ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2015 թվականի N 633-Ն
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂՎԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյանի տեղեկատվության տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյանի քաղվածքների տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 16 |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով կարգավորվում են շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյանից (այսուհետ՝ գրանցամատյան) էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն տրամադրելու պայմանների հետ կապված հարաբերությունները:
2. Գրանցամատյանի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար: Գրանցամատյանի տեղեկությունները հասանելի են տեղեկատվական համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության (այսուհետ՝ գործակալություն) պաշտոնական կայքից` առանց վճարում կատարելու:
3. Գործակալությունը տեղեկատվությունը տրամադրում է դիմումն ստանալուց հետո` անմիջապես:
4. Գործակալության կայքից տեղեկատվական համակարգի միջոցով յուրաքանչյուր անձ կարող է իրականացնել շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի առարկայի մասին տեղեկությունների փնտրում՝ մուտքագրելով պարտապանի ճշգրիտ անվանումը կամ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի առարկայի նկարագիրը, կամ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման համարը:
5. Ֆիզիկական և իրավաբանական անձինք գրանցամատյանի տեղեկությունների պատճենը էլեկտրոնային եղանակով կարող են ստանալ գործակալության պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված գործիքների միջոցով: Փնտրողը, էկրանին բացված ցուցումներին համապատասխան գործողություններ կատարելուց հետո, էկրանին ստանում է անհրաժեշտ տեղեկատվության պատկերը, որը կարող է տպել, փոխանցել կամ, իր ընտրությամբ, օգտագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած այլ ձևով:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Անձի պահանջով տեղեկությունները տրամադրվում են թղթային կրիչի վրա՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության (այսուհետ՝ գործակալություն) կողմից հաստատված քաղվածքի ձևով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով:
2. Անձը ներկայացնում է ապահովված առարկայի մասին տեղեկությունները՝ դիմումում լրացնելու միջոցով: Դիմումին կցվում են վճարման անդորրագրի բնօրինակը, իսկ էլեկտրոնային համակարգով վճարելու դեպքում՝ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:
3. Քաղվածքը տրամադրվում է անմիջապես՝ գործակալության կողմից:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |