Գլխավոր տեղեկություն
Номер
N 117-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.03.2015-26.04.2018)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.02.27/11(1100) Հոդ.125
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.02.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.02.2015
Дата вступления в силу
09.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 փետրվարի 2015 թվականի N 117-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ, ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ, ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅՈՒՄ, ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱՅՈՒՄ, ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅՈՒՄ ԿԱՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տալու դեպքերը և կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. փետրվարի 23
Երևան

 

 

 

Հավելված
 ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 5-ի N 117-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ, ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ, ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅՈՒՄ, ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱՅՈՒՄ, ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅՈՒՄ ԿԱՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն) ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տալու դեպքերի և կարգի հետ կապված հարաբերությունները:

 

II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ

 

2. Միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տրվում է հետևյալ դեպքերում՝

1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գործուղմամբ՝

ա. աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման կայքերի տվյալ տարվա գլխավոր ցանկերի http://www.shanghairanking.com/#, http://www.timeshighereducation.co.uk/world-university-rankings, http://www.topuniversities.com/qs-world-university-rankings http://www.usnews.com/education/best-global-universities/rankings?int=9cf408) 1-500-րդ տեղերը զբաղեցնող համապատասխան միջպետական կամ միջգերատեսչական համաձայնագրերի կողմ հանդիսացող օտարերկրյա պետության ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին,

բ. համապատասխան միջպետական համաձայնագրերի կողմ հանդիսացող օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ այդ միջպետական համաձայնագրի հիման վրա օտարերկրյա պետության լեզուն կամ մշակույթը կամ կրոնն ուսումնասիրող մասնագիտությամբ սովորողին,

գ. երաժշտական արվեստ կամ կատարողական արվեստ մասնագիտությամբ սովորողին,

դ. թռչող ապարատների թռիչքային շահագործում մասնագիտությամբ սովորողին.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հատկացված քվոտաների շրջանակում՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում կամ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայում սովորողին:

3. Միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար սույն կարգի 2-րդ կետով սահմանված դեպքերում տարկետում չի տրվում համապատասխան միջպետական կամ միջգերատեսչական համաձայնագրերի կողմ հանդիսացող օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատության մասնաճյուղում սովորողին:

 

III. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

4. Միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար իրականացվում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի սահմանած կարգով և ժամկետներում:

5. Օտարերկրյա պետություններ ուսումնառության գործուղման պետական պատվերը ձևավորելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետությունների համապատասխան պետական մարմինների կողմից առաջարկված տեղերի ամփոփ թիվը` ըստ օտարերկրյա պետությունների, կրթական ծրագրերի և բարձրագույն ուսումնական (հետբուհական) հաստատությունների:

6. Այլ պետական լիազոր մարմիններն իրենց կողմից կնքված համապատասխան միջգերատեսչական պայմանագրերի հիման վրա օտարերկրյա պետությունների համապատասխան պետական մարմինների կողմից առաջարկված տեղերի թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն:

7. Համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից կազմակերպվող մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած դիմորդների վերաբերյալ տվյալները համապատասխան պետական լիազոր մարմինը մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 30-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, որն ամփոփում է ստացված տվյալները և դրանք ներառելով իր կողմից կազմակերպվող մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած դիմորդների անվանացուցակում` մինչև տվյալ տարվա մայիսի 15-ը դիմորդների ամփոփ անվանացուցակը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն` անվանացուցակում ներառված քաղաքացիների զորակոչը մինչև տվյալ տարվա հուլիսի 15-ը հետաձգելու համար:

8. Համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից կազմակերպված մրցույթում հաղթող ճանաչված և օտարերկրյա պետություններ ուսումնառության գործուղվելու ենթակա դիմորդների վերաբերյալ տվյալները համապատասխան պետական լիազոր մարմինը մինչև տվյալ տարվա հուլիսի 10-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, որն ամփոփում է ստացված տվյալները և դրանք ներառելով իր կողմից կազմակերպված մրցույթում հաղթող ճանաչված և օտարերկրյա պետություններ ուսումնառության գործուղվելու ենթակա դիմորդների անվանացուցակում` մինչև տվյալ տարվա հուլիսի 25-ը դիմորդների ամփոփ անվանացուցակը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն՝ անվանացուցակում ներառված քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով ուսումը շարունակելու կապակցությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից 6 ամիս ժամկետով տարկետում տալու համար:

9. Սույն կարգի 8-րդ կետի համաձայն մրցույթում հաղթող ճանաչված և օտարերկրյա պետություններ ուսումնառության գործուղված քաղաքացիները պարտավոր են անձամբ կամ իրենց օրինական ներկայացուցչի կամ իրենց կողմից լիազորված անձի միջոցով մինչև տվյալ տարվա նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ներկայացնել օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական (հետբուհական) հաստատության կողմից տրված տեղեկանք` ուսումնառության հրամանագրվելու և ուսումնառության ժամկետի վերաբերյալ:

10. Սույն կարգի 9-րդ կետում նախատեսված տեղեկանքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին կամ նրա կողմից լիազորված անձին 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է տեղեկանք` քաղաքացու ուսումնառությունը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան իրականացվելու վերաբերյալ:

11. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը և օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական (հետբուհական) հաստատության կողմից ուսումնառության հրամանագրվելու և ուսումնառության ժամկետի վերաբերյալ տրված տեղեկանքը քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը ներկայացնում են քաղաքացու զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ` քաղաքացուն մինչև ուսումնառության ժամկետի ավարտը տարկետում տալու համար:

12. Ստացած տարկետման ժամկետի ընթացքում յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 30-ը քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն և քաղաքացու զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ են ներկայացնում օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական (հետբուհական) հաստատության տեղեկանքները` հաջորդ կուրս փոխադրվելու և առաջադիմության վերաբերյալ:

13. Անհրաժեշտության դեպքում (տեղեկանքների հավաստիությունն ստուգելու նպատակով) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը կարող է հարցում կատարել համապատասխան ուսումնական հաստատություն:

14. Սույն կարգի 9-րդ, 11-րդ և 12-րդ կետերում նախատեսված փաստաթղթերը սահմանված ժամկետներում չներկայացնելու, ինչպես նաև ուսումնառության ընթացքում օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական (հետբուհական) հաստատությունից հեռացվելու կամ անբավարար առաջադիմության պատճառով հաջորդ կուրս չտեղափոխվելու դեպքերում քաղաքացին ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

15. Սույն կարգի համաձայն՝ տարկետում ստացած և ուսումնառության ընթացքում ուսման գործընթացը խոչընդոտող անհաղթահարելի հանգամանքների պատճառով Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխված սովորողի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան