ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԽ-3-Ո-8
2015 թ.
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՂԱՍԻ ՄԿՈՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
հետեվյալ կազմով`
նախագահությամբ` | Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ` ԱԽ անդամներ |
Ա. Բաբայանի, Գ. Բադիրյանի, |
Ռ. Բարսեղյանի, Գ. Խանդանյանի, | |
Ա. Խաչատրյանի, Մ. Հարթենյանի, | |
Ս. Չիչոյանի, Ե. Սողոմոնյանի, | |
Վ. Ստեփանյանի, Հ. Փանոսյանի | |
մասնակցությամբ` դատավոր |
Ա. Մկոյանի |
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ |
Մ. Մարտիրոսյանի, Մ. Պապոյանի, |
քարտուղարությամբ` |
Շ. Վարդանյանի |
2015 թվականի փետրվարի 3-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մկոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի 22.12.2014թ. թիվ ԷԿ-3/2014 որոշմամբ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ա. Մկոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից ինքնուրույն հայտնաբերված կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքը:
2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը.
Ըստ եզրակացության`
«Դատարանի վարույթում է գտնվում թիվ ԼԴ/0065/01/14 քրեական գործն ըստ Տիգրան Մելիքյանի մեղադրանքի` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
09.07.2014թ. նշանակված դատական նիստի ժամանակ պաշտպան Տ. Աթանեսյանը Դատարանին միջնորդություն է ներկայացրել` քրեական գործի վարույթը կարճելու մասին:
Լսելով կողմերի դիրքորոշումները` Դատարանը տեղում որոշում է կայացրել միջնորդությունը մերժելու մասին:
Առարկելով Դատարանի կողմից կայացված որոշման դեմ` պաշտպան Տ. Աթանեսյանը նշել է, որ ելնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներից` քրեական գործի վարույթը կարճելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը պետք է կայացվի խորհրդակցական սենյակում և շարադրված լինի առանձին փաստաթղթի ձևով` ստորագրված դատարանի կողմից:
Այնուհետև Դատարանը, կողմերից ճշտելով այդ հարցը կարգավորող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը, այն ընթերցել է, որից հետո որոշել է հեռանալ խորհրդակցական սենյակ:
Դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակել է քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ պաշտպան Տ. Աթանեսյանի կողմից ներկայացված միջնորդությունը մերժելու մասին որոշումը:
ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է գործը քննելիս և լուծելիս ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն:
««Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին» ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 05.09.2014թ. թիվ 01-Ն որոշման 10-րդ կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է միջոցներ ձեռնարկել ներպետական ու միջազգային իրավունքի վերաբերյալ իր գիտելիքների հարստացման ուղղությամբ և ձեռք բերված գիտելիքները մշտապես օգտագործել իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս: Դատավորը պարտավոր է միջոցներ ձեռնարկել նաև իր հմտությունների և անձնական հատկանիշների շարունակական կատարելագործման ուղղությամբ:
Վերոգրյալի արդյունքում ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը գտնում է, որ Դատարանի դատավոր Ա. Մկոյանը թիվ ԼԴ/0065/01/14 քրեական գործի վարույթը կարճելու մասին պաշտպանի միջնորդությունը քննարկելիս չի դրսևորել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն` չապահովելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների պատշաճ իմացություն:
Այսպիսով, Դատարանի դատավոր Ա. Մկոյանը թույլ է տվել վարքագծի կանոնի կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում:
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը գտնում է, որ վարքագծի կանոնի կոպիտ կամ պարբերաբար խախտումը չի կարող թույլ տրվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, որի արդյունքում թույլ է տվել վարքագծի կանոնի կոպիտ խախտում»:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Դատավոր Ա. Մկոյանը ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.
«29.04.2014թ. վարույթ եմ ընդունել ՀՀ Լոռու մարզի դատախազությունից ստացված քրեական գործն ըստ մեղադրանքի Տիգրան Մելիքյանի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և նշանակել դատաքննություն՝ 23.05.2014թ.:
Մինչ դատաքննությունը սկսելը ամբաստանյալի շահերի պաշտպան Տ. Աթանեսյանը միջնորդություն է ներկայացրել Դատարանին քրեական գործի վարույթը կարճելու մասին, որի դեմ մեղադրանքի կողմը առարկեց:
Լսելով կողմերի կարծիքը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածով՝ տեղում որոշում կայացրեցի պաշտպանի միջնորդությունը մերժելու մասին:
Պաշտպան Տ. Աթանեսյանը առարկեց Դատարանի կայացրած որոշման դեմ՝ հայտնելով, որ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը պետք է կայացվի խորհրդակցական սենյակում:
Իմ հարցը պաշտպանին, թե ինչու պետք է այդ որոշումը կայացվի խորհրդակցական սենյակում, տրվեց այն իմաստով, որ ուզում էի լսել նրա հիմնավորումները, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի բառացի տեքստը վկայում է, որ մի շարք որոշումներ, այդ թվում՝ քրեական գործը կարճելու որոշումը պետք է կայացվի խորհրդակցական սենյակում, մինչդեռ նշված չէ, որ քրեական գործը կարճելու միջնորդությունը մերժելու որոշումը կայացվում է խորհրդակցական սենյակում:
Պաշտպան Տ. Աթանեսյանը պատասխանեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը պետք է կայացվի խորհրդակցական սենյակում: Պաշտպանի համար ընթերցելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասը, հայտնեցի, թե խորհրդակցական սենյակում որ որոշումներն են կայացվում, այդ թվում՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումները, այլ ոչ թե քրեական գործի վարույթը կարճելու մասին միջնորդության մերժման որոշումը:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոխվի դրա իմաստը:
Եթե հարցը դիտարկենք «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի տեսանկյունից, ապա ՀՀ քրեական դատավարության 313-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չէ, որ քրեական գործի վարույթը կարճելու մասին միջնորդության մերժման որոշումը կայացվում է խորհրդակցական սենյակում:
Քանի որ իմ մասնագիտացումը եղել էր քաղաքացիական ուղղվածությամբ և մասնագիտացումս փոխել էի քրեական ուղղվածությամբ 2013 թվականի դեկտեմբերի վերջից, ուստի չգիտեի, որ դատական պրակտիկայում այդ որոշումները ևս կայացվում են խորհրդակցական սենյակում:
Այնուամենայնիվ, կողմերի կարծիքը լսելուց հետո հայտարարեցի, որ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության հետ կապված որոշում կայացնելու: Խորհրդակցական սենյակում առանձին ակտի ձևով կայացրեցի որոշումը, որը հրապարակվեց դատական նիստում:
Իմ կողմից թույլ տրված սխալը պայմանավորված է նրանով, որ երկար տարիներ /շուրջ 7 տարի/ չեմ քննել քրեական գործեր»:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1. Դատարանի վարույթում է գտնվում թիվ ԼԴ/0065/01/14 քրեական գործն ըստ մեղադրանքի Տիգրան Մելիքյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
2. 09.07.2014թ. նշանակված դատական նիստի ժամանակ պաշտպան Տ. Աթանեսյանը Դատարանին միջնորդություն է ներկայացրել քրեական գործի վարույթը կարճելու մասին:
Լսելով կողմերի դիրքորոշումները` Դատարանը տեղում որոշում է կայացրել միջնորդությունը մերժելու մասին:
Առարկելով Դատարանի կողմից կայացված որոշման դեմ` պաշտպան Տ. Աթանեսյանը նշել է, որ ելնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներից՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը պետք է կայացվի խորհրդակցական սենյակում և շարադրված լինի առանձին փաստաթղթի ձևով` ստորագրված դատարանի կողմից:
Դատարանը, լսելով կողմերին, որոշել է հեռանալ խորհրդակցական սենյակ, որտեղից վերադառնալով, հրապարակել է քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ պաշտպան Տ. Աթանեսյանի կողմից ներկայացված միջնորդությունը մերժելու մասին որոշումը:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով Դատարանի դատավոր Ա. Մկոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է գործը քննելիս և լուծելիս ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն:
««Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին» ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 05.09.2014թ. թիվ 01-Ն որոշման 10-րդ կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է միջոցներ ձեռնարկել ներպետական ու միջազգային իրավունքի վերաբերյալ իր գիտելիքների հարստացման ուղղությամբ և ձեռք բերված գիտելիքները մշտապես օգտագործել իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս: Դատավորը պարտավոր է միջոցներ ձեռնարկել նաև իր հմտությունների և անձնական հատկանիշների շարունակական կատարելագործման ուղղությամբ:
Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների 6-րդ սկզբունքի համաձայն՝ որակավորումը և ջանասիրությունը կարևոր նախադրյալներ են դատական համակարգի պատշաճ գործունեության համար, այսինքն՝ դատավորը պարտավոր է համապատասխան միջոցներ ձեռնարկել ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ իր գիտելիքների, հմտությունների և անձնական հատկանիշների շարունակական կատարելագործման ուղղությամբ՝ այդ նպատակներին հասնելու համար օգտվելով վերապատրաստման և այլ հնարավորություններից, որոնք դատական վերահսկողության պայմաններում մատչելի են դատավորների համար:
Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դատարանի վարույթում գտնվող թիվ ԼԴ/0065/01/14 քրեական գործով 09.07.2014թ. նշանակված դատական նիստի ժամանակ պաշտպան Տ. Աթանեսյանը Դատարանին միջնորդություն է ներկայացրել քրեական գործի վարույթը կարճելու մասին: Լսելով կողմերի դիրքորոշումները` Դատարանը տեղում որոշում է կայացրել միջնորդությունը մերժելու մասին: Առարկելով Դատարանի կողմից կայացված որոշման դեմ` պաշտպան Տ. Աթանեսյանը նշել է, որ ելնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներից՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը պետք է կայացվի խորհրդակցական սենյակում և շարադրված լինի առանձին փաստաթղթի ձևով` ստորագրված դատարանի կողմից: Այնուհետև Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումները, որոշել է հեռանալ խորհրդակցական սենյակ, որտեղից վերադառնալով՝ հրապարակել է քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ պաշտպան Տ. Աթանեսյանի կողմից ներկայացված միջնորդությունը մերժելու մասին որոշումը:
Վերոգրյալի արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ դատավոր Ա. Մկոյանը թիվ ԼԴ/0065/01/14 քրեական գործի վարույթը կարճելու մասին պաշտպանի միջնորդությունը քննարկելիս չի դրսևորել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, քանի որ տեղի տալով պաշտպանի առարկություններին, միևնույն միջնորդության վերաբերյալ կայացրել է այն մերժելու մասին թվով 2 որոշում, որոնցից մեկը՝ արձանագրային, մյուսը՝ կայացված խորհրդակցական սենյակում և շարադրված առանձին փաստաթղթի ձևով:
Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ արդարադատություն իրականացնելիս Դատարանի դատավոր Ա. Մկոյանը թույլ է տվել վարքագծի կանոնի կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մկոյանին հայտարարել նախազգուշացում:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` Ա. Բաբայան Գ. Բադիրյան Ռ. Բարսեղյան Գ. Խանդանյան Ա. Խաչատրյան Մ. Հարթենյան Ս. Չիչոյան Ե. Սողոմոնյան Վ. Ստեփանյան Հ. Փանոսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|