030.0541.31.03.2000
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության միասնական արտաքին քաղաքականության վարման գործում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը համակարգելու նպատակով որոշում եմ.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների համակարգում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդիսանում է գլխադասային մարմին օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների բնագավառում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման ընդհանուր վերահսկողությունը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը համակարգում է այս բնագավառում գործադիր իշխանության մյուս մարմինների գործունեությունը և միջազգային կապերը:
Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմիններին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցնել իրականացվող միջազգային գործունեությունը և միջազգային կապերը` պաշտոնական այցերը, խորհրդատվությունները և բանակցությունները, ստորագրվող փաստաթղթերը և այլ պայմանավորվածությունները, ինչպես նաև հաշվետվություններ ներկայացնել դրանց վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին` գործադիր իշխանության մարմիններին իրենց միջազգային գործունեության իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել տվյալ օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների և հանգուցային հարցերի մասին:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական շահերին առնչվող առաջարկները, այդ թվում` բանակցություններ վարելու և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր կնքելու վերաբերյալ առաջարկները, օրենսդրության համաձայն, գործադիր իշխանության մարմինները համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ` նախքան դրանք համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմիններին` նախատեսել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների ներգրավումը միջազգային գործունեության իրականացման հետ առնչվող միջգերատեսչական հանձնաժողովների, աշխատանքային խմբերի և այլ մարմինների կազմում:
3. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության միասնական քաղաքականության վարման նպատակով իրականացնել Հայաստանի Հանրապետության այլ, ներառյալ` գործադիր իշխանության մարմինների ներկայացուցչությունների, պետական հիմնարկների և կազմակերպությունների, դրանց պատվիրակությունների և մասնագետների խմբերի գործունեության համակարգումը:
Նշված ներկայացուցչությունների, պատվիրակությունների և մասնագետների խմբերի ղեկավարները պարտավոր են սահմանված կարգով իրենց գործունեությունը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի հետ, նրան տեղեկացնել իրենց գործունեության մասին:
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները համապատասխան երկրներ մեկնող պաշտոնական պատվիրակությունների մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
4. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները կատարում են Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և արտաքին գործերի նախարարության ցուցումներն ու հրահանգները:
Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինները Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների հետ առնչվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության դեսպանության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆՀ-286 հրամանագրի պահանջներին համապատասխան:
5. Սահմանել, որ պետության արտաքին քաղաքականության հարցերի հետ կապված պաշտոնական հայտարարություններով հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, իսկ այլ անձինք` Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ: Գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներն իրենց լիազորությունների շրջանակներում կարող են հանդես գալ արտաքին քաղաքականության առանձին հարցերի վերաբերյալ հայտարարություններով` միայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված դիրքորոշումներին համապատասխան:
6. Բարձր մակարդակի արտասահմանյան պատվիրակություններ (պետությունների և կառավարությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների բարձրագույն պաշտոնատար անձինք) Հայաստանի Հանրապետություն հրավիրելու վերաբերյալ առաջարկները համապատասխանաբար ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության վարչապետին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցնելով:
Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինները օտարերկրյա պետությունների կառավարությունների անդամներին և նրանց հավասարեցված անձանց հրավերն իրականացնում են` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ նախապես համաձայնեցնելով:
7. Օտարերկրյա պետական և քաղաքական գործիչներին, կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին ուղղված` Հայաստանի Հանրապետության Նախագահի և վարչապետի ուղերձների նախագծերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցնելով, եթե դրանց պատրաստման և ներկայացման այլ կարգ սահմանված չէ:
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցել պետական իշխանության մարմինների և պաշտոնատար անձանց այն գործողությունների մասին, որոնք խախտում են սույն հրամանագրով սահմանված կարգը:
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ առաջարկություններ ներկայացնել սույն հրամանագրի կիրառման կարգի վերաբերյալ:
10. Սույն հրամանագրի կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վրա:
11. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տեղական մարմինների, գերատեսչությունների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների միջազգային գործունեության որոշ հարցերի մասին» ՆՀ-101 հրամանագիրը:
12. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.04.2018, ՆՀ-226-Ն | 09.04.2018, ՆՀ-541 | |
01.06.2006, ՆՀ-125-Ն | 24.06.2006, ՆՀ-541 | |
30.09.2003, ՆՀ-144-Ն | 16.10.2003, ՆՀ-541 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|