Գլխավոր տեղեկություն
Номер
N 1236-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (28.02.2015-16.04.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.09.11/39(214) Հոդ.895
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.08.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.08.2002
Дата вступления в силу
12.09.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.04.2020

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 օգոստոսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 օգոստոսի 2002 թվականի N 1236-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԿԵՆՍԱՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 11.03.04 N 291-Ն)

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմում ստեղծել կենսառեսուրսների կառավարման գործակալություն` պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

(1-ին կետը փոփ. 11.03.04 N 291-Ն)

2. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը լրաց. 11.03.04 N 291-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 20
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 8-ի N 1236-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ աշխատակազմի ԿԵՆՍԱՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

(վերնագիրը լրաց. 11.03.04 N 291-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ կենսաբազմազանության պահպանության և կենսառեսուրսների կառավարման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը խմբ. 11.03.04 N 291-Ն,12.05.11 N 597-Ն)

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակները և խնդիրներն են՝

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում բնական էկոհամակարգերի, ներառյալ անտառների, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բուսական ու կենդանական աշխարհի օբյեկտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, վերարտադրության և կայուն օգտագործման ապահովումը, ինչպես նաև այդ ոլորտներում պետական քաղաքականության ձևավորմանն ու կառավարմանն աջակցությունը.

բ) էկոհամակարգերի բազմազանության ու դրանց կենսապաշարների պահպանության ու վերարտադրության ապահովումը.

գ) բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների հաշվառման, գույքագրման, տեղեկատվական բանկի ու կենսապաշարների կադաստրների ստեղծման ու վարման իրականացման, ապահովումը.

դ) կենսաբազմազանության մոնիտորինգի համակարգի ստեղծման ու իրականացման ապահովումը.

ե) կենդանական և բուսական բնական պաշարների օգտագործման թույլատրելի չափաքանակների հաստատման համար հիմնավորումների ապահովումը.

զ) բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և կայուն օգտագործման աշխատանքների համակարգումը:

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում բնական էկոհամակարգերի, լանդշաֆտների, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքների, դենդրոպարկերի, անտառապարկերի կենսաբանական բազմազանության հաշվառման, տեղեկատվական բանկի ստեղծման պատվերի տեղադրում.

բ) հանրապետության վայրի բուսական և կենդանական պաշարների գույքագրում և մոնիթորինգ, տեղեկատվական բանկի ու կադաստրների վարում.

գ) բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների կայուն օգտագործման, վերականգնման, վերարտադրության և ուսումնասիրությունների վերաբերյալ պատվերի տեղադրում.

դ) Հայաստանի Հանրապետության բույսերի ու կենդանիների Կարմիր գրքերի վարում.

ե) բնության հատուկ պահպանվող տարածքներում, դենդրոպարկերում և անտառապարկերում հողային ռեսուրսների և կանաչ տարածքների վերաբերյալ առաջարկությունների և կարծիքների տրամադրում.

զ) բնական էկոհամակարգերում, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի, ռեկրեացիոն և տնտեսական գործունեության զարգացման նպատակով պատվերի տեղադրում.

է) օտարածին բուսական և կենդանական տեսակներից ու կենդանի վերափոխված օրգանիզմներից կենսաբազմազանության անվտանգությունն ապահովող աշխատանքների կազմակերպում.

ը) հանրապետության վայրի բուսական և կենդանական պաշարների, բնության հատուկ պահպանվող տարածքների գույքագրում, մոնիթորինգ, տեղեկատվական բանկի ստեղծում ու կադաստրների վարում.

թ) կենդանական ու բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման լիցենզիաների (թույլտվությունների) ձևակերպում և պայմանագրերի կնքում:

(8-րդ կետը խմբ. 03.09.10 N 1188-Ն)

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է բնապահպանության նախարարը (այսուհետ՝ նախարար): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:

Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Գործակալության պետը պատասխանատու է կենսաբազմազանության պահպանության և կենսառեսուրսների կառավարման բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց՝ օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:

11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

12. Գործակալության պետը՝

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով.

դ) իր իրավասության սահմաններում գործակալության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է առաջարկություններ այդ աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար տեղեկատվություն է ներկայացնում գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների ու տարածքային մարմինների իրավասությունները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) նախարարին առաջարկություններ է ներկայացնում գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

ժգ) իր իրավասության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Գործակալության պետի բացակայության դեպքում գործակալության պետի ներկայացմամբ և նախարարի հանձնարարությամբ, կամ դրա անհնարինության դեպքում նախարարի անմիջական հանձնարարությամբ, գործակալության պետի պարտականությունները կատարում է գործակալության պետի տեղակալներից մեկը:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

16. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
օգոստոսի 8-ի N 1236-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

Կենդանական ռեսուրսների կառավարման բաժին

Բուսական ռեսուրսների կառավարման բաժին

Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժին

էկոտուրիզմի աջակցության և զարգացման բաժին

(հավելվածը խմբ. 05.02.15 N 134-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան