Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.02.25/9(1098).1 Հոդ.114.1
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.12.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
26.12.2014
Дата вступления в силу
26.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0976/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0976/02/08

2014 թ.

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

Դատավորներ`

Գ. Մատինյան

Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

 

2014 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գևորգ Ալեքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.02.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գևորգ Ալեքյանի ընդդեմ Վերգուշ, Արայիկ Բոզանյանների, Ջուլիետա Հովհաննիսյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գևորգ Ալեքյանը պահանջել է Վերգուշ, Արայիկ Բոզանյաններից, Ջուլիետա Հովհաննիսյանից բռնագանձել 4.314.356 ՀՀ դրամ և բռնագանձումը տարածել գրավադրված գույքի վրա:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Հարթենյան) (այսուհետ` Դատարան) 07.06.2013 թվականի վճռով Գևորգ Ալեքյանի հայցն ընդդեմ Ջուլիետա Հովհաննիսյանի` գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասով, մերժվել է, իսկ գործի վարույթը` ըստ Գևորգ Ալեքյանի հայցի ընդդեմ Վերգուշ և Արայիկ Բոզանյանների` գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասով` կարճվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.02.2014 թվականի որոշմամբ Գևորգ Ալեքյանի` Դատարանի վճռի հայցը մերժելու մասի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.06.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գևորգ Ալեքյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ կետը, 132-րդ հոդվածի 1-ին կետը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել և չի անդրադարձել այն հանգամանքին, որ Դատարանը, քննության առարկա չդարձնելով Գևորգ Ալեքյանի կողմից ներկայացված գումարի բռնագանձման վերաբերյալ հայցապահանջը, եզրահանգել է, որ առկա չէ փոխառության գումարի և դրան հաշվեգրված տոկոսագումարի բռնագանձման պահանջով բավարարված հայցապահանջ, ինչպես նաև նշված գումարների բռնագանձման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած չկատարված դատական ակտ` ի կատարումն որի` գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջը կլիներ իրավաչափ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը չի գնահատել գործում առկա այն ապացույցները, որոնցից հետևում է, որ Ջուլիետա Հովհաննիսյանն ընդունել է պարտապան Վերգուշ Բոզանյանի ժառանգությունը` իր հաշվին վճարելով ժառանգատուի պարտքերը, և հետևաբար պարտավոր է միանձնյա կատարել պայմանագրով նախատեսված` գրավով ապահովված պարտավորությունը: Ավելին, Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում անհիմն կերպով դրել է այն հանգամանքը, որ Ջուլիետա Հովհաննիսյանը փոխառության պայմանագրի կողմ չէ և չի ընդունել ժառանգությունը, և եզրահանգել է, որ վերջինս հիմնական պարտավորությունից բխող իրավահարաբերության սուբյեկտ չէ, հետևաբար և չի կարող լինել պատշաճ պատասխանող:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.02.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Սույն քաղաքացիական գործը հարուցվել է Գևորգ Ալեքյանի հայցադիմումի հիման վրա, որով վերջինս պահանջել է. «… գրավ դրված առարկա հանդիսացող Երևանի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 4-րդ շենքի թիվ 47 բնակարանի նկատմամբ բռնագանձում տարածել` բռնագանձելով 9.470 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, միաժամանակ 01.02.2007 թվականից բռնագանձել նշված գումարի չստացված տոկոսները` մինչև վճռի կատարումը» (հատոր 1-ին, գ.թ. 3):

2) Գործի քննության ընթացքում Գևորգ Ալեքյանը Դատարան է ներկայացրել հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ դիմում, որով խնդրել է. «… փոփոխել հայցի առարկան` գրավ դրված առարկա հանդիսացող բնակարանի վրա բռնագանձում տարածելով և բռնագանձելով 4.314.356 ՀՀ դրամ» (հատոր 1-ին, գ.թ. 115-116), ինչն ընդունվել է Դատարանի կողմից (հատոր 2-րդ, գ.թ. 7):

3) Դատարանի 07.06.2013 թվականի վճռի եզրափակիչ մասում նշվել է. «Գևորգ Ալեքյանի հայցն ընդդեմ Ջուլիետա Հովհաննիսյանի` գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, մերժել: Քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի Գևորգ Ալեքյանի ընդդեմ Վերգուշ Բոզանյանի և Արայիկ Բոզանյանի` գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասով, կարճել» (հատոր 2-րդ, գ.թ. 102):

4) Դատարանի վճռի` հայցը մերժելու մասի դեմ Գևորգ Ալեքյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում նշվել է. «դատարանի կողմից նշված «... առկա չէ փոխառության գումարի և դրան հաշվեգրված տոկոսագումարի բռնագանձման պահանջով բավարարված հայցապահանջ, նշված գումարների բռնագանձման վերաբերյալ օրինական ուժի մտած չկատարված դատական ակտ` ի կատարումն որի` գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջը կլիներ իրավաչափ» փաստարկն այն բանի արդյունք է, որ Դատարանն առհասարակ քննության առարկա չի դարձրել սույն գործով ներկայացված գումարի բռնագանձման վերաբերյալ հայցապահանջը» (հատոր 3-րդ, գ.թ. 9):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից, և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե մի քանի հայցապահանջների հիման վրա հարուցված քաղաքացիական գործով վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանն իրավասու՞  է արդյոք որոշել հայցապահանջի բավարարման կամ մերժման ենթակա լինելու հարցն այն պայմաններում, երբ առաջին ատյանի դատարանն ընդհանրապես քննության առարկա չի դարձրել այդ հայցապահանջը և գործի քննության արդյունքում կայացված վճռով չի անդրադարձել դրան:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցադիմումը ներկայացվում է գրավոր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն` հայցադիմումում պետք է նշվեն հայցվորի պահանջները, իսկ մի քանի պատասխանողների դեմ հայց հարուցելիս, հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջները:

Մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:

Մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ պարբերության համաձայն` վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի եզրահանգումներ յուրաքանչյուր հայցապահանջը բավարարելու կամ մերժելու, ինչպես նաև նշում` վճիռը բողոքարկելու ժամկետի և կարգի մասին:

Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարաններում քաղաքացիական գործը հարուցվում է միմիայն ներկայացված հայցի (դիմումի) հիման վրա և ենթակա է քննության միայն դրա սահմաններում: Այսինքն` մի քանի հայցապահանջների հիման վրա հարուցված գործի քննության արդյունքում դատարանը պարտավոր է անդրադառնալ բոլոր հայցապահանջներին և վճիռ կայացնել միայն այդ պահանջների շրջանակներում: Այդ իսկ պատճառով օրենսդրի կողմից ամրագրվել է, որ հայցի հիման վրա հարուցված քաղաքացիական գործով դատարանի վճիռը պետք է պարունակի եզրահանգումներ յուրաքանչյուր հայցապահանջի բավարարման կամ մերժման մասին: Ընդ որում, հայց ներկայացնելով` շահագրգիռ անձն ինքնուրույն է որոշում իր հայցապահանջի շրջանակը, ինչը տնօրինչականության սկզբունքի դրսևորման արդյունք է: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել` դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն` իրականացնել, թե չիրականացնել իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը: Անձինք իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս պետք է առաջնորդվեն վերը նշված սկզբունքով (տե'ս, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴ3/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր գործով ներկայացված հայցապահանջի շրջանակը ոչ միայն էական նշանակություն ունի առաջին ատյանի դատարանում գործի ըստ էության քննության և լուծման համար, այլև` կարևորվում է դատական ակտերի վերանայման փուլերում: Մասնավորապես` վերաքննիչ դատարանի գործունեությունն ուղղված է վերաքննիչ բողոքի քննության արդյունքում առաջին ատյանի դատական ակտը վերանայելուն, որը ներառում է ստորադաս դատարանի գործողությունները (անգործությունը) ստուգելը: Հետևաբար այն դեպքում, երբ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում առաջին ատյանի դատական ակտը վերանայելիս հայտնաբերում է, որ գործով ներկայացված որևէ հայցապահանջ ըստ էության չի քննվել և լուծվել առաջին ատյանի դատարանի կողմից, պարտավոր է արձանագրել համապատասխան խախտումը և գործն ուղարկել նոր քննության: Վերաքննիչ դատարանը, սակայն, առաջին ատյանի դատարանի կողմից չքննված հայցապահանջը քննելու իրավունք չունի: Նման սահմանափակումը պայմանավորված է ոչ լրիվ վերաքննության ինստիտուտի առաձնահատկություններով: Մասնավորապես` ոչ լրիվ վերաքննության պարագայում վերաքննության օբյեկտը ստորադաս դատարանի կողմից կայացված դատական ակտն է, այլ ոչ թե` գործն ընդհանրապես, հետևաբար, եթե ստորադաս դատարանը որևէ պահանջով վերջնական եզրահանգում չի կատարել, վերաքննության օբյեկտը բացակայում է: Նման սահմանափակումը պայմանավորված է նաև վերաքննության սահմաններով: Գործող իրավակարգավորման պայմաններում Վերաքննիչ դատարանը կաշկանդված է առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված փաստերով ու հետազոտված ապացույցներով և նոր փաստ հաստատելու կամ նոր ապացույց ընդունելու լիազորություն ունի միայն բացառիկ դեպքերում:

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին: Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը և այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստերն ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է այդ փաստը, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի հաստատած փաստը, եթե առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` եթե առաջին ատյանի դատարանը հետազոտված ապացույցների հիման վրա դատական ակտում եզրակացության չի հանգել որևէ փաստի վերաբերյալ, ինչը պարտավոր էր անել, ապա վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ, եթե առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:

Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով, վճռի եզրափակիչ մասում նշել է. «Գևորգ Ալեքյանի հայցն ընդդեմ Ջուլիետա Հովհաննիսյանի` գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, մերժել»: Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ հայցվորը դատարանին չի ներկայացրել, որևէ ապացույց այն մասին, որ պարտատեր Գառնիկ Ալեքյանի գրավով ապահովված պարտավորությունները կատարված չեն կամ կատարված են ոչ պատշաճ, ինչպես նաև առկա չէ փոխառության գումարի և դրան հաշվեգրված տոկոսագումարի բռնագանձման պահանջով բավարարված հայցապահանջ, նշված գումարների բռնագանձման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած, չկատարված դատական ակտ` ի կատարումն որի` գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջը կլիներ իրավաչափ:

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ հայցվորը խնդրել է Ջուլիետա Հովհաննիսյանից բռնագանձել Վերգուշ Բոզանյանին փոխառությամբ տրված և դրան հաշվեգրված տոկոսների գումարը` 4.314.356 ՀՀ դրամի չափով, և բռնագանձումը տարածել 25.10.2005 թվականին կնքված փոխառության և անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրով գրավադրված գույքի նրա բաժնեմասի վրա, Գևորգ Ալեքյանի վերաքննիչ բողոքը մերժել է և դատական ակտը թողել օրինական ուժի մեջ: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ փոխառության գումարը վերադարձնելու հիմնական պարտավորություն կրող անձը Վերգուշ Բոզանյանն է, որը մահացել է, իսկ Ջուլիետա Հովհաննիսյանին` նրա ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասին հայցապահանջ հայցվորը սույն գործով չի ներկայացրել, հանգել է այն հետևության, որ Դատարանն իրավաչափ է մերժել հայցը, քանի որ հայցվորը խնդրել է գումարն ամբողջությամբ բռնագանձել Ջուլիետա Հովհաննիսյանից:

Վերը նշված իրավական վերլուծությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով հայցի առարկան 4.314.356 ՀՀ դրամի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված առարկայի` բնակարանի վրա տարածելու պահանջներն են: Մինչդեռ Դատարանը քննության է առել և հայցը մերժել է միայն գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասով:

Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացրած Գևորգ Ալեքյանը բողոքում` որպես դատավարական իրավունքի նորմի խախտում, վկայակոչել է այն փաստարկը, որ Դատարանը քննության առարկա չի դարձրել սույն գործով ներկայացրած գումարի բռնագանձման վերաբերյալ հայցապահանջը:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Գևորգ Ալեքյանի վերաքննիչ բողոքը, իր որոշմամբ նշել է հետևյալը. «(…) Հայցվորը խնդրել է Ջուլիետա Հովհաննիսյանից բռնագանձել Վերգուշ Բոզանյանին փոխառությամբ տրված և դրան հաշվեգրված տոկոսների գումարը` 4.314.356 ՀՀ դրամի չափով, և բռնագանձումը տարածել 25.10.2005 թվականին կնքված փոխառության և անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրով գրավադրված գույքի նրա բաժնեմասի վրա (…)»:

Այսինքն` Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ սույն գործով Գևորգ Ալեքյանը ներկայացրել է երկու, այն է` գումարի բռնագանձման և այդ բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու հայցապահանջներ: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ ներկայացված հայցապահանջներից մեկը` գումարի բռնագանձման պահանջը, Դատարանի կողմից քննության առարկա չի դարձվել, ըստ էության քննել է նշված հայցապահանջը և իր որոշմամբ եզրահանգել դրա` մերժման ենթակա լինելու մասին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանը վերը նշված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ իրավասու չէր սեփական նախաձեռնությամբ եզրահանգումներ անելու այն հայցապահանջի մերժման կամ բավարարման ենթակա լինելու վերաբերյալ, որը Դատարանի կողմից քննության առարկա չէր դարձվել: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն առարկայազուրկ են` նկատի ունենալով վերաքննության օբյեկտի բացակայությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ և ենթակա է բեկանման, իսկ գործը` գումարի բռնագանձման պահաջի մասով, անհրաժեշտ է ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության: Վճռաբեկ դատարանը, միաժամանակ հաշվի առնելով, որ սույն գործով ներկայացված` գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջն անմիջականորեն բխում է գումարի բռնագանձման պահանջից, գտնում է, որ գումարի բռնագանձման պահանջի նոր քննության պայմաններում այդ պահանջը ևս ենթակա է նոր քննության:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոք բերած անձի` նյութական իրավունքի նորմի խախտման վերաբերյալ փաստարկներին, ապա, հաշվի առնելով, որ նշված փաստարկները կապված են Դատարանի կողմից չքննված հայցապահանջի հետ, Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում դրանց անդրադառնալ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.02.2014 թվականի որոշումը և գործը` ըստ հայցի Գևորգ Ալեքյանի ընդդեմ Ջուլիետա Հովհաննիսյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասով, ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան