Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.04.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.06.03/32(1121) Հոդ.421.20
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
30.04.2015
Подписан
Նախագահող
Дата подписания
30.04.2015
Дата вступления в силу
30.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1431/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1431/02/13

2015 թ.

Նախագահող դատավոր`  Ն. Տավարացյան

Դատավորներ`

Ս. Միքայելյան

Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

 2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հակոբ, Լուսինե, Լիանա, Լիլիթ Հարությունյանների, Նինել Խաչատրյանի ներկայացուցիչ Գայանե Ղուլյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արմեն Հարությունյանի ընդդեմ Հակոբ, Լուսինե, Լիանա, Լիլիթ Հարությունյանների, Նինել Խաչատրյանի` վտարման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Հակոբ Հարությունյանի ընդդեմ Արմեն Հարությունյանի, «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր)` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն ու դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արմեն Հարությունյանը պահանջել է Հակոբ, Լուսինե, Լիանա, Լիլիթ Հարությունյաններին, Նինել Խաչատրյանին վտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Բուռնազյան թիվ 129 հասցեում գտնվող տնից:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Հակոբ Հարությունյանը պահանջել է փաստացի տիրապետման հիմքով իրեն ճանաչել իր ծնողների ժառանգությունն ընդունած ժառանգ, անվավեր ճանաչել «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից 24.08.2012 թվականին Արմեն Հարությունյանի անվամբ տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի թիվ 7885 վկայագիրը և դրա հիման վրա Կադաստրի կողմից 17.10.2012 թվականին նույն հասցեում գտնվող գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում 17102012-01-1520 համարի գրանցումը։

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Եսոյան) (այսուհետ` Դատարան) 20.12.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.05.2014 թվականի որոշմամբ Հակոբ, Լուսինե, Լիանա, Լիլիթ Հարությունյանների, Նինել Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 20.12.2013 թվականի վճռի` հայցը բավարարելու մասը բեկանվել է, և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության, իսկ վճիռը` մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հակոբ, Լուսինե, Լիանա, Լիլիթ Հարությունյանների, Նինել Խաչատրյանի ներկայացուցիչ Գայանե Ղուլյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ, 1222-րդ, 1225-րդ, 1226-րդ, 1227-րդ և 1228-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կատարել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, ինչի արդյունքում անտեսել է, որ Արմեն Հարությունյանն ըստ կտակի ժառանգությունն ընդունելու համար նոտարական գրասենյակ է դիմել կտակարար Անդրանիկ Հարությունյանի մահից 20 տարի անց` դրանով իսկ բաց թողնելով օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը: Ավելին, Արմեն Հարությունյանը, տեղյակ լինելով կտակի գոյության մասին և սահմանված ժամկետում չդիմելով ժառանգության բացման վայրի նոտարին, չի ձեռնարկել ակտիվ քայլեր, որոնք ուղղված կլինեին ըստ կտակի ժառանգությունն ընդունելուն:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Անդրանիկ Հարությունյանը կտակը կազմելիս արդեն իսկ չի հանդիսացել վիճելի գույքի միանձնյա սեփականատեր, իսկ առաջին հերթի ժառանգ Հակոբ Հարությունյանը մոր և հոր մահից հետո փաստացի տիրապետմամբ ընդունել է վերջիններիս ժառանգությունը:

Վերաքննիչ դատարանի կողմից չի կիրառվել թիվ ԵԱՔԴ/1018/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի նախադեպային որոշումն այն պարագայում, երբ սույն գործի փաստական հանգամանքները նմանատիպ են վկայակոչված որոշմամբ ամրագրված փաստական հանգամանքներին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.05.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ փոփոխել ստորադաս դատարանի դատական ակտը` հակընդդեմ հայցն ամբողջությամբ բավարարել:

 

 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության հանրապետական արխիվի տեղեկանքի համաձայն` Անդրանիկ Գևորգի Հարությունյանի և Հռիփսիկ Հակոբի Շահբազյանի ամուսնությունը գրանցվել է 24.02.1928 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 64):

2) Երևանի քաղսովետի բնակարանային տնտեսության վարչության 17.09.1954 թվականի և 24.07.1989 թվականի գույքային թերթերի և տան տեխնիկական անձնագրի համաձայն` Երևանի Բուռնազյան թիվ 129 հասցեում գտնվող անշարժ գույքը 1948 թվականից Ստալինյան ռայսովետի կոմունալ բաժնի հետ կնքված տիպային պայմանագրի հիման վրա պատկանել է Անդրանիկ Գևորգի Հարությունյանին (հատոր 1-ին, գ.թ. 162-166):

3) Հակոբ Անդրանիկի Հարությունյանը (ծնվ. 03.04.1951 թվականին) Անդրանիկ Գևորգի Հարությունյանի և Հռիփսիկ Հակոբի Հարությունյանի որդին է, ով 03.06.1972 թվականից մինչ 17.09.2013 թվականը հաշվառված է եղել Երևանի Բուռնազյան թիվ 129 հասցեում (հաշվառումից հանվել է սեփականատիրոջ դիմումի հիման վրա), և մինչ օրս բնակվում է նշված հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 77, 80-81):

4) Սույն գործով չի վիճարկվում փաստն առ այն, որ Հռիփսիկ Հակոբի Հարությունյանը մահացել է 11.04.1974 թվականին:

5) 06.09.1989 թվականի կտակի համաձայն` Անդրանիկ Գևորգի Հարությունյանն իրեն պատկանող ամբողջ գույքը, այդ թվում՝ Երևանի Բուռնազյան թիվ 129 հասցեում գտնվող տունը, կտակել է Արմեն Գևորգի Հարությունյանին (հատոր 1-ին, գ.թ. 7):

6) Անդրանիկ Գևորգի Հարությունյանը մահացել է 25.08.1992 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 8):

7) «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից 24.08.2012 թվականին Արմեն Հարությունյանի անվամբ տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի թիվ 7885 վկայագրի համաձայն` Անդրանիկ Գևորգի Հարությունյանի գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում Արմեն Գևորգի Հարությունյանը` հաշվառված Երևանի Բուռնազյան թիվ 129 հասցեում, և ժառանգական գույքը բաղկացած է Երևանի Բուռնազյան թիվ 129 հասցեում գտնվող անշարժ գույքից (հատոր 1-ին, գ.թ. 9):

8) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 17102012-01-1520 վկայականի համաձայն՝ Երևանի Բուռնազյան թիվ 129 հասցեի տան նկատմամբ 17.10.2012 թվականին կատարվել է Արմեն Գևորգի Հարությունյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 10):

9) Էրեբունի վարչական շրջանի թիվ 4 տեղամասի լիազորի կողմից հաստատված` հարևանների 07.10.2013 թվականի հայտարարության համաձայն` Հակոբ Անդրանիկի Հարությունյանը 1951 թվականից իր ընտանիքով բնակվում է Երևանի Բուռնազյան թիվ 129 հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 80):

10) Դատարանին ներկայացված հակընդդեմ հայցադիմումի պատասխանի համաձայն` «Արմեն Հարությունյանը ծնվել, մեծացել ու մշտապես բնակվել է նշված հասցեի բնակելի տանը, ինչպես Անդրանիկ Հարությունյանի կենդանության օրոք, այնպես էլ նրա մահից հետո մինչ օրս մշտապես միջոցներ է ձեռնարկել իրեն կտակած գույքը պահպանելու, այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար....» (հատոր 1-ին, գ.թ. 110):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/1018/02/09 քաղաքացիական գործով 01.07.2011 թվականին կայացրած որոշման մեջ տվյալ հոդվածին տրված մեկնաբանությանը.

2) ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի, 53-րդ հոդվածի, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, ինչը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական խնդրին. արդյո՞ք ըստ կտակի ժառանգությունն ընդունելու դիմումը ժառանգության բացման պահից վեցամսյա ժամկետում նոտարական գրասենյակ չներկայացնելը կարող է հանգեցնել հետագայում տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելուն, եթե ըստ կտակի ժառանգը, իմանալով կտակի առկայության և ժառանգության բացման մասին, միջոցներ է ձեռնարկել ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը պահպանելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`

1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.

2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.

3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև նույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:

Հիմք ընդունելով վերոգրյալը և ելնելով ժառանգական իրավահարաբերությունների բնույթից` Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արձանագրել է, որ ժառանգության ընդունումը ժառանգի կողմից իրականացվող կանխամտածված, ակտիվ գործողությունների համակցություն է, որն ուղղված է ժառանգական գույքն իր սեփականությունը դարձնելուն: Այսինքն` թե՛ ըստ օրենքի, և թե՛ ըստ կտակի ժառանգության ընդունման դեպքում ժառանգը պետք է գիտակցի և նրա գործողությունները պետք է նպատակաուղղված լինեն համապատասխան ժառանգության ընդունմանը:

Հետևաբար ըստ կտակի ժառանգության ընդունման դեպքում ժառանգի կողմից պետք է ձեռնարկվեն ակտիվ քայլեր, որը պետք է ուղղված լինի հենց ըստ կտակի ժառանգությունն ընդունելուն: Ժառանգի գործողություններից պետք է բխի, որ դրանք միտված են ոչ թե ըստ օրենքի ժառանգությունն ընդունելուն (եթե ըստ կտակի ժառանգը նաև ըստ օրենքի ժառանգ է), այլ հենց` ըստ կտակի ժառանգությունն ընդունելուն, որն էլ կարող է իրականացվել միայն ժառանգության բացման վայրի նոտարին դիմում հանձնելու եղանակով:

Եթե օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ժառանգը միջոցներ չի ձեռնարկում ըստ կտակի ժառանգությունն ընդունելու համար, ապա ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի (տե'ս, Գևորգ Բերբերյանն ընդդեմ Մարինե Բերբերյանի թիվ ԵԱՔԴ/1018/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Անդրանիկ Գևորգի Հարությունյանի և Հռիփսիկ Հակոբի Շահբազյանի ամուսնությունը գրանցվել է 24.02.1928 թվականին: Երևանի Բուռնազյան թիվ 129 հասցեում գտնվող անշարժ գույքը 1948 թվականից պատկանել է Անդրանիկ Գևորգի Հարությունյանին: Հռիփսիկ Հակոբի Հարությունյանը մահացել է 11.04.1974 թվականին: Անդրանիկ Հարությունյանը 06.09.1989 թվականի կտակով իրեն պատկանող ամբողջ գույքը, այդ թվում` Երևանի Բուռնազյան թիվ 129 հասցեում գտնվող տունը, կտակել է Արմեն Հարությունյանին: Անդրանիկ Հարությունյանը մահացել է 25.08.1992 թվականին:

Արմեն Հարությունյանը դատարան ներկայացված հակընդդեմ հայցի պատասխանով ընդունել է այն փաստը, որ ինչպես Անդրանիկ Հարությունյանի կենդանության օրոք, այնպես էլ նրա մահից հետո մշտապես միջոցներ է ձեռնարկել իրեն կտակած գույքը պահպանելու, այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար:

Սույն գործի փաստերի համաձայն` Արմեն Հարությունյանն ըստ կտակի ժառանգությունն ընդունելու համար նոտարական գրասենյակ է դիմել Անդրանիկ Հարությունյանի մահվանից 20 տարի անց: «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից 24.08.2012 թվականին Արմեն Հարությունյանի անվամբ տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի թիվ 7885 վկայագրի համաձայն` Անդրանիկ Գևորգի Հարությունյանի կտակում ցույց տրված գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում Արմեն Գևորգի Հարությունյանը` հաշվառված Երևանի Բուռնազյան թիվ 129 հասցեում, և ժառանգական գույքը բաղկացած է Երևանի Բուռնազյան թիվ 129 հասցեում գտնվող անշարժ գույքից:

Հակոբ Անդրանիկի Հարությունյանը (ծնված 03.04.1951 թվականին) Անդրանիկ Գևորգի Հարությունյանի և Հռիփսիկ Հակոբի Հարությունյանի որդին է, ով 03.06.1972 թվականից մինչև 17.09.2013 թվականը հաշվառված է եղել, իսկ մինչ օրս բնակվում է Երևանի Բուռնազյան թիվ 129 հասցեում գտնվող տանը:

Դատարանը հայցի բավարարման և հակընդդեմ հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ վիճելի հասցեի նախկին սեփականատեր Անդրանիկ Գևորգի Հարությունյանն իրեն պատկանող գույքը, մասնավորապես` ք. Երևան, Բուռնազյան թիվ 129 հասցեի վիճելի անշարժ գույքը, կտակել է Արմեն Գևորգի Հարությունյանին, իսկ կտակի առկայությունն ինքնին արգելք է տիրապետման փաստով Հակոբ Հարությունյանի կողմից ըստ օրենքի ժառանգություն ընդունելու համար: Միաժամանակ Դատարանը պատճառաբանել է, որ «Հակոբ Հարությունյանի կողմից չի ներկայացվել որևէ հիմնավոր, պատշաճ և վերաբերելի ապացույց ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու համար»:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելով, հաստատված է համարել, որ Հակոբ Հարությունյանը ծնված օրվանից փաստացի բնակվում է վիճելի հասցեում, մոր մահից հետո շարունակել է բնակվել հիշյալ տանը, այսինքն` փաստացի տիրապետել է մորը պատկանող ժառանգական գույքը, և գտել է, որ Հակոբ Հարությունյանը փաստացի տիրապետման հիմքով համամասնորեն ընդունել է մոր՝ Հռիփսիկ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող նշված տան 1/2 մասի նկատմամբ ժառանգությունը: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ Անդրանիկ Հարությունյանը դեռևս 06.09.1989 թվականին նոտարական կարգով վավերացված կտակով իրեն պատկանող ամբողջ գույքը, այդ թվում` Երևան Բուռնազյան թիվ 129 բնակելի տունը, կտակել է Արմեն Գևորգի Հարությունյանին, որը, տեղյակ լինելով կտակի առկայության մասին, և դրա հիմքով միաժամանակ իրեն համարելով նշված հասցեի տան միակ սեփականատերը, հոգ է տարել ինչպես տան պահպանման ուղղությամբ, այնպես էլ խնամել է Անդրանիկ Հարությունյանին, հոգացել է Անդրանիկ Հարությունյանի թաղման արարողության հետ կապված ծախսերը և գտել է, որ թեև Արմեն Հարությունյանը ժառանգության բացման պահից 6 ամսվա ընթացքում չի դիմել նոտարական գրասենյակ` ըստ կտակի ժառանգությունն ընդունելու համար, այնուամենայնիվ, վերջինս, իմանալով կտակի գոյության մասին, որպես տան միակ սեփականատեր, ձեռնարկել է տան պահպանմանն ուղղված ակտիվ գործողություններ:

Վերոգրյալի հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով վերաքննիչ բողոքի քննության ընթացքում կողմերի դիրքորոշումները` փոխհատուցման միջոցով վեճը լուծելու վերաբերյալ, և հիմք ընդունելով վիճելի տան հատակագիծը և կատարած տեղատեսությունը` Վերաքննիչ դատարանը գտել է, որ Հակոբ Հարությունյանի և նրա ընտանիքի վտարումը վիճելի հասցեի տնից կարող է կատարվել միայն վերջինիս մոր մասով փաստացի տիրապետմամբ ունեցած ժառանգական բաժնի դիմաց փոխհատուցում տրամադրելու միջոցով, որպիսի հարցն անտեսվել է Դատարանի կողմից, ինչն էլ հիմք է հանդիսացել վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու համար, սակայն հաստատված համարելով, որ Արմեն Հարությունյանի կողմից որպես տան միակ սեփականատեր կատարվել են ըստ կտակի ժառանգությունն ընդունելուն ուղղված ակտիվ գործողություններ, Վերաքննիչ դատարանը միաժամանակ գտել է, որ տվյալ դեպքում ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու հիմքերը բացակայում են, իսկ բողոք բերած անձի փաստարկները այդ մասով հիմնավորված չեն:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով հակընդդեմ հայցապահանջի մասով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի և 1227-րդ հոդվածի 1-ին կետի փոխկապակցված վերլուծությունից, ինչպես նաև դրանց մեկնաբանմանն ուղղված նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումից հետևում է, որ ըստ կտակի ժառանգությունն ընդունելու համար անհրաժեշտ են գիտակցված, ակտիվ գործողություններ, որոնք, ըստ էության, հանգում են ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումն օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելուն:

Օրենսդրի կողմից նման ժամկետային սահմանափակում նախատեսելն ինքնանպատակ չէ: Այն մի կողմից կոչված է ապահովելու քաղաքացիաիրավական հարաբերությունների կայունությունը և որոշակիությունը, մյուս կողմից ուղղված է ժառանգման իրավահարաբերությունների մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանությանը: Մասնավորապես` օրենքով սահմանված դեպքերում ժառանգության իրավունքն առաջանում է այլ ժառանգի կողմից ժառանգությունը սահմանված ժամկետում չընդունելու դեպքում:

Օրենսդիրը միաժամանակ նախատեսել է օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում ժառանգությունն ընդունելու հնարավորություն: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատարանը, ժառանգին ճանաչելով ժառանգությունն ընդունած, լուծում է դրանից բխող ժառանգական գույքի նկատմամբ մյուս ժառանգների իրավունքներին վերաբերող հարցերը, ինչպես նաև անվավեր է ճանաչում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը: Այս դեպքում չի պահանջվում տալ ժառանգության իրավունքի նոր վկայագիր:

Սույն գործով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի թիվ ԵԱՔԴ/1018/02/09 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն` ըստ կտակի ժառանգության ընդունմանն ուղղված ակտիվ և գիտակցված գործողություն պետք է դիտարկել միայն օրենքով սահմանված ժամկետում նոտարական գրասենյակ դիմելու փաստը, մինչդեռ ըստ կտակի ժառանգությունն ընդունելու համար Արմեն Հարությունյանը նոտարական գրասենյակ է դիմել կտակարար Անդրանիկ Հարությունյանի մահվանից` ժառանգության բացման պահից 20 տարի անց` բաց թողնելով օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը: Սույն գործում առկա չէ որևէ ապացույց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմքով և ընթացակարգով Արմեն Հարությունյանի կողմից ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու վերաբերյալ: Ավելին, դատարան ներկայացված հակընդդեմ հայցի պատասխանով Արմեն Հարությունյանն ընդունել է կտակի գոյության և ժառանգության բացման փաստերին ավելի վաղ տեղյակ լինելու հանգամանքը` վկայակոչելով ինչպես Անդրանիկ Հարությունյանի կենդանության օրոք, այնպես էլ նրա մահից հետո իրեն կտակած գույքը պահպանելու, այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար մշտապես միջոցներ ձեռնարկելու փաստերը, որպիսիք, սակայն, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, վերը շարադրված իրավական վերլուծությունների հիմքով, չեն կարող դիտվել որպես ըստ կտակի ժառանգության ընդունմանն ուղղված գործողություններ:

ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի՝ վերը նշած իրավադրույթին, գտել է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է և ՀՀ վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության՝ համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն` դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության՝ քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար, և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական գործի փաստական հանգամանքների հետ` որոշելով դրանց նույնական լինել կամ չլինելու հարցը (տե'ս, «Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան» ՍՊԸ-ն ընդդեմ Սոս Բաղդասարյանի թիվ 3-480 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի որոշումը):

Թիվ ԵԱՔԴ/1018/02/09 գործի փաստական հանգամանքների համաձայն՝ Անի Մութաֆյանը Երևանի Երզնկյան փողոցի թիվ 46 տունն իր գույքով կտակել է Մարինե Բերբերյանին: Անի Մութաֆյանը մահացել է 05.06.2005 թվականին: Մարինե Բերբերյանը, ժառանգության բացման օրվանից վեցամսյա ժամկետում փաստացի տիրապետելով ժառանգական գույքը, այնուամենայնիվ չի դիմել նոտարական գրասենյակ` ըստ կտակի ժառանգությունն ընդունելու նպատակով:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թե՛ սույն քաղաքացիական գործի, և թե՛ թիվ ԵԱՔԴ/1018/02/09 գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները նույնանման են: Մասնավորապես` թե՛ սույն քաղաքացիական գործի, և թե՛ թիվ ԵԱՔԴ/1018/02/09 գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքներն են՝ կտակի առկայությունը, կտակով սահմանված ժառանգի կողմից կտակով նախատեսված ժառանգական գույքի փաստացի տիրապետումը, ըստ կտակի ժառանգությունն ընդունելու նպատակով օրենքով սահմանված ժամկետում նոտարական գրասենյակ չդիմելը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով նույնանման փաստական հանգամանքների առկայության պայմաններում ստորադաս դատարանները պետք է կիրառեին ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/1018/02/09 գործով 01.07.2011 թվականի որոշմամբ արտահայտած դիրքորոշումը և այդ դիրքորոշման համատեքստում պարզեին ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու հիմքերի առկայության, ըստ օրենքի ժառանգության իրավունքի ծագման և դրանցից բխող` սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները: Մինչդեռ ստորադաս դատարանները, անտեսելով ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտմամբ գնահատելով գործում առկա ապացույցները, սխալ եզրահանգման են եկել գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա:

 

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 27.05.2014 թվականի որոշումը մասնակիորեն բեկանելու և գործն այդ մասով նոր քննության ուղարկելու համար` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքի հիմքերը որևէ հիմնավորում չեն բովանդակում նշված որոշման` հայցապահանջի մասով գործը նոր քննության ուղարկելու մասի դեմ:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.11.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը, ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2014 թվականի որոշման` հակընդդեմ հայցը մերժելու մասը և այդ մասով գործն ուղարկել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում՝ վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.11.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
   

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. Պետրոսյան
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ