ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2013 թվականի N 562-Ն
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 04.09.14 N 982-Ն)
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.4-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոններ` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 04.09.14 N 982-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառվում է 2013 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 6 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 562-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը խմբ. 04.09.14 N 982-Ն)
1. Սույն կանոններին համապատասխան` պարտադիր դրոշմավորման կամ վերադրոշմավորման ենթակա են «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.2-րդ հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում արտադրված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները (այսուհետ՝ ապրանք):
2. Ապրանքներ արտադրող կամ ներմուծող անձինք դրանց դրոշմավորումն իրականացնում են ինքնուրույն՝ համապատասխանաբար իրենց հաշվառման հարկային տեսչությունից կամ հաշվառման մաքսատնից ձեռք բերված դրոշմապիտակներն այդ ապրանքների վրա փակցնելու միջոցով:
3. Ապրանքների վրա փակցված դրոշմապիտակները պետք է համապատասխանեն հարկային և մաքսային վերադաս մարմնի կողմից սահմանված տեխնիկական պահանջներին, ինչպես նաև լինեն չվնասված, ամբողջական և դրոշմավորված ապրանքի տեսակին, ենթատեսակին (նկարագրին), տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) համապատասխանող:
(3-րդ կետը լրաց. 19.03.15 N 255-Ն)
4. Դրոշմապիտակը պետք է փակցված լինի ապրանքի (տարայի) վրա առավել տեսանելի տեղում` վերին կամ կողային մակերեսներին, այդ թվում՝ պիտակի վրա:
5. Դրոշմապիտակը պետք է փակցված լինի այնպես, որ ապահովվի ապրանքի անվանման, հայերեն մակնշման և պիտանելիության ժամկետի վերաբերյալ նշումների ընթեռնելիությունը:
6. Ապրանքի վերադրոշմավորման դեպքում նոր դրոշմապիտակը փակցվում է սույն կանոնների 4-րդ և 5-րդ կետերով սահմանված տեղում:
7. Դրոշմավորված ապրանքների վերադրոշմավորումը կատարվում է այդ ապրանքների վրա փակցված նմուշի դրոշմապիտակները կիրառությունից հանվելու դեպքում:
8. Արգելվում է հաստատված նմուշի դրոշմապիտակների վրա կատարել նշագրումներ (կնիքներով, դրոշմակնիքներով կամ այլ կերպ), դրոշմապիտակները կամ դրանց մի մասը ծածկել անթափանց թաղանթներով (բացառությամբ վերադրոշմավորման ժամանակ հերթական նմուշի դրոշմապիտակը փակցնելու դեպքերի): Անթափանց թաղանթներով ամբողջովին կամ մասնակիորեն ծածկված (դրոշմանիշի սերիան, համարը և այլ պաշտպանիչ տարրեր պարունակող մասերը) դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների իրացումը համարվում է չդրոշմավորված ապրանքների իրացում:
9. Վնասված, ոչ ամբողջական և (կամ) դրոշմավորման ենթակա ապրանքի տեսակին, ենթատեսակին (նկարագրին), տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) չհամապատասխանող դրոշմապիտակներ փակցված ապրանքների իրացնելը, ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետով սահմանված պայմանները չապահովելը համարվում են դրոշմավորման կանոնների խախտում:
(9-րդ կետը լրաց. 19.03.15 N 255-Ն)
10. Դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների արտահանման դեպքում օրենքով սահմանված կարգով դրոշմավորման պարտավորություն կրող անձանց կողմից ներկայացվող ապրանքների մաքսային հայտարարագրում (Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանելու դեպքում՝ տարանցման մաքսային հայտարարագրում) նշվում են դրոշմապիտակների քանակը, սերիաները, հերթական համարները (այդ թվում` միջակայքերով) և դրանց ստացման հաշիվ-ապրանքագրի համարը:
(10-րդ կետը լրաց. 19.03.15 N 255-Ն)
11. Օրենքով սահմանված կարգով դրոշմավորման պարտավորություն կրող անձանց կողմից դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների արտահանման դեպքում, հարկային կամ մաքսային մարմնին դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարը հարկային և պարտադիր վճարների գծով պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) հարկ վճարողին վերադարձման դիմումի հետ ներկայացվում է նաև ապրանքների մաքսային հայտարարագրի (տարանցման մաքսային հայտարարագրի) պատճենը:
(11-րդ կետը լրաց. 19.03.15 N 255-Ն)
12. Դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ տվյալների հաշվառման ժամանակ դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքները համարվում են արտահանված՝ միայն ապրանքների մաքսային հայտարարագրի (տարանցման մաքսային հայտարարագրի) պատճենի ներկայացման դեպքում:
(12-րդ կետը լրաց. 19.03.15 N 255-Ն)
(հավելվածը խմբ. 04.09.14 N 982-Ն, լրաց. 19.03.15 N 255-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.06.2018, N 613-Ն | 23.06.2018, N 562-Ն | |
19.03.2015, N 255-Ն | 05.04.2015, N 562-Ն | |
04.09.2014, N 982-Ն | 11.10.2014, N 562-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|