Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.11.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.01.12/1(1090) Հոդ.7
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
28.11.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
28.11.2014
Дата вступления в силу
28.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2103/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2103/02/12

2014 թ.

Նախագահող դատավոր՝  Դ. Խաչատրյան

Դատավորներ՝   

Ն. Տավարացյան
 

Ս. Միքայելյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

   

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

2014 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գևորգ Սլոյանի ներկայացուցիչ Տարոն Սիմոնյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի Գևորգ Սլոյանի ընդդեմ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ)` հավակնորդի կարգավիճակը հաստատելու և ընդունելության քննություններին մասնակցել թույլ տալուն պարտադրելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 31.07.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գևորգ Սլոյանը պահանջել է հաստատել իր հավակնորդի կարգավիճակը և Հիմնադրամին պարտադրել թույլ տալ իրեն մասնակցել ընդունելության քննություններին:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 27.02.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.05.2013 թվականի որոշմամբ Գևորգ Սլոյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.02.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 31.07.2013 թվականի որոշմամբ Գևորգ Սլոյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գևորգ Սլոյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ Գևորգ Սլոյանի դիմումը, 18.04.2014 թվականի թիվ ՍԴՈ-1148 որոշմամբ վիճարկվող հոդվածն այն մասով և մեկնաբանությամբ, որով արգելափակվում է ավելի բարձր աստիճանի մասնագիտական համարժեք որակավորում ունեցող անձի` փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու իրավունքը, ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածների, 43-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 31.07.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն ու բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.05.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պետական քննական հանձնաժողովի 27.06.2005 թվականի որոշմամբ Գևորգ Սլոյանին «Իրավագիտություն» մասնագիտությամբ շնորհվել է իրավագիտության մագիստրոսի աստիճան, որի վերաբերյալ 15.07.2005 թվականին վերջինիս տրվել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ԿԱ № 00016 դիպլոմը (հատոր 1-ին, գ.թ. 71).

2) 23.06.2012 թվականին Գևորգ Սլոյանը դիմում է ներկայացրել Հիմնադրամ` ընդունելության քննություններին մասնակցելու համար (հատոր 1-ին, գ.թ. 10, 11).

3) Հիմնադրամի ընդունելության հանձնաժողովի նախագահը 09.07.2012 թվականին որոշում է կայացրել Գևորգ Սլոյանին հավակնորդի կարգավիճակից զրկելու և 2012 թվականի ընդունելության քննություններին մասնակցել թույլ չտալու մասին (հատոր 1-ին, գ.թ. 10, 11).

4) Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 26.07.2012 թվականի որոշմամբ վերը նշված որոշման դեմ Գևորգ Սլոյանի դիմում-բողոքը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 12,13).

5) Գևորգ Սլոյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Հիմնադրամի` իր հավակնորդի կարգավիճակը հաստատելու և իրեն ընդունելության քննություններին մասնակցել թույլ տալուն պարտադրելու պահանջների մասին (հատոր 1-ին, գ.թ. 3-8).

6) Դատարանը 27.02.2013 թվականի վճռով հայցը մերժել է նաև այն պատճառաբանությամբ, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունը Դատարանին թույլ է տալիս ենթադրելու, որ փաստաբանական դպրոցի ունկնդիր լինելու համար օրենքով սահմանված են մի շարք չափանիշներ, որոնցից են անձի գործունակությունը և իրավաբանական կրթության բակալավարի կամ իրավաբանական կրթության դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճանը, մինչդեռ Գևորգ Սլոյանը չունի իրավաբանական կրթության բակալավրի կամ իրավաբանական կրթության դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան (հատոր 1-ին, գ.թ. 90-101).

7) Վերաքննիչ դատարանը Գևորգ Սլոյանի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 27.02.2013 թվականի վճիռը թողել է օրինական ուժի մեջ նաև այն պատճառաբանությամբ, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների վերլուծությունը թույլ է տալիս ենթադրելու, որ փաստաբանական դպրոցի ունկնդիր լինելու համար օրենքով սահմանված են մի շարք չափանիշներ, որոնցից են անձի գործունակությունը և իրավաբանական կրթության բակալավարի կամ իրավաբանական կրթության դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճանը, իսկ Գևորգ Սլոյանը չունի իրավաբանական կրթության բակալավրի կամ իրավաբանական կրթության դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան, քանի որ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճանը շնորհվում է առնվազն հնգամյա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքում, որպիսին տվյալ դեպքում չի ներկայացվել: Նշել է նաև, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ Գևորգ Սլոյանի մեկնաբանությունը, որով վերջինս մագիստրոսի որակավորում ունեցող անձին համարում է բակալավրի որակավորում ունեցող, փոփոխում է տվյալ իրավանորմի իմաստը, հետևաբար նման մեկնաբանությունը չի բխում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից (հատոր 2-րդ, գ.թ. 36-40).

8) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 31.07.2013 թվականի որոշմամբ Գևորգ Սլոյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 2-րդ, գ.թ. 62-64).

9) ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ Գևորգ Սլոյանի դիմումը, 18.04.2014 թվականի թիվ ՍԴՈ-1148 որոշմամբ որոշել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասն այն մասով ու մեկնաբանությամբ, որով արգելափակվում է ավելի բարձր աստիճանի մասնագիտական համարժեք որակավորում ունեցող անձի` փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու իրավունքը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածների, 43-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ։

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի իրավաբանական կրթության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան, բացառությամբ, եթե նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ:

Սույն գործի փաստերի համաձայն` 23.06.2012 թվականին Գևորգ Սլոյանը դիմում է ներկայացրել Հիմնադրամ` ընդունելության քննություններին մասնակցելու համար: Հիմնադրամի ընդունելության հանձնաժողովի նախագահը 09.07.2012 թվականին որոշում է կայացրել Գևորգ Սլոյանին հավակնորդի կարգավիճակից զրկելու և 2012 թվականի ընդունելության քննություններին մասնակցել թույլ չտալու մասին այն պատճառաբանությամբ, որ Գևորգ Սլոյանը չի ներկայացրել իր իրավաբանական կրթության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճանը հաստատող փաստաթուղթ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 26.07.2012 թվականի որոշմամբ վերը նշված որոշման դեմ Գևորգ Սլոյանի դիմում-բողոքը մերժվել է:

15.07.2005 թվականին տրված ԿԱ № 00016 դիպլոմի համաձայն` ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պետական քննական հանձնաժողովի 27.06.2005 թվականի որոշմամբ Գևորգ Սլոյանին «Իրավագիտություն» մասնագիտությամբ շնորհվել է իրավագիտության մագիստրոսի աստիճան:

Սույն գործով Դատարանը հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունը Դատարանին թույլ է տալիս ենթադրելու, որ փաստաբանական դպրոցի ունկնդիր լինելու համար օրենքով սահմանված են մի շարք չափանիշներ, որոնցից են անձի գործունակությունը և իրավաբանական կրթության բակալավարի կամ իրավաբանական կրթության դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճանը, մինչդեռ Գևորգ Սլոյանը չունի իրավաբանական կրթության բակալավրի կամ իրավաբանական կրթության դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, հիմնավոր է համարել Դատարանի վերը շարադրված պատճառաբանությունները: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը հավելել է, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ Գևորգ Սլոյանի մեկնաբանությունը, որով վերջինս մագիստրոսի որակավորում ունեցող անձին համարում է բակալավրի որակավորում ունեցող, փոփոխում է տվյալ իրավանորմի իմաստը, հետևաբար նման մեկնաբանությունը չի բխում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 31.07.2013 թվականի որոշմամբ Գևորգ Սլոյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է։

ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ Գևորգ Սլոյանի դիմումը, 18.04.2014 թվականի թիվ ՍԴՈ-1148 որոշմամբ որոշել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասն այն մասով ու մեկնաբանությամբ, որով արգելափակվում է ավելի բարձր աստիճանի մասնագիտական համարժեք որակավորում ունեցող անձի` փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու իրավունքը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածների, 43-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 18.04.2014 թվականի թիվ ՍԴՈ-1148 որոշմամբ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասն այն մասով ու մեկնաբանությամբ, որով արգելափակվում է ավելի բարձր աստիճանի մասնագիտական համարժեք որակավորում ունեցող անձի` փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու իրավունքը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածների, 43-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր ճանաչելը նոր հանգամանք է ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 31.07.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վերանայման և Վերաքննիչ դատարանի 29.05.2013 թվականի որոշման բեկանման հիմք։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 31.07.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և Վերաքննիչ դատարանի 29.05.2013 թվականի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ և 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 31.07.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.05.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

Ս. Անտոնյան

 

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

 

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան