Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.11.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.01.12/1(1090) Հոդ.11
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
28.11.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
28.11.2014
Дата вступления в силу
28.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2215/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2215/02/12

2014 թ.

Նախագահող դատավոր՝  Լ. Գրիգորյան

Դատավորներ՝   

Գ. Մատինյան
 

Ն. Տավարացյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

   

Վ. Աբելյանի

   

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

2014 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.11.2013 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Մարիամ Մարկոսյանի, Արշավիր, Ռիպա և Ասլան Գևորգյանների (այսուհետ՝ Համահայցվորներ) ընդդեմ ՀՀ կառավարության` բնակարան կամ դրամական փոխհատուցում տրամադրելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Համահայցվորները պահանջել են իրենց՝ Երևանի Անդրֆեդերացիայի 2-րդ փակուղու թիվ 106 իրացված տան դիմաց, ՀՀ կառավարության 25.10.2000 թվականի թիվ 682 որոշման 5-րդ կետի համաձայն, տրամադրել համարժեք բնակարան կամ դրամական փոխհատուցում՝ Երևան քաղաքում երեքսենյականոց բնակարանի միջինացված արժեքի չափով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 31.07.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ վճռվել է ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, պարտավորեցնել Համահայցվորներին տրամադրել Երևանի Անդրֆեդերացիայի 2-րդ փակուղու թիվ 106 հասցեում գտնվող իրացված տան դիմաց համարժեք բնակարան կամ տրամադրել դրամական փոխհատուցում` ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 682 որոշմամբ սահմանված կարգի 5-րդ կետի համաձայն՝ Երևան քաղաքում Ավան-Առինջ 2-րդ թաղամասում երեքսենյականոց, 73քմ մակերեսով բնակարանի ձևավորված շուկայական միջինացված արժեքի չափով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.11.2013 թվականի որոշմամբ ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 31.07.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն):

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Համահայցվորները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ և 337-րդ հոդվածները, 344-րդ հոդվածի 4-րդ կետը, ՀՀ կառավարության 25.10.2000 թվականի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» թիվ 682 որոշման 3-րդ կետի «ա» և «գ» ենթակետերը, նույն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների վերաբնակեցման» կարգի 3-րդ և 7-րդ կետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերը, 51-րդ հոդվածի 1-ին կետը, 53-րդ հոդվածը, 149.5-րդ հոդվածը, 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ և 10-րդ ենթակետերը, 219-րդ հոդվածի 1-ին կետը, մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը նախնական դատական նիստում չի որոշել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և կողմերի միջև չի բաշխել ապացուցման պարտականությունը:

Ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը, առանց գործում առկա նյութերը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու, եկել են այն սխալ հետևության, որ Համահայցվորների մոտ առկա են բոլոր պայմանները ՀՀ կառավարության վերը նշված որոշման հիման վրա բնակարան կամ դրամական փոխհատուցում ստանալու համար:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ սույն գործով բացակայում է Երևանի քաղաքապետի և Համահայցվորների միջև կնքված վերաբնակեցման պայմանագիրը, որի պայմաններում Համահայցվորներին բնակարան կամ փոխհատուցում տրամադրելն իրավաչափ չէ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Համահայցվորները որևէ կերպ չեն բավարարում ՀՀ կառավարության վերը նշված որոշման պահանջները:

Համահայցվորների պահանջը ենթակա է մերժման նաև այն հիմքով, որ բաց է թողնվել հայցային վաղեմության ժամկետը, մինչդեռ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանն անհիմն գտել են, որ տվյալ դեպքում հայցային վաղեմությունը կիրառելի չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.11.2013 թվականի որոշումն ու փոփոխել այն՝ հայցը մերժել կամ բեկանել Վերաքննիչ դատարանի 21.11.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության՝ «սահմանելով նոր քննության ծավալը»:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա մերժման այն պատճառաբանությամբ, որ իրենց ունեցած տան դիմաց ինչպես բնակարան, այնպես էլ փոխհատուցում իրենց չի տրամադրվել:

Ինչ վերաբերում է հայցային վաղեմություն կիրառելուն, ապա սույն գործով ներկայացված պահանջի վրա հայցային վաղեմություն չի տարածվում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևանի ժողովրդական դեպուտատների Օրջոնիկիձեի շրջանային սովետի գործադիր կոմիտեի 27.11.1991 թվականի թիվ 30/18 որոշմամբ որոշվել է շրջխորհրդի գործկոմի բնակֆոնդի հաշվառման և բաշխման բաժնին թույլատրել Անդրֆեդերացիայի 2-րդ փակուղու՝ աղետի հետևանքով վթարված թիվ 106 տնից Դերենիկ Մարկոսյանի 14 անձից բաղկացած ընտանիքից վերաբնակեցնելու Դերենիկ Մարկոսյանի 3 անձից բաղկացած ընտանիքին և նրա եղբոր՝ Լյովա Մարկոսյանի 3 անձից բաղկացած ընտանիքին, իսկ Դերենիկ Մարկոսյանի մնացած 8 անձի բնակհատկացման հարցին անդրադառնալ բնակֆոնդի առկայության դեպքում (հատոր 1-ին, գ.թ. 22).

2) Երևանի ժողովրդական պատգամավորների Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 13.05.1993 թվականի թիվ 18/18 որոշմամբ որոշվել է շրջխորհրդի գործկոմի բնակարանային ֆոնդի հաշվառման և բաշխման բաժնին թույլատրել Անդրֆեդերացիայի 2-րդ փակուղու` փլուզման վտանգի տակ գտնվող թիվ 106 տնից վերաբնակեցնել Մարիամ Դերենիկի Մարկոսյանի 4 անձից բաղկացած ընտանիքին (ընտանիքի անդամներն են Մարիամ Մարկոսյանը, Արշավիր, Ռիպա և Ասլան Գևորգյանները)` նրանց հատկացնելով Ավան-Առինջ 2-րդ թաղամասի 2-3 շենքի 1-ին մուտքի 7-րդ հարկի թիվ 49 երեքսենյականոց` 43,93քմ բնակելի, 73,2քմ ընդհանուր մակերեսով բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 23).

3) Նախարարությունը մինչև սույն գործով Դատարանի կողմից վճիռ կայացնելը ներկայացրել է հայցադիմումի պատասխան` միաժամանակ միջնորդելով կիրառել հայցային վաղեմություն (հատոր 1-ին, գ.թ. 43-47):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում է, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Վճռաբեկ դատարանն արդեն իսկ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետի մեկնաբանությանը` նպատակ ունենալով ապահովելու դատարանների կողմից այդ նորմի միատեսակ կիրառությունը և նպաստելու դրա վերաբերյալ նախադեպային իրավունքի զարգացմանը (տե'ս օրինակ` Կարինե և Սամվել Զարգարյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ԵԿԴ/0181/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա չէ որևէ հիմք` փոխելու նշված դիրքորոշումը, հետևաբար անհրաժեշտ է համարում վերահաստատել այն:

Հիշատակված որոշմամբ Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան հայցային վաղեմության կիրառությունը բացառելու համար անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը`

1) հայցվորը պետք է լինի գույքի սեփականատեր կամ այլ տիրապետող, և

2) ներկայացված հայցով հայցվորը պետք է պահանջի իր իրավունքի ցանկացած խախտման վերացում, թեկուզև այդ խախտումը կապված չի եղել գույքի տիրապետումից զրկելու հետ:

Վճռաբեկ դատարանը նշել է, որ առաջին պայմանի վերլուծությունից հետևում է, որ վերոհիշյալ իրավադրույթը չի կարող կիրառվել, եթե հայցվորը չի հանդիսանում այն գույքի սեփականատեր կամ այլ տիրապետող, որի հետ կապված պահանջում է իր իրավունքի խախտման վերացում` նման եզրահանգումը հիմնավորելով քննարկվող դրույթի տառացի մեկնաբանությամբ, ինչից ուղղակիորեն բխում է, որ այդ դրույթը վերաբերում է «սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի» իրավունքի խախտման վերացմանը:

Ինչ վերաբերում է երկրորդ պայմանին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմությունը տարածելու արգելքը վերաբերում է սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ոչ բոլոր խախտումների վերացման պահանջներին, այլ միայն այն խախտումներին, որոնք կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ` այս հետևությունը հիմնավորելով նրանով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետում ամրագրված իրավադրույթի բովանդակության շարադրանքից անմիջապես հետո օրենսդիրը փակագծերում մատնանշել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը, որը վերաբերում է տիրապետումից զրկելու հետ չկապված խախտումներից սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությանը (նեգատոր հայցերին):

Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ եթե օրենսդրի կամքն ուղղված լիներ սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի բոլոր տեսակի խախտումների վերացման պահանջների վրա հայցային վաղեմությունը չտարածելուն, ապա քննարկվող հոդվածում այլևս անհրաժեշտություն չէր լինի հատուկ մատնանշելու տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքի խախտումների մասին, այլ ուղղակի կարող էր սահմանվել, որ սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ցանկացած խախտման վերացման պահանջների նկատմամբ հայցային վաղեմությունը չի տարածվում: Մինչդեռ քննարկվող հոդվածը նման կարգավորում չի նախատեսել, հետևաբար սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ կապված իրավունքի խախտումների վերացման պահանջների (վինդիկացիոն հայցերի) նկատմամբ հայցային վաղեմությունը տարածվում է: Նման իրավակարգավորումը պայմանավորված է նեգատոր հայցի առանձնահատկություններով: Մասնավորապես` նեգատոր հայցը գույքի սեփականատիրոջ կողմից արտապայմանագրային հարաբերություններից բխող սեփականության իրավունքի պաշտպանության միջոց է, որն ուղղված է սեփականատիրոջ կողմից գույքի օգտագործման կամ տիրապետման իրավունքների իրացման խոչընդոտների վերացմանը: Ընդ որում, գույքի տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքի խախտումները, որպես կանոն, տևական և շարունակական են, ինչն էլ պայմանավորել է սեփականության իրավունքի պաշտպանության այս միջոցի նկատմամբ հայցային վաղեմության ինստիտուտի կիրառման բացառումը: Այսինքն` եթե սեփականատերը կամ այլ տիրապետողը ինչ-որ ժամանակահատվածում չի պահանջել նման խախտումների վերացում, ապա դա դեռևս հիմք չէ, որպեսզի նա հետագայում ևս զրկվի այդ խախտումներից պաշտպանվելու հնարավորությունից, քանի որ դրանք շարունակվում են:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի ժողովրդական դեպուտատների Օրջոնիկիձեի շրջանային սովետի գործադիր կոմիտեի 27.11.1991 թվականի թիվ 30/18 որոշմամբ որոշվել է շրջխորհրդի գործկոմի բնակֆոնդի հաշվառման և բաշխման բաժնին թույլատրել Անդրֆեդերացիայի 2-րդ փակուղու՝ աղետի հետևանքով վթարված թիվ 106 տնից Դերենիկ Մարկոսյանի 14 անձից բաղկացած ընտանիքից վերաբնակեցնելու Դերենիկ Մարկոսյանի 3 անձից բաղկացած ընտանիքին և նրա եղբոր՝ Լյովա Մարկոսյանի 3 անձից բաղկացած ընտանիքին, իսկ Դերենիկ Մարկոսյանի մնացած 8 անձի բնակհատկացման հարցին անդրադառնալ բնակֆոնդի առկայության դեպքում:

Երևանի ժողովրդական պատգամավորների Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 13.05.1993 թվականի թիվ 18/18 որոշմամբ որոշվել է շրջխորհրդի գործկոմի բնակարանային ֆոնդի հաշվառման և բաշխման բաժնին թույլատրել Անդրֆեդերացիայի 2-րդ փակուղու` փլուզման վտանգի տակ գտնվող թիվ 106 տնից վերաբնակեցնել Մարիամ Դերենիկի Մարկոսյանի 4 անձից բաղկացած ընտանիքին (ընտանիքի անդամներն են Մարիամ Մարկոսյանը, Արշավիր, Ռիպա և Ասլան Գևորգյանները)` նրանց հատկացնելով Ավան-Առինջ 2-րդ թաղամասի 2-3 շենքի 1-ին մուտքի 7-րդ հարկի թիվ 49 երեքսենյականոց` 43,93քմ բնակելի, 73,2քմ ընդհանուր մակերեսով բնակարանը:

Համահայցվորները սույն գործով հայցադիմում են ներկայացրել Դատարան ընդդեմ ՀՀ կառավարության` բնակարան կամ դրամական փոխհատուցում տրամադրելու պահանջի մասին: Նախարարությունը մինչև սույն գործով Դատարանի կողմից վճիռ կայացնելը ներկայացրել է հայցադիմումի պատասխան` միաժամանակ միջնորդելով կիրառել հայցային վաղեմություն:

Դատարանը հայցը բավարարել է, իսկ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ Նախարարության միջնորդությունը մերժել է այն պատճառաբանությամբ, որ Համահայցվորները դիմել են դատարան` իրենց սեփականության իրավունքի խախտման հիմքով բնակարան հատկացնելուն կամ համարժեք փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու հայցային պահանջներով, հետևապես Դատարանը գտնում է, որ նման պահանջները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված բացառության մեջ ընդգրկվելով, դրանց նկատմամբ հայցային վաղեմությունը կիրառելի չէ, ուստի հայցվորների կողմից իրենց խախտված իրավունքի հիմքում ընկած հանգամանքների մասին տեղյակ լինելու, իսկ նման պարտավորություն ունենալու դեպքում` այդ պահից սկսած երեք տարվա ընթացքում դատարան դիմելու ժամկետի հաշվարկ կատարելու հիմքեր չկան, քանզի հայցային վաղեմությունն առհասարակ կիրառելի չէ:

Վերաքննիչ դատարանը, ըստ էության, հիմնավոր համարելով Դատարանի վերը նշված պատճառաբանությունները, մերժել է վերաքննիչ բողոքը և Դատարանի 31.07.2013 թվականի վճիռը թողել է օրինական ուժի մեջ:

Վերոնշյալ դիրքորոշման համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են, քանի որ թե' Դատարանը, թե' Վերաքննիչ դատարանը հաշվի չեն առել այն հանգամանքները, որ նախ՝ սույն գործով Համահայցվորները երբևէ Երևանի ժողովրդական պատգամավորների Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 13.05.1993 թվականի թիվ 18/18 որոշմամբ իրենց հատկացված բնակարանի սեփականատեր կամ այլ տիրապետող չեն հանդիսացել և երկրորդ՝ նրանց պահանջը վերաբերում է տիրապետումից զրկելու հետ կապված իրավունքի (գույքային իրավունքի) խախտման վերացմանը, հետևաբար նման պահանջի նկատմամբ հայցային վաղեմությունը կիրառելի է:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ կետը:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված այն փաստարկը, որ սույն գործով ներկայացված պահանջի վրա հայցային վաղեմություն չի տարածվում, հերքվում է վերը նշված պատճառաբանություններով:

Ինչ վերաբերում է նյութական և դատավարական իրավունքի այլ նորմերի խախտումների հետ կապված վճռաբեկ բողոք բերած անձի փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը հայցային վաղեմության հարցը լուծված չլինելու պայմաններում դրանց հնարավոր չի համարում անդրադառնալ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար, որպիսի քննության ընթացքում անհրաժեշտ է պարզել հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը և որոշել կիրառելի ժամկետը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.11.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

Ս. Անտոնյան

 

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

 

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ե. Սողոմոնյան