Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.04.15/21(1110).1 Հոդ.287.6
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
16.12.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
16.12.2014
Дата вступления в силу
16.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՇԴ2/0007/15/13

 ՇԴ2/0007/15/13

Նախագահող դատավոր` Լ. Թադևոսյան

 

 ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ս. ՕՀԱՆՅԱՆԻ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

     

քարտուղարությամբ`

Հ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

 

 2014 թվականի դեկտեմբերի 16-ին  ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դատապարտյալ Բաբկեն Ռազմիկի Միսակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի մայիսի 30-ի որոշման դեմ դատախազ Կ.Գաբրիելյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Ղազախստանի Հանրապետության Կոստանայի մարզային դատարանի 2006 թվականի մայիսի 29-ի դատավճռով Բաբկեն Ռազմիկի Միսակյանը մեղավոր է ճանաչվել Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետով և 103-րդ հոդվածի 1-ին մասով: ՂՀ քրեական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետով Բ. Միսակյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 15 (տասնհինգ) տարի ժամկետով, իսկ 103-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով: ՂՀ քրեական օրենսգրքի 58-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ՝ հանցանքների համակցությամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Բ. Միսակյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 17 (տասնյոթ) տարի ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2005 թվականի սեպտեմբերի 8-ից` պատժի մեջ հաշվակցելով 2004 թվականի օգոստոսի 23-ից մինչև 2005 թվականի սեպտեմբերի 8-ը Ռուսաստանի Դաշնությունում հանձնման (էքստրադիցիա) նպատակով Բ. Միսակյանի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը:

Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունների երկկողմ համաձայնությամբ, հետագա պատիժը Հայաստանի Հանրապետությունում կրելու համար Բ. Միսակյանը 2009 թվականի ապրիլի 30-ին հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:

2009 թվականի հունիսի 18-ին ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը դիմել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Բ. Միսակյանի վերաբերյալ Ղազախստանի Հանրապետության Կոստանայի մարզային դատարանի 2006 թվականի մայիսի 29-ի դատավճիռը ՀՀ քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու միջնորդությամբ:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության միջնորդությունը բավարարվել է. Ղազախստանի Հանրապետության Կոստանայի մարզային դատարանի 2006 թվականի մայիսի 29-ի դատավճռով ՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով Բ. Միսակյանին մեղսագրված արարքի քրեաիրավական որակումը համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասին և դատավճռով նշանակված պատիժը թողնվել է անփոփոխ` ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով: ՂՀ քրեական օրենսգքրի 96-րդ հոդածի 2-րդ մասի «ժ» կետով Բ. Միսակյանին մեղսագրված արարքի քրեաիրավական որակումը համապատասխանեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին և պատիժ է սահմանվել ազատազրկում` 12 (տասներկու) տարի ժամկետով: 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի և 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ` հանցագործությունների համակցությամբ Բ. Միսակյանի նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում` 12 (տասներկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատժի մեջ հաշվակցվել է 2004 թվականի օգոստոսի 23-ից մինչև 2005 թվականի սեպտեմբերի 8-ը Ռուսաստանի Դաշնությունում հանձնման (էքստրադիցիա) նպատակով Բ. Միսակյանի կալանքի տակ գտնվելու 1 (մեկ) տարի 15 (տասնհինգ) օր ժամկետը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 10 (տասը) տարի 11 (տասնմեկ) ամիս 15 (տասնհինգ) օր ժամկետով` պատժի սկիզբը հաշվելով 2005 թվականի սեպտեմբերի 8-ից:

2. ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Բ. Միսակյանը 2013 թվականի նոյեմբերի 25-ին դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)՝ խնդրելով իր նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի պահանջները, այն է` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ եղած ժամկետը մեկ օրը մեկուկես օրվա դիմաց հաշվակցել իր նկատմամբ նշանակված պատժին:

Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ դատապարտյալ Բ. Միսակյանի դիմումը մերժվել է:

3. Դատապարտյալ Բ. Միսակյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի մայիսի 30-ին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը բեկանելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ և 13-րդ հոդվածների կիրառմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի (նախկին` 18.04.2003թ. խմբագրությամբ գործող) 69-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված կանոնների համաձայն` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը դատապարտյալ Բ. Միսակյանին նախնական կալանքի տակ պահելու ժամկետը` 2004 թվականի օգոստոսի 23-ից մինչև 2006 թվականի օգոստոսի 9-ը, որը կազմում է 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս 17 (տասնյոթ) օր, հաշվակցվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ Բ. Միսակյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժին` մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 30-ի որոշման դեմ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Կ.Գաբրիելյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2014 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ղազախստանի Հանրապետության Կոստանայի մարզային դատարանի 2006 թվականի մայիսի 29-ի դատավճռով Բ. Միսակյանը դատապարտվել է հետևյալ արարքների համար.

2000 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Բ. Միսակյանը, Ս. Մկրտչյանի և հետախուզման մեջ գտնվող երրորդ անձանց հետ միասին գտնվելով Ղազախստանի Կոստանայ քաղաքի Կաիրբեկովի փողոցի թիվ 345 հասցեում գտնվող «Իվա» սրճարանի առանձնացված խցիկներից մեկում, զրուցել և ոգելից խմիչքներ են օգտագործել: Զրույցի ընթացքում ծագած վիճաբանության ընթացքում Բ. Միսակյանն ու վերոհիշյալ երրորդ անձինք ծեծի են ենթարկել Ս. Մկրտչյանին` նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև, միջին և ծանր աստիճանի տարբեր մարմնական վնասվածքներ: Այլ քաղաքացիների միջամտությամբ ծեծկռտուքը դադարել է, որից հետո բոլորը դուրս են եկել սրճարանի ընդհանուր սրահ, որտեղ Բ. Միսակյանը, Ս. Մկրտչյանին սպանելու դիտավորությամբ, առջևից դանակով հարվածել է նրա կրծքավանդակին և առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Նույն պահին Ս. Մկրտչյանին թիկունքից դանակով հարվածել է Բ. Միսակյանի հետ սրճարան եկած անձանցից մեկը` դարձյալ Ս. Մկրտչյանի առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Դրանից հետո Բ. Միսակյանը և վերոհիշյալ երրորդ անձինք, օգտվելով խառնաշփոթից, թաքնվել են դեպքի վայրից: Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով Ս. Մկրտչյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

6. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 3-ի որոշման մեջ արձանագրված է հետևյալը. «Համաձայն ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի թիվ ԵԷԴ/0033/15/09 18.04.2013թ. որոշման ի թիվս այլ հարցերի (…) ՀՀ Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ հանցանք կատարելու պահին գործող օրենքով ղեկավարվելու պահանջը կիրառելի է բացառապես քրեական հետապնդման հարցը լուծելիս, իսկ պատժի կատարման պայմանները ապահովելու նպատակով իրականացվող համապատասխանեցման ընթացքում դատարանը իրավասու չէ կիրառել այն, քանզի նշված պահանջի հիման վրա օտարերկրյա պետության դատարանի կողմից նշանակված պատիժը փոփոխելու արդյունքում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտել է, որ պատժի կատարման (հետագա կրման) նպատակով Հայաստանի Հանրապետությանը հանձնված անձի նկատմամբ օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված դատավճիռը ճանաչելու և ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանի իրավազորությունը սահմանափակված է փոխանցման պահին գործող քրեական օրենքով: Այլ խոսքով՝ պատժի պայմանները կատարելու նպատակով ՀՀ-ին հանձնված անձի նկատմամբ օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված դատավճիռը, այդ թվում՝ նշանակված պատժի մասով պետք է համապատասխանեցվի դատապարտյալի փոխանցման պահին գործող ՀՀ քր. օր-ի համապատասխան դրույթներով:

18.04.2003թ. ընդունված ՀՀ քր. օր-ի 69 հոդվածի 3-րդ մասով նախատեսված դրույթները, որ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը նախնական կալանքի տակ գտնվելու մեկ օրը պետք է հաշվել մեկ ու կես օրով, գործել է մինչև 09.06.2004թ. ընդունված «ՀՀ քր. օր-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-97-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը, մինչդեռ դատապարտյալ Բ. Միսակյանը նախնական կալանքի տակ է գտնվել 23.08.2004թ-ից:

(…) Այսպիսով, դատարանը գտնում է, որ դիմումով բերված միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման» (տե՛ս նյութեր, թերթ 22-23):

7. Վերաքննիչ դատարանը, հիշատակելով Վճռաբեկ դատարանի` Գ.Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 և Վ.Գալոյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0008/15/13 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, արձանագրել է, որ «(...) դատապարտյալ Բ. Միսակյանն իրեն մեղսագրված հանցավոր արարքները կատարել է մինչև 2004 թվականի հուլիսի 24-ը, հետևաբար Բ. Միսակյանի նախնական կալանքի տակ եղած ժամկետը` 2004 թվականի օգոստոսի 23-ից մինչև 2006 թվականի օգոստոսի 9-ը, որը կազմում է 1 (մեկ) տարի 11 (տասնմեկ) ամիս և 17 (տասնյոթ) օր, ենթակա է հաշվակցման նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժին` մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց:

(...) Վերոշարադրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատապարտյալ Բ. Միսակյանի դիմումի հիման վրա քննարկելով կալանքի ժամկետը մեկ օրը մեկուկես օրվա դիմաց նշանակված պատժի ժամկետին հաշվակցելու հարցը, Առաջին ատյանի դատարանը դրա անթույլատրելիության վերաբերյալ եկել է սխալ եզրահանգման ու դատապարտյալ Բ. Միսակյանի վիճակն այլ կերպ բարելավող քրեական օրենքին հետադարձ ուժ չտալով անտեսել է ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ և 13-րդ հոդվածներով ամրագրված օրենսդրական պահանջը, ինչպես նաև այդ կապակցությամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի` սույն որոշման պատճառաբանական մասում վկայակոչված իրավական դիրքորոշումը, արդյունքում թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը վիճարկվող դատական ակտը բեկանելու բավարար հիմք է, հետևաբար դատապարտյալ Բ. Միսակյանի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել, բեկանել «Դիմումը մերժելու մասին» Առաջին ատյանի դատարանի որոշումը` բավարարելով կալանքի ժամկետը մեկ օրը մեկուկես օրվա դիմաց նշանակված պատժի ժամկետին հաշվակցելու վերաբերյալ դատապարտյալ Բ. Միսակյանի դիմումը: (...)»: (տե՛ս նյութեր, թերթ 66-80):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

8. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, այն հակասում է Վճռաբեկ դատարանի 2013 թվականի ապրիլի 18-ի թիվ ԵԷԴ/0033/15/09 որոշմանը:

Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոքաբերը, հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի թիվ ԵԷԴ/0033/15/09 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, շեշտել է, որ պատժի կատարման պայմաններն ապահովելու նպատակով իրականացվող համապատասխանեցման ընթացքում դատարանն իրավասու չէ կիրառել հանցանքը կատարելու պահին գործող օրենքը, քանզի նշված պահանջի հիման վրա օտարերկրյա պետության դատարանի կողմից նշանակված պատիժը փոփոխելու արդյունքում տեղի կունենա ՀՀ միջազգային պարտավորությունների խախտում:

Պատժի կատարման նպատակով հանձնված անձի նկատմամբ օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված դատավճիռը ճանաչելու և ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանի իրավազորությունը սահմանափակված է փոխանցման պահին գործող քրեական օրենքով:

9. Բողոքի հեղինակն ընդգծել է, որ հիշատակված որոշմամբ Վճռաբեկ դատարանը շեշտել է, որ պատժի պայմանները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը հանձնված անձի նկատմամբ օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված դատավճիռը, այդ թվում՝ նշանակված պատժի մասով, պետք է համապատասխանեցվի դատապարտյալի փոխանցման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի համապատախան դրույթներին:

Հետևաբար, Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել առ այն, որ Առաջին ատյանի դատարանի կողմից անտեսվել են ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ, 13-րդ հոդվածների պահանջները և անձի վիճակը բարելավող օրենքը դատապարտյալ Բ. Միսակյանի նկատմամբ հետադարձ ուժ չի ստացել:

10. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 30-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 30-ի որոշումը հակասո՞ւմ է արդյոք Գ.Հովսեփյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի ապրիլի 18-ի թիվ ԵԷԴ/0033/15/09 որոշմանը:

12. ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով»:

ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները, այդ թվում` օրենքի մեկնաբանությունները, պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ»:

13. Մեջբերված իրավադրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ա.Սիմոնյանի գործով որոշման մեջ՝ արձանագրելով, որ «(...) ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի) հիման վրա վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշման կիրառելիության հարցը լուծելիս դատարանը պետք է ղեկավարվի Ս.Այվազյանի գործով որոշման 26-րդ կետում ամրագրված չափանիշներով, քանի որ դրանք վերաբերելի են ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, այնպես էլ վճռաբեկ դատարանի՝ նախկինում կայացված որոշումների կիրառելության հարցի լուծման շրջանակներին» (տե՛ս Անահիտ Սիմոնյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵԿԴ/0055/11/13 որոշման 15-րդ կետը):

Ս.Այվազյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշման 26-րդ կետի համաձայն՝ «(...) ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի) հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտը ոչ կիրառելի ճանաչելիս դատարանները չեն կարող բավարարվել կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունների պարզ համադրմամբ: Յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքների համակցությամբ եզակի է, ուստի դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում պարզի, թե կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունները որքանով են էական: Հակառակ պարագայում ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում) ամրագրված իրավանորմը կդառնա անկիրառելի:

Դրա հետ մեկտեղ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի կիրառելության հարցը լուծելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն, թե տվյալ դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող ինչպիսի դրույթ է ենթակա կիրառման: Եթե այդ դրույթն իր բնույթով առավել ընդհանրական է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Եվ ընդհակառակը՝ եթե դրույթն իր բնույթով առավել կոնկրետ է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքերի առավել մեծ ընդհանրություն» (տե՛ս Սեյրան Այվազյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի մայիսի 23-ի թիվ ՎԲ-17/08 որոշման 26-րդ կետը):

Վերահաստատելով Ա.Սիմոնյանի և Ս.Այվազյանի գործերով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի որոշումները պարտադիր են ստորադաս դատարանների համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ: Ընդ որում, նկատի ունենալով, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքների համակցությամբ եզակի է, Վճռաբեկ դատարանի որոշման կիրառելիության հարցը լուծելիս դատարանը պետք է պարզի, թե դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող դրույթն իր բնույթով առավել ընդհանրական է, թե կոնկրետ: Այն դեպքում, երբ դրույթն իր բնույթով առավել կոնկրետ է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքերի առավել մեծ ընդհանրություն: Մինչդեռ, եթե Վճռաբեկ դատարանի որոշման հիմնավորման բովանդակությունը կազմող դրույթն իր բնույթով առավել ընդհանրական է, ապա տվյալ դատական ակտի հիմնավորումների կիրառության համար բավարար է նաև կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրությունը:

Այս ընդհանուր կանոնից բացառություն են միայն այն դեպքերը, երբ ստորադաս դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ տվյալ դատական ակտի հիմնավորումները կիրառելի չեն քննվող գործի փաստական հանգամանքների նկատմամբ:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4998 -րդ հոդվածի համաձայն՝

«1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռները ենթակա են ճանաչման Հայաստանի Հանրապետությունում:

2. Օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու հիմքերը, ճանաչման ենթակա դատավճիռների (որոշումների) տեսակները սահմանվում են տվյալ պետության հետ կնքված կամ նրա մասնակցությամբ գործող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով: (…)»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև պատժի կատարման (հետագա կրման) նպատակով դատապարտյալների փոխանցման վերաբերյալ երկկողմ իրավահարաբերությունները կարգավորվում են 1998 թվականի մարտի 6-ին Մոսկվայում կնքված «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» կոնվենցիայով (այսուհետ՝ Մոսկվայի կոնվենցիա):

Մոսկվայի կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիները, ինչպես նաև նրա տարածքում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ազատազրկման են դատապարտվել մյուս Պայմանավորվող կողմում, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան պատիժը կրելու համար կարող են փոխանցվել այն Պայմանավորվող կողմին, որի քաղաքացիներն են նրանք հանդիսանում կամ որի տարածքում մշտապես բնակվում են (եթե քաղաքացիություն չունեցող անձ են հանդիսանում)»:

Մոսկվայի կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն՝ «Վճռի կատարման պետությունը ապահովում է պատժի կրման շարունակությունն իր օրենսդրությանը համապատասխան՝ չվատթարացնելով դատապարտյալի վիճակը: (…): Դատապարտյալը նշանակված պատիժը կրում է վճռի կայացման պետության դատարանի վճռի հիման վրա: (…): Վճռի կատարման պետության դատարանը, ելնելով կայացված վճռից, որոշում է ընդունում դրա կատարման մասին՝ համաձայն իր պետության օրենքի սահմանելով ազատազրկման այնպիսի ժամկետ, ինչպիսին նշանակվել է վճռով: (…)»:

Մեջբերված նորմերը, ինչպես նաև 1983 թվականի մարտի 21-ին Ստրասբուրգում կնքված «Դատապարտյալների փոխանցման մասին» կոնվենցիայի համապատասխան դրույթները և ՀՀ քրեական օրենսգրքի 12-15-րդ հոդվածները Վճռաբեկ դատարանը համադրված վերլուծության է ենթարկել Գ.Հովսեփյանի գործով որոշման մեջ՝ հայտնելով հետևյալ իրավական դիրքորոշումը՝ «(...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես Ստրասբուրգի կոնվենցիան, այնպես էլ Մոսկվայի կոնվենցիան, նախատեսելով պայմանագրի կողմ հանդիսացող պետության տարածքում դատապարտված անձին պատժի կատարման (հետագա կրման) նպատակով կողմ հանդիսացող մեկ այլ պետությանը փոխանցելու հնարավորություն, սահմանում են նաև դատավճռի կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ դատավարական գործողությունների իրականացման (տվյալ դեպքում՝ դատավճիռը Կատարող պետության օրենսդրությանը համապատասխանեցնելու) ընթացքում իրավասու մարմինների իրավազորության սահմանները, այդ թվում՝ դատավճռով նշանակված պատիժը փոխելու առումով: (...)

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շարադրված կոնվենցիոն դրույթները չեն կարող մեկնաբանվել այնպես, որ դատավճռի համապատասխանեցման հարցի անհրաժեշտությունը քննելիս Կատարող պետության իրավասու մարմինները ղեկավարվեն հանցավորի կողմից արարքի փաստացի կատարման ժամանակ գործող օրենսդրությամբ: Ինչպես Ստրասբուրգի, այնպես էլ Մոսկվայի կոնվենցիաները նման իրավական պահանջ չեն բովանդակում և խոսքն այստեղ գնում է դատապարտյալի փոխանցման պահին Կատարող պետության տարածքում գործող օրենսդրության մասին:

(…)

[ՀՀ քրեական օրենսգրքի 12-15-րդ հոդվածների] համադրված վերլուծությունից ակնհայտ է, որ օրենսդիրն արարքի հանցավորությունը և պատժելիությունը պայմանավորում է այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում կատարվել է ոտնձգությունը, իսկ ՀՀ քրեական օրենքի գործողությունը, այդ թվում՝ հանցանքի կատարման պահին գործող օրենքով ղեկավարվելու պահանջը, տարածում է միայն այն անձանց նկատմամբ, որոնց քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Պատժի կատարման (հետագա կրման) նպատակով հանձնված անձի նկատմամբ օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը ճանաչելու և համապատասխանեցնելու նպատակով իրականացվող դատավարական գործողությունները որևէ կերպ չեն կարող նույնացվել անձին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացի հետ, հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ ներպետական օրենսդրությունը չի պարտավորեցնում իրավասու մարմիններին համապատասխանեցում կատարելիս ղեկավարվել հանցանքի կատարման պահին գործող քրեական օրենքով:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես (…) պատժի կատարման (հետագա կրման) նպատակով դատապարտյալների փոխանցման վերաբերյալ երկկողմ իրավահարաբերությունները կարգավորող կոնվենցիաները, այնպես էլ ՀՀ ներպետական օրենսդրությունը չեն բովանդակում իրավական պահանջ առ այն, որ կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ դատավարական գործողությունների իրականացման ընթացքում իրավասու մարմինները (դատարանները) պետք է ղեկավարվեն հանցանքը կատարելու պահին գործող քրեական օրենքով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ հանցանքը կատարելու պահին գործող օրենքով ղեկավարվելու պահանջը կիրառելի է բացառապես քրեական հետապնդման հարցը լուծելիս, իսկ պատժի կատարման պայմաններն ապահովելու նպատակով իրականացվող համապատասխանեցման ընթացքում դատարանն իրավասու չէ կիրառել այն, քանզի նշված պահանջի հիման վրա օտարերկրյա պետության դատարանի կողմից նշանակված պատիժը փոփոխելու արդյունքում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատժի կատարման (հետագա կրման) նպատակով Հայաստանի Հանրապետությանը հանձնված անձի նկատմամբ օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված դատավճիռը ճանաչելու և ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանի իրավազորությունը սահմանափակված է փոխանցման պահին գործող քրեական օրենքով: Այլ խոսքով՝ պատժի պայմանները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը հանձնված անձի նկատմամբ օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված դատավճիռը, այդ թվում՝ նշանակված պատժի մասով, պետք է համապատասխանեցվի դատապարտյալի փոխանցման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթներին» (տե՛ս Գարեգին Հովսեփյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի ապրիլի 18-ի թիվ ԵԷԴ/0033/15/09 որոշման 13-15-րդ կետերը):

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Ղազախստանի Հանրապետության Կոստանայի մարզային դատարանի 2006 թվականի մայիսի 29-ի դատավճռով Բ. Միսակյանը մեղավոր է ճանաչվել ՂՀ քրեական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետով, 103-րդ հոդվածի 1-ին մասով և հանցանքների համակցությամբ Բ. Միսակյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 17 տարի ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2005 թվականի սեպտեմբերի 8-ից` պատժի մեջ հաշվակցելով 2004 թվականի օգոստոսի 23-ից մինչև 2005 թվականի սեպտեմբերի 8-ը Ռուսաստանի Դաշնությունում հանձնման (էքստրադիցիա) նպատակով Բ. Միսակյանի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը:

Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունների երկկողմ համաձայնությամբ, հետագա պատիժը Հայաստանի Հանրապետությունում կրելու համար Բ. Միսակյանը 2009 թվականի ապրիլի 30-ին հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2009 թվականի հուլիսի 6-ին որոշում է կայացրել Բ. Միսակյանի վերաբերյալ Ղազախստանի Հանրապետության Կոստանայի մարզային դատարանի 2006 թվականի մայիսի 29-ի դատավճիռը ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու մասին (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

Դատապարտյալ Բ. Միսակյանը 2013 թվականի նոյեմբերի 25-ին դիմել է Առաջին ատյանի դատարան՝ խնդրելով իր նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի պահանջները, այն է` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ եղած ժամկետը մեկ օրը մեկուկես օրվա դիմաց հաշվակցել իր նկատմամբ նշանակված պատժին:

Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ դատապարտյալ Բ. Միսակյանի դիմումը մերժվել է: Դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է նրանով, որ Գ.Հովսեփյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ պատժի պայմանները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը հանձնված անձի նկատմամբ օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը պետք է համապատասխանեցվի դատապարտյալի փոխանցման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթներին (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):

Դատապարտյալի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ Բ. Միսակյանի նախնական կալանքի ժամկետը մեկ օրը մեկուկես օրվա դիմաց նշանակված պատժի ժամկետին հաշվակցելու անթույլատրելիության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանը եկել է սխալ եզրահանգման: Դատապարտյալ Բ. Միսակյանի վիճակն այլ կերպ բարելավող քրեական օրենքին հետադարձ ուժ չտալով՝ դատարանն անտեսել է ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ և 13-րդ հոդվածներով ամրագրված օրենսդրական պահանջը՝ թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի (նախկին` 18.04.2003թ. խմբագրությամբ գործող) 69-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված կանոնների համաձայն` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը դատապարտյալ Բ. Միսակյանին նախնական կալանքի տակ պահելու ժամկետը` 2004 թվականի օգոստոսի 23-ից մինչև 2006 թվականի օգոստոսի 9-ը հաշվակցվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ Բ. Միսակյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժին` մեկ օրը հաշվելով մեկուկես օրվա դիմաց (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը):

Մեջբերված հանգամանքների վերլուծությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ նախկին խմբագրությամբ գործող քրեական օրենսգրքի համապատասխան դրույթը կիրառելու վերաբերյալ դատապարտյալի դիմումը մերժել է՝ պատճառաբանելով, որ Գ.Հովսեփյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պատժի պայմանները կատարելու նպատակով հանձնված անձի նկատմամբ օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը պետք է համապատասխանեցվի փոխանցման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթներին: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, առանց անդրադառնալու Գ.Հովսեփյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներին, գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, անձի վիճակը բարելավող քրեական օրենքին հետադարձ ուժ չտալով, թույլ է տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառություն:

16. Սույն որոշման 15-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 30-ի որոշումը հակասում է Գ.Հովսեփյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի ապրիլի 18-ի թիվ ԵԷԴ/0033/15/09 որոշմանը:

Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ եզրահանգումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ Գ.Հովսեփյանի գործով կայացված դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող դրույթն իր բնույթով առավել ընդհանրական է և դրա կիրառության համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն և Գ.Հովսեփյանի գործերի փաստական հանգամանքների ընդհանրությունն այն է, որ երկու դեպքում էլ օտարերկրյա պետության դատարանի կողմից դատապարտված անձը միջպետական պայմանագրի հիման վրա փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը՝ դատավճռով նշանակված հետագա պատիժը կրելու համար: Պատժի կատարումն ապահովելու նպատակով երկու դեպքում էլ ՀՀ իրավասու դատարանները որոշում են կայացրել օտարերկրյա պետության դատարանի դատավճիռները ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու մասին: Նշված փաստական հանգամանքների համընկնումը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս պնդելու, որ Գ.Հովսեփյանի գործով որոշման հիմնավորումները (այդ թվում` միջազգային պայմանագրի և օրենքի մեկնաբանությունները) սույն գործով որոշում կայացնելիս ստորադաս դատարանների համար պարտադիր են եղել:

17. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի (ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի) պահանջները, քանի որ սույն գործի քննության ժամանակ անտեսել է Գ.Հովսեփյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի ապրիլի 18-ի որոշման հիմնավորումները, որոնք նրա համար պարտադիր են եղել: Վերաքննիչ դատարանը ոչ միայն չի կիրառել կիրառման ենթակա՝ վերադաս դատարանի նախկինում կայացված որոշումը, այլև որևէ ծանրակշիռ փաստարկի մատնանշմամբ չի հիմնավորել, որ այն կիրառելի չէ տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ այն դեպքում, երբ Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում հստակ արձանագրել է, որ դատապարտյալի դիմումը մերժում է՝ ղեկավարվելով Վճռաբեկ դատարանի հիշատակված որոշման պահանջներով:

Արդյունքում, պատժի կատարման պայմաններն ապահովելու նպատակով օտարերկրյա պետության դատավճռի համապատասխանեցման հարցի քննության ժամանակ փոխանցման պահին գործող օրենսդրությամբ ղեկավարվելու փոխարեն, սխալ մեկնաբանելով ժամանակի և տարածության մեջ քրեական օրենքի գործողության կանոնները սահմանող քրեաիրավական նորմերը՝ Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափորեն կիրառել է մինչև 2004 թվականի հուլիսի 24-ը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը և դատապարտյալ Բ. Միսակյանի նախնական կալանքի ժամկետը մեկ օրը մեկուկես օրվա դիմաց հաշվակցել է նրա նկատմամբ նշանակված պատժի ժամկետին: Վերոգրյալի հետևանքով խախտվել են նաև դատապարտյալ Բ. Միսակյանի հանձնման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:

18. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործի ելքի վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ, 406-րդ հոդվածների համաձայն՝ հիմք են Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մայիսի 30-ի դատական ակտը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել, կայացված որոշումն օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, ուստի պետք է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմանը:

19. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-48-Ն օրենքի 12-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բերվել է մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը` Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մինչև վկայակոչված օրենքի ուժի մեջ մտնելը (2014 թվականի հուլիսի 3-ը) գործող խմբագրությամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Բաբկեն Ռազմիկի Միսակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի մայիսի 30-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. ԱՎետիսյան

Դատավորներ`

Ս. ՕՀԱՆՅԱՆ

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան