ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԽ-3-Ո-7
2015 թ.
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՇՈՏ ԽԱՉԻԿՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
մասնակցությամբ` ԱԽ անդամներ Ա. Բաբայանի, Գ. Բադիրյանի, մասնակցությամբ` դատավոր Ա. Խաչիկյանի ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ Մ. Մարտիրոսյանի, Մ. Պապոյանի, քարտուղարությամբ` Շ. Վարդանյանի
նախագահությամբ`
Ա. Մկրտումյանի
Ռ. Բարսեղյանի, Գ. Խանդանյանի,
Ա. Խաչատրյանի, Մ. Հարթենյանի,
Ս. Չիչոյանի, Ե. Սողոմոնյանի,
Վ. Ստեփանյանի, Հ. Փանոսյանի
Ս. Թադևոսյանի
2015 թվականի փետրվարի 3-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Խաչիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի 22.12.2014թ. թիվ N-ԷԿ-2/2014 որոշմամբ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ա. Խաչիկյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել դատական պրակտիկայի ամփոփման արդյունքներով կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքի հայտնաբերումը:
2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի եզրակացությունը.
Ըստ եզրակացության`
«Դատարանի վարույթում է գտնվել թիվ ՏԴ1/0246/02/13 քաղաքացիական գործը` ըստ հայցի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության ընդդեմ Գոռ Սիմոնյանի, Տիգրան Սարդարյանի և Նորիկ Մանուչարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից հայցադիմում է ներկայացվել Դատարան ընդդեմ Գոռ Սիմոնյանի և Տիգրան Սարդարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումը վարույթ է ընդունվել 12.09.2013թ., և առաջին դատական նիստը հրավիրվել է 07.10.2013թ.:
Դատարանի 12.09.2013թ. որոշմամբ որպես հայցի ապահովման միջոց` հայցագնի չափով, արգելանք է դրվել պատասխանողներ Գոռ Սիմոնյանին և Տիգրան Սարդարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և դրամական միջոցների վրա:
25.02.2014թ. նշանակված դատական նիստի ընթացքում, որին ներկայացել էին միայն պատասխանող Տիգրան Սարդարյանը և վերջինիս ներկայացուցիչը, պատասխանող Տիգրան Սարդարյանը ներկայացրել է Նորիկ Մանուչարյանին սույն գործով համապատասխանող ներգրավելու և վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «ՈՒԱԶ 452Д» մակնիշի 22ԼԼ470 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ արգելանք կիրառելու մասին միջնորդություններ:
Դատարանի` գործով համապատասխանող ներգրավելու և հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունները քննության առնելու մասին, 25.02.2014թ. որոշմամբ պատասխանող Տիգրան Սարդարյանի միջնորդությունները բավարարվել են` Նորիկ Մանուչարյանը սույն քաղաքացիական գործով ներգրավվել է որպես համապատասխանող, և արգելանք է դրվել վերջինիս պատկանող «ՈՒԱԶ 452Д» մակնիշի 22ԼԼ470 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ:
Դատարանի` «Հայցի ապահովման միջոցը ձևափոխելու մասին», 25.02.2014թ. մեկ այլ որոշմամբ 12.09.2013թ. որոշման հիման վրա «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 32 ԼՍ 152 պետհամարանիշի ավտոմեքենայի և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում առկա դրամական միջոցների վրա դրված արգելանքները վերացվել են:
Դատարանի 07.05.2014թ. վճռով հայցը բավարարվել է. «Գոռ Ռոդիկի Սիմոնյանից և Տիգրան Աշոտի Սարդարյանից համապարտության կարգով հօգուտ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության բռնագանձել 1337000 (մեկ միլիոն երեք հարյուր երեսունյոթ հազար) ՀՀ դրամ՝ որպես վերջինիս կողմից հատուցված վնասի գումար:
Գոռ Ռոդիկի Սիմոնյանից և Տիգրան Աշոտի Սարդարյանից համապարտության կարգով հօգուտ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության բռնագանձել 27240 (քսանյոթ հազար երկու հարյուր քառասուն) ՀՀ դրամ՝ որպես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև 25000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ՝ որպես փորձաքննության կատարման ծախսի գումար:
Հայցի ապահովման միջոցները թողնել անփոփոխ մինչև վճռի փաստացի կատարումը»:
1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գործի նախապատրաստման կամ քննության ժամանակ պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի կողմից, որին պատկանում է պահանջի իրավունքը կամ ոչ այն անձի դեմ, ով պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ նա կամ պատասխանողը փոխարինվեն պատշաճ հայցվորով կամ պատասխանողով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե հայցվորը համաձայն չէ պատասխանողին ուրիշ անձով փոխարինելուն, դատարանը կարող է այդ անձին մասնակից դարձնել որպես երկրորդ պատասխանող:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի կիրառման հարցին: Մասնավորապես նշել է, որ (...) մրցակցային դատավարությունում պատշաճ պատասխանող ներգրավելը պետք է լինի միմիայն հայցվորի պարտականությունը, կամ նման ներգրավում պիտի կատարվի հայցվորի միջնորդության հիման վրա: Ոչ պատշաճ պատասխանողի դեմ ներկայացված հայցը ենթակա է մերժման: Այս հարցում դատարանի ակտիվ դերակատարությունը կարող է վտանգել դատավարության մրցակցությունը և խաթարել դրա էությունը (տե՛ս Հայկո Պետրոսյանն ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության թիվ 3-1222(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2007 թվականի որոշումը):
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը գտնում է, որ Դատարանը, առանց հայցվորի գիտության, պատասխանող Տիգրան Սարդարյանի միջնորդությամբ Նորիկ Մանուչարյանին ներգրավելով որպես համապատասխանող, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի, 31-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի ակնհայտ և կոպիտ խախտումներ:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` միջնորդությունը քննարկվում է այն ստացվելու օրը, և կայացվում է որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն`
1. Հայցի ապահովման միջոցներն են`
1) պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը.
2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը.
3) այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը.
4) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց հարուցելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը.
5) պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը` անհապաղ կամ 5 օրը չգերազանցող ժամկետում:
2. Անհրաժեշտության դեպքում դատարանն իրավունք ունի կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց:
3. Դրամական միջոցների բռնագանձման վերաբերյալ հայցի ապահովման դեպքում պատասխանողն իրավունք ունի հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշիվ մուծել հայցվորի պահանջած գումարը:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է հայցի ապահովման ինստիտուտի գործառույթներին և նշանակությանը: Մասնավորապես 30.07.2010 թվականի թիվ ԵՇԴ/0550/02/09 որոշմամբ համադրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ, 98-րդ և 101-րդ հոդվածները` ՀՀ վճռաբեկ դատարանը դրանք մեկնաբանել է հետևյալ կերպ` «հայցի ապահովման դատավարական ինստիտուտի կարևորագույն նպատակն է ապահովելու որոշակի երաշխիքներ հարուցված հայցով ապագա վճռի կատարումն ապահովելու և հայցվորի օրինական շահերը ցանկացած բացասական հետևանքներից պաշտպանելու համար»:
Թիվ ՎԴ/3511/05/10 գործով 27.04.2011 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածից հետևում է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը:
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն արձանագրում է, որ դատարանը հայցի ապահովման դատավարական ինստիտուտը կարող է կիրառել իր նախաձեռնությամբ, ինչպես նաև հայցվորի կամ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձի կողմում հանդես եկող գործին մասնակցող անձի միջնորդությամբ:
Մինչդեռ գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Դատարանի կողմից բավարարվել է թիվ ՏԴ1/0246/02/13 քաղաքացիական գործով պատասխանող Տիգրան Սարդարյանի միջնորդությունը և արգելանք է դրվել քաղաքացիական գործին որպես համապատասխանող ներգրավված Նորիկ Մանուչարյանին պատկանող «ՈՒԱԶ 452Д» մակնիշի 22ԼԼ470 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ:
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը գտնում է, որ Դատարանը, ձեռնարկելով հայցի ապահովում դատավարության այն կողմի միջնորդությամբ, ում օրենքով վերապահված չէ այդպիսի միջնորդություն ներկայացնելու իրավունք, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի ակնհայտ և կոպիտ խախտում:
Բացի այդ, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը հարկ է համարում ընդգծել, որ Դատարանը, թիվ ՏԴ1/0246/02/13 քաղաքացիական գործով կայացված վճռի պատճառաբանական և եզրափակիչ մասերում Նորիկ Մանուչարյանին` որպես պատասխանողի, առհասարակ չի անդրադարձել, հետևաբար անհասկանալի է Դատարանի կողմից 25.02.2014թ. կայացված որոշմամբ Նորիկ Մանուչարյանին սույն քաղաքացիական գործով որպես համապատասխանող ներգրավելու և որպես հայցի ապահովման միջոց վերջինիս պատկանող «ՈՒԱԶ 452Д» մակնիշի 22ԼԼ470 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ արգելանք դնելու նպատակը:
Վերոգրյալից հետևում է, որ Դատարանի դատավոր Ա. Խաչիկյանը, թիվ ՏԴ1/0246/02/13 քաղաքացիական գործով առանց հայցվորի գիտության անձին ներգրավելով որպես համապատասխանող, ինչպես նաև ձեռնարկելով հայցի ապահովում դատավարության այն կողմի միջնորդությամբ, ում օրենքով վերապահված չէ այդպիսի միջնորդություն ներկայացնելու իրավունք, կոպիտ անփութությամբ, քանի որ դատավորը տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել դատավորի բարձր կոչման հետ անհամատեղելի դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնց առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:
Այսպիսով, Դատարանի դատավոր Ա. Խաչիկյանը կոպիտ անփութությամբ թույլ է տվել դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է նյութական կամ դատավարական նորմի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ են տրվել դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ»:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Դատավոր Ա. Խաչիկյանը ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.
«ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը քննության արդյունքում գտել է, որ ես խախտել եմ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի, 31-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 97-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որը դիտվել է դատավորի կողմից թույլ տրված ակնհայտ և կոպիտ խախտումներ՝ կատարված կոպիտ անփութությամբ: Որոշմամբ նշվել է, որ դատավորը տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել դատավորի բարձր կոչման հետ անհամատեղելի դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնց առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:
Առարկում եմ վերը նշված հոդվածներով իմ կողմից կատարված դատավարական գործողությունների հիմքերով հանձնաժողովի կողմից կայացված որոշման դեմ: Թիվ ՏԴ1/0246/02/13 քաղաքացիական գործի դատաքննությամբ կատարված գործողություններն ընդունելի չեն գնահատելու որպես ակնհայտ ու կոպիտ խախտումներ, այդ հիմքով հարուցելու կատարողական վարույթ դատավորի դեմ և այն ուղարկելու Արդարադատության խորհրդի քննությանը՝ ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն իսկ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի պահանջով գրավոր կարգով ներկայացրել եմ վերը նշված քաղաքացիական գործի ընթացքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն և առարկություններ, նպատակահարմար չեմ համարում կրկին անգամ դրանք գրավոր ներկայացնելու, ուստի և, խնդրում եմ անհրաժեշտության դեպքում կրկին անգամ ուսումնասիրել վերը նշված քաղաքացիական գործի ոչ մեծ ծավալով նյութերը և ճիշտ եզրահանգման գալ դատավորի՝ գործի քննության ընթացքում կատարած գործողությունների նկատմամբ:
Չեմ բացառում աշխատանքային մեծ ծանրաբեռնվածություն ունենալու պարագայում թե՛ սույն գործով, և թե՛ այլ քաղաքացիական գործերով քննությունների ընթացքում անուղղակի ձևով թույլ տրված թերությունները:
Գտնում եմ, որ իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի 22.12.2014թ. որոշումն անհիմն է և խնդրում եմ կարճել այն»:
Դատավոր Ա. Խաչիկյանը ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին է ներկայացրել դատական պրակտիկայի ամփոփման արդյունքներով արձանագրվածի վերաբերյալ տեղեկանք, որում մասնավորապես նշել է.
«(...) Նորիկ Մանուչարյանին որպես գործով համապատասխանող ներգրավելով և չբավարարելով գործով պատասխանող Տիգրան Սարդարյանի ներկայացուցչի միջնորդությամբ ներկայացված պահանջը՝ իր վստահորդին հանելու պատասխանողի կարգավիճակից, ինչպես նաև բավարարելով հայցի ապահովման միջոցը ձևափոխելու վերաբերյալ միջնորդությունը` շուկայական գնով շուրջ 4000-5000 ԱՄՆ դոլար արժողությամբ «Ֆոլկսֆագեն վենտո» մակնիշի ավտոմեքենան արգելանքի տակ թողնելու, արգելանքի տակ գտնվող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 32 ԼԱ 152 պետհամարանիշի ավտոմեքենան և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում առկա դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու մասին, օրենքին հակասող գործողություններ չեմ կատարել, քանի որ ԴԱՀԿ ապահովող ծառայության մարզային ստորաբաժանման կողմից շուրջ 1.337.000 ՀՀ դրամ հայցագնի չափով ունեցած պահանջի դիմաց գրավադրվել էր շուրջ 7,5-8,0 մլն ՀՀ դրամի արժողությամբ գույք և դրամական միջոցներ /շուրջ 6-7 անգամ գերազանցող/:
Գտնում եմ նաև, որ Նորիկ Մանուչարյանի անվամբ ներկայումս հաշվառված «ՈՒԱԶ 452Д» մակնիշի 35 DL 124 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա դրված արգելանքը նույնպես հիմնավոր է, նկատի ունենալով այն, որ նշված քաղաքացիական գործի հարուցման համար հիմք է հանդիսացել դեռևս 01.09.2011թ. ներքին առուվաճառքի պայմանագրով, որպես սեփականություն Նորիկ Մանուչարյանին հանձնված վերը նշված բեռնատար ավտոմեքենան վերջինիս տիրապետումից դուրս բերելու, մեկ այլ անձի օգտագործմանը հանձնելու և 16.01.2013թ. վթարի ենթարկելու փաստը, որի կապակցությամբ Տիգրան Սարդարյանը ներգրավվել է սույն գործով որպես համապատասխանող: Եթե կատարվել է ավտովթար, այն է՝ «ՈՒԱԶ 452Д» մակնիշի 35 DL 124 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ տրանսպորտային միջոցի, իր մեղավորությամբ պատճառել նյութական վնաս, որին վճարվել է համապատասխան ապահովագրական հատուցման գումար, հաշվի է առնվել այն հանգամանքը, որ վթարի պահին պատասխանող Տիգրան Սարդարյանն է նշված ավտոմեքենայի սեփականատերը, և նա, համաձայն օրենքի, պետք է պատասխանատվություն կրի, ապա Դատարանը նպատակահարմար է համարել արգելանքի տակ վերցնել հենց նույն այն մեքենան, որի ոչ ճիշտ շահագործման պատճառով կատարվել է ավտովթար, այն ունեցել է հետևանքներ՝ առաջացրել նյութական վնաս: Նշված ավտոմեքենան հայցի ապահովման միջոցի ձևափոխման արդյունքում արգելանքի տակ վերցնելու վերաբերյալ կայացված որոշման դեմ չի բողոքարկել Նորիկ Մանուչարյանը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի` գործին մասնակցող անձինք են կողմերը՝ հայցվորը և պատասխանողը, իսկ համաձայն 28-րդ հոդվածի 2-րդ մասի` գործին մասնակցող անձինք կրում են օրենքով սահմանված դատավարական պարտականություններ, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն, այնինչ` անցկացված շուրջ 10 դատական նիստերից և ոչ մեկին հայցվոր կողմը չի ներկայացել, չի պատասխանել առաջացած հարցերին, առերես չի հիմնավորել իր պահանջի ճշտությունը:
Ի վերջո` Դատարանի կողմից քննության արդյունքում կայացվել է դատական ակտ, ըստ որի` բավարարվել է հայցվոր՝ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից ներկայացված հայցապահանջը՝ պատասխանողներ Գոռ Սիմոնյանից և Տիգրան Սարդարյանից 1.337.000 /մեկ միլիոն երեք հարյուր երեսունյոթ հազար/ ՀՀ դրամ բռնագանձելու, բռնագանձումը վերջիններիս պատկանող գույքի վրա տարածելու վերաբերյալ, որպիսին չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ, որից հետո հայցվոր կողմին, համաձայն նրա գրավոր պահանջի, տրվել են համապատասխան կատարողական թերթեր` ԴԱՀԿ ապահովող ծառայությանը ներկայացնելու համար»:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1) Դատարանի վարույթում է գտնվել թիվ ՏԴ1/0246/02/13 քաղաքացիական գործը` ըստ հայցի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության ընդդեմ Գոռ Սիմոնյանի, Տիգրան Սարդարյանի և Նորիկ Մանուչարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
2) Դատարանի 12.09.2013թ. որոշմամբ որպես հայցի ապահովման միջոց` հայցագնի չափով, արգելանք է դրվել պատասխանողներ Գոռ Սիմոնյանին և Տիգրան Սարդարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և դրամական միջոցների վրա:
3) 25.02.2014թ. նշանակված դատական նիստի ընթացքում, որին ներկայացել էին միայն պատասխանող Տիգրան Սարդարյանը և վերջինիս ներկայացուցիչը, պատասխանող Տիգրան Սարդարյանը ներկայացրել է Նորիկ Մանուչարյանին սույն գործով համապատասխանող ներգրավելու և վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «ՈՒԱԶ 452Д» մակնիշի 22ԼԼ470 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ արգելանք կիրառելու մասին միջնորդություններ:
Դատարանի` գործով համապատասխանող ներգրավելու և հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունները քննության առնելու մասին, 25.02.2014թ. որոշմամբ պատասխանող Տիգրան Սարդարյանի միջնորդությունները բավարարվել են` Նորիկ Մանուչարյանը սույն քաղաքացիական գործով ներգրավվել է որպես համապատասխանող, և արգելանք է դրվել վերջինիս պատկանող «ՈՒԱԶ 452Д» մակնիշի 22ԼԼ470 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի նկատմամբ:
4) Դատարանի 07.05.2014թ. վճռով հայցը բավարարվել է, որը չի բողոքարկվել և 10.06.2014թ. մտել է օրինական ուժի մեջ:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով Դատարանի դատավոր Ա. Խաչիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը, որպես կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք արձանագրելով, որ կարգապահական վարույթի նյութերով հաստատվում է Դատարանի դատավոր Ա. Խաչիկյանի կողմից դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տալը, գտնում է, որ սույն գործով կիրառելի է ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն` եթե Արդարադատության խորհուրդը նպատակահարմար չի գտնում դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժի միջոց, ապա կարող է բավարարվել հարցի քննարկմամբ` որոշմամբ ամրագրելով կարգապահական պատասխանատվության հիմքերի առկայությունը և կարճելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը:
Միաժամանակ Խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Խաչիկյանը փորձառու դատավոր է, աչքի է ընկել օրինավոր վարքագծով, իր գործունեությամբ նպաստում է արդարադատության որակի բարձրացմանը, ինչն իր հերթին հաստատել է ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը` 19.11.2014թ. թիվ 17-Ա որոշմամբ դատավոր Ա. Խաչիկյանին պարգևատրելով ՀՀ դատարանների նախագահների խորհրդի պատվոգրով և հուշանվեր ժամացույցով` դատական համակարգում բազմամյա գործունեության, արդարադատության իրականացման գործում ներդրած մեծ ավանդի համար: Բացի այդ, Խորհուրդն արձանագրում է, որ Ա. Խաչիկյանը, լինելով Արցախյան ազատամարտի մասնակից և ունենալով բազմաթիվ պարգևներ, ներկայումս էլ աշխատում է սահմանամերձ գոտում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 162-րդ հոդվածի 2-րդ մասով` Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Խաչիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել` բավարարվելով հարցի քննարկմամբ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` |
Ա. Բաբայան Գ. Բադիրյան Ռ. Բարսեղյան Գ. Խանդանյան Ա. Խաչատրյան Մ. Հարթենյան Ս. Չիչոյան Ե. Սողոմոնյան Վ. Ստեփանյան Հ. Փանոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|