ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
11 հունիսի 2015 թ. |
2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-ԻՆ ՊԵԿԻՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վ. Քոչարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2015 թվականի մարտի 25-ին Պեկինում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 2015 թվականի հունիսի 2-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Պայմանագիրն ստորագրվել է 2015 թվականի մարտի 25-ին Պեկինում՝ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության հարցերում արդյունավետ համագործակցության հիմքեր ստեղծելու նպատակով:
2. Կողմերը տրամադրում են փոխադարձ իրավական օգնություն քրեական հետապնդման, քննության և դատական վարույթի շրջանակներում, այնպիսի հանցագործությունների առնչությամբ, որոնց համար պատժի նշանակումն իրավական օգնություն խնդրելու ժամանակ գտնվում է հարցում ուղարկող կողմի իրավասության ներքո:
3. Պայմանագրում նշված են իրավական օգնության շրջանակը, պայմանագրի նպատակների իրագործման համար պատասխանատու կենտրոնական մարմինները (հայկական կողմի համար` ՀՀ գլխավոր դատախազությունը` մինչդատական վարույթում գտնվող գործերով, և ՀՀ արդարադատության նախարարությունը` դատական վարույթում գտնվող գործերով, իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համար՝ արդարադատության նախարարությունը և գլխավոր ժողովրդական դատախազությունը), նկարագրված են հարցման ձևն ու բովանդակությունը, հարցումների մերժման կամ հետաձգման հիմքերը:
4. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները`
- օգնություն տրամադրելու վերաբերյալ հարցումը կատարել ըստ հարցման մեջ նշված ձևի և հատուկ ընթացակարգերի` այնքանով, որքանով դրանք չեն հակասում ՀՀ օրենքներին,
- օգնության տրամադրումը մերժելու կամ հետաձգելու դեպքում անմիջապես տեղեկացնել չինական կողմին մերժման կամ հետաձգման պատճառների մասին,
- պահպանել հարցման գաղտնիությունը, ներառյալ դրա բովանդակությունը, հիմնավորող փաստաթղթերը և այդ հարցման համաձայն ձեռնարկած բոլոր գործողությունները,
- պահպանել չինական կողմին տրամադրած տեղեկությունների և ապացույցների գաղտնիությունը,
- չօգտագործել Պայմանագրի շրջանակներում ստացած տեղեկությունները կամ ապացույցները հարցման մեջ նշված գործին չվերաբերող որևէ այլ նպատակով՝ առանց չինական կողմի հետ նախնական համաձայնության,
- ՀՀ օրենքներին համապատասխան ջանքեր գործադրել` պարզելու համար հարցման մեջ նշված անձանց և իրերի գտնվելու վայրն ու ինքնությունը,
- ՀՀ տարածքում ՀՀ օրենսդրությանը համապատասխան վերցնել վկաների և տուժողների վկայություններ, փորձագիտական եզրակացություններ, փաստաթղթեր, իրեր, հարցման մեջ նշված այլ վկայություններ և փոխանցել չինական կողմին,
- համագործակցել հանցագործության գործիքների և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների բացահայտման, ինչպես նաև դրանց հետ կապված համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ,
- հարցում ուղարկող չինական կողմի պահանջով, համապատասխան անձին հրավիրել ներկայանալ հարցում ուղարկող չինական կողմի տարածքում գտնվող համապատասխան մարմիններին՝ ցուցմունքներ տալու կամ քննությանն օժանդակելու համար, ինչպես նաև նշել ապրուստի և ծախսերի չափի մասին, որոնք կվճարվեն անձին, ինչպես նաև`այն երաշխիքների ցանկը, որոնցով տվյալ անձն օժտված է` Պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն,
- չքննել, չհետապնդել, չկալանավորել, չպատժել կամ անձնական ազատության որևէ այլ սահմանափակման չենթարկել ՀՀ տարածքում գտնվող որևէ վկայի կամ փորձագետի այնպիսի գործողությունների կամ բացթողման համար, որոնք նախորդել են ՀՀ տարածք այդ անձի մուտք գործելուն, ինչպես նաև` այդ անձին չպարտադրել ցուցմունքներ տալ կամ չօժանդակել որևէ հետաքննության, հետապնդման կամ որևէ այլ վարույթի, որոնք չեն առնչվում հարցմանը, առանց չինական կողմի և տվյալ անձի նախնական համաձայնության,
- կատարել ապացույց հանդիսացող նյութերի, իրերի և ակտիվների առնչությամբ հարցումներ, խուզարկություն, սառեցում և առգրավում իրականացնելու վերաբերյալ պահանջը, այնքանով, որքանով դա թույլատրվում է ՀՀ օրենսդրությամբ և հաշվի առնելով բարեխիղճ երրորդ անձանց իրավունքների պաշտպանությունը,
- պահանջի դեպքում տեղեկացնել այն քրեական վարույթի արդյունքների մասին, որին վերաբերում է օգնություն տրամադրելու վերաբերյալ հարցումը,
- պահանջի դեպքում տրամադրել Պայմանագրի կատարմանն առնչվող օրենքների և առկա դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկություններ:
5. Սույն Պայմանագրով ստանձնված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածով նախատեսված պահանջներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2015 թվականի մարտի 25-ին Պեկինում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
11 հունիսի 2015 թ. ՍԴՈ-1215 |