Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԽ-11-Ո-14
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.03.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.04.29/25(1114) Հոդ.341
Принят
Արդարադատության խորհուրդ
Дата принятия
30.03.2015
Подписан
Արդարադատության խորհրդի անդամներ
Дата подписания
30.03.2015
Дата вступления в силу
30.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱԽ-11-Ո-14

2015 թ.

 

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԵԼԵՆԱ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Արդարադատության խորհուրդը

հետեվյալ կազմով`

 

 նախագահությամբ`  Ա. Մկրտումյանի
   
 մասնակցությամբ` ԱԽ անդամներ  Ա. Բաբայանի, Ռ. Բարսեղյանի,
   Ա. Դարբինյանի, Գ. Խանդանյանի,
   Մ. Հարթենյանի, Գ. Ղազինյանի,
   Ս. Չիչոյանի, Ե. Սողոմոնյանի,
   Վ. Ստեփանյանի, Հ. Փանոսյանի
Ս. Օհանյանի
   
 մասնակցությամբ` դատավոր  Ե. Քոչարյանի
   
 ՀՀ արդարադատության նախարար  Հ. Մանուկյանի
   
 ՀՀ արդարադատության նախարարության
օրինականության վերահսկողության
տեսչության պետ
 

Մ. Մինասյանի

   
 քարտուղարությամբ`  Շ. Վարդանյանի

 

2015 թվականի մարտի 30-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ե. Քոչարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

 

ՀՀ արդարադատության նախարարի 03.02.2015թ. թիվ 32-Ա հրամանով Դատարանի դատավոր Ե. Քոչարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Ռազմիկ Էդուարդի Քարամյանի դիմումը` հասցեագրված ՀՀ արդարադատության նախարարին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացությունը.

 

Ըստ եզրակացության`

«1. Քաղաքացի Ռազմիկ Էդուարդի Քարամյանը 2013թ. սեպտեմբերի 13-ին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Արտաշատի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի՝ աշխատանքային պայմանագրի լուծումը, 2013թ. հուլիսի 13-ի թիվ 65-Կ հրամանը, աշխատանքային գրքույկում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքի գրառումն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու պահանջներով, որը 2013թ. սեպտեմբերի 17-ին դատավոր Ելենա Քոչարյանի կողմից ընդունվել է վարույթ:

2. Հայցվորը 2007թ. մայիսի 2-ից սկսած պատասխանող «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում կատարել է տարբեր աշխատանքներ, իսկ 2011թ. մարտի 1-ից աշխատել է որպես հերթապահ կարգավար-օպերատոր:

3. Ռազմիկ Քարամյանը 2013թ. հուլիսի 2-ից մինչև հուլիսի 27-ը գտնվել է անաշխատունակ վիճակում և չի ներկայացել աշխատանքի:

4. Հայցվորը 2013թ. հուլիսի 28-ին ներկայացել է աշխատանքի, սակայն պատասխանողը նրան հայտնել է, որ 2013թ. հուլիսի 13-ի հրամանով հեռացված է աշխատանքից՝ անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա /հերթափոխի/ ընթացքում աշխատանքի չներկայանալու պատճառով՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի:

5. 2013թ. օգոստոսի 15-ին հայցվորը ստացել է աշխատանքից ազատման հրամանի օրինակը և աշխատանքային գրքույկի բնօրինակը փոստային ծառայության միջոցով՝ իր կողմից պահանջելուց հետո:

6. Պատասխանողի կողմից, առանց Ռազմիկ Քարամյանի համապատասխան պահանջի, աշխատանքային գրքույկում լրացվել է աշխատանքից ազատման հիմքը:

7. Հայցվորը 2013թ. սեպտեմբերի 10-ին հայցադիմումը հանձնել է փոստային կապի ծառայություն, որի միջոցով հայցադիմումը դատարանի կողմից ստացվել է 2013թ. սեպտեմբերի 13-ին:

8. Դատարանի 2013թ. սեպտեմբերի 17-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, գործը նախապատրաստվել է դատաքննության և նախնական դատական նիստ է նշանակվել 2013թ. նոյեմբերի 5-ին:

9. Դատարանի 2014թ. մարտի 21-ի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության, և դատական նիստ նշանակվել է 2014թ. ապրիլի 4-ին:

10. Դատաքննության ընթացքում բոլոր գրավոր ապացույցները հետազոտելուց հետո Դատարանը գործի քննությունը հայտարարել է ավարտված և դատական ակտի հրապարակման օր է հայտարարել 2014թ. հուլիսի 23-ը:

11. 2014թ. հուլիսի 23-ին Դատարանը որոշում է կայացրել գործի քննությունը վերսկսելու մասին, և դատական նիստ է նշանակվել 2014թ. սեպտեմբերի 2-ին:

12. 2014թ. սեպտեմբերի 1-ին պատասխանողը միջնորդություն է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու մասին:

13. Դատարանը 2014թ. սեպտեմբերի 16-ի վճռով մերժել է Ռազմիկ Էդուարդի Քարամյանի հայցը՝ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով:

14. Նշված վճռի դեմ հայցվորի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել, որն էլ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2014թ. հոկտեմբերի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և 2014թ. նոյեմբերի 27-ին նշանակվել է դատական նիստ:

15. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2014թ. դեկտեմբերի 4-ին կայացված որոշմամբ բեկանել է Դատարանի 2014թ. սեպտեմբերի 16-ին կայացրած վճիռը և գործն ուղարկել է նոր քննության: Վերաքննիչ դատարանը մասնավորապես արձանագրել է, որ Դատարանը հայցվորի կողմից հրամանը վիճարկելու օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը բաց թողնելու մասին եզրահանգում կատարելիս անտեսել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված իրավանորմի բովանդակությունը, ըստ որի՝ դատարան դիմելու իրավունքի մեկամսյա ժամկետը հաշվարկվում է համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այլ ոչ դրա մասին աշխատողի կողմից իրազեկվելու պահից»։ Վերաքննիչ դատարանը փաստել է նաև, որ «Դատարանը գործը քննելիս ապացույցները գնահատել է միայն 1-ին պահանջի մասով՝ անդրադառնալով միայն անհատական իրավական ակտի անվավերության և նախկին աշխատանքում վերականգնելու պահանջներին։

Դատարանը չի անդրադարձել հայցի հիմքում ընկած բոլոր պահանջներին, մասնավորապես՝ աշխատանքային գրքույկում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքի գրառումն անվավեր ճանաչելու պահանջին»:

Դատավորի կողմից նյութական և դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տալը.

Գտնում եմ, որ Դատարանը, գործով դատարան դիմելու իրավունքի ծագման պահը օրենքի խախտմամբ որոշելով, վաղեմության ժամկետը սխալ հաշվարկելով և արդյունքում այն բաց թողնված համարելով, սխալ է կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի և 337-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն՝

1. Հայցային վաղեմությունը իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածն է:

2. Սույն օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների համար հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը 3 տարի է, բացառությամբ օրենսգրքով նախատեսված դեպքերի: Պահանջների որոշ տեսակների համար օրենքներով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար` հատուկ ժամկետներ:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի հայցային վաղեմության վերաբերյալ դրույթները կարող են կիրառվել աշխատանքային հարաբերությունների նկատմամբ` աշխատանքային օրենսդրությամբ հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ դրույթների բացակայության դեպքում:

Սույն գործով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախադեպային որոշումներից մեկում (2010թ. դեկտեմբերի 3-ի թիվ ԼԴ/1071/02/09) արձանագրել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի տառացի մեկնաբանությունից բխում է, որ դրանով սահմանված ժամկետն այնպիսի ժամկետ է, որի ընթացքում հայցվորը կարող է հայց ներկայացնելու միջոցով ակնկալել խախտված իրավունքների պաշտպանություն։ Հետևաբար այդ ժամկետն իր բնույթով համապատասխանում է հայցային վաղեմության ժամկետին:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով սույն օրենսգրքի պահանջները:

Հետևաբար ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասում առկա իրավանորմի բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ առաջնորդվելու դեպքում պարզ է դառնում, որ աշխատողի մոտ դատարան դիմելու իրավունքը ծագում է համապատասխան անհատական իրավական ակտը ստանալու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Նույն օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժամանակահատվածով որոշվող ժամկետը սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:

Նույն օրենսգրքի նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին:

Սույն գործի փաստական հանգամանքներից ակնհայտ է, որ 2013թ. հուլիսի 13-ի 65-Կ հրամանով հայցվորը աշխատանքից ազատվել է 2013թ. հուլիսի 13-ին՝ անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա /հերթափոխի/ ընթացքում աշխատանքի չներկայանալու պատճառով՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի:

Աշխատանքից ազատման հրամանը գործատուի կողմից 2013թ. օգոստոսի 14-ին հանձնվել է փոստային բաժանմունքին, հայցվորի բնակության վայրի փոստային բաժանմունքում այն ստացվել է 2013թ. օգոստոսի 15-ին և նույն օրը առաքվել է հայցվորին: Իսկ հայցվորը հայցադիմումը փոստային առաքման ծառայություն է հանձնել 2013թ. սեպտեմբերի 10-ին, որի միջոցով հայցադիմումը դատարանի կողմից ստացվել է 2013թ. սեպտեմբերի 13-ին: Նշված իրավանորմերի և շարադրված փաստերի վերլուծությունից պարզ է դառնում, որ հայցվորի կողմից հայցադիմումը ներկայացվել է դատարան՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետը:

Չնայած վերոգրյալին, Դատարանը, վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ նախադեպային որոշման մեջ արտահայտած դիրքորոշումն առ այն, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը չի պարունակում հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ որևէ դրույթ, ուստի աշխատանքային իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ դրույթները և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով, համաձայն որի հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին, հայցային վաղեմության մեկամսյա ժամկետի հաշվարկման սկիզբ է դիտել ոչ թե 2013թ. օգոստոսի 16-ը, այսինքն՝ հայցվորի կողմից անհատական իրավական ակտը ստանալու հաջորդ օրը, այլ 2013թ. հուլիսի 28-ը, այսինքն՝ հայցվորի կողմից համապատասխան հրամանով իրեն աշխատանքից ազատելու մասին իմանալու օրը՝ համաձայն հայցադիմումում առկա, ինչպես նաև գործի քննության ընթացքում հայցվորի հայտնած տեղեկությունների:

Արդյունքում Դատարանը գտել է, որ հայցվորի կողմից բաց է թողնվել դատարան դիմելու համար ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված մեկամսյա ժամկետը և կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար, մերժել է հայցը:

2. Գտնում եմ, որ դատարանը, քննության առարկա չդարձնելով հայցի առարկան կազմող պահանջներից մեկը՝ աշխատանքային գրքույկում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքի գրառումն անվավեր ճանաչելու պահանջը, նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի պահանջը՝ հաշվի առնելով դրա վերաբերյալ առկա նախադեպային որոշումը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա:

Նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` դատարանը վճիռ կայացնելիս որոշում է կայացնում հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը այս կապակցությամբ իր նախադեպային որոշումներից մեկում (2011թ. հոկտեմբերի 14-ի թիվ ԱՎԴ/0470/02/10) արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վերոնշյալ երկու հոդվածների վերլուծությունից բխում է.

● դատավորի պարտականությունը քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,

● քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն՝ հայցվորն իրավունք ունի մեկ հայցադիմումում միացնել միմյանց հետ կապված մի քանի պահանջներ:

Տվյալ դեպքում հայցվորը հայցադիմումում նշված հայցապահանջների մեջ նշել է նաև աշխատանքային գրքույկում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքի գրառումն անվավեր ճանաչելու պահանջ:

Մինչդեռ Դատարանը չի անդրադարձել աշխատանքային գրքույկում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքի գրառումն անվավեր ճանաչելու պահանջին և մերժել է հայցը՝ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով, այն պարագայում, որ իրավահարաբերության պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վաղեմության մեկամսյա ժամկետը տարածվում է միայն այդ հոդվածով նախատեսված աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ վեճերով դատարան ներկայացված հայցերի նկատմամբ:

Այսինքն՝ Դատարանը չի անդրադարձել և քննության առարկա չի դարձրել հայցադիմումում նշված աշխատանքային գրքույկում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքի գրառումն անվավեր ճանաչելու պահանջը:

Հարկ ենք համարում նշել, որ աշխատանքային գրքույկում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքի գրառումն անվավեր ճանաչելու պահանջի նկատմամբ տարածվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների համար հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է՝ բացառությամբ օրենսգրքով նախատեսված դեպքերի: Ուստի 265-րդ հոդվածով նախատեսված մեկամսյա ժամկետը դրա նկատմամբ կիրառելի չէ:

Նշվածով հիմնավորվում է, որ Դատարանը այդ պահանջի նկատմամբ էլ կիրառել է 265-րդ հոդվածով նախատեսված մեկամսյա ժամկետը՝ անտեսելով այն հանգամանքը, որ դրա նկատմամբ կիրառելի է ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմության ընդհանուր 3 տարվա ժամկետը, որն այս դեպքում ևս հայցվորի կողմից պահպանվել է:

 Այսինքն՝ անգամ եթե հայցվորը բաց թողած լիներ 265-րդ հոդվածով նախատեսված մեկամսյա վաղեմության ժամկետը, որը վերաբերելի էր աշխատանքային պայմանագրի լուծմանը՝ 2013թ. հուլիսի 13-ի թիվ 65-Կ հրամանն անվավեր ճանաչելու պահանջներին, ապա աշխատանքային գրքույկում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքի գրառումն անվավեր ճանաչելու պահանջի մասով վաղեմության ժամկետը պահպանած կլիներ, ուստի այդ դեպքում ևս Դատարանը պարտավոր էր քննության առնել այդ պահանջը:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը աշխատողին տալիս է աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը աշխատանքային գրքույկում չգրառելու իրավունք: Մասնավորապես 90-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ աշխատողի պահանջով աշխատանքային գրքույկում լրացվում է աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը: Սույն հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ աշխատողի կողմից նման գրառում կատարելու ցանկություն չհայտնելու դեպքում գործատուն իրավունք չունի իր նախաձեռնությամբ աշխատանքային գրքույկում լրացնելու աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը: Այնուամենայնիվ, սույն գործի փաստական հանգամանքներով հիմնավորվում է, որ պատասխանողը (գործատուն) իր նախաձեռնությամբ աշխատանքային գրքույկում նման գրառում է կատարել` խախտելով հայցվորի (աշխատողի) հիշյալ իրավունքը, որի վերականգնման ակնկալիքով էլ հայցվորը դիմել է դատարան:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

Այսպիսով, Դատարանի կողմից հայցվորի ներկայացրած պահանջներից աշխատանքային գրքույկում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքի գրառումն անվավեր ճանաչելու պահանջը քննության առարկա չդարձնելու արդյունքում խախտվել է հայցվորի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը:

Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում եմ, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ելենա Քոչարյանը, թիվ ԱՎԴ/0925/02/13 քաղաքացիական գործով դատարան դիմելու իրավունքի ծագման պահը օրենքի խախտմամբ որոշելով, վաղեմության ժամկետը սխալ հաշվարկելով և արդյունքում այն բաց թողնված համարելով, սխալ է կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ և 337-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջները, հայցի առարկան կազմող պահանջներից մեկը քննության առարկա չդարձնելով, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի պահանջների խախտում, ինչի արդյունքում խախտել է նաև ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ելենա Քոչարյանը սույն գործի վերաբերյալ ներկայացված բացատրությամբ դատարան դիմելու իրավունքի ծագման պահը օրենքի խախտմամբ որոշելու, վաղեմության ժամկետը սխալ հաշվարկելու և արդյունքում այն բաց թողնված համարելու կապակցությամբ արտահայտել է այն դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրության 19-րդ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ, 265-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին, 331-րդ, 332-րդ, 333-րդ, 335-րդ հոդվածների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռների, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների համալիր վերլուծության արդյունքում եկել է այն եզրահանգման, որ ՀՀ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ժամկետ, միաժամանակ սահմանել է դրա հաշվարկման կարգը, այն է՝ դրա ընթացքը սկսում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այսինքն՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան անհատական իրավական ակտը ստանալու պահը նույնական է դրա մասին տեղեկանալու ժամանակի հետ:

Դատավոր Ելենա Քոչարյանը նշել է նաև, որ դատարան դիմելու իրավունքի նույնանման սահմանափակումներ են նախատեսված նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով՝ մատնանշելով 65-րդ հոդվածը, որի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը: Նույն օրենսգրքի 71-րդ, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ, 60-րդ հոդվածների վերլուծության արդյունքում դատավորը եկել է եզրահանգման, որ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջով անձը կարող է դիմել ՀՀ վարչական դատարան տվյալ վարչական ակտը ստանալու օրվանից երկամսյա ժամկետում: Սակայն դատավորն արտահայտել է այն դիրքորոշումը, որ եթե գործի քննության ընթացքում հիմնավորվում է, որ վիճարկման հայց ներկայացրած անձը մինչև տվյալ վարչական ակտը ստանալը տեղյակ է եղել կամ պարտավոր էր տեղյակ լինել դրա մասին, դատարանի կողմից հայցը մերժվում է վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված երկամսյա ժամկետը բաց թողնված լինելու հիմքով: Նշվածը դատավորի կողմից հիմնավորվել է թիվ ՎԴ/3938/05/12 վարչական գործով:

Դատավորը նշել է նաև, որ հայցվորը թե՛ հայցադիմումում և թե՛ գործի քննության ընթացքում հայտնել է, որ իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ 2013թ. հուլիսի 13-ի հրամանի մասին իմացել է 2013թ. հուլիսի 28-ին: Դա երևում է նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահին 2013թ. օգոստոսի 5-ին ուղղված դիմումից: Այսինքն, հայցվորն արդեն իմացել է թե՛ իրեն աշխատանքից ազատելու, թե՛ դրա պատճառների և թե՛ անհատական իրավական ակտի ամսաթվի մասին և արդյունքում կաշկանդված չէր օգտվելու դատարան դիմելու իր իրավունքից:

Հայցի առարկան կազմող պահանջներից մեկը քննության առարկա չդարձնելու կապակցությամբ դատավորը հայտնել է այն դիրքորոշումը, որ եզրահանգման մեջ առկա է հակասություն՝ մի կողմից նշված է, որ Դատարանը տվյալ պահանջը քննության առարկա չի դարձրել, մյուս կողմից՝ դրա նկատմամբ կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով նախատեսված հայցային վաղեմության մեկամսյա ժամկետը: Դատավորն ավելացրել է նաև, որ պահանջը քննության առարկա չդարձնելը դեռ չի նշանակում, որ տվյալ պահանջի նկատմամբ կիրառվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով նախատեսված մեկամսյա ժամկետը, քանի որ այն կիրառելու վերաբերյալ վճռում առկա չէ որևէ նշում:

Միաժամանակ վերլուծելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերը՝ դատավորը եկել է այն եզրահանգման, որ գործատուն պարտավոր է աշխատողի աշխատանքային գրքույկում լրացնել գրառման, իսկ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում՝ դրա լուծման հիմքը, ինչպես նաև նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված տեղեկությունները: Գործատուի կողմից դրանք գրառելու իր պարտականությունը չկատարելու դեպքում միայն նա իրավունք ունի գործատուից պահանջելու լրացնել դրանք: Այսինքն՝ ըստ դատավոր Ելենա Քոչարյանի՝ աշխատանքային օրենսգիրքը ոչ թե աշխատողին տալիս է աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը աշխատանքային գրքույկում չգրառելու իրավունք, այլ՝ գործատուի կողմից աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը չլրացվելու դեպքում վերջինիս նման գրառում կատարելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու իրավունք:

Դատավոր Ելենա Քոչարյանը հայտնել է նաև, որ հայցապահանջներից մեկը քննության առարկա չդարձնելը, բայց դրա վերաբերյալ վճիռ կայացնելը չի կարող դիտվել ակնհայտ ու կոպիտ խախտում, քանի որ դատարանն իրավունք ունի լրացուցիչ վճիռ կայացնելու այն պահանջով, որը ներկայացված է եղել հայցադիմումում, բայց դատարանի կողմից դրա վերաբերյալ վճիռ չի կայացվել, ինչպես նաև պարզաբանել իր կողմից կայացված վճիռը, որը հստակ չէ, ուղղել թույլ տրված վրիպակները: Այսինքն՝ ՀՀ օրենսդիրը, չբացառելով հայցադիմումում որևէ պահանջի վերաբերյալ դատարանի կողմից վճիռ չկայացնելու, վճռի հստակ չլինելու, վճռում վրիպակներ թույլ տալու դեպքերը, դատարանին իրավունք է վերապահել ուղղելու դրանք, ուստի հստակ վճիռ չկայացնելը կամ վճռում դրա մերժման (բավարարման) հիմնավորումները չնշելը չի կարող դիտվել որպես դատարանի կողմից թույլ տրված ակնհայտ ու կոպիտ խախտում:

Անդրադառնալով դատավորի ներկայացրած բացատրությամբ արտահայտած այն դիրքորոշմանը, որ «դատարանը աշխատանքային գրքույկում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքի գրառումն անվավեր ճանաչելու պահանջը քննության առարկա չի դարձրել» և «դրա նկատմամբ կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով նախատեսված հայցային վաղեմության մեկամսյա ժամկետը» արտահայտությունների միջև առկա է հակասություն, պետք է նշել, որ վերոնշյալ եզրահանգման մեջ հակասություն չկա, քանի որ դատարանի կողմից աշխատանքային գրքույկում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքի գրառումն անվավեր ճանաչելու պահանջը քննության առարկա չի դարձվել հենց այն պատճառով, որ դրա նկատմամբ ևս կիրառվել է դատարան դիմելու մեկամսյա ժամկետը: Դրա մասին վկայում է դատարանի վճռում բերված հետևյալ հիմնավորումը. «...Դատարանը գտնում է, որ հայցվորը հայցադիմումը ներկայացրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետից հետո, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով հայցը ենթակա է մերժման»: Այսինքն՝ դատարան դիմելու մեկամսյա ժամկետը բաց թողնելու հիմքով հայցը դատարանի կողմից մերժվել է ամբողջությամբ այն պարագայում, որ հայցը բաղկացած էր մի քանի հայցապահանջներից, այդ թվում՝ աշխատանքային գրքույկում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքի գրառումն անվավեր ճանաչելու պահանջից:

Դատավոր Ելենա Քոչարյանի բացատրությամբ նշված մյուս փաստարկները հերքվում են սույն եզրակացությամբ բերված հիմնավորումներով:

Դատավորի կողմից լրացուցիչ ստուգումներ կատարելու միջնորդություն կամ լրացուցիչ բացատրություններ չեն ներկայացվել:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում եմ, որ Դատարանի դատավոր Ելենա Քոչարյանը թիվ ԱՎԴ/0925/02/13 քաղաքացիական գործով արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ հետևյալ խախտումները.

Ակնհայտ և կոպիտ է դատավոր Ելենա Քոչարյանի կողմից հայցվորի՝ դատարան դիմելու իրավունքի ծագման պահը օրենքի խախտմամբ որոշելը, վաղեմության ժամկետը սխալ հաշվարկելը և արդյունքում այն բաց թողնված համարելը, որով սխալ է կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ և 337-րդ հոդվածի 1-ին մասերը:

Ակնհայտ ու կոպիտ է նաև դատավորի կողմից հայցի առարկան կազմող պահանջներից մեկը քննության առարկա չդարձնելը, որով խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը և արդյունքում՝ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը:

Գտնում եմ, որ նշված նյութական և դատավարական նորմերի խախտումները չեն կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով, անհամատեղելի են դատավորի բարձր կոչման հետ, ինչպես նաև կատարված են կոպիտ անփութությամբ, քանի որ դատավորը տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:

Գտնում եմ, որ վերոնշյալ հանգամանքները ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ուժով հիմք են ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ելենա Քոչարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար»:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

 

Դատավոր Ե. Քոչարյանը ՀՀ արդարադատության նախարարին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«(....) Թիվ ԱՎԴ/0925/02/13 քաղաքացիական գործով իրավահարաբերության պահին գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային պայմանագրի փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը /փաստաթուղթը/ ստանալու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան:

Համաձայն ՀՀ արդարադատության նախարարի նշված եզրակացության՝ իմ կողմից դատարան դիմելու իրավունքի ծագման պահը որոշվել է օրենքի խախտմամբ, այն է՝ հայցային վաղեմության մեկամսյա ժամկետի սկիզբը հաշվարկվել է ոչ թե աշխատողի կողմից համապատասխան անհատական իրավական ակտը ստանալու օրվանից, այլ ակտի՝ 13.07.2013 թվականի թիվ 65 հրամանի մասին հայցվորի տեղյակ լինելու պահից՝ 28.07.2013 թվականից:

Ինչպես նշվել է թիվ ԱՎԴ/0925/02/13 քաղաքացիական գործով 16.09.2014 թվականի կայացված վճռում ՀՀ Սահմանադրության 1-ին, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ, 265-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին, 331-րդ, 332-րդ, 335-րդ հոդվածների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռների, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների համալիր վերլուծության արդյունքում եկել եմ այն եզրահանգմանը, որ ՀՀ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ժամկետը, միաժամանակ սահմանել է այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

Այսինքն՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է համապատասխան անհատական իրավական ակտը ստանալու պահը նույնական է դրա մասին տեղեկանալու ժամանակի հետ:

Ավելին, անձի դատարան դիմելու իրավունքի նույնանման սահմանափակումներ են նախատեսված նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով, մասնավորապես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:

Նույն օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վիճարկման հայցը կարող է դատարան ներկայացվել մեկամսյա ժամկետում վարչական ակտի ուժի մտնելու պահից:

«Վարչարարության հիմունքները և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո՝ եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում՝ ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև՝ օրենքով սահմանված այլ եղանակներով:

Նույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին՝ սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:

Նշված իրավանորմերից հետևում է, որ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջով անձը կարող է դիմել ՀՀ վարչական դատարան տվյալ վարչական ակտը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

Սակայն պրակտիկայում, երբ գործի քննության ընթացքում հիմնավորվում է, որ վիճարկման հայց ներկայացրած անձը մինչև տվյալ վարչական ակտը ստանալը տեղյակ է եղել դրա մասին, կամ պարտավոր էր տեղյակ լիներ, դատարանի կողմից կայացվում է հայցը մերժելու մասին վերջնական դատական ակտ՝ վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված երկամսյա ժամկետը բաց թողնված լինելու հիմքով:

Օրինակ՝ ըստ հայցի Ֆենյա Սերոբյանի և Գայանե Սարգսյանի ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Երևան տարածքային ստորաբաժանման, ՀՀ կառավարության, երրորդ անձինք՝ Երևանի քաղաքապետարանի, Վիլիկ Սարգսյանի, Յուրիկ Սարգսյանի, Տարոն Եղոյանի, Շավարշ Եղոյանի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ ՎԴ/3938/05/13 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 19.07.2013 թվականի վճռով վարչական գործի վարույթը կարճվել է այն հիմնավորմամբ, որ մեկ այլ՝ թիվ ԵԷԴ/0698/02/08 քաղաքացիական գործի քննության ընթացքում հայցվորները տեղեկացել են վիճարկվող վարչական ակտի մասին, հետևաբար բաց են թողել վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված երկամսյա ժամկետը:

Նշված վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը 15.04.2014 թվականի որոշմամբ հիմնավոր է գտել ստորադաս ատյանի կողմից կայացված վճռի հիմքում դրված վերը նշված պատճառաբանությունը, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի 23.07.2014թ. որոշմամբ մերժվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.04.2014թ. որոշման դեմ հայցվորների կողմից բերված վճռաբեկ բողոքը:

Տվյալ պարագայում հայցվորը՝ Ռազմիկ Քարամյանը, ինչպես հայցադիմումում, այնպես էլ գործի քննության ընթացքում հայտնել է, որ իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ 13.07.2013թ. հրամանի մասին իմացել է 28.07.2013թ., երբ ներկայացել է աշխատանքի, և իրեն հայտնել են, որ աշխատանքից հեռացվել է անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքի չներկայանալու պատճառով՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի:

Բացի այդ, հայցվորն ինքը հայցադիմումին կից ներկայացրել է 05.08.2013թ. իր դիմումը՝ ուղղված «ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահին, որում վերջինս հայտնել է, որ աշխատանքի չներկայանալու պատճառով իրեն ազատել են աշխատանքից և խնդրել է աշխատանքային պայմանագրի լուծման հետ կապված բոլոր փաստաթղթերի պատճենները ուղարկել իրեն:

Նշվածից հետևում է, որ 28.07.2013թ. դրությամբ Ռազմիկ Քարամյանը արդեն իսկ իմացել է և՛ իրեն աշխատանից ազատելու, և՛ դրա պատճառների, և՛ համապատասխան անհատական իրավական ակտի ամսաթվի մասին, այսինքն՝ Ռ. Քարամյանը 28.07.2013թ. սկսած որևէ կերպ կաշկանդված չէր օգտվելու նույն պահանջով դատարան դիմելու իր իրավունքից, հետևաբար վերոնշյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում դատարան դիմելու համար սահմանված մեկամսյա ժամկետի հոսքը հաշվարկվել է 28.07.2013թ.:

Բացի այդ, եզրակացության մեջ նշվել է, որ դատարանը չի անդրադարձել և քննության առարկա չի դարձրել հայցադիմումում նշված աշխատանքային գրքույկում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքի գրառումն անվավեր ճանաչելու պահանջը, որում հիմնավորվում է, որ դատարանն այդ պահանջի նկատմամբ էլ է կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով նախատեսված մեկամսյա ժամկետը՝ անտեսելով այն հանգամանքը, որ դրա նկատմամբ կիրառելի է ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմության ընդհանուր 3 տարվա ժամկետը:

Հարկ է նշել, որ եզրակացության մեջ նշված «տվյալ պահանջը քննության առարկա չդարձնելը» /վճռի պատճառաբանական մասում դրա մերժման հիմնավորումներ չնշելը/ չի կարող հիմք հանդիսանալ գալու այն եզրահանգման, որ տվյալ պահանջի նկատմամբ կիրառվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով նախատեսված հայցային վաղեմության մեկամսյա ժամկետը կիրառելու մեջ:

Միաժամանակ վերլուծելով եզրակացության՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 90-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը՝ նշվել է, որ դրանից հետևում է, որ աշխատողի կողմից իր աշխատանքային գրքույկում աշխատանքային պայմանագրի լուծման հիմք գրառելու վերաբերյալ ցանկություն չհայտնելու դեպքում գործատուն իրավունք չունի իր նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը գրառելու, քանի որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը աշխատողին տալիս է աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը աշխատանքային գրքույկում չգրառելու իրավունք, իսկ քանի որ տվյալ դեպքում պատասխանողը /գործատուն/ իր նախաձեռնությամբ աշխատանքային գրքույկում կատարել է նման գրառում՝ խախտելով հայցվորի /աշխատողի/ մեկ վերը նշված իրավունքը, ուստի դատարանը խախտել է հայցվորի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործատուն պարտավոր է հիմնական աշխատավայրում աշխատող բոլոր աշխատողների համար վարել աշխատանքային գրքույկ:

Նույն հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ աշխատանքային գրքույկում լրացվում է գրառման հիմքը՝ իրավական ակտի համարը, ընդունման օրը, ամիսը, տարին:

Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «Աշխատողի պահանջով աշխատանքային գրքույկում լրացվում են՝

1. աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը

2. զբաղեցրած պաշտոնի կամ կատարած աշխատանքի մասին տեղեկությունները

3. համատեղության կարգով աշխատելու ժամանակահատվածը, եթե աշխատողը համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ է ներկայացնում հիմնական աշխատավայրի գործատուին»:

Համաձայն նույն հոդվածի 5-րդ մասի՝ աշխատանքային գրքույկում, սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված տեղեկություններից բացի, այլ տեղեկություններ չեն գրառվում:

Նշված հոդվածի մասերի և դրանց կետերի վերլուծությունից հետևում է, որ գործատուն պարտավոր է աշխատողի աշխատանքային գրքույկում լրացնել գրառման հիմքը, իսկ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում՝ դրա լուծման հիմքը, ինչպես նաև նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, իսկ նշված հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված տեղեկությունները չգրառելու՝ գործատուի կողմից իր պարտականությունները չկատարելու դեպքում աշխատողն իրավունք ունի գործատուից պահանջելու աշխատանքային գրքույկում լրացնել նշված տեղեկությունները:

Այսինքն՝ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը ոչ թե աշխատողին տալիս է աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը աշխատանքային գրքույկում չգրառելու իրավունք, ինչպես նշվել է եզրակացության նախագծում, այլ գործատուի կողմից աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը չլրացվելու դեպքում վերջինիս նման գրառում կատարելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու իրավունք:

Միաժամանակ գտնում եմ, որ դատարանի կողմից հայցապահանջներից մեկը քննության առարկա չդարձնելը, սակայն դրա վերաբերյալ վճիռ կայացնելը չի կարող դիտվել որպես ակնհայտ և կոպիտ խախտում հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործի մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ լրացուցիչ վճիռ կայացնել, եթե՝

1. վճիռ չի կայացրել որևէ պահանջով, որով գործին մասնակցող անձինք ապացույցներ են ներկայացրել

2. լուծելով իրավունքի մասին հարցը, չի նշել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք պարտավոր է կատարել պատասխանողը

3. չի լուծել դատական ծախսերի հարցը»:

Նույն օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները՝ չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը:

Նշված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանն իրավունք ունի լրացուցիչ վճիռ կայացնելու այն պահանջով և /կամ/ պահանջներով, որոնք ներկայացված են եղել հայցադիմումում, սակայն դատարանի կողմից դրա /դրանց/ վերաբերյալ վճիռ չի կայացվել, ինչպես նաև պարզաբանել իր կողմից կայացված վճիռը, որը հստակ չէ, ուղղել թույլ տրված վրիպակները:

Այսինքն՝ ՀՀ օրենսդիրը չբացառելով հայցադիմումում նշված որևէ պահանջի վերաբերյալ դատարանի կողմից վճիռ չկայացնելու, վճռի հստակ չլինելու, վճռում վրիպակներ թույլ տալու դեպքերը, դատարանին իրավունք է տվել ուղղել տվյալ վրիպումները, որպիսի պայմաններում հստակ վճիռ չկայացնելը, ինչպես նաև վճռում դրա մերժման կամ բավարարման հիմնավորումները չնշելը չի կարող դիտվել որպես դատարանի կողմից թույլ տրված ակնհայտ և կոպիտ խախտում»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1) Քաղաքացի Ռազմիկ Քարամյանը, 13.07.2013թ. թիվ 65-Կ հրամանի համաձայն, ազատվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Արտաշատի ԳԳՄ-ի Մասիսի տարածքային տեղամասի բնական գազի ռեժիմի, վթարակարգավարական և վթարավերականգնման ծառայության հերթապահ կարգավար-օպերատորի աշխատանքից՝ անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա /հերթափոխի/ ընթացքում աշխատանքի չներկայանալու պատճառով՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի:

2) Աշխատանքից ազատման մասին հրամանի պատճենը և աշխատանքային գրքույկի բնօրինակը, ըստ ծրարի վրա առկա փոստային բաժանմունքի կնիքի, Ռազմիկ Քարամյանի բնակության վայրի հասցեում ստացվել է 15.08.2013թ.:

3) Ռազմիկ Քարամյանը 10.09.2013թ. փոստային առաքման ծառայության միջոցով հայցադիմում է ուղարկել Դատարան, որտեղ այն մուտք է եղել 13.09.2013թ. և Դատարանի կողմից վարույթ ընդունվել 17.09.2013թ.:

4) Թիվ ԱՎԴ/0925/02/13 քաղաքացիական գործով պատասխանող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վարչության նախագահի 05.03.2014թ. թիվ 22 հրամանով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի անվանումը փոփոխվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի) Արտաշատի ԳԳՄ-ի մասնաճյուղի տնօրեն Ա. Հարությունյանի կողմից 01.09.2014թ. Դատարանին ներկայացվել է միջնորդություն՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին:

5) Դատարանը 16.09.2014թ. կայացրած վճռով մերժել է հայցվոր Ռազմիկ Քարամյանի հայցն ընդդեմ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի՝ աշխատանքային պայմանագրի լուծումը, 13.07.2013թ. թիվ 65-Կ հրամանը, աշխատանքային գրքույկում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքի գրառումն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու պահանջների մասին:

 6) Դատարանը, վիճելի իրավահարաբերության ժամանակ գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետի մեկնարկի սկիզբը դիտելով ոչ թե աշխատանքից ազատման մասին հրամանը հայցվորի կողմից ստանալու, այլ աշխատանքից ազատման մասին իմանալու պահը, մերժել է հայցվորի պահանջները՝ աշխատանքային պայմանագրի լուծումը, 13.07.2013թ. թիվ 65-Կ հրամանն անվավեր ճանաչելու և աշխատանքում վերականգնելու մասին՝ կիրառելով հայցային վաղեմություն:

Դատարանը վճռով չի անդրադարձել հայցվորի՝ աշխատանքային գրքույկում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքի գրառումն անվավեր ճանաչելու պահանջին:

7) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 16.09.2014թ. որոշմամբ բավարարել է հայցվոր Ռազմիկ Քարամյանի վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Դատարանի 16.09.2014թ. կայացրած վճիռը և գործն ուղարկելով նոր քննության:

8) ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015թ. որոշմամբ մերժվել է թիվ ԱՎԴ/0925/02/13 քաղաքացիական գործով պատասխանող «Գազպրոմ» ՓԲԸ-ի Արտաշատի ԳԳՄ-ի ներկայացուցչի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննարկելով Դատարանի դատավոր Ե. Քոչարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ արդարադատության նախարարի ներկայացուցչի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

1. ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքեր են` արդարադատություն իրականացնելիս դատավորի կողմից նյութական և (կամ) դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումները, որոնք կատարվել են չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը»:

Նույն օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն` եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:

Վերոշարադրյալից հետևում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է, որ վերջինիս կողմից թույլ տրված խախտումը լինի ակնհայտ և կոպիտ և այն կատարված լինի չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ, այսինքն՝ դատավորի կողմից թույլ տրված ցանկացած խախտում չէ, որ կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության, այլ Դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ են հետևյալ վավերապայմանների միաժամանակյա առկայությունը.

1. Արդարադատություն իրականացնելիս դատավորի կողմից նյութական և (կամ) դատավարական նորմի խախտում թույլ տալը,

2. Այդ խախտման ակնհայտ և կոպիտ լինելը,

3. Այդ խախտումը չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ կատարված լինելը:

ՀՀ դատական օրենսգրքի 153.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն գլխի իմաստով ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:

Նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի այն խախտումը, որը հեղինակազրկում է արդարադատությունը կամ անհամատեղելի է դատավորի բարձր կոչման հետ: Կոպիտ է նաև պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է արդարադատությունը կամ դատավորի բարձր կոչումը:

Նյութական կամ դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտման հասկացության վերաբերյալ իր իրավական դիրքորոշումը Խորհուրդն արտահայտել է նախկինում կայացրած որոշումներում, ըստ որի՝ «Օրենքի նորմերի կոպիտ և ակնհայտ խախտումներ են արդարադատության իրականացման ընթացքում ՀՀ Սահմանադրության, օրենքների նորմերի այնպիսի էական խախտումները, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել անձանց՝ վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների կոպիտ սահմանափակմանը, դրանցից զրկելուն, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը խոչընդոտելուն և ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը» (տե՛ս Արդարադատության խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 12-ի ԱԽ-7-Ո-18 որոշում):

Խորհրդի մեկ այլ` 2014 թվականի ապրիլի 4-ի ԱԽ-7-Ո-3 որոշմամբ Խորհուրդն արձանագրել է, որ «(...) դատավորին վերագրվող խախտումը չի կարող համարվել ակնհայտ և կոպիտ, եթե այն չի պարունակում ՀՀ Սահմանադրության կամ օրենքների նորմերի այնպիսի էական, անվիճելի և անհերքելի խախտումներ, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել անձանց՝ վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների կոպիտ սահմանափակմանը, չհիմնավորված և չպատճառաբանված որոշման կայացմանը: Հետևաբար այն չի կարող նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանալ»:

Վիճելի իրավահարաբերության ժամանակ գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: (...)»:

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԼԴ/1071/02/09 քաղաքացիական գործով 03.12.2010թ. կայացված որոշմամբ արձանագրել է, որ «(...) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի տառացի մեկնաբանությունից բխում է, որ դրանով սահմանված ժամկետն այնպիսի ժամկետ է, որի ընթացքում հայցվորը կարող է հայց ներկայացնելու միջոցով ակնկալել խախտված իրավունքների պաշտպանություն։ Հետևաբար՝ այդ ժամկետն իր բնույթով համապատասխանում է հայցային վաղեմության ժամկետին» (տե՛ս ըստ հայցի Ադիկ Արդարյանի ընդդեմ Վանաձորի աթլետիկայի և «Ձմեռային մարզաձևերի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՀՈԱԿ-ի թիվ ԼԴ/1071/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դատարանը, վիճելի իրավահարաբերության ժամանակ գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետի մեկնարկի սկիզբը դիտելով ոչ թե աշխատանքից ազատման մասին հրամանը հայցվորի կողմից ստանալու, այլ աշխատանքից ազատման մասին իմանալու պահը, թիվ ԱՎԴ/0925/02/13 քաղաքացիական գործով հացվորի պահանջների (աշխատանքային պայմանագրի լուծումը և 13.07.2013թ. թիվ 65-Կ հրամանն անվավեր ճանաչել, նախկին աշխատանքում վերականգնել) նկատմամբ կիրառել է հայցային վաղեմություն և հայցը մերժել:

ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորը և սահմանադրական դատարանի անդամն անկախ են, ենթարկվում են միայն Սահմանադրությանը և օրենքին:

ՀՀ դատական օրենսգրքի 153.2-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Արդարադատություն իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության»:

Դատավորների անկախության, արդյունավետության և պատասխանատվության վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ CM/Rec(2010)12 Հանձնարարականի 5-րդ կետի համաձայն` դատավորները պետք է անսահմանափակ հնարավորություն ունենան գործերը լուծելու անկողմնակալ ձևով` օրենքին և փաստերի իրենց մեկնաբանությանը համապատասխան (տե՛ս Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 17.11.2010թ. թիվ CM/Rec(2010)12 Հանձնարարական):

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի անկախության սկզբունքի կարևոր դատավարական երաշխիք է հանդիսանում օրենքի մեկնաբանության և դրա հիման վրա որոշման կայացման լիարժեք անկախությունը: Իրավունքի նորմի մեկնաբանությունը հատուկ տրամաբանական գործընթաց է, որը նույնական չէ ապացուցման գործընթացին: Կողմերն իրավասու են իրենց իրավական դիրքորոշումներով ազդել դատարանի կարծիքի ձևավորման վրա, սակայն օրենքի կիրառումը, ինչն օրենքի մեկնաբանության հետևանք է, վերջին հաշվով դատարանի մենաշնորհն է: Այսինքն` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը կիրառում է իրավունքի նորմը` ղեկավարվելով դրա բովանդակության սեփական ընկալմամբ:

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավոր Ե. Քոչարյանի կողմից վիճելի իրավահարաբերության ժամանակ գործող ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ արված մեկնաբանությունը չի կարող դիտարկվել որպես արդարադատություն իրականացնելիս դատավորի կողմից թույլ տրված նյութական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

Նման պայմաններում Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավոր Ե. Քոչարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը՝ դատավորի կողմից հայցային վաղեմություն կիրառելու մասով, ենթակա է մերժման, քանի որ դատավորի կողմից թույլ չեն տրվել նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:

2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Աշխատանքային գրքույկը աշխատողի աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ ներառող հիմնական փաստաթուղթն է»:

Նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «Աշխատողի պահանջով աշխատանքային գրքույկում լրացվում է աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը»:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Աշխատանքային գրքույկում, սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված տեղեկություններից բացի, այլ տեղեկություններ չեն գրառվում»:

Վերոգրյալից հետևում է, որ աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում ազատման հիմքն աշխատանքային գրքույկում կարող է գրառվել բացառապես աշխատողի պահանջով:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԱՎԴ/0925/02/13 քաղաքացիական գործով հայցվոր Ռազմիկ Քարամյանը ներկայացված հայցով, ի թիվս այլնի, պահանջել է նաև անվավեր ճանաչել աշխատանքային գրքույկում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքի գրառումը, որին Դատարանը վճռով չի անդրադարձել:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, իսկ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա»:

Նշված հոդվածի մեկնաբանությունից հետևում է, որ դատարանի կողմից քաղաքացիական գործի հարուցման համար հիմք է հանդիսանում հայցվորի կողմից ներկայացված հայցը, որում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ և 7-րդ ենթակետերի համաձայն՝ նշվում են հայցի հիմքն ու առարկան:

Հայցի տարրերը նրա բաղկացուցիչ մասերն են, որոնք որոշում են նրա բովանդակությունը, նրա իրավական բնույթը և հնարավորություն են տալիս անհատականացնել հայցը, այն տարբերել նույնական հայցերից, հետևաբար և` լուծել նույն կողմերի միջև, նույն տարրերով հարուցվող հայցերը կրկին անգամ վարույթ չընդունելու հարցը։

Հայցի առարկան վիճելի իրավահարաբերությունից բխող և հայցվորի կողմից պատասխանողի դեմ ուղղված նյութաիրավական պահանջն է, որի կապակցությամբ դատարանը պետք է վճիռ կայացնի։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ «Դատարանը վճիռ կայացնելիս որոշում է կայացնում հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին»:

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԱՎԴ/0470/02/10 քաղաքացիական գործով 14.11.2011թ. կայացրած որոշմամբ, համադրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի և 131-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի դրույթները, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վերոնշյալ երկու հոդվածների վերլուծությունից բխում է, որ

● դատավորի պարտականությունը քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,

● քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում (տե՛ս «Հայփոստ» ՓԲԸ-ն ընդդեմ Ռուսլան Բադալյանի թիվ ԱՎԴ/0470/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.11.2011 թվականի որոշումը):

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտնում է, որ Դատարանը, չանդրադառնալով աշխատանքային գրքույկում աշխատանքային պայմանագրի լուծման հիմքի գրառումն անվավեր ճանաչելու մասին հայցվորի պահանջին, որպիսի փաստը չի վիճարկվում նաև դատավորի կողմից, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի և 131-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավոր Ե. Քոչարյանը, թիվ ԱՎԴ/0925/02/13 քաղաքացիական գործով կայացված վճռով չանդրադառնալով աշխատանքային գրքույկում աշխատանքի հիմքի գրառումն անվավեր ճանաչելու մասին հայցվորի պահանջին, արդարադատություն իրականացնելիս կոպիտ անփութությամբ, քանի որ դատավորը տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թույլ է տվել դատավորի բարձր կոչման հետ անհամատեղելի դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնց առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: Նշված խախտումները ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 153.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարել: ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ե. Քոչարյանին հայտարարել նախազգուշացում:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Ա. Բաբայան

Ռ. Բարսեղյան

Ա. Դարբինյան

Գ. Խանդանյան

Մ. Հարթենյան

Գ. Ղազինյան

Ս. Չիչոյան

Ե. Սողոմոնյան

Վ. Ստեփանյան

Հ. Փանոսյան

Ս. Օհանյան