Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.10.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.02.25/9(1098).1 Հոդ.114.21
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
31.10.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
31.10.2014
Дата вступления в силу
31.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում 

Գործ թիվ ԵԱՔԴ/0056/06/14

ԵԱՔԴ/0056/06/14

 

Նախագահող դատավոր՝  Գ. Մելիք-Սարգսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

   

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. ԴանԻելյանի

   

Ս. Օհանյանի

   

   քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

   մասնակցությամբ պաշտպան

Ե. Սարգսյանի

   

 

 2014 թվականի հոկտեմբերի 31-ին

 ք.Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Դավիթ Կարենի Վարդանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հուլիսի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Բադալյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2014 թվականի մարտի 21-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է թիվ 14124814 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով:

2014 թվականի ապրիլի 18-ին վարույթն իրականացնող մարմինը սույն գործով կասկածյալ Դավիթ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի 2014 թվականի ապրիլի 24-ի որոշմամբ Դ.Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ վերացվել է Դ.Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, և միջնորդություն է հարուցվել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` մեղադրյալ Դ.Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով կալանավորում կիրառելու մասին:

2. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Դ.Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:

3. 2014 թվականի հունիսի 13-ին նախաքննության մարմնի կողմից միջնորդություն է հարուցվել Առաջին ատյանի դատարան` մեղադրյալ Դ.Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարացնելու մասին:

Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունիսի 23-ի որոշմամբ Դ.Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է երկու ամսով: Նույն որոշմամբ մերժվել է մեղադրյալին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու մասին պաշտպանի միջնորդությունը:

4. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հուլիսի 15-ին որոշում է կայացրել բողոքը մասնակիորեն բավարարելու, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունիսի 23-ի որոշումը փոփոխելու մասին: Մեղադրյալ Դ.Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով, և գրավի չափ է սահմանվել 1.500.000 ՀՀ դրամը:

5. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հուլիսի 15-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Բադալյանը:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

2014 թվականի հոկտեմբերի 27-ին մեղադրյալ Դ.Վարդանյանի պաշտպան Ե.Սարգսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` փաստարկելով, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է ու հիմնավորված, իսկ դրա դեմ բերված վճռաբեկ բողոքը, ինչպես նաև Առաջին ատյանի դատարանի որոշումն անհիմն են: Ուստի, խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Դ.Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2014թ. մարտի 15-ին` ժամը 21:30-ի սահմաններում, գործով չպարզված երկու անձանց հետ, խմբով, Երևան քաղաքի Արաբկիր 41 փողոցում ծեծի են ենթարկել Անանիա Նորիկի Գրիգորյանին և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող, այն է` քթի, մեջքի, ճակատի միջին մասի քերծվածքներ, գլխի ձախ և ձախ քունքային շրջանների սալջարդ վերքերի, գանգուղեղային բաց բութ վնասվածքի` ձախից քունքոսկրի կոտրվածքի, գլխուղեղի ձախ քունքային շրջանի թիթեղանման արյունազեղման ձևով մարմնական վնասվածքներ» (տե՛ս նյութեր, 1-ին հատոր, թերթ 6-8):

7. Մեղադրյալ Դ.Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 25-ի որոշման համաձայն՝ «(…) Դատարանը, նկատի ունենալով, որ առկա է հիմնավոր կասկած իրեն մեղսագրվող արարքին մեղադրյալի առնչության վերաբերյալ, որը հաստատվում է տուժող Ա.Գրիգորյանի, վկաներ Ն.Նազարյանի, Ա.Խաչատրյանի ցուցմունքներով, տուժողին ճանաչման ներկայացնելու արձանագրությամբ, ինչպես նաև հաշվի առնելով մեղադրյալ Դ.Վարդանյանին մեղսագրվող արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, այն, որ մեղադրյալ Դ.Վարդանյանն իր նկատմամբ որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելուց հետո այցելել է տուժողի բնակարան և խնդրել փոխել ցուցմունքը, դրանով արդեն իսկ ցանկացել խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, գտնում է, որ միջնորդությունը հիմնավոր է և ենթակա բավարարման» (տե՛ս նյութեր, 1-ին հատոր, թերթ 67-68):

8. Մեղադրյալ Դ.Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(…) Դատարանը, (…), նկատի ունենալով, որ քրեական գործով կան հիմնավոր կասկածներ, որ մեղադրյալն առնչվում է իրեն մեղսագրվող արարքին, որ Դավիթ Վարդանյանը, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, քրեական գործով դեռևս պետք է կատարվեն մի շարք քննչական և դատավարական գործողություններ, որ չեն վերացել Դավիթ Վարդանյանին կալանքի տակ պահելու հիմքերը, իսկ Դավիթ Վարդանյանի կալանքի տակ պահելու ժամկետը լրանում է 2014թ. հունիսի 25-ին, ուստի գտնում է, որ Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Ա.Բաղդասարյանի միջնորդությունը` կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ, ենթակա է բավարարման:

Դատարանը, անդրադառնալով պաշտպանի` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությանը, գտնում է, որ այն ենթակա է մերժման վերը նշված պատճառաբանություններով (…)» (տե՛ս նյութեր, 2-րդ հատոր, թերթ 15-17):

9. Վերաքննիչ դատարանի դատական ակտի համաձայն՝ «(…) Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարացնելու և այն գրավով փոխարինելն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ նյութերից երևում է, որ [Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության] դատարանը, քննության առնելով քննիչի միջնորդությունը, լսելով կողմերին, գտել է, որ Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Ա.Բաղդասարյանի միջնորդությունը` կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ, ենթակա է բավարարման, իսկ կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունն առանց պատճառաբանության մերժել է:

(…) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից չի պատճառաբանվել գրավի կիրառման անթույլատրելիությունը, այլ միայն նշվել է, որ ենթակա է մերժման վերը նշված պատճառաբանություններով:

Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածը սահմանում է գրավի կիրառման հիմքերը:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, Դավիթ Վարդանյանի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ու քննությանը խոչընդոտելու, քրեական օրենսգրքով նախատեսված նոր արարք կատարելու առումով բավարար հիմնավորումներ առկա չլինելը, հիմնավորված է համարում, որ մեղադրյալի անձը պարզված է, նախկինում դատված, արատավորված չի եղել, ունի մշտական բնակության վայր և աշխատանք, ունի բարձրագույն կրթություն, բնութագրվում է դրականորեն, մեծ հարգանք և հեղինակություն է վայելում իր բնակության վայրում, հանդիսացել է Երևան քաղաքի ավագանու անդամ: Ընդհանուր իրավասության դատարանն իր որոշմամբ չի արձանագրել այնպիսի տվյալներ, որոնցով կհաստատվեր կալանքը գրավով փոխարինելն անթույլատրելի ճանաչելու անհրաժեշտությունը, ինչը հիմք է ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը բեկանելու և մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու համար, որը, որպես երաշխիք, տվյալ դեպքում կարող է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը (…)» (տե՛ս նյութեր, 2-րդ հատոր, թերթ 57-64):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 135-րդ, 136-րդ, 137-րդ, 143-րդ և 288-րդ հոդվածների պահանջները:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը մատնանշել է մի շարք հանգամանքներ, որոնք Վերաքննիչ դատարանի կողմից գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս հաշվի չեն առնվել: Մասնավորապես այն, որ նախաքննության սկզբնական փուլում, երբ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, Դ.Վարդանյանը, գտնվելով ազատության մեջ, այցելել է տուժող Ա.Գրիգորյանի բնակարան և առաջարկել է փոխել իր դեմ տրված ցուցմունքները՝ նրա բուժման ծախսերը փոխհատուցելու պայմանով: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը գրավով փոխարինելուց հետո՝ 2014 թվականի հուլիսի 24-ին, տուժող Ա.Գրիգորյանը լրացուցիչ ցուցմունք է տվել առ այն, որ ինքը մեղադրյալին ճանաչել է և նրա դեմ մեղադրող ցուցմունքներ է տվել ոստիկանության աշխատակիցների ուղղորդմամբ:

Նշված հանգամանքները բողոքաբերին հիմք են տվել եզրահանգելու, որ մեղադրյալ Դ.Վարդանյանը, մնալով ազատության մեջ, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով կշարունակի խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը և գործով ճշմարտության բացահայտմանը:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի` Ասլան Ավետիսյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ բողոքի հեղինակը գտել է, որ անհիմն են Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ չի արձանագրել այնպիսի տվյալներ, որոնցով կհաստատվեր կալանքը գրավով փոխարինելն անթույլատրելի ճանաչելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պնդումներին, թե մեղադրյալի նախկինում դատված չլինելը, մշտական բնակության վայր, աշխատանք, բարձրագույն կրթություն ունենալը, դրական բնութագրվելը և նախկինում Երևանի ավագանու անդամ լինելը հանդիսանում են Դ.Վարդանյանի նկատմամբ գրավ կիրառելու թույլատրելիության մասին փաստող հանգամանքներ, բողոքաբերը նշել է, որ դրանք բնութագրում են մեղադրյալի անձը և գործով ճշմարտությունը բացահայտելու ընթացքին միջամտելու վտանգի մասին վկայող տվյալների առկայության պայմաններում բավարար հիմք չեն կարող հանդիսանալ Դ.Վարդանյանի նկատմամբ գրավ կիրառելու և քրեական գործով հետագա վարույթի ընթացքում նրա կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու մասին հետևության գալու համար:

11. Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստարկները` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հուլիսի 15-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունիսի 23-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցագործության համար մեղադրվող անձի նկատմամբ գրավի թույլատրելիության հարցը լուծելու չափորոշիչների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` հիմնավո՞ր են արդյոք Դ.Վարդանյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատարանը (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի [է] առնվում վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից»:

Կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառելիության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Ավետիսյանի գործով որոշմամբ` իրավական դիրքորոշում հայտնելով առ այն, որ «(…) անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտության հիմնավորումը կարող է դրվել գրավի կիրառումը մերժելու պատճառաբանության հիմքում` պայմանով, որ այդ պատճառաբանությունը հիմնված լինի գործով առկա փաստական տվյալների վրա (…):

 (…) Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի վերաբերյալ արված իրավական մեկնաբանություններում չի արգելվում չնշված առանձին դեպքերում անձին երաշխիքով ազատ արձակելը ճանաչել անթույլատրելի. մասնավորապես, երբ առկա է անձի կողմից թաքնվելու կամ գործով ճշմարտությունը բացահայտելու ընթացքին միջամտելու վտանգ, կամ երբ դա անհրաժեշտ է հանցագործությունը կանխելու կամ հասարակական կարգի պահպանությունն իրականացնելու համար:

(…) Եվրոպական կոնվենցիային չի հակասում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի այն դրույթը, որ դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը առանձին դեպքերում ճանաչել անթույլատրելի: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն օգտագործել է «մասնավորապես» բառը, որն արտահայտում է կալանքից գրավով ազատելու կոնկրետ դրսևորումների հատուկ ամրագրման և ոչ թե կալանքից գրավով ազատելու իրավական հիմքերի սպառիչ թվարկման նշանակություն: Մեղադրյալի անձը հայտնի չլինելը, մշտական բնակության վայր չունենալը կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձը կալանքից գրավով ազատելու կոնկրետ դրսևորումներ են, որոնք թվարկված են ոչ սպառիչ:

 Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գրավի կիրառման անթույլատրելիության հարցը պետք է քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համատեքստում, որտեղ նշված են խափանման միջոց կիրառելու այլ հիմքեր, այդ թվում նաև մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու հիմքը» (տե՛ս Ասլան Հովհաննեսի Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 34-36-րդ կետերը):

Կալանքը գրավով փոխարինելու հարցը լուծելիս անձին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը պատշաճ գնահատման ենթարկելու անհրաժեշտության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ս.Մարգարյանի գործով որոշման մեջ և իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) գրավի թույլատրելիության հարցի լուծման ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված՝ մեղադրյալին վերագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը գնահատելիս դատարանը պետք է գործով ներկայացված տվյալների հիման վրա պարզի մեղադրյալին վերագրվող հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, իսկ հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը: Այլ խոսքով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման հավանականությունը գնահատելիս և, հետևաբար, դրա հիման վրա մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս դատարանը, ի թիվս այլոց, պետք է պատշաճ գնահատման ենթարկի մեղսագրվող արարքի կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը բնութագրող այլ հանգամանքները:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոնշյալ հանգամանքներն էական նշանակություն ունեն մեղադրյալի անձի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար: Ուստի, առանց դրանք գործի նյութերից բխող մյուս տվյալների հետ համադրված վերլուծության և գնահատման ենթարկելու հնարավոր չէ հիմնավորված ենթադրություն անել մեղադրյալի հետագա վարքագծի վերաբերյալ, հետևաբար հնարավոր չէ նաև օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում կայացնել անձի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ (…)» (տե՛ս Սամվել Գագիկի Մարգարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵԷԴ/0138/06/13 որոշման 14-րդ կետը):

15. Վերահաստատելով սույն որոշման նախորդ կետում, և համապատասխանաբար Ա.Ավետիսյանի, Ս.Մարգարյանի գործերով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելը չի ենթադրում դրա իրականացումը բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասում շարադրված դեպքերում: Դատարանը կարող է մերժել այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը նաև այլ դեպքերում` ելնելով մեղադրյալի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նկարագրված գործողությունների կատարումը կանխելու անհրաժեշտությունից: Ընդ որում, մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության հիմնավորումները կարող են դրվել նաև գրավի կիրառումը մերժելու պատճառաբանության հիմքում` պայմանով, որ դրանք հիմնված լինեն գործով առկա փաստական տվյալների վրա:

Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը էական նշանակություն ունեն գրավի թույլատրելիության հարցը լուծելիս: Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր և գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին (տե՛ս Վահագն Հակոբի Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12 որոշման 13-րդ կետը): Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր կայուն նախադեպային իրավունքի շրջանակներում բազմիցս շեշտել է, որ անձին վերագրվող արարքի ծանրությունը, գործի նյութերից բխող մյուս փաստական տվյալների հետ միասին, կարևոր նշանակություն ունի մեղադրյալի հետագա վարքագծի վերաբերյալ հիմնավորված ենթադրություն անելու համար (ի թիվս այլոց տես Mamedova v. Russia, 2006 թվականի հունիսի 1-ի վճիռը, գանգատ թիվ 7064/05, կետ 74, Panchenko v. Russia 2005 թվականի փետրվարի 8-ի վճիռը, գանգատ թիվ 45100/98, կետ 102, Ilijkov v. Bulgaria, 2001 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 33977/96, կետ 81):

16. Զարգացնելով գրավի թույլատրելիության վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել նաև, որ մեղադրյալին կալանքից գրավով ազատելու հարցը քննարկելիս դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն այն հանգամանքին, թե մեղադրյալի նկատմամբ ինչ հիմքով է կալանավորումը կիրառվել որպես խափանման միջոց, և արդյոք տվյալ դեպքում գրավը՝ որպես կալանավորման այլընտրանք, կարող է գործուն երաշխիք հանդիսանալ տվյալ հիմքի չեզոքացման համար:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը վկայում է, որ Եվրոպական դատարանը մշակել է հանցագործության համար մեղադրվող անձին մինչև դատավճիռը կալանքի տակ պահելու համար ընդունելի չորս հիմնական հիմքեր. մեղադրյալի՝ դատաքննությանը չներկայանալու վտանգը (տե՛ս Stogmuller v. Austria, 1969 թվականի նոյեմբերի 10, § 15), վտանգը, որ մեղադրյալն ազատ արձակվելու դեպքում կխոչընդոտի արդարադատության իրականացմանը (տե՛ս Wemhoff v. Germany, 1968 թվականի հունիսի 27, § 14) կամ կկատարի նոր հանցանքներ (տե՛ս Matznetter v Austria, 1969 թվականի նոյեմբերի 10, § 9) կամ կկատարի հասարակական անկարգություններ (տե՛ս Letellier v. France, 1991 թվականի հունիսի 26, § 51): ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում ըստ էության նախատեսված են նշված հիմքերը, որոնցից յուրաքանչյուրի առկայությունը կալանավորման պայմանների հետ միասին ինքնին հիմք է անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Միևնույն ժամանակ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավանորմի ուսումնասիրությունից հետևում է, որ անձի կալանավորման հարցը լուծելիս իրավասու դատարանները լիազորված են քննարկել դատաքննությանը մեղադրյալի ներկայանալը երաշխավորող այլընտրանքային միջոցների կիրառման հնարավորությունը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա այդպիսի միջոց է գրավը: Նշված նորմը, մասնավորապես, ամրագրում է, որ «Գրավը (…) հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով»:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավը քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու վտանգը չեզոքացնելու երաշխիք է, և համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրավասու դատարանի կողմից կարող է կիրառվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով:

17. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դ.Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գործով չպարզված երկու անձանց հետ, խմբով, փողոցում ծեծի են ենթարկել Ա.Գրիգորյանին և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող, այն է` քթի, մեջքի, ճակատի միջին մասի քերծվածքներ, գլխի ձախ և ձախ քունքային շրջանների սալջարդ վերքերի, գանգուղեղային բաց բութ վնասվածքի` ձախից քունքոսկրի կոտրվածքի, գլխուղեղի ձախ քունքային շրջանի թիթեղանման արյունազեղման ձևով մարմնական վնասվածքներ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2014 թվականի ապրիլի 25-ին որոշում է կայացրել Դ.Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Դատարանն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ առկա է հիմնավոր կասկած մեղսագրվող արարքին մեղադրյալի առնչության վերաբերյալ: Բացի այդ, դատարանը նշել է, որ հաշվի է առնում մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև այն, որ Դ.Վարդանյանի նկատմամբ չհեռանալու մասին ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելուց հետո նա այցելել է տուժողի բնակարան և խնդրել փոխել իր ցուցմունքը՝ դրանով իսկ փորձելով խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

2014 թվականի հունիսի 23-ին Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել Դ.Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին: Դատարանն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ առկա են հիմնավոր կասկածներ, որ մեղադրյալն առնչվում է իրեն մեղսագրվող արարքին և ազատության մեջ հայտնվելու դեպքում կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, քրեական գործով դեռևս պետք է կատարվեն մի շարք քննչական և դատավարական գործողություններ, իսկ Դ.Վարդանյանին կալանքի տակ պահելու հիմքերը դեռ չեն վերացել: Նույն հիմնավորմամբ Առաջին ատյանի դատարանը մերժել է մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ փոփոխել է Առաջին ատյանի դատարանի որոշումը և մեղադրյալ Դ.Վարդանյանի նկատմամբ թույլատրելի է ճանաչել գրավի կիրառումը` գալով այն եզրակացության, որ դատարանն իր որոշմամբ չի արձանագրել այնպիսի տվյալներ, որոնցով կհաստատվեր կալանքը գրավով փոխարինելն անթույլատրելի ճանաչելու անհրաժեշտությունը: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ հաշվի է առնում Դ.Վարդանյանին մեղսագրվող արարքի բնույթն ու վտանագավորության աստիճանը, վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ու քննությանը խոչընդոտելու, քրեական օրենսգրքով նախատեսված նոր արարք կատարելու առումով բավարար հիմնավորումների բացակայությունը, հիմնավորված է համարում, որ մեղադրյալի անձը պարզված է, նախկինում դատված, արատավորված չի եղել, ունի մշտական բնակության վայր և աշխատանք, ունի բարձրագույն կրթություն, բնութագրվում է դրականորեն, մեծ հարգանք և հեղինակություն է վայելում իր բնակության վայրում, հանդիսացել է Երևան քաղաքի ավագանու անդամ (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

18. Սույն որոշման 14-16-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Դ.Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելիս, ինչպես նաև նրա նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելիս Առաջին ատյանի դատարանը մատնանշել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքը` մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հանգամանքը, որի հավանականությունը հիմնավորվում է գործի նյութերում առկա փաստական տվյալներով: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի դատողություններն առ այն, որ Առաջին ատյանի դատարանի կողմից գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ տվյալներ չեն արձանագրվել, հիմնազուրկ են, ինչպես նաև դուրս են Ա.Ավետիսյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների տրամաբանությունից:

Բացի այդ, մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս Վերաքննիչ դատարանը չի պահպանել Ս.Մարգարյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի պահանջները՝ անտեսել է Դ.Վարդանյանին վերագրվող արարքի բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը: Մասնավորապես, պատշաճ գնահատման չի ենթարկվել՝

ա) մեղսագրվող արարքի կատարման եղանակը, մասնավորապես այն, որ Դ.Վարդանյանը գործով չպարզված երկու անձանց հետ փողոցում ենթադրաբար ծեծի է ենթարկել Ա.Գրիգորյանին,

բ) հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, այն, որ Դ.Վարդանյանի և նրա հանցակիցների ենթադրյալ գործողությունների արդյունքում տուժողի առողջությանը կյանքի համար վտանգավոր ծանր վնաս է պատճառվել, այն է` քթի, մեջքի, ճակատի միջին մասի քերծվածքներ, գլխի ձախ և ձախ քունքային շրջանների սալջարդ վերքեր, գանգուղեղային բաց բութ վնասվածք` ձախից քունքոսկրի կոտրվածք, գլխուղեղի ձախ քունքային շրջանի թիթեղանման արյունազեղման ձևով վնասվածք:

Վերը նշված հանգամանքները պատշաճ գնահատման չենթարկելու հետևանքով Վերաքննիչ դատարանը զրկված է եղել Դ.Վարդանյանի անձի մասին ճիշտ պատկերացում կազմելու և նրա հետագա վարքագծի վերաբերյալ հիմնավորված ենթադրություն անելու հնարավորությունից:

19. Անդրադառնալով վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու, քրեական օրենսգրքով նախատեսված նոր արարք կատարելու առումով բավարար հիմնավորումների բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատողություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնազուրկ են: Դ.Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու և գրավի միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման պատճառաբանական մասից հետևում է, որ դատարանը մեղադրյալին անազատության մեջ պահելու անհրաժեշտության մասին իր եզրահանգումները չի հիմնավորել վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ քրեական օրենսգրքով նախատեսված նոր արարք կատարելու հավանականության մասին դատողություններով: Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Դ.Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին իր որոշումը հիմնավորել է միայն այն հանգամանքով, որ ազատության մեջ հայտնվելու դեպքում մեղադրյալը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ տուժողի վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով: Ընդ որում, տվյալ դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վերոգրյալ հանգամանքն իրական է և բխում է գործի փաստական տվյալներից:

Այս պայմաններում, անտեսելով այն հանգամանքը, որ գրավը կարող է կիրառվել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով և մեղադրյալի կողմից դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով վարույթի պատշաճ ընթացքին խոչընդոտելու վտանգի չեզոքացման գործուն երաշխիք չի կարող հանդիսանալ՝ Վերաքննիչ դատարանը փոփոխել է Առաջին ատյանի դատարանի որոշումը և Դ.Վարդանյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի մատնանշած այն հանգամանքներին, որ Դ.Վարդանյանը նախկինում դատված, արատավորված չի եղել, ունի մշտական բնակության վայր, աշխատանք, բարձրագույն կրթություն, բնութագրվում է դրականորեն, ապա դրանք համապատասխան հիմքերի առկայության պայմաններում չեն կարող բավարար լինել մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու համար: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանի համար անհասկանալի է նաև Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրված այն փաստը, որ Դ.Վարդանյանը «մեծ հարգանք և հեղինակություն է վայելում իր բնակության վայրում»: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված նյութերում բացակայում է որևէ փաստական տվյալ, որը հիմք կտար նման դատողություն անել:

20. Ամփոփելով սույն որոշման 18-19-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դ.Վարդանյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:

Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն` հիմք է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Դ.Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու և գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված: Ուստի արդարադատության արդյունավետության շահերից ելնելով՝ անհրաժեշտ է օրինական ուժ տալ սույն գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունիսի 23-ի որոշմանը:

Այս պայմաններում մեղադրյալ Դ.Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը ենթակա է վերացման, իսկ որպես գրավ մուծված 1.500.000 ՀՀ դրամը ենթակա է վերադարձման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Դավիթ Կարենի Վարդանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հուլիսի 15-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հունիսի 23-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան

 

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան

 

 

 

 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան