Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.04.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.06.03/31(1120).1 Հոդ.421.22
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
30.04.2015
Подписан
Նախագահող
Дата подписания
30.04.2015
Дата вступления в силу
30.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1280/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1280/02/13

2015 թ.

Նախագահող դատավոր`  Ի. Վարդանյան

Դատավորներ`

Գ. Մատինյան

Կ. Հակոբյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

 2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կարապետ Մելքոնյանի ներկայացուցիչ Գեորգի Մելիքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.08.2014 թվականի որոշման դեմ՝ ըստ Լևոն Ավանեսյանի հայցի ընդդեմ Կարապետ Մելքոնյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Լևոն Ավանեսյանը պահանջել է Կարապետ Մելքոնյանից բռնագանձել 6.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ փոխառության գումարը և սկսած կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը հաշվեգրել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Կարախանյան) (այսուհետ՝ Դատարան) 29.05.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.08.2014 թվականի որոշմամբ Կարապետ Մելքոնյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.05.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարապետ Մելքոնյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ, 424-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 53-րդ և 54-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես` Կարապետ Մելքոնյանի կողմից 20.03.2013 թվականին գրված պարտավորագրի պատճենը, որով վերջինս պարտավորվել է Լևոն Ավանեսյանից վերցրած 6.000 ԱՄՆ դոլարը մեկ ամսվա ընթացքում վերադարձնել: Ավելին, թե՛ հայցադիմումում, և թե՛ Դատարանում Լևոն Ավանեսյանը հաստատել է, որ «…մենք պայմանավորվեցինք, որ Կարապետ Սամվելի Մելքոնյանը պարտքով վերցրած 6.000 ԱՄՆ դոլար գումարը կվերադարձնի մեկ ամիս հետո և հետ կստանա որպես երաշխիք տված ոսկյա շղթան, հակառակ դեպքում ոսկյա շղթան մնալու էր ինձ…»:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Լևոն Ավանեսյանի հայցը բավարարվել է` հիմք ընդունելով Կարապետ Մելքոնյանի կողմից 20.03.2013 թվականին տրված ստացականի պատճենը, որպիսի պայմաններում այն չէր կարող հիմք լինել ներկայացված հայցը բավարարելու համար:

Ավելին, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ նշված ստացականի բնօրինակը գործում առկա չլինելն արդեն իսկ ենթադրում է, որ Կարապետ Մելքոնյանի կողմից Լևոն Ավանեսյանի նկատմամբ ունեցած պարտավորությունները կատարվել են, քանի որ Լևոն Ավանեսյանը պարտավորության կատարման հիմքով ստացականի բնօրինակը վերադարձրել է Կարապետ Մելքոնյանին, վերջինիս էլ այն ոչնչացրել է։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.08.2014 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

 1) Դատարանի 03.12.2013 թվականի դատական նիստի արձանագրության համառոտագրման համաձայն` Դատարանը բավարարել է Կարապետ Մելքոնյանի ներկայացուցչի միջնորդությունը` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում Լևոն Ավանեսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված և 20.05.2013 թվականին «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» թիվ 426 նյութերը պահանջելու մասին, և գործի քննությունը հետաձգել է (հատոր 1-ին, գ.թ. 85).

2) Դատարանի 06.05.2014 թվականի դատական նիստի արձանագրության համառոտագրման համաձայն` Դատարանն արձանագրել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում Լևոն Ավանեսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված և 20.05.2013 թվականին «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» թիվ 426` 17.01.2014 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ուղարկված նյութերում առկա է 20.03.2013 թվականին գրված պարտավորագրի պատճենը, համաձայն որի՝ Կարապետ Մելքոնյանը պարտավորվել է Լևոն Ավանեսյանից ոսկյա շղթայի դիմաց վերցրած 6.000 ԱՄՆ դոլարը մեկ ամսվա ընթացքում վերադարձնել: Միաժամանակ, Դատարանն արձանագրել է, որ քրեական գործում առկա է Կենտրոնական բաժնի հետաքննիչ, ոստիկանության կապիտան Հ. Հակոբյանի կողմից նշում՝ «ստացա պարտավորագրի քսերոպատճենը. Ստորագրություն» (հատոր 1-ին, գ.թ. 84, 110-111, 118).

3) Դատարանի 06.05.2014 թվականի դատական նիստի արձանագրության համառոտագրման համաձայն` Դատարանը բավարարել է հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը, որոշել է ժամանակ տրամադրել հայցվորի ներկայացուցչին ստացականի բնօրինակը Դատարան ներկայացնելու համար, և հետաձգել է գործի քննությունը՝ այն նշանակելով 14.05.2014 թվականին ժամը 10:00-ին (հատոր 1-ին, գ.թ. 110-111, 118).

4) Դատարանի 14.05.2014 թվականի դատական նիստի արձանագրության համառոտագրման համաձայն` հայցվորի ներկայացուցիչը 20.03.2013 թվականին թվագրված պարտավորագրի բնօրինակը չի ներկայացրել (հատոր 1-ին, գ.թ. 113, 118)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ, 424-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք փոխառության իրավահարաբերություններից բխող գումարի բռնագանձման հայցապահանջը ենթակա է բավարարման այն դեպքում, երբ պարտապանի կողմից վիճարկվում է պարտավորության առկայության փաստը և ի հիմնավորումն այդ հանգամանքի վկայակոչվում է պարտավորագրի բնօրինակի բացակայությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատշաճ կատարումը դադարեցնում է պարտավորությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտատերը, ընդունելով կատարումը, պարտավոր է պարտապանի պահանջով նրան ստացական տալ` կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին: Եթե պարտապանն ի հավաստումն պարտավորության պարտքային փաստաթուղթ է տվել պարտատիրոջը, ապա պարտատերը, ընդունելով կատարումը, պետք է վերադարձնի այդ փաստաթուղթը, իսկ դրա անհնարինության դեպքում` այդ մասին նշի իր տված ստացականում: Ստացականը կարող է փոխարինվել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ: Պարտքային փաստաթուղթը պարտապանի մոտ գտնվելը հավաստում է պարտավորության դադարումը, քանի դեռ այլ բան չի ապացուցվել:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 2-րդ կետի վերլուծությանը` դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ օրենսդիրը պարտատիրոջ վրա պարտականություն է դրել պարտքի կատարումն ընդունելիս պարտապանի պահանջով կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին նրան ստացական տալ, իսկ պարտապանի կողմից պարտատիրոջն ի հավաստումն պարտավորության պարտքային փաստաթուղթ տրված լինելու դեպքում` պարտապանին վերադարձնել այդ փաստաթուղթը, դրա անհնարինության դեպքում` այդ մասին նշել իր տված ստացականում: Ստացականը կարող է փոխարինվել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ: Ընդ որում, այլ բան ապացուցված չլինելու դեպքում նշված փաստաթուղթը պարտապանի մոտ գտնվելը հավաստում է պարտավորության դադարումը (տե′ս, Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.06.2012 թվականի որոշումը

Վերոնշյալ դիրքորոշումից հետևում է, որ պարտավորության կատարման փաստն ապացուցված չլինելու պարագայում քանի դեռ պարտքային փաստաթղթի բնօրինակը գտնվում է պարտատիրոջ մոտ, գործում է պարտավորությունը կատարված չլինելու կանխավարկածը:

Այսպիսով, պայմանավորված այն հանգամանքով, թե պարտավորության որ կողմն է (պարտատերը կամ պարտապանը) դատարան ներկայացնում պարտքային փաստաթղթի բնօրինակը, այն մի դեպքում կարող է հաստատել պարտավորության առկայության, մեկ այլ դեպքում` պարտավորության դադարման փաստը:

Զարգացնելով նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ պարտապանը որպես պարտավորության կատարման փաստը հաստատող ուղղակի ապացույց դատարան կարող է ներկայացնել`

 - պարտքային փաստաթղթի բնօրինակը կամ

 - պարտատիրոջ կողմից տրված ստացականը` կատարումն ընդունելու մասին մակագրությամբ:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ երբ պարտապանը վկայակոչում է պարտավորության կատարման փաստը, սակայն պարտքային փաստաթղթի բնօրինակը ներկայացնելու անհնարինությունը պատճառաբանում է այն պարտավորության կատարման հիմքով ոչնչացված լինելու հանգամանքով, նման դեպքերում դատարանները պարտավոր են ապացուցման գործընթացը կազմակերպել և ապացուցման բեռը բաշխել` հավասարակշռելով կողմերի շահերը և ապացուցման գործընթացին մասնակցելու իրական հնարավորությունները: Մասնավորապես` քննարկվող դեպքում դատարանները պետք է պարտատիրոջը պարտավորեցնեն պարտավորության առկայության փաստը հիմնավորել բացառապես պարտքային փաստաթղթի բնօրինակով, իսկ դրա անհնարինության դեպքում` կրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված բացասական հետևանքները: Հետևաբար պարտքային փաստաթղթի բնօրինակի բացակայությունը, ելնելով գործի հանգամանքների առանձնահատկություններից, ևս կարող է վկայել պարտավորության դադարման փաստի մասին (տե′ս, Ղասեմ Աբդոլահ Նեժադն ընդդեմ Աշոտ Հարությունյանի, Գարիկ Խաչատրյանի և Երվանդ Գրիգորյանի թիվ ԵԱՔԴ/0704/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը)։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր ապացույցներ են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերության համաձայն` գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն` փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են այն դեպքում, եթե գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթով, իսկ անհրաժեշտության դեպքում` դատարանի պահանջով:

Ընդհանուր կանոնի համաձայն` գրավոր ապացույցները դատարան կարող են ներկայացվել կամ բնօրինակով, կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Միևնույն ժամանակ օրենսդիրը վերոնշյալ ընդհանուր կանոնից սահմանել է հետևյալ բացառությունները`

ա) փաստաթղթերի բնօրինակները պետք է ներկայացվեն բոլոր այն դեպքերում, երբ գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթերով.

բ) անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է պահանջել ներկայացնելու փաստաթղթերի բնօրինակները: Նման անհրաժեշտություն կարող է, առաջանալ մասնավորապես, երբ գործով ներկայացված միևնույն փաստաթղթի պատճենները տարբերվում են իրենց բովանդակությամբ, և դատարանը չի կարող պարզել գրավոր ապացույցի իրական բովանդակությունն առանց դրա բնօրինակը հետազոտելու: Այդպիսի անհրաժեշտություն կարող է ծագել նաև պատճենի անորակության, դրա իսկության մեջ համոզվելու անհրաժեշտության և այլ դեպքերում:

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ «... 20.03.2013 թվականին պատասխանողի կողմից տրվել է ստացական-պարտավորագիր` հայցվորից գումար վերցնելու մասին: Պարտավորագրում նշվել է, որ «Ես` Կարապետ Մելքոնյանս, Լևոն Ավանեսյանից վերցրեցի 6.000 ԱՄՆ դոլար ոսկյա շղթայի դիմաց, որը պարտավորվում եմ ետ վերադարձնել»:...Նշված պարտավորագրի առկայության պայմաններում Դատարանը հիմնավոր չի համարում պատասխանողի այն պատճառաբանությունը, որ իր և Լևոն Ավանեսյանի միջև իրավահարաբերություններն առաջացել են բանավոր կնքված փոխառության գործարքից...: Բացի այդ, կողմերը չեն հերքել նաև այն փաստը, որ ոսկյա շղթան համարվել է երաշխիք` գումարի վերադարձն ապահովելու համար»:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի 29.05.2014 թվականի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ ««Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 20.05.2013 թվականի որոշման համաձայն` նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել է ստացական` գրված 20.03.2013 թվականին, համաձայն որի` Կ. Մելքոնյանը պարտավորվել է նշված 6.000 ԱՄՆ դոլարը Լ. Ավանեսյանին վերադարձնել մեկ ամսվա ընթացքում: Փաստորեն, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ, ոստիկանության կապիտան Հակոբ Հակոբյանի կողմից կայացված որոշման մեջ նշվել է. «ստացվել է ստացական», այսինքն` ոչ թե քսերոպատճենը, այլ բնօրինակը: Նշվածը հիմք ընդունելով` Դատարանը գործում առկա պարտավորագրի քսերոպատճենն իրավամբ համարել է վերաբերելի և թույլատրելի ապացույց, և այն համադրելով գործով հաստատված մյուս փաստերի հետ, հայցը բավարարել է»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` 03.12.2013 թվականի դատական նիստի ժամանակ Դատարանը բավարարել է Կարապետ Մելքոնյանի ներկայացուցչի միջնորդությունը` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում Լևոն Ավանեսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված և 20.05.2013 թվականին «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» թիվ 426 նյութերը պահանջելու մասին, և գործի քննությունը հետաձգել է:

Հետագայում՝ 06.05.2014 թվականին նշանակված դատական նիստի ժամանակ, Դատարանը, ուսումնասիրելով պահանջված քրեական գործի նյութերը, արձանագրել է, որ ուղարկված նյութերում առկա է միայն 20.03.2013 թվականին գրված պարտավորագրի պատճենը, ըստ որի՝ Կարապետ Մելքոնյանը պարտավորվել է Լևոն Ավանեսյանից ոսկյա շղթայի դիմաց վերցրած 6.000 ԱՄՆ դոլարը մեկ ամսվա ընթացքում վերադարձնել: Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ քրեական գործում առկա է նաև Կենտրոնական բաժնի հետաքննիչ, ոստիկանության կապիտան Հ. Հակոբյանի կողմից նշում` հետևյալ բովանդակությամբ. «ստացա պարտավորագրի քսերոպատճենը. Ստորագրություն»: Նույն օրը նշանակված դատական նիստում Դատարանը բավարարել է հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը, որոշել է ժամանակ տրամադրել հայցվորի ներկայացուցչին ստացականի բնօրինակը դատարան ներկայացնելու համար և հետաձգել է գործի քննությունը՝ այն նշանակելով 14.05.2014 թվականին` ժամը 10:00-ին:

Լևոն Ավանեսյանի ներկայացուցչը 14.05.2014 թվականին նշանակված դատական նիստին 20.03.2013 թվականի պարտավորագրի բնօրինակը չի ներկայացրել և, հիմք ընդունելով 20.03.2013 թվականին գրված պարտավորագրի պատճենը, դատարանից պահանջել է Կարապետ Մելքոնյանից հօգուտ Լևոն Ավանեսյանի բռնագանձել 6.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:

Պատասխանող կողմը, առարկելով ներկայացված հայցապահանջի դեմ, վկայակոչել է պարտավորության կատարման փաստը և ի հիմնավորումն այդ փաստի՝ մատնանշել է պարտավորագրի բնօրինակը ոչնչացված լինելու հանգամանքը (հատոր 1-ին, գ.թ. 100-111, 118):

Վերոնշյալ մեկնաբանությունների համատեքստում համադրելով և գնահատելով սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվորը, հայցի փաստական հիմքում դնելով պատասխանողի կողմից պարտավորության չկատարման փաստը, հիմնվելով պարտավորագրի պատճենի վրա, դատարանից պահանջել է վերջինիցս բռնագանձել պարտքի գումարը: Պատասխանողը, պարտավորության կատարման հիմքով առարկելով հայցի դեմ, վկայակոչել է գործում ստացականի բնօրինակի բացակայության փաստը, որը հիմնավորում է վիճելի պարտավորության դադարումը: Այսինքն` պատասխանողը, ըստ էության, վիճարկել է պարտավորության առկայությունը, որն ապացուցելու պարտականությունը կրում է հայցվորը: Վերջինս նշված փաստը կարող էր ապացուցել` ներկայացնելով ստացականի բնօրինակը կամ հիմնավորելով դրա ներկայացման անհնարինությունը` այդ կերպ ժխտելով նաև կատարման հիմքով բնօրինակը ոչնչացված լինելու վերաբերյալ պատասխանողի փաստարկները: Մինչդեռ հայցվորը, չնայած այն հանգամանքին, որ Դատարանը հնարավորություն է ընձեռել` ներկայացնելու պարտավորագրի բնօրինակը, այդպես էլ այն չի ներկայացրել Դատարան, ինչպես նաև չի հիմնավորել դրա ներկայացման անհնարինությունը: Նման պարագայում պարտավորության կատարված չլինելու հանգամանքը վիճելի լինելու պայմաններում դրա բացասական հետևանքները պետք է կրի հայցվորը:

Մինչդեռ ստորադաս դատարանները վերոնշյալի անտեսմամբ սխալ եզրահանգման են եկել հայցի՝ հիմնավոր լինելու վերաբերյալ, այն պարագայում, երբ վերը շարադրված պատճառաբանությունների հիմքով ներկայացված հայցապահանջը ենթակա է մերժման:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Սույն գործով դատական ծախսերը կազմված են միայն պետական տուրքից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվորի պահանջն է Կարապետ Մելքոնյանից բռնագանձել 6.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ փոխառության գումարը և սկսած կետանցի օրվանից` 26.03.2013 թվականից մինչև պարտավորության դադարմանը օրը հաշվեգրել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:

Սույն գործով հայցվորը հայցադիմումի համար կատարել է պետական տուրքի մասնակի վճարում` վճարելով 25.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 3): Դատարանի՝ «Հայցադիմումը վարույթ ընդունելու, դատաքննության նախապատրաստվելու, հայցի ապահովման միջնորդությունը բավարարելու և պետական տուրքի չվճարված մասի վճարման ժամկետը հետաձգելու մասին» 06.06.2013 թվականի որոշմամբ որոշվել է պետական տուրքի չվճարված մասի հարցը լուծել վճռով: Դատարանի վճռով հայցը բավարարվել է:

Պատասխանողը, դատական ակտը բողոքարկելով, վերաքննիչ բողոքին կից ներկայացրել են «Պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ» միջնորդություն (հատոր 2-րդ, գ.թ. 11), որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Պետական տուրքի վճարումը հետաձգելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» 11.07.2014 թվականի որոշմամբ բավարարվել է (հատոր 2-րդ, գ.թ. 39): ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.05.2014 թվականի որոշմամբ Դատարանի 29.05.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Պատասխանողը, Վերաքննիչ դատարանի դատական ակտը բողոքարկելով, վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է «Պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ» միջնորդություն, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին» 03.12.2014 թվականի որոշմամբ բավարարվել է:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է փոփոխման, իսկ Լևոն Ավանեսյանի հայցը՝ մերժման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետը, գտնում է, որ Լևոն Ավանեսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման` բռնագանձման պահին 120 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (6000$ * 2%), ինչպես նաև 26.03.2013 թվականից մինչև 29.05.2014 թվականն ընկած ժամանակահատվածի համար 6.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարի երկու տոկոսի չափով գումար` որպես հայցադիմումի համար սահմանված պետական տուրք, որից պետք է հաշվանցել Լևոն Ավանեսյանի կողմից հայցադիմումի համար նախապես վճարված 25.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը: Բացի այդ, Լևոն Ավանեսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման` բռնագանձման պահին 180 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (6000$ * 3%), ինչպես նաև 26.03.2013 թվականից մինչև 14.08.2014 թվականն ընկած ժամանակահատվածի համար 6.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարի երեք տոկոսի չափով գումար` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.07.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար: Միաժամանակ Լևոն Ավանեսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման նաև բռնագանձման պահին 180 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (6000$ * 3%), ինչպես նաև 26.03.2013 թվականից մինչև 30.04.2015 թվականն ընկած ժամանակահատվածի համար 6.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից գումար` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.12.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.08.2014 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:

2. Լևոն Ավանեսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել բռնագանձման պահին 120 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 26.03.2013 թվականից մինչև 29.05.2014 թվականն ընկած ժամանակահատվածի համար 6.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարի երկու տոկոսի չափով գումար` որպես հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի գումար՝ հաշվանցելով Լևոն Ավանեսյանի կողմից հայցադիմումի համար նախապես վճարված 25.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը:

Լևոն Ավանեսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել բռնագանձման պահին 180 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 26.03.2013 թվականից մինչև 14.08.2014 թվականն ընկած ժամանակահատվածի համար 6.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարի երեք տոկոսի չափով գումար` որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.07.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Լևոն Ավանեսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել բռնագանձման պահին 180 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 26.03.2013 թվականից մինչև 30.04.2015 թվականն ընկած ժամանակահատվածի համար 6.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսագումարի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից գումար` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.12.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
   

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. Պետրոսյան
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ