Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԽ-31-Ո-28
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.01.14/2(1091) Հոդ.22
Принят
Արդարադատության խորհուրդ
Дата принятия
26.12.2014
Подписан
Արդարադատության խորհրդի անդամներ
Дата подписания
26.12.2014
Дата вступления в силу
26.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ԱԽ-31-Ո-28

 2014 թ.

 

ԴԱՏԱՎՈՐԻՆ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի
   

մասնակցությամբ` ԱԽ անդամներ

Ա. Բաբայանի, Գ. Բադիրյանի,
Կ. Բաղդասարյանի, Ռ. Բարսեղյանի,
Ա. Թումանյանի, Ա. Խաչատրյանի,

Է. Հայրիյանի, Գ. Ղազինյանի,
Ս. Չիչոյանի, Վ. Ստեփանյանի, 

Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի

   

մասնակցությամբ` դատավոր

Խ. Խաչատրյանի
   

ՀՀ գլխավոր դատախազ

Գ. Կոստանյանի
   

քարտուղարությամբ`

Շ. Վարդանյանի

 

2014 թվականի դեկտեմբերի 26-ի նիստում Արդարադատության խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ), քննարկելով ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

ՀՀ գլխավոր դատախազը Խորհուրդ ներկայացրել է միջնորդություն` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Խ. Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու և կալանավորելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ:

 

ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը.

 

Ըստ միջնորդության`

«2014 թվականի դեկտեմբերի 19-ին «Զոսեկար» ՍՊ ընկերության տնօրեն Սեյրան Կարապետյանը ՀՀ ԿԱ ԱԱԾ-ում հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը նշված ընկերությանը սնանկ ճանաչելուց հետո, գրավադրված անշարժ գույքի աճուրդով վաճառքի ժամկետը երկարաձգելու և իր համար շահեկան տարբերակով դրանք ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու համար իրենից պահանջել է 20.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Հաղորդման հիման վրա ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացվել են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում` արտաքին և ներքին դիտում, որոնց ընթացքում ձայնագրառվել է Սեյրան Կարապետյանի և Խաչատուր Խաչատրյանի միջև 2014 թվականի դեկտեմբերի 20-ին կաշառքի շուրջ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ տեղի ունեցած առանձնազրույցը, կաշառք տալու նմանակում, որի ընթացքում 2014 թվականի դեկտեմբերի 25-ին Սեյրան Կարապետյանը, պայմանավորվածության համաձայն, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում` Խաչատուր Խաչատրյանի աշխատասենյակում, վերջինիս պահանջով կաշառքի առարկա հանդիսացող 20.000 ԱՄՆ դոլար գումարը դրել է նույն աշխատասենյակում գտնվող պահարանի դարակի մեջ: Դրանից անմիջապես հետո աշխատասենյակ են մուտք գործել օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնող ԱԱԾ աշխատակիցները և հայտնաբերել կաշառքի գումարը:

Դատավորի կողմից, իր լիազորությունների շրջանակներում, Սեյրան Կարապետյանի օգտին գործողություն կատարելու համար առանձնապես խոշոր չափերով` 9.186.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում 2014 թվականի դեկտեմբերի 26-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Լոռու մարզի Լեռնավան գյուղի բնակիչ Սեյրան Կարապետյանը, Վանաձոր քաղաքում տեղակայված, իրեն պատկանող երեք անշարժ գույքերը 2006-2007թթ. ընթացքում գրավադրելով «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության Վանաձորի մասնաճյուղում, պարբերաբար ստացել է տարբեր չափերի վարկեր, սակայն, հետագայում, դրանք ու նախատեսված տոկոսային հավելավճարները մարել չկարողանալու պատճառով, «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության կողմից հայց է ներկայացվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` Սեյրան Կարապետյանի հիմնադրած «Զոսեկար» ՍՊ ընկերությունից 517.939,80 ԱՄՆ դոլար գումարի պահանջի վերաբերյալ: Քաղաքացիական վարույթն իրականացնող դատավոր Խաչատուր Խաչատրյանի 2014 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ «Զոսեկար» ՍՊ ընկերությունը ճանաչվել է սնանկ, որից հետո, Խաչատուր Խաչատրյանը, «Զոսեկար» ՍՊ ընկերությանը պատկանող անշարժ գույքի աճուրդով վաճառքի ժամկետը երկարաձգելու և Սեյրան Կարապետյանի համար շահեկան տարբերակով դրանք ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու համար, վերջինիցս 2014 թվականի դեկտեմբերի 20-ին պահանջել և դեկտեմբերի 25-ին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի իր աշխատասենյակում ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9.186.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Դատավոր Խաչատուր Խաչատրյանը 2014 թվականի դեկտեմբերի 26-ին` ժամը 02.35-ին, ձերբակալվել է` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով: Ձերբակալման համար հիմք է հանդիսացել այն, որ նա բռնվել է քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելուց անմիջապես հետո: Նա կասկածվում է այնպիսի հանցագործության մեջ, որի կատարման համար կարող է նշանակվել պատիժ` ազատազրկման ձևով:

Գործով ձեռք են բերվել դատավոր Խաչատուր Խաչատրյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մասին վկայող հետևյալ փաստական տվյալները.

Սեյրան Կարապետյանի հաղորդումը և որպես վկա տված ցուցմունքն այն մասին, որ «Ինեկոբանկ» ՓԲ ընկերությունից վարկեր ստանալու համար գրավադրել է Վանաձորում գտնվող մետաղապլաստե դռների արտադրամասը, առևտրի կենտրոնի շենքը և «Վիվասել» ընկերությանը վարձակալությամբ տված տարածքը: Քանի որ սահմանված ժամկետներում չի կարողացել կատարել վարկային պարտավորությունները, բանկը դիմել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` «Զոսեկար» ՍՊ ընկերությունը սնանկ ճանաչելու խնդրանքով: Դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 2-ի վճռով «Զոսեկար» ՍՊ ընկերությունը ճանաչվել է սնանկ: Սնանկության գործընթացի ժամանակ տեղեկացել է, որ մինչև 2014 թվականի վերջը բանկում գրավադրված գույքը պետք է վաճառվի աճուրդի միջոցով:

Քանի որ նպատակ է ունեցել մինչև 2015 թվականի մարտ ամիսը ՌԴ տարածքում բնակվող հարազատներից գումար խնդրել ու այդ միջոցների հաշվին աճուրդով` համեմատաբար էժան գնով ձեռք բերելու գրավադրված գույքը, դիմել է դատավոր Խաչատուր Խաչատրյանին` գրավադրված գույքի աճուրդի ժամկետը մինչև 2015 թվականի մարտի 1-ը երկարացնելու և դրանով իսկ նշված գույքն իր կողմից գնելու հնարավորություն ընձեռելու համար:

Վերջինս խոստացել է կատարել իր խնդրանքը` դրա դիմաց մինչև 2014 թվականի դեկտեմբերի 20-ը պահանջելով 15.000 ԱՄՆ դոլար, որին ստիպված համաձայնել է, սակայն, չկարողանալով հայթայթել պահանջված գումարը, դիմել է ՀՀ ԱԱԾ և 2014թ. դեկտեմբերի 19-ին հաղորդում ներկայացրել այդ մասին:

Երբ հերթական անգամ` 2014 թվականի դեկտեմբերի 20-ին, հանդիպել է դատավոր Խաչատուր Խաչատրյանին, վերջինս հայտնել է, որ 15.000 ԱՄՆ դոլարի փոխարեն պետք է տա 20.000 ԱՄՆ դոլար` պատճառաբանելով, որ այդքան է անհրաժեշտ գործի համար:

ՀՀ ԱԱԾ մարմիններից ստանալով կաշառքի համար նախատեսված 20.000 ԱՄՆ դոլար գումարը` դատավոր Խաչատուր Խաչատրյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2014 թվականի դեկտեմբերի 25-ին գնացել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ դատարանի աշխատակիցներից մի տղամարդ ուղեկցել է իրեն դատավոր Խաչատուր Խաչատրյանի սենյակ, ապա հեռացել: Դատավոր Խաչատուր Խաչատրյանի պահանջով ինքը 20.000 ԱՄՆ դոլար գումարը նրա ներկայությամբ դրել է աշխատասենյակի պահարանի մեջ, վերջինիս ներկայությամբ և, կրկին համոզվելով իրենց նախնական պայմանավորվածության հավաստիության մեջ, հեռացել է:

Կաշառք տալու նմանակում օպերատիվ-հետախուզական միջոցառման վերաբերյալ կազմված արձանագրությունը և դրա հավելված հանդիսացող տեսագրությունը, դատավոր Խաչատուր Խաչատրյանի աշխատասենյակի զննման արձանագրությունը, համաձայն որի` վերջինիս աշխատասենյակի պահարանից հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա հանդիսացող 20.000 ԱՄՆ դոլար գումարը:

Խաչատուր Խաչատրյանը ներկայումս հրաժարվում է ցուցմունքներ տալուց, վկա Սեյրան Կարապետյանի հետ առերեսվելուց:

Այսպիսով, ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Ռաֆիկի Խաչատրյանին սույն քրեական գործով ներգրավելու որպես մեղադրյալ և առաջադրելու մեղադրանք` դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ մասերով»:

 

Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` Արդարադատության խորհուրդն օրենքով սահմանված կարգով (...) առաջարկ է ներկայացնում Հանրապետության Նախագահին (...) դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին:

ՀՀ դատական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու (...) համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու հարցով Արդարադատության խորհուրդ է դիմում ՀՀ գլխավոր դատախազը (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՀՀ գլխավոր դատախազը (...) Արդարադատության խորհրդին է ներկայացնում դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու (...) ենթարկելու համար հիմք հանդիսացող նյութերը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու (...) համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին ներկայացված Արդարադատության խորհրդի առաջարկը և դրա հիման վրա տրված Հանրապետության Նախագահի համաձայնությունը չեն նշանակում դատավորին կալանավորելու, նրան դատական կարգով քրեական (...) պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության հաստատում և չեն կաշկանդում իրավասու դատարանին համապատասխան հարցը օրենքով սահմանված կարգով լուծելիս:

Քննարկելով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Խ. Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու և կալանավորելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու հարցը, լսելով ՀՀ գլխավոր դատախազի դիրքորոշումը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով ներկայացված նյութերը` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը և դրան կից նյութերը բավարար են ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Խ. Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու և կալանավորելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին առաջարկություն ներկայացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով, 161-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով` Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել: Առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Խ. Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու և կալանավորելու մասին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Ա. ԲԱԲԱՅԱՆ 

 

Գ. ԲԱԴԻՐՅԱՆ

Կ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ 

Ռ. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ 

Է. ՀԱՅՐԻՅԱՆ 
 

Գ. ՂԱԶԻՆՅԱՆ

Ս. Չիչոյան

Վ. Ստեփանյան

Հ. Փանոսյան

Ս. Օհանյան