ին կետի փոխկապակցված վերլուծությունից հետևում է, որ ՀՀ-ում ճանաչման ենթակա են օտարերկրյա պետությունների դատարանների` քաղաքացիական գործերով կայացրած վճիռները, որոշումները, օտարերկրյա պետությունների արբիտրաժային տրիբունալների վճիռները և որոշումները, ինչպես նաև միջազգային արբիտրաժի որոշումները, որոնք կատարում են ենթադրում:

«Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» Նյու Յորքի 1958 թվականի կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա, Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիային միացել է ՀՀ Ազգային ժողովի 18.11.1997 թվականի թիվ Ն-210-1 որոշմամբ) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն կոնվենցիան կիրառվում է այն արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման նկատմամբ, որոնք կայացվել են այն պետության տարածքում, քան այն պետությունը, որում հայցվում է այդպիսի որոշումների ճանաչումը և կատարումը` այն վեճերով, որոնց կողմ կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Այն կիրառվում է նաև այն արբիտրաժային որոշումների նկատմամբ, որոնք ներքին որոշումներ չեն համարվում այն պետությունում, որտեղ հայցվում է դրանց ճանաչումը և կատարումը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Արբիտրաժային որոշումներ» տերմինը ներառում է ոչ միայն յուրաքանչյուր առանձին գործով նշանակված արբիտրների կայացրած արբիտրաժային որոշումները, այլև արբիտրաժային այն որոշումները, որոնք կայացվել են մշտապես գործող այն արբիտրաժային մարմինների կողմից, որոնց դիմել են կողմերը:

Վկայակոչված կոնվենցիոն դրույթներից հետևում է, որ Կոնվենցիան հավասարապես կիրառելի է ինչպես օտարերկրյա պետությունների արբիտրաժային տրիբունալների վճիռների և որոշումների, այնպես էլ միջազգային արբիտրաժի որոշումների նկատմամբ:

Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն արբիտրաժային որոշումները ճանաչում է որպես պարտադիր և դրանք կատարում է այն տարածքի դատավարական նորմերին համապատասխան, որում հայցվում է ճանաչումը և կատարումը` կոնվենցիայի հաջորդիվ շարադրված հոդվածներով նախատեսված պայմաններով:

 «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արբիտրաժային տրիբունալի վճիռը, որը կայացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին Նյու Յորքի կոնվենցիայի անդամ որևէ այլ պետության տարածքում, պետք է ճանաչվի որպես պարտադիր և համապատասխան դատարանին գրավոր միջնորդելու դեպքում կատարվի նույն հոդվածին և 36-րդ հոդվածին համապատասխան:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կայացված արբիտրաժային վճիռները փոխադարձության սկզբունքով ճանաչվում և ի կատար են ածվում Հայաստանի Հանրապետության տարածքում՝ նույն օրենքին, այլ իրավական ակտերին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան: Ընդ որում, փոխադարձությունը համարվում է առկա, եթե այլ բան ապացուցված չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2477 -րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելիս Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը պարզում է միայն, թե որքանով է օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը համապատասխանում այն պահանջներին, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով:

Համապատասխան միջազգային պայմանագրի պահանջները պահպանած լինելու և ճանաչումը մերժելու` տվյալ միջազգային պայմանագրով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը որոշում է կայացնում օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու մասին:

Կոնվենցիայի 5-րդ հոդվածը սահմանում է արբիտրաժային որոշման ճանաչումը և կատարումը մերժելու հիմքերը:

Վերը նշված` կոնվենցիոն և ներպետական իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օտարերկրյա պետության արբիտրաժային տրիբունալի (միջազգային արբիտրաժի) որոշումը ճանաչելու և կատարելու հարցը լուծելիս ՀՀ դատարանները չունեն նշված որոշումն ըստ էության վերանայելու իրավասություն և պետք է սահմանափակվեն միայն այն պայմանների առկայության ստուգումով, որոնց դեպքում թույլատրվում է համապատասխան որոշման ճանաչումն ու կատարումը, և պարզեն այն պայմանների բացակայությունը, որոնք հիմք են ճանաչումը մերժելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ թե՛ Կոնվենցիան և թե՛ ներպետական օրենսդրությունն օտարերկրյա պետության արբիտրաժային տրիբունալի (միջազգային արբիտրաժի) որոշումը ճանաչման ներկայացնելու ժամկետ չեն նախատեսել:

 

2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2477 -րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի կայացրած որոշումը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` հարկադիր կատարման ենթակա են` ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները, ինչպես նաև քրեական գործերով օտարերկրյա դատարանների դատավճիռներն ու որոշումները` վնասի հատուցման և գույքային այլ բռնագանձումների մասով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը, մասնավորապես, նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետության դատարանի վճիռների և որոշումների կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացրել տվյալ օտարերկրյա պետության դատարանի վճիռը և որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման ինստիտուտը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք ներմուծվեց «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 18.02.2004 թվականի թիվ ՀՕ-39-Ն օրենքով: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը լրացվեց 2476 -րդ և 2477-րդ հոդվածներով, որոնցով հանգամանալից կերպով կարգավորում ստացան օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման հետ կապված հարցերը: Մինչ այդ այս ինստիտուտին առնչվող առանձին հարցեր (օտարերկրյա դատական ակտի կատարման հետ կապված) կարգավորված էին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով, որի 2-րդ հոդվածն օրենքի ընդունման պահին (05.05.1998թ.) գործող խմբագրությամբ նախատեսում էր, որ հարկադիր կատարման ենթակա են` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և միջնորդ դատարանների վճիռներն ու որոշումները, իսկ արդեն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 04.02.2004 թվականի թիվ ՀՕ-32-Ն օրենքով կատարված փոփոխություններից հետո նույն հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ հարկադիր կատարման ենթակա են` ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները, ինչպես նաև քրեական գործերով օտարերկրյա դատարանների դատավճիռներն ու որոշումները` վնասի հատուցման և գույքային այլ բռնագանձումների մասով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ կետը պետք է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2477 -րդ հոդվածի 2-րդ կետի հետ համակցության մեջ, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը, օտարերկրյա պետության դատարանի դատական ակտը կամ միջազգային արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու հնարավորություն նախատեսելով, միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2477 -րդ հոդվածի 2-րդ կետով սահմանել է ոչ թե անմիջականորեն օտարերկրյա դատական ակտի կատարման, այլ օտարերկրյա դատական ակտը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի որոշման կատարման հնարավորություն, որն իր հերթին ենթակա է կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կատարողական թերթն առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ`

1) օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը.

2) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ.

3) լրացել է դատական ակտի կատարումը հետաձգելու սահմանված ժամկետը.

4) դատարանը որոշում է կայացրել կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.

5) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր է դարձել կողմերի համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2477 -րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվել է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կատարման ենթակա է օտարերկրյա դատական ակտը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի որոշումը, որի հիման վրա էլ տրամադրվում է կատարողական թերթ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ կատարողական թերթը կատարման ներկայացնելու մեկամյա ժամկետը պետք է հաշվարկել օտարերկրյա դատական ակտը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից: Այսպիսով, քանի դեռ օտարերկրյա դատական ակտը Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով չի ճանաչվել, այսինքն` ձեռք չի բերել պարտադիրության ու կատարելիության հատկանիշներ, այն Հայաստանի Հանրապետությունում ենթակա չէ կատարման՝ անկախ այն հանգամանքից, թե օտարերկրյա պետությունում երբ է կայացվել նշված դատական ակտը կամ երբ է այն մտել օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ դատարանի վերը նշված եզրահանգման համար հիմք է հանդիսանում նաև հետևյալը․

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` հարկադիր կատարման ենթակա են արբիտրաժային տրիբունալի վճիռները:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կատարողական թերթը տրվում է արբիտրաժային տրիբունալների վճիռների հիման վրա:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կատարողական թերթը տրվում է` ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների վճիռների և որոշումների հիման վրա:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալիս է ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետության արբիտրաժային տիրբունալի վճիռների և որոշումների կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է ՀՀ այն դատարանը, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացրել տվյալ օտարերկրյա պետության արբիտրաժային տրիբունալի վճիռը և որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` նորմատիվ իրավական ակտում միևնույն հասկացությունը սահմանելիս կամ միևնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները որոշակի հերթականությամբ: Իրավական ակտում տարբեր հասկացությունները չեն կարող օգտագործվել միևնույն տերմինով:

Վկայակոչված իրավանորմերի համակողմանի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից հստակ տարանջատվել են «արբիտրաժային տրիբունալ» և «օտարերկրյա պետության արբիտրաժային տրիբունալ» հասկացությունները: Մասնավորապես` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում ամրագրված «արբիտրաժային տրիբունալ» հասկացությունը կիրառվում է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ՀՀ տարածքում ձևավորված և գործող արբիտրաժային դատարանների առնչությամբ և չի կարող նույնացվել «օտարերկրյա պետության արբիտրաժային տրիբունալ» և «օտարերկրյա դատարան» հասկացությունների հետ: Օրենսդիրը տարանջատել է նաև «արբիտրաժային տրիբունալի վճիռներ» և «օտարերկրյա պետության արբիտրաժային տրիբունալի վճիռներ և որոշումներ» հասկացությունները: Մասնավորապես` «արբիտրաժային տրիբունալի վճիռներ» եզրույթի պարագայում հարկադիր կատարման ենթակա են ներպետական արբիտրաժային տրիբունալի վճիռները և կատարողական թերթ անմիջականորեն տրվում է նշված վճիռների հիման վրա, իսկ «օտարերկրյա պետության արբիտրաժային տրիբունալի վճիռներ և որոշումներ» եզրույթի դեպքում հարկադիր կատարման ենթակա են ՀՀ դատարանների կողմից օտարերկրյա պետության արբիտրաժային տրիբունալի (միջազգային արբիտրաժի) վճիռները և որոշումները ճանաչելու վերաբերյալ դատական ակտերը, և կատարողական թերթ տրվում է ՀՀ իրավասու դատարանի կողմից կայացված` ճանաչման համապատասխան դատական ակտի հիման վրա:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ կատարման է ներկայացվում արբիտրաժային տրիբունալի վճռի հիման վրա տրված կատարողական թերթը, այն կատարման ներկայացնելու մեկ տարվա ժամկետը պետք է հաշվարկել սկսած այն օրվանից, երբ կայացվել է արբիտրաժային տրիբունալի վճիռը: Մինչդեռ այն դեպքում, երբ կատարման է ներկայացվում օտարերկրյա պետության արբիտրաժային տրիբունալի (միջազգային արբիտրաժի) վճիռները և որոշումները ճանաչելու վերաբերյալ դատական ակտը, ապա այն կատարման ներկայացնելու մեկ տարվա ժամկետը պետք է հաշվարկել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից:

Սույն վեճի նկատմամբ վերոնշյալ մեկնաբանությունների կիրառումը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատին կից գործող միջազգային կոմերցիոն արբիտրաժային դատարանի 11.02.2011 թվականի վճռի համաձայն` Ընկերության պահանջները «Գոլդեն Ֆիլդ» ՍՊԸ-ի նկատմամբ ճանաչվել են պատճառաբանված և օրինաչափ, և վճռվել է վերջինիցս բռնագանձել 1.739.685,65 ԱՄՆ դոլար հիմնական պարտքը, 231.599,41 ԱՄՆ դոլար տույժը, արբիտրաժային գանձում վճարելու ծախսերը փոխհատուցելու 20.045,14 ԱՄՆ դոլարը, ընդամենը՝ 1.991.330 ԱՄՆ դոլար և 20 ցենտ: Վճռով նշվել է նաև, որ «Գոլդեն Ֆիլդ» ՍՊԸ-ի կողմից պարտքը ժամանակացույցին համապատասխան մարվելու դեպքում Ընկերության կողմից կկատարվեն զիջումներ` նախատեսված գումարների չափով: Նշված վճիռը կայացման օրը՝ 11.02.2011 թվականին, մտել է օրինական ուժի մեջ:

Ընկերությունը 07.09.2012 թվականին Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատին կից գործող միջազգային կոմերցիոն արբիտրաժային դատարանի 11.02.2011 թվականի վճիռը ճանաչելու և Հայաստանի Հանրապետությունում կատարելու մասին միջնորդությամբ դիմել է Դատարան:

Սույն գործով Դատարանը, քննության առնելով Ընկերության միջնորդությունը, գտել է, որ այն ենթակա է բավարարման, հետևաբար ճանաչել է Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատին կից գործող միջազգային կոմերցիոն արբիտրաժային դատարանի 11.02.2011 թվականի վճիռը, միևնույն ժամանակ որոշման պատճառաբանական մասում նշելով, որ Ընկերությունը ճանաչման և կատարումը թույլատրելու միջնորդությամբ դիմել է վճռի օրինական ուժի մեջ մտնելուց մեկ տարի և յոթ ամիս հետո, հղում կատարելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածին, որոշել է Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատին կից գործող միջազգային կոմերցիոն արբիտրաժային դատարանի 11.02.2011 թվականի վճռի հիման վրա տրամադրել կատարողական թերթ և թույլատրել դրա կատարումը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի և ժամկետների պահպանմամբ:

Վերաքննիչ դատարանը, վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2477 -րդ հոդվածը և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի դրույթները, անհիմն է համարել Ընկերության վերաքննիչ բողոքի պնդումն առ այն, որ կատարողական թերթն առաջին անգամ կատարման կարող է ներկայացվել ճանաչման մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: Եզրահանգելով, որ կատարողական թերթը կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում սկսած այն օրվանից, երբ օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը կամ արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ, այլ ոչ թե Դատարանի կողմից օտարերկրյա պետության արբիտրաժային դատարանի վճռի ճանաչման և կատարման վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին կայացրած որոշումից մեկ տարվա ընթացքում, Վերաքննիչ դատարանը մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքը:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանը, բավարարելով Ընկերության միջնորդությունը, ճանաչել է Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատին կից գործող միջազգային կոմերցիոն արբիտրաժային դատարանի 11.02.2011 թվականի վճիռը և թույլատրել դրա կատարումը Հայաստանի Հանրապետության տարածքում` որոշման եզրափակիչ մասում նշելով, որ այն ենթակա է կատարման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի և ժամկետների պահպանմամբ, իսկ Վերաքննիչ դատարանը մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի որոշումը: Միևնույն ժամանակ, սակայն, թե՛ Դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանը դատական ակտերի պատճառաբանական մասերում անդրադարձել են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածին, որի վերլուծության արդյունքում կատարել են օտարերկյա արբիտրաժային դատարանի կողմից կայացված դատական ակտը ճանաչման և կատարման ներկայացնելու ժամկետների վերաբերյալ՝ սույն որոշման մեջ արտահայտած դիրքորոշումներից տարբերվող եզրահանգումներ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օտարերկրյա դատական ակտի ճանաչման և կատարման միջնորդության քննարկման շրջանակներում իրավասու դատարանները սահմանափակված են միայն ՀՀ միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ սահմանված այն պայմանների առկայության ստուգումով, որոնց դեպքում թույլատրվում է օտարերկրյա որոշման ճանաչումն ու կատարումը, և այն պայմանների բացակայության պարզմամբ, որոնք հիմք են ճանաչումը մերժելու համար, իսկ կատարողական թերթի կատարման ժամկետները, կարգն ու պայմանները չեն կարող լինել քննարկման և լուծման առարկա, քանի որ այդ հարցերը կարգավորվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով, և կարող են քննարկման առարկա դառնալ միայն օտարերկրյա դատական ակտը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու, դրա կատարումը թույլատրելու վերաբերյալ որոշում կայացնելուց և այդ որոշման կատարման համար օրենքով սահմանված կարգով համապատասխան կատարողական թերթ տրամադրելուց հետո:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոքաբերի փաստարկն առ այն, որ ստորադաս դատարանները, քննության առնելով կատարողական թերթը կատարման ներկայացնելու կարգն ու ժամկետները, ոչ միայն դուրս են եկել միջնորդության քննության առարկայի շրջանակներից, այլև սխալ եզրահանգման են եկել տվյալ հարցերի վերաբերյալ:

 

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 4-րդ ենթակետերով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը մասնակի՝ սույն որոշման պատճառաբանություններով, անփոփոխ թողնելու, ինչպես նաև այն մասնակիորեն բեկանելու և փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունները հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2014 թվականի որոշման՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.03.2014 թվականի որոշումը եզրափակիչ մասում «…ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի և ժամկետների պահպանմամբ…» արտահայտությամբ անփոփոխ թողնելու մասը և այդ մասով այն փոփոխել՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.03.2014 թվականի որոշման եզրափակիչ մասից հանել «…ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի և ժամկետների պահպանմամբ…» արտահայտությունը:

Որոշումը՝ մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան