Գլխավոր տեղեկություն
Номер
N 27-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (23.04.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.02.04/5(1094) Հոդ.74
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.01.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.01.2015
Дата вступления в силу
05.02.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունվարի 2015 թվականի N 27-Ն

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2015 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2015 թվականի ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների իրականացման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հունվարի 27
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 15-ի N 27-Ն որոշման

 

2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

I. Ն Ա Խ Ա Բ Ա Ն

 

1. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության առաջնայնություններից մեկը եղել և մնում է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացումը: ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է, որը նպաստում է երկրի տնտեսության աճին, մրցունակության և արտադրողականության բարձրացմանը, մեծ հավելյալ արժեք ապահովող աշխատատեղերի ստեղծմանը և երկրի վարկանիշի բարձրացմանը:

2. 2000 թվականին ՏՏ ոլորտը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճանաչվել է որպես Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը: 2001 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության ինֆորմացիոն (տեղեկատվական) տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգը, 2008 թվականին` ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը, 2010 թվականին` Հայաստանում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգը: Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի ՆՀ-896 հրամանագրով ստեղծվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ, որի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է։

3. ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների ձևավորումը և նոր աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով 2014 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է ՏՏ ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենքների փաթեթը, որով ՏՏ ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին կտրամադրվեն հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում:

4. 2014 թվականին ՏՏ ոլորտի հետազոտության արդյունքներով նախորդ տարվա համեմատ ոլորտում գրանցվել է 25.2% աճ: 2013 թվականի համեմատ 2014 թվականին ավելացել է նաև ՏՏ ոլորտի ընկերությունների և զբաղվածների թիվը, ինչպես նաև աճել է ոլորտի շրջանառությունը, մասնավորապես, ընկերությունների թիվը 380-ի փոխարեն կազմել է 396, ոլորտում ներգրավված մասնագետների թիվը 10740-ի փոխարեն կազմել է 11560, ոլորտի շրջանառությունը 379.1 մլն ԱՄՆ-ի դոլարի փոխարեն կազմել է 474.9 մլն ԱՄՆ-ի դոլար:

5. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2011 թվականին ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում երկրի գյուղական բնակավայրերում ինտերնետի հասանելիության ապահովման նպատակով հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող 344 գյուղական բնակավայրերում իրականացվել է անլար ինտերնետ սարքավորումների տեղադրման ծրագիրը: 2013 թվականին ստեղծվել է Հայաստանում առաջին վենչուրային ֆոնդը, որն ուղղված է նորարար գաղափարների գեներացման ու սկսնակ ընկերությունների ձևավորման խթանմանը: Ֆոնդի կառավարիչ «Գրանատուս Վենչուրս» ընկերության կողմից 2014 թվականին «ՈւայՔաստր» (WiCastr) և «ՍոլոԼըրն» (Sololearn) ընկերությունների հետ ստորագրվեցին առաջին երկու պայմանագրերը: 2014 թվականին Երևանում անցկացվեց նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների առաջին մրցույթը:

6. 2014 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացված 80 մլն դրամի պետական աջակցության շրջանակում 2014 թվականին իրականացվել է ՏՏ ոլորտի հետազոտությունը, կազմակերպվել է «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթը և վենչուրային համաժողով, տեղի են ունեցել «Դիջիթեք» բիզնես ֆորումը, «Արմթեք 2014» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամենամյա համաժողովը, «Դիջիթեք Էքսպո 2014» տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը, կազմակերպվել են 4 «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով արտագնա հանդիպում-քննարկումներ, այդ թվում` 1 Բիզնես ինովացիոն ֆորում, ապահովվել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի բնականոն գործունեությունը, վերազգային ընկերությունների հետ շարունակվել է կարողությունների զարգացման համատեղ ծրագրերի իրականացումը:

 

2. ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող և ամենաբարձր հավելյալ արժեք ձևավորող ոլորտն է: Այնուամենայնիվ, ՏՏ ոլորտի զարգացման միտումների հետ մեկտեղ ոլորտում առկա են նաև մի շարք հիմնախնդիրներ։ Դրանք են` մասնավորապես, ՏՏ ոլորտի առաջնային զարգացումն ու էլեկտրոնային հասարակության կայացումն ապահովող կիրարկման մեխանիզմների բարելավման, ՏՏ ոլորտում որակյալ և մրցունակ կրթական միջավայրի զարգացման, միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական կադրերի մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման առկա դժվարությունները, ՏՏ ոլորտում բարենպաստ գործարար միջավայրի կատարելագործման և տեխնոլոգիական ձեռներեցությունը խթանող ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման հետ կապված խնդիրները, ՏՏ ոլորտի զարգացմանն ու էլեկտրոնային հասարակության կայացմանը նպաստող ներդրումների խթանման և ՏՏ ոլորտի նոր վերազգային կազմակերպությունների ներգրավման հետ կապված խնդիրները, ՏՏ ոլորտի տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանման և համաշխարհային շուկաներում կայուն դիրքավորման բարդությունները, արագ զարգացող տեխնոլոգիական աշխարհում Հայաստանի մրցունակության պահպանման հետ կապված խնդիրները, ժամանակակից ենթակառուցվածքների անբավարարությունը:

8. Նշված հիմնախնդիրների հաղթահարմանն են ուղղված 2015 թվականի ընթացքում նախատեսվող ծրագրային միջոցառումները։

 

II. ՏՏ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

9. ՏՏ ոլորտի խթանման ծառայությունների 2015 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման համար հիմք են հանդիսացել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 28-ի նիստի «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը ճանաչելու մասին» N 58 արձանագրային որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի նիստի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» N 35 արձանագրային որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 511-Ա որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 700-Ն որոշումը (հավելված N 3):

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

10. Ծրագրի հիմնական նպատակներն են`

1) Հայաստանում ՏՀՏ կատարելագործված ենթակառուցվածքներով, համակարգչային հագեցվածության և ինտերնետ հասանելիության բարձր աստիճանով, համակարգչային բարձր գրագիտությամբ, համատարած կիրառվող էլեկտրոնային ծառայություններով, խոշորածավալ տեղական ՏՏ շուկայի առկայությամբ և առաջադեմ գիտելիքահենք արդյունաբերությամբ երկրի վարկանիշի ապահովումը.

2) մեծ հավելյալ արժեք ստեղծող հետազոտական և բարդ ինժեներական լուծումներ ու ծառայություններ մատուցող ընկերություններով, համաշխարհային շուկաներում մրցունակ տեղական ՏՏ արտադրանքով զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացումը.

3) համաշխարհային շուկայում մրցակցային առավելություններ ունեցող հայկական ՏՏ ապրանքային նշանի ներթափանցումն ու ներկայությունն ապահովող միջոցառումների իրականացումը.

4) հայկական ՏՀՏ ոլորտի մի շարք կարևոր բնագավառների աճը խթանելու նպատակով համապատասխան կրթությամբ մասնագետների պատրաստման, որակյալ աշխատուժի աճի պահպանման և զարգացման խնդիրների լուծումը.

5) ոլորտի արդյունավետության աճի պահպանումը և առավել զարգացումը (տարեկան մինչև 20% չափով).

6) որակյալ աշխատուժի աճի պահպանումը և առավել զարգացումը (տարեկան մինչև 12% չափով):

11. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) ՏՏ ոլորտի զարգացման միտումների վերլուծությունն ու մարտահրավերների ուսումնասիրությունը, ոլորտի նվաճումների ներկայացումը, ոլորտի զարգացման խթանման, ներկայացման և առաջմղման համար մեխանիզմների մշակումը.

2) հայաստանյան ՏՏ ոլորտի ձեռքբերումները տեղական ցուցահանդեսներում, համաժողովներում և այլ միջոցառումներում ներկայացնելու արդյունքում հասարակության իրազեկվածության աստիճանի բարձրացումը, տնտեսության այլ բնագավառներում ՏՏ լուծումների կիրառման խթանումը, արտադրողականության աճի ու ապրանքների և ծառայությունների արտահանման ավելացումը.

3) ՏՏ ոլորտի զարգացմամբ հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության հաստատման և ընդլայնման միջոցով նշված երկրների փորձի շարունակական ներդրումը, սփյուռքի հետ փոխգործակցության ընդլայնումը, ներդրումների ներգրավումը, նպատակային երկարաժամկետ ծրագրերի իրականացումը և միջազգային ճանաչում ունեցող ՏՏ ոլորտի նոր վերազգային կազմակերպությունների Հայաստան ներգրավումը` վերջիններիս փորձի, հեղինակության ու կապերի շնորհիվ Հայաստանի վարկանիշի բարձրացումը և Հայաստանի, որպես տարածաշրջանային ՏՏ հանգույցի իմիջի ձևավորումը.

4) ոլորտի որակյալ մասնագիտական կարողությունների զարգացումը, մասնավորապես, Մայքրոսոֆթ ինովացիոն և Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնների գործունեության ապահովումը, դասընթացների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպումը, «Ինթել», «Սիսկո», «Նեյշնլ Ինսթրումենթս», «ԱյԲիԷմ», «Օրակլ», «Սամսունգ» և այլ վերազգային ընկերությունների հետ կարողությունների զարգացման և այլ համատեղ ծրագրերի իրականացումը:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

 

12. Ծրագիրն ուղղված է Հայաստանում ՏՏ ոլորտի շարունակական զարգացմանը և համաշխարհային շուկայում դիրքավորմանը, երկրում գիտելիքահենք տնտեսության զարգացման ուղղությամբ իրական հնարավորությունների ստեղծմանը և այն իրականացվում է պետական և մասնավոր հատվածների համագործակցության սկզբունքով` որպես պետական աջակցություն:

 

V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

13. Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացում և խթանում Հայաստանում ու արտերկրում, հետազոտություն, հասարակական իրազեկում`

1) ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգով առաջնային խնդիրներից են հանդիսանում ՏՏ ոլորտում հաջողությունների հասած պետությունների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության խթանումն ու ապահովումը, Հայաստանում և արտերկրում ոլորտի ներկայացումը, Հայաստանի վարկանիշի ձևավորումը` որպես ՏՏ տարածաշրջանային կենտրոն, այդ թվում` նպաստելով Հայաստանում մի շարք միջազգային նշանակության միջոցառումների պարբերական անցկացմանը, հեռանկարային ծրագրերի իրականացմանը և երկրի տնտեսական դաշտ ՏՏ ոլորտի նոր վերազգային կազմակերպությունների ներգրավմանը` վերջիններիս փորձի, հեղինակության ու կապերի շնորհիվ Հայաստանի վարկանիշի բարձրացման և հայկական ՏՏ ապրանքային նշանի առաջխաղացման նպատակով.

2) Հայաստանում ու արտերկրում ՏՏ ոլորտի ներկայացումը, խթանումը և հասարակության իրազեկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է համապատասխան նյութերի նախապատրաստում և հրապարակում։ Այդ ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել ոլորտին վերաբերող հետազոտություններ և վերլուծություններ, որոնք կներկայացնեն ՏՏ ոլորտի առկա իրավիճակը, այդ թվում` հիմնական խնդիրները և մարտահրավերները, ռազմավարական զարգացման հեռանկարները և վերջին տարիներին գրանցված նվաճումները։ Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջանում թարմացնել ոլորտի կազմակերպությունների ուղեցույցը: Վերոնշյալ հետազոտությունները, վերլուծությունները և ուղեցույցներն արդյունավետ կերպով կծառայեն ոչ միայն բազմաթիվ միջոցառումների, հանդիպումների ընթացքում հայկական ՏՏ ոլորտի ներկայացմանը, այլև տեղեկատվական աղբյուր կհանդիսանան ՏՏ ոլորտում առկա հիմնական մարտահրավերների և դրանց հաղթահարման հնարավոր ուղիների, ոլորտի զարգացման հեռանկարների, ներդրումների ներգրավման և հետագա ռազմավարության մշակման համար.

3) խոշորագույն ցուցահանդեսներում և համաժողովներում, միջազգային և տեղական շուկաներում Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացումը հանդիսանում է կարևորագույն գործոն Հայաստանի` որպես ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաներ ունեցող երկրի վարկանիշի բարձրացման, հայկական ՏՏ ոլորտի կարողությունների և ձեռքբերումների ցուցադրման, միջազգային շուկաներում առանձին ընկերությունների ծրագրերի, լուծումների և ծառայությունների ներկայացման, նոր գործարար կապերի ստեղծման ու ընդլայնման, միջազգայնորեն մրցունակ հայկական ՏՏ ապրանքային նշանի ձևավորման, ոլորտի վերջին համաշխարհային նվաճումներին ծանոթացման, շուկայական ուսումնասիրությունների ու վերլուծությունների կատարման համար.

4) Հայաստանում կազմակերպվող միջոցառումները (ցուցահանդեսներ, համաժողովներ, մրցույթներ և այլն) նպատակ ունեն ցուցադրելու հայկական ՏՏ ոլորտի ձեռքբերումները և նվաճումները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կառավարության, մասնավոր հատվածի, գիտական, կրթական հաստատությունների ու դոնոր կազմակերպությունների համագործակցության և համատեղ ջանքերի արդյունքներ։ Նշված միջոցառումներն ուղղված են խթանելու նաև ոլորտի վերաբերյալ հասարակության իրազեկվածության աստիճանի բարձրացմանը` հիմք հանդիսանալով նորարարությունների, արտադրողականության ու մրցունակության բարձրացման և տեխնոլոգիական հանրության ներսում առկա կապերի ամրապնդման համար:

14. Միջազգային համագործակցություն`

1) Հայաստանում ՏՏ ոլորտի նոր վերազգային կազմակերպությունների ներգրավումը, ինչպես նաև վերջիններիս հետ համատեղ ներդրումային և կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումն էական նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության, մասնավորապես, ՏՏ ոլորտի արտադրողականության և մրցունակության բարձրացման համար: Այդ գործընթացի նպատակն է ուսումնասիրել և կիրառել ոլորտի միջազգային լավագույն փորձը, ներգրավել օտարերկրյա նոր ներդրումներ, ստեղծել նոր աշխատատեղեր: Նման նախաձեռնությունները պահանջում են երկարաժամկետ պետական պարտավորությունների ստանձնում, քանի որ նման պարտավորության առկայությունը հանդիսանում է համագործակցության երաշխավորման հիմնական գրավական, իսկ որոշ դեպքերում՝ նաև նախապայման.

2) միջոցառման շրջանակում կշարունակվեն իրականացվել Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, ինչպես նաև «Նեյշնլ Ինսթրումենթս», «ԱյԲիԷմ», «Օրակլ», «Սամսունգ» և այլ վերազգային ընկերությունների հետ համատեղ ծրագրերը:

14.1. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) քարտուղարության գործունեության ապահովում՝ միջոցառման շրջանակում կապահովվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի N 707 որոշմամբ հաստատված տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կանոնադրությամբ ՏՏԶԱԽ-ի քարտուղարությանը վերապահված գործառույթների բնականոն իրականացումը:

(14.1-ին կետը լրաց. 09.04.15 N 363-Ն)

 

VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

15. ՏՏ ոլորտի խթանման ծառայությունների 2015 թվականի ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի ֆինանսավորմամբ` 88597.0 հազ. դրամի չափով, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

(15-րդ կետը փոփ. 09.04.15 N 363-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 09.04.15 N 363-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ

Գ. Դումանյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 15-ի N 27-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

NN
ը/կ

Միջոցառումը

Կատարողը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

Կատարման արդյունքները

1

2

3

4

5

6

1.

Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացում և խթանում Հայաստանում և արտերկրում, հետազոտություն, հասարակական իրազեկում

       
 

1.1. ՏՏ ոլորտի հետազոտություն, ընկերությունների վերաբերյալ ուղեցույց և ներկա իրավիճակի վերլուծություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ աղբյուրներ

ՏՏ ոլորտի հետազոտության, ներկա իրավիճակի վերլուծության և գնահատման արդյունքում ոլորտի հիմնական խնդիրների և մարտահրավերների բացահայտում, ոլորտի կազմակերպությունների ուղեցույցի թարմացում

 

1.2. «Դիջիթեք 2015» ցուցահանդեսի և դրա շրջանակում այլ միջոցառումների ֆինանսավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)

2015 թ.
2-րդ կիսամյակ

ՀՀ պետական բյուջե և
օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Ոլորտի ընկերությունների միջև նոր կապերի ստեղծման խթանում, ոլորտի նոր ընկերություններին շուկա մուտք գործելու և իրենց ապրանքներն ու ծառայությունները ցուցադրելու համար հնարավորությունների ստեղծում

«Դիջիթեք-2015» ցուցահանդեսի և դրա շրջանակում իրականացվող այլ միջոցառումներին ակնկալվում է առնվազն 30000 այցելու

 

1.3. «Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովի ֆինանսավորում» միջոցառման կազմակերպում և իրականացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2015 թ.
2-րդ կիսամյակ

ՀՀ պետական բյուջե և
օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Նորարարական թիմերի խթանում, ձեռներեցության և նորարարության աջակցման մրցույթի և ամփոփիչ վենչուրային համաժողովի կազմակերպում, մրցույթի անցկացման արդյունքում մինչև 5 դրամաշնորհների տրամադրում

 

1.4. ՏՏ ոլորտի մասնավոր հատվածի հետ «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով անցկացվող պարբերաբար արտագնա հանդիպում-քննարկումների կազմակերպում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և
օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Տարեկան 3 միջոցառումների, այդ թվում` «Բիզնես ինովացիոն ֆորում»-ի կազմակերպում:
Ակնկալվում է, որ կմասնակցեն ոլորտի 100 կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական 5 գերատեսչությունների ղեկավարներ, 25 նորաստեղծ ընկերությունների ներկայացուցիչներ, ոլորտի գործունեությունը լուսաբանող 20 լրագրողներ:

 

1.5. «Դիջիթեք բիզնես ֆորում 2015» համաժողով

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)

2015 թ.
1-ին կիսամյակ

ՀՀ պետական բյուջե և
օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Տնտեսության այլ բնագավառներում ՏՏ ոլորտի գործիքների և լուծումների կիրառման հնարավորությունների ներկայացում, գործնական կապերի ստեղծման խթանում

 

1.6. «ԱրմԹեք 2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովի կազմակերպում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2015 թ.
2-րդ կիսամյակ

ՀՀ պետական բյուջե և
օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Գործարար և մասնագիտական տեղեկատվության ստացման և բարձր տեխնոլոգիաների համաշխարհային ոլորտում կարևոր կապերի հաստատման խթանում, ՏՏ և բարձր տեխնոլոգիաների զարգացումների ներկայացում, արտասահմանյան ներդրումների խթանման, արտերկրում տեղական կազմակերպությունների առաջխաղացման համար կարևոր հարթակի ձևավորում

2.

Միջազգային համագործակցություն

       
 

2.1. Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի բնականոն գործունեության ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և
օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Ուսումնական ծրագրերի, սեմինարների, դասընթացների, ինչպես նաև բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիաներով հետազոտական ծրագրերի իրականացում, առնվազն 500 ուսանողի և մասնագետի կարողությունների զարգացում

 

2.2. «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի բնականոն գործունեության ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2015 թ.
ընթացքում

ՀՀ պետական բյուջե և
օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Կենտրոնի գործունեության ապահովում, դասընթացների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպում, առնվազն 500 ուսանողի ու մասնագետի կարողությունների զարգացում և 10 թիմի նախագծերի իրականացմանն աջակցություն

 

2.3. Վերազգային ընկերությունների հետ համատեղ ծրագրերի իրականացման ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2015 թ.
ընթացքում

ՀՀ պետական բյուջե և
օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Վերազգային ընկերությունների հետ համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացում
 3.

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) քարտուղարության գործունեության ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ (համաձայնությամբ

2015 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և
օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) քարտուղարության հետագա բնականոն գործունեության ապահովում

(հավելվածը լրաց. 09.04.15 N 363-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ

Գ. Դումանյան