Գլխավոր տեղեկություն
Номер
N 340-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.04.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.04.15/21(1110) Հոդ.276
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.04.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
08.04.2015
Дата вступления в силу
25.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 ապրիլի 2015 թվականի N 340-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև կնքված միջազգային համաձայնագրերով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 1091-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. ապրիլի 8
 Երևան

 

 

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
ապրիլի 2-ի N 340-Ն որոշման

 

 

«Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 13-ի N 1091-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կիրառվում է հետևյալ համաձայնագրերով (այսուհետ՝ համաձայնագրեր) իրականացվող ծրագրերի նկատմամբ`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 1998 թվականի հուլիսի 27-ին կնքված «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջև 2004 թվականի ապրիլի 3-ին կնքված «Տեխնիկական, ֆինանսական և հումանիտար համագործակցության մասին» համաձայնագիր.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2005 թվականի հունիսի 8-ին կնքված «Տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր:

2. Համաձայնագրերով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ արտոնությունները կիրառվում են այդ համաձայնագրերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուժի մեջ մտնելու պահից:

3. Սույն կարգով չի սահմանափակվում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված արտոնությունները:

4. Համաձայնագրերով նախատեսված ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական և ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում՝ ծրագիր իրականացնող կազմակերպության հետ (անկախ վերջինիս կազմակերպական-իրավական ձևից) կնքում են համապատասխան պայմանագրեր:

5. Սույն կարգի իմաստով «տրամադրվող միջոցներ» են համարվում արտաքին աղբյուրներից ստացվող միջոցները:

 

II. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

6. Համաձայնագրերով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնությունները նշանակում են՝

1) հարկվող շրջանառության ազատում ավելացված արժեքի հարկից.

2) ներմուծվող ապրանքների ազատում մաքսատուրքից.

3) Հայաստանի Հանրապետության հարկային գործակալի ազատում Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպություններին և Հայաստանի Հանրապետություն գործուղված օտարերկրյա քաղաքացիներին վճարվող եկամուտներից՝ աղբյուրի մոտ հարկը (շահութահարկ, եկամտային հարկ) պահելու պարտավորությունից։

7. Ավելացված արժեքի հարկ՝

1) ավելացված արժեքի հարկից (այսուհետ՝ ԱԱՀ) ազատվում են համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին՝

ա. ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից կամ ծրագրի իրականացման նպատակով անմիջականորեն այդ կազմակերպության հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից ապրանքների ներմուծումը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներ արտահանողը,

բ. անմիջականորեն ծրագիր իրականացնող կազմակերպության հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը (այդ թվում՝ անհատույց կամ մասնակի հատուցմամբ),

գ. անմիջականորեն ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը.

2) համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում`

ա. Հայաստանի Հանրապետություն գործուղված օտարերկրյա քաղաքացիների կամ նրանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետություն անձնական օգտագործման իրերի ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից.

բ. մեկ ընտանիքի համար մեկ շարժիչային փոխադրամիջոցի ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից: Նշված փոխադրամիջոցը Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, և ժամանակավոր ներմուծման ժամկետը սահմանվում է ներմուծող անձի` Հայաստանի Հանրապետությունում գործուղման ժամկետին, բայց ոչ ավելի, քան համապատասխան համաձայնագրի գործողության ժամկետին համապատասխան.

3) համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք այդ ապրանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացվում են սահմանված կարգի համաձայն այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր): Նշված անձինք ԱԱՀ-ից ազատված ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը միացնում են արտադրության և շրջանառության ծախսերին (ապրանքների ձեռքբերման արժեքին) և հարկից ազատված ու ԱԱՀ-ով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով հաշվառումն իրականացնում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Նշված անձանց կողմից հարկային հաշիվ լրացվելու դեպքում հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ սահմանված ընդհանուր կարգով:

8. Շահութահարկ՝

1) համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին՝

ա. Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտներն ազատվում են եկամտի վճարման աղբյուրի մոտ շահութահարկի պահումից (գանձումից).

բ. Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներն ազատվում են իրենց վճարված եկամուտներից շահութահարկի վճարման պարտավորությունից.

գ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների ստացած եկամուտները ներառվում են նրանց համախառն եկամտի կազմում, և դրանց մասով շահութահարկի պարտավորությունները որոշվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

9. Եկամտային հարկ՝

1) համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետություն գործուղված օտարերկրյա քաղաքացիներին վճարվող եկամուտներն ազատվում են եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտային հարկի պահումից.

2) Հայաստանի Հանրապետություն գործուղված օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին իրենց վճարված եկամուտներից եկամտային հարկի վճարման պարտավորությունից.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստացած եկամուտների մասով եկամտային հարկի պարտավորությունները որոշվում են «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եկամուտ վճարող անձը պարտավոր է այդ վճարված եկամուտների գումարների և եկամուտներ ստացող անձանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների մասին տեղեկություններ ներկայացնել համապատասխան տարածքային հարկային մարմին՝ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

10. Մաքսատուրք՝

1) համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից կամ ծրագրի իրականացման նպատակով անմիջականորեն այդ կազմակերպության հետ պայմանագիր կնքած կազմակերպությունների կողմից ապրանքների ներմուծումը, անկախ այն հանգամանքից, թե ով է օտարերկրյա պետությունից ապրանքներ արտահանողը, ազատվում է մաքսատուրքից.

2) համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում՝

ա. Հայաստանի Հանրապետություն գործուղված օտարերկրյա քաղաքացիների կամ նրանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետություն անձնական օգտագործման իրերի ներմուծումն ազատվում է մաքսատուրքից.

բ. մեկ ընտանիքի համար մեկ շարժիչային փոխադրամիջոցի ներմուծումն ազատվում է մաքսատուրքից: Նշված փոխադրամիջոցը Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, և ժամանակավոր ներմուծման ժամկետը սահմանվում է ներմուծող անձի` Հայաստանի Հանրապետությունում գործուղման ժամկետին, բայց ոչ ավելի, քան համապատասխան համաձայնագրի գործողության ժամկետին համապատասխան:

 

 III. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

11. Սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվելու համար Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր:

12. Սույն կարգի 7-րդ և 10-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվելու համար ծրագրեր իրականացնող կազմակերպությունը լրացնում է տեղեկանքը` համաձայն ձևի: Տեղեկանքը կարող է ներբեռնվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջից և լրացվել տպագիր կամ ձեռագիր տարբերակներով:

13. Ծրագրեր իրականացնող կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կնքված համաձայնագրի դեպքում՝ յուրաքանչյուր ծրագրի մասին Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության տրամադրած տեղեկանքը, որում նշվում են ծրագրի անվանումը, ծրագրի նկարագրությունը, ծրագրի համար Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից նշանակված կազմակերպության անվանումն ու փաստաթղթեր ստորագրող պատասխանատու անձանց անունները, ծրագրի արժեքը, ձեռք բերվող (հատկացվող) ապրանքների և ծառայությունների ծրագրային բաղադրիչները (ենթահամաձայնագիրը կամ ծրագիրը և գումարը), յուրաքանչյուր կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի մոտավոր արժեքը և ծախսերի մոտավոր ուղղությունը, ծրագրի սկզբնական և կանխատեսվող ավարտման ժամկետները (մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում): Սկզբնական հաստատված բյուջեում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում ներկայացվում է փոփոխված օրինակը և, անհրաժեշտության դեպքում, նաև բյուջեում փոփոխությունները կամ լրացումները հաստատող փաստաթուղթը (մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում): Բյուջեի բացվածքը, ինչպես նաև բյուջեում փոփոխությունները կամ լրացումները ներկայացվում են նաև էլեկտրոնային տարբերակով.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջև կնքված համաձայնագրի դեպքում՝ յուրաքանչյուր ծրագրի մասին Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տրամադրած տեղեկանքը, որում նշվում են ծրագրի անվանումը, ծրագրի նկարագրությունը, փաստաթղթեր ստորագրող պատասխանատու անձանց անունները, ծրագրի արժեքը, յուրաքանչյուր կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի մոտավոր արժեքը և ծախսերի մոտավոր ուղղությունը, ծրագրի սկզբնական և կանխատեսվող ավարտման ժամկետները (մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում): Սկզբնական հաստատված բյուջեում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում ներկայացվում է փոփոխված օրինակը և, անհրաժեշտության դեպքում, նաև բյուջեում փոփոխությունները կամ լրացումները հաստատող փաստաթուղթը (մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում): Բյուջեի բացվածքը, ինչպես նաև բյուջեում փոփոխությունները կամ լրացումները ներկայացվում են նաև էլեկտրոնային տարբերակով.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև կնքված համաձայնագրի դեպքում՝ յուրաքանչյուր ծրագրի մասին Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կամ վերջինիս կողմից լիազորված համապատասխան կազմակերպության տրամադրած տեղեկանքը, որում նշվում են ծրագրի անվանումը, ծրագրի նկարագրությունը, փաստաթղթեր ստորագրող պատասխանատու անձանց անունները, ծրագրի արժեքը, յուրաքանչյուր կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի մոտավոր արժեքը և ծախսերի մոտավոր ուղղությունը, ծրագրի սկզբնական և կանխատեսվող ավարտման ժամկետները (մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում): Սկզբնական հաստատված բյուջեում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում ներկայացվում է փոփոխված օրինակը և, անհրաժեշտության դեպքում, նաև բյուջեում փոփոխությունները կամ լրացումները հաստատող փաստաթուղթը (մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում): Բյուջեի բացվածքը, ինչպես նաև բյուջեում փոփոխությունները կամ լրացումները ներկայացվում են նաև էլեկտրոնային տարբերակով:

14. Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում՝

1) ծրագրեր իրականացնող կազմակերպությունը լրացնում է տեղեկանքը՝ 2 օրինակից, ստորագրում և մեկ օրինակը տրամադրում է մատակարարին (կապալառուին, ծառայություններ մատուցողին), իսկ մեկ օրինակը պահում է իր մոտ.

2) ծրագրեր իրականացնող կազմակերպությունը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում տվյալ եռամսյակի ընթացքում իր կողմից տրված՝ Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման մասին տեղեկանքների պատճենները.

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 15 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է տեղեկանքում նշված ապրանքները, ծառայությունները կամ աշխատանքները ներառված լինելը համաձայնագրում և գործողության բյուջեում, քանակական հատկանիշների համապատասխանությունը համաձայնագրին ու գործողության բյուջեին և, անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում, 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ծրագրեր իրականացնող կազմակերպությանը.

4) ծրագրեր իրականացնող կազմակերպությունը սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված տեղեկանքում առկա անհամապատասխանության վերաբերյալ տեղեկություն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում ուղղված տեղեկանք.

5) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը գործողության բյուջեի կամ դրա որևէ տողի սպառման դեպքում դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ծրագրեր իրականացնող կազմակերպությանը՝ նշելով, որ վերջինս այլևս չունի տվյալ գործողության բյուջեի մասով տեղեկանք տրամադրելու իրավունք:

15. Ծրագրի իրականացման նպատակով ծրագիր իրականացնող կազմակերպության հետ անմիջական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձի կողմից ապրանքների ներմուծման դեպքում ծրագրեր իրականացնող կազմակերպությունը՝

1) լրացնում է տեղեկանքը, ստորագրում և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում նաև՝

ա. ծրագիր իրականացնող կազմակերպության և այդ անձի միջև կնքված պայմանագրի պատճենը (նույն պայմանագրի շրջանակում իրականացվող գործողությունների դեպքում պայմանագրի պատճենը մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում).

բ. բեռնագրի պատճենը, որում, որպես ապրանքներն ստացող, նշված է ծրագիր իրականացնող կազմակերպության հետ անմիջական պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող անձը։

16. Ծրագրի իրականացման նպատակով ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից ապրանքների ներմուծման դեպքում՝ ծրագիր իրականացնող կազմակերպությունը՝

1) լրացնում է տեղեկանքը, ստորագրում և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում նաև՝

ա. ծրագիր իրականացնող կազմակերպության կնքած ապրանքների մատակարարման մասին պայմանագրի պատճենը (նույն պայմանագրի շրջանակում իրականացվող գործողությունների դեպքում պայմանագրի պատճենը մեկ անգամ ներկայացվելու դեպքում հետագայում այն չի ներկայացվում),

բ. բեռնագրի պատճենը, որում, որպես ապրանքներն ստացող, նշված է ծրագիր իրականացնող կազմակերպությունը՝ անկախ այն հանգամանքից, թե բեռնագրում նշված առաքողը սույն ենթակետի «ա» պարբերությունում նշված պայմանագրի անմիջական կողմ հանդիսացող, թե այլ կազմակերպություն է:

17. Սույն կարգում նշված տեղեկանքը և փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով ստորագրված էլեկտրոնային ստորագրությամբ:

18. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում մերժում է արտոնության կիրառումը, եթե սույն կարգի 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերով սահմանված դեպքերում ներկայացված տեղեկանքը չի համապատասխանում համաձայնագրին կամ գործողության բյուջեին, իսկ սույն կարգի 16-րդ և 17-րդ կետերով սահմանված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

19. Սույն կարգով սահմանված մերժման հիմքերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրահանգում է համապատասխան մաքսատանը կամ մաքսային կետին սույն կարգի 16-րդ և 17-րդ կետերով սահմանված արտոնությունների կիրառման մասին:

 

Ձև

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք  N ԱԱ _ _ _ _ _

 

_____ __________________ 200 թ.

 

Սույնով հաստատվում է, որ _____________________________________________

     (ծրագիր իրականացնող կազմակերպության (կամ դրա մասնաճյուղի,

 

___________________________________________________________________

    ներկայացուցչության) անվանումը կամ ֆիզիկական անձի անունը,

 

___________________________________________________________________

    ազգանունը, գտնվելու վայրը, առկայության դեպքում՝ իրավաբանական անձի պետական

գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը)

 

ՀՀ կառավարության և _________________________________________________

     (օտարերկրյա պետությունը)

 

միջև ___ _______ 20  թ. կնքված _______________________________________

     (համաձայնագրի, ենթահամաձայնագրի, ծրագրի

 

___________________________________________________________________

     անվանումն ու համառոտ բովանդակությունը)

 

______________________________________________________շրջանակներում

 

ներմուծում է _________________________________________________________

     (ներմուծողի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը), իրավաբանա-
կան անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,

 

___________________________________________________________________

    ապրանքների անվանումները, հաշվարկային և վճարային փաստաթղթերը՝ հաշիվ-ապրանքագիր,

 

_____________________________________________դրամ ընդհանուր արժեքով,

     գումարը` թվերով և փակագծերում` տառերով)

 

ձեռք է բերում ապրանքներ (մատուցվում են ծառայություններ) ________________

     (ապրանքներ մատակարարողի,

 

__________________________________________________________________

    ծառայություններ մատուցողի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը),

 

___________________________________________________________________

    իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական
հաշվառման համարը, ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման

 

___________________________________________________________________

     հիմքերը (տեղեկանքը, հաշվարկավճարային փաստաթղթերը) մատակարարվող ապրանքների, մատուցվող

 

___________________________________________________________________

    ծառայությունների համառոտ նկարագրությունները, մատակարարվող ապրանքների քանակը կամ

 

___________________________________________________________________:

      մատուցվող ծառայությունների ծավալը և դրանց ընդհանուր արժեքը` թվերով և փակագծերում` տառերով)

 

Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը

կատարվում է _____________________________________________________

 

________________________________ կողմից տրամադրվող միջոցների հաշվին:

     (օտարերկրյա պետությունը)

 

 Ծրագիր իրականացնող կազմակերպության

  պատասխանատու անձ` __________________ ____________________»։

   (ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան