040.0131.22.02.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2001 թվականի N 131
քաղ. Երևան
ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Գործարարության աջակցման խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-768 հրամանագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել գործարարության աջակցման խորհրդի կանոնադրությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
գործարարության աջակցման խորհրդի
I. Ընդհանուր դրույթներ
1. Գործարարության աջակցման խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում գործարարության աջակցման, ներդրումների խթանման և վարչարարական խոչընդոտների վերացման նպատակով, որի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
2. Խորհուրդը խորհրդակցական մարմին է և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
II. Խորհրդի նպատակները, խնդիրներն ու գործառույթները
3. Խորհրդի գործունեության հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ներդրումների և գործարարության համար բարենպաստ մթնոլորտի ապահովումը:
4. Խորհրդի խնդիրներն են`
ա) ներդրումների խթանումը և գործարարությանն օժանդակումը.
բ) ներդրումներին և գործարարությանն առնչվող վարչարարական խոչընդոտների վերացմանն ուղղված միջոցառումների մշակումը.
գ) գործարարների և պետական մարմինների միջև փոխհարաբերությունների համակարգումը, արդյունավետ համագործակցության մեխանիզմի ստեղծումը.
դ) Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության մշակմանը գործարարների մասնակցության ապահովումը.
ե) ներդրումները և գործարար միջավայրը կարգավորող բարենպաստ օրենսդրական դաշտի ձևավորմանն օժանդակումը:
III. Խորհրդի աշխատանքների կազմակերպումը
5. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն չորս ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:
(5-րդ կետը փոփ. 30.12.04 N 1857-Ն)
6. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է իր գործունեության ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:
7. Խորհրդի նիստն իրավազոր է որոշումներ կայացնելու, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
8. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` խորհրդի փոխնախագահը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
9. Խորհրդի նիստի օրակարգը հաստատվում է ընթացիկ նիստում, որը համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին և 12-րդ կետում նշված անձանց` գումարվող խորհրդի նիստից 3 օր առաջ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավասու է նիստից առնվազն 5 օր առաջ քարտուղարություն ներկայացնել օրակարգում հարց ընդգրկելու վերաբերյալ առաջարկություն:
10. Յուրաքանչյուր նիստն սկսվում է նիստի օրակարգի և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
11. Խորհրդի ընդունած որոշումներն ու արձանագրություններն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:
12. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ և օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներ:
13. Ռոտացիոն կարգով խորհրդի կազմում ընդգրկված գործարարները կարող են 9-րդ կետում սահմանված կարգով, խորհրդի քարտուղարության միջոցով, խորհրդի նիստի օրակարգում ընդգրկել իրենց առաջարկությունները:
14. Խորհուրդն ստեղծում է աշխատանքային խմբեր` խորհրդի որոշումների իրականացման, նիստերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդի ընթացիկ գործերի կատարման համար:
15. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպելու համար կարող է Հայաստանի Հանրապետության նախարարություններից, պետական կառավարման տարածքային մարմիններից և կազմակերպություններից ստանալ վերլուծական ու տեղեկատվական նյութեր, վիճակագրական տվյալներ:
16. Խորհուրդն իր որոշումներին համապատասխան կարող է առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների քննարկմանը:
IV. Խորհրդի նախագահը եվ փոխնախագահը
17. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է:
18. Խորհրդի նախագահը`
ա) հրավիրում և նախագահում է խորհրդի նիստերը.
բ) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.
գ) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում:
19. Խորհրդի փոխնախագահը`
ա) փոխարինում է խորհրդի նախագահին` նրա բացակայության ժամանակ.
բ) օժանդակում է խորհրդի նախագահին` խորհրդի աշխատանքների իրականացման ընթացքում:
V. Խորհրդի անդամները
20. Խորհրդի գործարար համայնքից անդամների անհատական կազմը ձևավորվում է ռոտացիոն կարգով` Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Գործարարության աջակցման խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-768 հրամանագրի N 2 հավելվածում նշված գործարարների ցանկից: Ռոտացիան կատարվում է տարեկան մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
(20-րդ կետը փոփ. 30.12.04 N 1857-Ն)
21. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:
22. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, իսկ ռոտացիայի կարգով ընդգրկվածներինը` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
VI. Խորհրդի քարտուղարությունը
23. Խորհրդի աշխատանքային քարտուղարությունը հանդիսանում է Հայաստանի զարգացման հիմնադրամը` որն իր կազմից ձևավորում է խորհրդի քարտուղարության աշխատանքային խումբը:
(23-րդ կետը փոփ. 19.02.15 N 149-Ն)
24. Խորհրդի քարտուղարությունը`
ա) նախապատրաստում է խորհրդի նիստերն ու օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.
բ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը.
գ) խորհրդին ներկայացնում է առաջարկներ` Հայաստանի Հանրապետությունում ներդրումների խթանման և վարչարարական խոչընդոտների վերացման հարցերի վերաբերյալ.
դ) ապահովում է խորհրդի գործունեության ու արդյունքների վերաբերյալ հրապարակային տեղեկատվությունը.
ե) տեղեկատվություն է տրամադրում պետական նշանակության ծրագրային միջոցառումների, կատարվող և կատարվելիք աշխատանքների վերաբերյալ.
զ) արձանագրում է խորհրդի նիստերի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման համապատասխան նախագծեր.
է) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
ը) խորհրդի որոշումները և նիստերի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ և գերատեսչություններ:
VII. Խորհրդի քարտուղարը
25. Խորհրդի քարտուղարը Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենն է:
(25-րդ կետը փոփ. 19.02.15 N 149-Ն)
26. Խորհրդի քարտուղարը`
ա) կազմակերպում է խորհրդի քարտուղարության աշխատանքները.
բ) խորհրդի նիստում զեկուցում է խորհրդի որոշումների կատարման ընթացքի մասին:
VIII. Խորհրդի գործունեության դադարումը
27. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.02.2015, N 149-Ն | 14.03.2015, N 131 | |
30.12.2004, N 1857-Ն | 27.01.2005, N 131 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|