Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԽ-13-Ո-17
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.04.2015-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.05.13/27(1116).1 Հոդ.360.18
Принят
Արդարադատության խորհուրդ
Дата принятия
13.04.2015
Подписан
Արդարադատության խորհրդի անդամներ
Дата подписания
13.04.2015
Дата вступления в силу
13.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱԽ-13-Ո-17

2015 թ.

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Արդարադատության խորհուրդը

 

հետեվյալ կազմով`

 

 նախագահությամբ`  Ա. Մկրտումյանի
   
 մասնակցությամբ` ԱԽ անդամներ  Ա. Բաբայանի, Գ. Բադիրյանի,
   Ռ. Բարսեղյանի, Ա. Դարբինյանի,
   Ա. Խաչատրյանի, Մ. Հարթենյանի,
   Գ. Ղազինյանի, Ե. Սողոմոնյանի,
   Վ. Ստեփանյանի, Հ. Փանոսյանի
   
 մասնակցությամբ` դատավոր  Վ. Մելիքյանի
   

 ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 

 էթիկայի և կարգապահական հարցերի 

 հանձնաժողովի անդամ

 

Մ. Մարտիրոսյանի

   
 քարտուղարությամբ`  Շ. Վարդանյանի

 

2015 թվականի ապրիլի 13-ի նիստում, քննարկելով ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վ. Մելիքյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի 23.02.2015թ. թիվ N-ԷԿ-3/2015 որոշմամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Վ. Մելիքյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել դատական պրակտիկայի ամփոփման արդյունքներով կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի հայտնաբերումը:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը.

Ըստ եզրակացության`

«ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Ճամբարակի քննչական խմբում Արթուր Բաբայանի հաղորդման հիման վրա 28.08.2013թ. հարուցվել է թիվ 42101813 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի քննիչ Դ. Շահբազյանի կողմից թիվ 42101813 քրեական գործով 02.10.2013թ. որպես մեղադրյալ հարցաքննվել է Արթուր Երիցյանը:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի քննիչ Հ. Մարտիրոսյանը, նկատի ունենալով, որ թիվ 16023000303200 հաշվեհամարին կատարված փոխանցումների վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները՝ փոխանցված գումարի չափ, փոխանցողի և ստացողի վերաբերյալ անհատական տվյալներ, ժամանակահատված և հաշվեհամարի հետ կապված այլ տվյալներ, կարող են նշանակություն ունենալ թիվ 42101813 քրեական գործի համար, 2014 թվական հունիսի 6-ին կայացրել է որոշում բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ստանալու միջնորդություն հարուցելու մասին:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը /նախագահող դատավոր՝ Վ. Միքայելյան/ (այսուհետ՝ Դատարան) թիվ ԳԴ4/0007/07/14 դատական գործով 09.06.2014թ. կայացված որոշմամբ բավարարել է ներկայացված միջնորդությունը՝ թույլատրելով ստանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Ճամբարակի մասնաճյուղում բացված թիվ 16023000303200 հաշվեհամարին կատարված փոխանցումների վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ՝ փոխանցված գումարի չափ, փոխանցողի և ստացողի վերաբերյալ անհատական տվյալներ, ժամանակահատված և հաշվեհամարի հետ կապված այլ տվյալներ:

1. ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:

Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասի համաձայն՝ «Քրեական հետապնդում իրականացնող մարմինները քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունները կարող են ստանալ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա»:

«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բանկային գաղտնիք են համարվում բանկի հաճախորդին սպասարկելու կապակցությամբ տվյալ բանկին հայտնի դարձած հաճախորդի հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ»:

Նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բանկերը քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա` սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան»:

«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված դրույթների վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԱՎԴ/0015/07/13 դատական գործով 13.09.2013թ. կայացված որոշմամբ նշել է, որ «(…) խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա կարող է ձեռք բերվել բացառապես ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված կարգով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձի վերաբերյալ բանկային գաղտնիքը: Այլ խոսքով անձի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունը կարող է տրամադրվել քրեական վարույթն իրականացնող մարմնին, եթե՝

ա) անձը ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ներգրավվել է որպես կասկածյալ կամ մեղադրյալ,

բ) առկա է բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման նպատակով խուզարկություն կամ առգրավում կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ դատարանի որոշումը»:

ՀՀ վճռաբեկ դատարանը իր մեկ այլ` թիվ ԵԿԴ/0223/01/14 դատական գործով 15.08.2014թ. կայացված որոշմամբ արտահայտել է այն դիրքորոշումը, որ «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասում տեղ գտած «քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ» հասկացության վերլուծությունը վկայում է, որ խոսքը ոչ թե սոսկ կասկածյալի կամ մեղադրյալի անվամբ, այլ նրան մեղսագրվող հանցավոր արարք(ներ)ին անմիջականորեն առնչվող իրավաբանական անձին վերաբերող բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների մասին է, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որ այդ իրավաբանական անձի գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվել, վերահսկվել կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվել է կասկածյալի կամ մեղադրյալի կողմից»:

Մեջբերված օրենսդրական դրույթներից և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներից հետևում է, որ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա կարող է ձեռք բերվել ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված կարգով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձի վերաբերյալ բանկային գաղտնիքը, ինչպես նաև կասկածյալին կամ մեղադրյալին մեղսագրվող հանցավոր արարք(ներ)ին անմիջականորեն առնչվող և այն իրավաբանական անձին վերաբերող բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, որի գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվել, վերահսկվել կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվել է կասկածյալի կամ մեղադրյալի կողմից:

Հանձնաժողովն արձանագրում է, որ թիվ ԳԴ4/0007/07/14 դատական գործով Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունը այն պայմաններում, երբ նշված դատական գործով նախաքննական մարմնի կողմից ներկայացված նյութերից և Դատարանի կողմից կայացված որոշումից չի երևում, որ ստացվելիք բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները վերաբերում են գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձին կամ անմիջականորեն առնչվում են կասկածյալին կամ մեղադրյալին մեղսագրվող հանցավոր արարք(ներ)ին և վերաբերում այն իրավաբանական անձին, որի գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվել, վերահսկվել կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվել է կասկածյալի կամ մեղադրյալի կողմից:

Վերոգրյալի արդյունքում Հանձնաժողովը գտնում է, որ Դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասի, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված»:

Նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրված բոլոր հետևությունները և որոշումները»:

Դատական ակտերի օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության հարցին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է թիվ ԵԿԴ/0058/11/09 դատական գործով 26.03.2010թ. կայացված որոշման մեջ, որում իրավական դիրքորոշում է ձևավորել այն «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված` դատավճռին ներկայացվող օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջները վերաբերելի են նաև մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության շրջանակներում կայացվող դատական ակտերին (որոշումներին):

Դատական ակտն օրինական է, եթե կայացվել է գործող օրենսդրության պահանջների պահպանմամբ, և հիմնավորված, եթե դրանում արված հետևությունները հիմնված են դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա:

Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:

Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման»:

Հանձնաժողովն արձանագրում է, որ Դատարանի կողմից թիվ ԳԴ4/0007/15/14 դատական գործով կայացված որոշման մեջ բացակայում է պատճառաբանական մասը:

Այսպես` Դատարանը, թիվ ԳԴ4/0007/15/14 դատական գործով կայացված որոշման մեջ նշված է. «Ծանոթանալով միջնորդությանը և քրեական գործի նյութերին` դատարանը գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման, քանի որ քրեական գործի օբյեկտիվությունը, լրիվությունը և բազմակողմանիությունն ապահովելու համար անհրաժեշտ է թույլատրել ստանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Ճամբարակի մասնաճյուղում բացված թիվ 16023000303200 հաշվեհամարին կատարված փոխանցումների վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ՝ փոխանցված գումարի չափ, փոխանցողի և ստացողի վերաբերյալ անհատական տվյալներ, ժամանակահատված և հաշվեհամարի հետ կապված այլ տվյալներ»:

Նման պայմաններում Հանձնաժողովը գտնում է, Դատարանի դատավոր Վ. Մելիքյանը, դատական ակտում նշված հետևությունները չպատճառաբանելով, թույլ է տվել դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

Վերոգրյալից հետևում է, որ Դատարանի դատավոր Վ. Մելիքյանը, թիվ ԳԴ4/0007/15/14 դատական գործով կայացված որոշմամբ թույլատրելով ստանալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք չեն վերաբերում գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձին, ինչպես նաև անմիջականորեն չեն առնչվում կասկածյալին կամ մեղադրյալին մեղսագրվող հանցավոր արարք(ներ)ին և չեն վերաբերում այն իրավաբանական անձին, որի գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվել, վերահսկվել կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվել է կասկածյալի կամ մեղադրյալի կողմից, և չպատճառաբանելով նշված դատական գործով կայացված որոշումը, արդարադատություն իրականացնելիս կոպիտ անփութությամբ, քանի որ դատավորը տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թույլ է տվել դատավորի բարձր կոչման հետ անհամատեղելի նյութական և դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնց առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:

Այսպիսով, Դատարանի դատավոր Վ. Մելիքյանը կոպիտ անփութությամբ թույլ է տվել նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

Հանձնաժողովը գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է նյութական կամ դատավարական նորմի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները և թույլ են տրվել նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ»:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավոր Վ. Մելիքյանը ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Թիվ ԳԴ4/0007/07/14 գործով որոշմամբ թույլատրվել է ստանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Ճամբարակի մասնաճյուղում բացված համապատասխան հաշվեհամարին կատարած փոխանցումների վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ՝ փոխանցված չափի, փոխանցողի և ստացողի վերաբերյալ անհատական տվյալներ, ժամանակահատված և հաշվեհամարի հետ կապված տվյալներ, քանի որ փոխանցողը ՀՀ Գեղարքունիքի մարզի Աղբերք համայնքի ղեկավար Արթուր Երիցյանն է, որի վերաբերյալ Դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Արթուր Երիցյանի ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով՝ 14 դրվագով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով՝ 8 դրվագով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 3 դրվագով և 178-րդ հոդվածի 1-ին մասով:

26.08.2014թ. Աղբերք համայնքի ղեկավար Արթուր Երիցյանի կողմից վերոգրյալ հանցագործություններ կատարելու հատկանիշներով հարուցված թիվ 42101813 քրեական գործից Աղբերք համայնքի բյուջետային հաշվից 2009-2013թթ. ընթացքում օտարված գումարների վերաբերյալ մաս է անջատվել, և կատարվում է նախաքննություն:

Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Արթուր Երիցյանը 2009-2013թթ. ընթացքում Աղբերք համայնքի բյուջետային հաշվում առկա գումարներից «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Ճամբարակի մասնաճյուղում բացված թիվ 160023000303200 հաշվեհամարին, ֆիզիկական անձեր հանդիսացող Վարուժան Մանուչարյանի, Մհեր Անդրյանի, Պավլի Կիրակոսյանի, Փայլակ Լազարյանի, Անդրանիկ Դավթյանի, Սերոբ Սարիբեկյանի, Արծրուն Ղուլյանի, Վարդան Ղազարյանի, Վարուժան Դավթյանի, Պետրոս Պետրոսյանի, Պետրոս Մկրտումյանի, Գրիգոր Գրիգորյանի, Ալեքսանդր Շաքարյանի անվամբ տարբեր չափերի գումարներ է փոխանցել, որոնց ծախսման ճշտության և օրինականության վերաբերյալ կատարվել են անհրաժեշտ հարցաքննություններ:

Թիվ ԳԴ4/0007/07/14 գործով կայացված որոշման մեջ որոշումներում թույլ տրված խախտումները ծանրաբեռնվածության պատճառ են»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1) ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Ճամբարակի քննչական խմբում Արթուր Բաբայանի հաղորդման հիման վրա 28.08.2013թ. հարուցվել է թիվ 42101813 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

2) ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի քննիչ Դ. Շահբազյանի կողմից թիվ 42101813 քրեական գործով 02.10.2013թ. որպես մեղադրյալ հարցաքննվել է Արթուր Երիցյանը:

3) ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի քննիչ Հ. Մարտիրոսյանը, նկատի ունենալով, որ թիվ 16023000303200 հաշվեհամարին կատարված փոխանցումների վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները՝ փոխանցված գումարի չափ, փոխանցողի և ստացողի վերաբերյալ անհատական տվյալներ, ժամանակահատված և հաշվեհամարի հետ կապված այլ տվյալներ, կարող են նշանակություն ունենալ թիվ 42101813 քրեական գործի համար, 2014 թվականի հունիսի 6-ին կայացրել է որոշում բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ստանալու միջնորդություն հարուցելու մասին:

4) Դատարանը թիվ ԳԴ4/0007/07/14 դատական գործով 09.06.2014թ. կայացված որոշմամբ բավարարել է ներկայացված միջնորդությունը՝ թույլատրելով ստանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Ճամբարակի մասնաճյուղում բացված թիվ 16023000303200 հաշվեհամարին կատարված փոխանցումների վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ՝ փոխանցված գումարի չափ, փոխանցողի և ստացողի վերաբերյալ անհատական տվյալներ, ժամանակահատված և հաշվեհամարի հետ կապված այլ տվյալներ:

5) Դատարանը թիվ ԳԴ4/0007/15/14 դատական գործով կայացված որոշման մեջ մասնավորապես նշել է. «Ծանոթանալով միջնորդությանը և քրեական գործի նյութերին` դատարանը գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման, քանի որ քրեական գործի օբյեկտիվությունը, լրիվությունը և բազմակողմանիությունն ապահովելու համար անհրաժեշտ է թույլատրել ստանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Ճամբարակի մասնաճյուղում բացված թիվ 16023000303200 հաշվեհամարին կատարված փոխանցումների վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ՝ փոխանցված գումարի չափ, փոխանցողի և ստացողի վերաբերյալ անհատական տվյալներ, ժամանակահատված և հաշվեհամարի հետ կապված այլ տվյալներ»:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով Դատարանի դատավոր Վ. Մելիքյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

1. ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:

Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով: (…)»:

ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի համաձայն` «Մարդու և քաղաքացու՝ Սահմանադրության 23[-րդ] (…) [հոդվածով] (…) ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:

Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝

«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համատեքստում մեկնաբանելով «անձնական կյանք» եզրույթը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ այն լայն հասկացություն է և ենթակա չէ սպառիչ սահմանման: Եվրոպական դատարանը գտել է, որ անձնական կյանքի ոլորտն ընդգրկում է մարդու առողջությունը, ֆիզիկական և հոգեկան ամբողջականությունը: Անձնական կյանքի իրավունքը ներառում է նաև անհատական զարգացումը, այլոց և ընդհանրապես արտաքին աշխարհի հետ հարաբերություններ հաստատելը և զարգացնելը (տե՛ս Նադան ընդդեմ Շվեյցարիայի (Nada v. Switzerland) 12.09.2012 թվականի վճիռը, գանգատ թիվ 10593/08, կետ 151):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասի համաձայն` «Քրեական հետապնդում իրականացնող մարմինները քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկությունները կարող են ստանալ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա»:

«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բանկային գաղտնիք են համարվում բանկի հաճախորդին սպասարկելու կապակցությամբ տվյալ բանկին հայտնի դարձած հաճախորդի հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև նրա առևտրային գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել, և բանկը տեղյակ է կամ կարող էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ»:

Նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բանկերը քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա` սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան»:

«Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված դրույթների համակարգային վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԱՎԴ/0015/07/13 դատական գործով 13.09.2013թ. կայացված որոշմամբ նշել է, որ «(…) խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա կարող է ձեռք բերվել բացառապես ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված կարգով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձի վերաբերյալ բանկային գաղտնիքը: Այլ խոսքով, անձի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունը կարող է տրամադրվել քրեական վարույթն իրականացնող մարմնին, եթե՝

ա) անձը ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ներգրավվել է որպես կասկածյալ կամ մեղադրյալ,

բ) առկա է բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման նպատակով խուզարկություն կամ առգրավում կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ դատարանի որոշումը» (տե՛ս թիվ ԱՎԴ/0015/07/13 դատական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.09.2013 թվականի որոշումը, կետ 12):

ՀՀ վճռաբեկ դատարանը իր մեկ այլ` թիվ ԵԿԴ/0223/01/14 դատական գործով 15.08.2014թ. կայացված որոշմամբ արտահայտել է այն դիրքորոշումը, որ «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասում տեղ գտած «քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ» հասկացության վերլուծությունը վկայում է, որ խոսքը ոչ թե սոսկ կասկածյալի կամ մեղադրյալի անվամբ, այլ նրան մեղսագրվող հանցավոր արարք(ներ)ին անմիջականորեն առնչվող իրավաբանական անձին վերաբերող բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների մասին է, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որ այդ իրավաբանական անձի գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվել, վերահսկվել կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվել է կասկածյալի կամ մեղադրյալի կողմից» (տե՛ս թիվ ԵԿԴ/0223/01/14 դատական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.08.2014 թվականի որոշումը, կետ 26):

Մեջբերված օրենսդրական դրույթներից և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներից հետևում է, որ խուզարկության կամ առգրավման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա կարող է ձեռք բերվել ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված կարգով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձի վերաբերյալ բանկային գաղտնիքը, ինչպես նաև կասկածյալին կամ մեղադրյալին մեղսագրվող հանցավոր արարք(ներ)ին անմիջականորեն առնչվող և այն իրավաբանական անձին վերաբերող բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, որի գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվել, վերահսկվել կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվել է կասկածյալի կամ մեղադրյալի կողմից:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դատարանը թիվ ԳԴ4/0007/07/14 դատական գործով 09.06.2014թ. կայացված որոշմամբ բավարարել է ներկայացված միջնորդությունը՝ թույլատրելով ստանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Ճամբարակի մասնաճյուղում բացված թիվ 16023000303200 հաշվեհամարին կատարված փոխանցումների վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ՝ փոխանցված գումարի չափ, փոխանցողի և ստացողի վերաբերյալ անհատական տվյալներ, ժամանակահատված և հաշվեհամարի հետ կապված այլ տվյալներ:

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտնում է, որ Դատարանը, թիվ ԳԴ4/0007/07/14 դատական գործով 09.06.2014թ. կայացված որոշմամբ թույլատրելով ստանալ քրեական գործի շրջանակներում կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեցող անձի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասի, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված»:

Նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրված բոլոր հետևությունները և որոշումները»:

Դատական ակտերի օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության հարցին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է թիվ ԵԿԴ/0058/11/09 դատական գործով 26.03.2010թ. կայացված որոշման մեջ, որում իրավական դիրքորոշում է ձևավորել այն «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված` դատավճռին ներկայացվող օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջները վերաբերելի են նաև մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության շրջանակներում կայացվող դատական ակտերին (որոշումներին):

Դատական ակտն օրինական է, եթե կայացվել է գործող օրենսդրության պահանջների պահպանմամբ, և հիմնավորված, եթե դրանում արված հետևությունները հիմնված են դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա:

Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:

Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման» (տե՛ս թիվ ԵԿԴ/0058/11/09 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.03.2010 թվականի որոշումը, կետեր 17-19):

ՀՀ վճռաբեկ դատարանը իր մեկ այլ` թիվ ԵԷԴ/0030/01/12 քրեական գործով 18.10.2013թ. կայացված որոշմամբ արձանագրել է, որ «(…) հաշվի առնելով արդարադատության իրականացման ընթացքում կայացված դատական ակտերի իրավական նշանակությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է (...)» (տե՛ս թիվ ԵԷԴ/0030/01/12 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.10.2013 թվականի որոշումը, կետ 14):

Իր հերթին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` անձի արդար դատական քննության իրավունքի խախտում (տե՛ս Սալովն ընդդեմ Ուկրաինայի (Salov v. Ukraine) 06.09.2005 թվականի որոշումը, գանգատ թիվ 65518/01, Բոլդեան ընդդեմ Ռումինիայի (Boldea v. Romania) 15.02.2007 թվականի որոշումը և այլն):

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ չպատճառաբանված դատական ակտերը չեն կարող ապահովել դատական իշխանության և դատարանների կողմից կայացված դատական ակտերի նկատմամբ հանրության վստահությունը, այլ ընդհակառակը` չպատճառաբանված, չհիմնավորված դատական ակտերը նսեմացնում են դատական իշխանության հեղինակությունը և խաթարում են արդարադատության բուն էությունը:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դատարանը թիվ ԳԴ4/0007/07/14 դատական գործով կայացված որոշման մեջ նշել է. «Ծանոթանալով միջնորդությանը և քրեական գործի նյութերին` դատարանը գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման, քանի որ քրեական գործի օբյեկտիվությունը, լրիվությունը և բազմակողմանիությունն ապահովելու համար անհրաժեշտ է թույլատրել ստանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Ճամբարակի մասնաճյուղում բացված թիվ 16023000303200 հաշվեհամարին կատարված փոխանցումների վերաբերյալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ՝ փոխանցված գումարի չափ, փոխանցողի և ստացողի վերաբերյալ անհատական տվյալներ, ժամանակահատված և հաշվեհամարի հետ կապված այլ տվյալներ»:

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ Դատարանի դատավոր Վ. Մելիքյանը, թույլատրելով ստանալ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ, չի պատճառաբանել նման եզրահանգման գալը:

Նման պայմաններում Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավոր Վ. Մելիքյանը, չպատճառաբանելով թիվ ԳԴ4/0007/07/14 դատական գործով կայացված որոշումը, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավոր Վ. Մելիքյանը, թիվ ԳԴ4/0007/07/14 դատական գործով կայացված որոշմամբ թույլատրելով ստանալ քրեական գործի շրջանակներում կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեցող անձի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև չպատճառաբանելով նշված դատական գործով կայացված որոշումը, արդարադատություն իրականացնելիս կոպիտ անփութությամբ, քանի որ դատավորը տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թույլ է տվել դատավորի բարձր կոչման հետ անհամատեղելի նյութական և դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնց առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: Նշված խախտումները ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 153.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վ. Մելիքյանին հայտարարել նախազգուշացում:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

 Ա. Բաբայան

 Գ. Բադիրյան

 Ռ. Բարսեղյան

 Ա. Դարբինյան

 Ա. Խաչատրյան

 Մ. Հարթենյան

 Գ. Ղազինյան

 Ե. Սողոմոնյան

 Վ. Ստեփանյան

 Հ. Փանոսյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան