Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1183
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.12.10/67(1080) Հոդ.1108
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
02.12.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
02.12.2014
Дата вступления в силу
02.12.2014

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

2 դեկտեմբերի 2014 թ.

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ /ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ/ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի /նախագահող/, Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի /զեկուցող/, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Միրումյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի հոկտեմբերի 3-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր» վարկային համաձայնագրում /Հատուկ գործառնություններ/ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 20 նոյեմբերի 2014թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր» վարկային համաձայնագիրը /այսուհետ՝ Համաձայնագիր/ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի /այսուհետ՝ ԱԶԲ/ միջև ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 3-ին: Հայաստանի Հանրապետության /այսուհետ՝ Վարկառու/ կողմից այն ստորագրել է ֆինանսների նախարարը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաձայնագրին հավանություն է տվել 2014 թ. նոյեմբերի 27-ի արձանագրային որոշմամբ:

Ըստ Համաձայնագրի` ԱԶԲ-ն համաձայնում է «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի» նպատակների համար Վարկառուին տարբեր արժույթներով վարկ տրամադրել` 31,770,000 Հատուկ փոխառության իրավունքին համարժեք /շուրջ 49 մլն ԱՄՆ դոլար/: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 5 տարին` արտոնյալ:

2. Համաձայնագիրը բաղկացած է նախաբանից, թվով վեց հոդվածներից, Համաձայնագրի անբաժանելի մաս կազմող չորս առդիրներից և երրորդ առդիրի երկու հավելվածներից: Համաձայնագրում նախատեսված են Կողմերի իրավունքների և պարտականությունների կատարումն ապահովող դրույթներ, Վարկի միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողության որոշակի մեխանիզմներ, ինչպես նաև Համաձայնագրի գործողության համար անհրաժեշտ պայմաններ:

3. Համաձայնագրով ֆինանսավորվող Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության ճանապարհային տրանսպորտի և ջրամատակարարման ոլորտներում արդյունքների վրա հիմնված կառավարման համակարգերի ստեղծումը: Ծրագրով նախատեսվում է բարելավել ոլորտների կառավարման համակարգերը, մշակել ներդրումային որոշումներում առավել արդյունավետ հատկացումներին ուղղված ռազմավարություն և գործընթացներ, բարելավել կարգավորման շրջանակները, ուժեղացնել մշտադիտարկման համակարգերը:

Նախատեսվում է Ծրագիրն ավարտել մինչև 2015թ. սեպտեմբերի 30-ը:

4. Վարկը տրամադրվելու է երկու տրանշով: Երկրորդ տրանշի տրամադրման համար անհրաժեշտ է, որպեսզի Վարկառուի կողմից հաստատված լինի ջրամատակարարման ոլորտի համար ռազմավարությունը և ֆինանսավորման պլանը, ջրամատակարարման գործակալությունների գործառույթների ներդաշնակեցումը, ինչպես նաև Ջրային օրենսգրքի և հարակից իրավական ակտերի ներդաշնակեցումը ոլորտի ռազմավարության և գործառույթների վերանայման առաջարկությունների հետ:

Ճանապարհային տրանսպորտի ոլորտի համար անհրաժեշտ է, որ Վարկառուն ընդունած լինի ճանապարհների պահպանման ֆինանսավորման ռազմավարություն` 2015 թ. բյուջեում ամրագրված թիրախներով, ինչպես նաև տրանսպորտի և կապի նախարարության գլխավորությամբ գործող խորհրդատվական մարմնի կողմից պետք է հաստատված լինեն ճանապարհային ակտիվների կառավարման վրա հիմնված` ճանապարհների պահպանման ծախսերը:

5. Համաձայնագիրը նախատեսում է, որ վարկային հաշվից գումարների առհանում կարելի է կատարել միայն այն ծախսերի համար, որոնք կապված են թույլատրելի ապրանքների հետ, որոնք արտադրվում և մատակարարվում են ԱԶԲ-ի անդամ երկրներից, որոնք բանկի կողմից ժամանակ առ ժամանակ նշված են լինելու որպես գնումների համար ընդունելի աղբյուրներ:

6. Ըստ Համաձայնագրի` Վարկառուն ստանձնում է որոշակի ֆինանսական պարտավորություններ, որոնք են.

●  ԱԶԲ-ին վճարել տարեկան 2% տոկոսադրույք արտոնյալ ժամկետի ընթացքում և դրանից հետո՝ Վարկային հաշվից հանած և ժամանակ առ ժամանակ մարման ենթակա Վարկի գումարի դիմաց,

●  2019 թվականի նոյեմբերի 15-ից սկսած կիսամյակային պարբերականությամբ մարել Վարկային հաշվից առհանված Վարկի Մայր գումարը:

7. Վարկառուն պարտավորվում է նաև.

●  ապահովել, որ Վարկի միջոցներն օգտագործվեն Համաձայնագրի դրույթներին համապատասխան Ծրագրի ծախսերը ֆինանսավորելու նպատակով,

●  վարկային հաշվից գումարների առհանում կատարել միայն այն ծախսերի համար, որոնք կապված են թույլատրելի ապրանքների հետ, որոնք արտադրվում և մատակարարվում են Ասիական զարգացման բանկի անդամ այն երկրներից, որոնք բանկի կողմից ժամանակ առ ժամանակ նշված են լինելու որպես գնումների համար ընդունելի աղբյուրներ,

●  վարել կամ կազմակերպել, որ վարվեն գրանցումներ և փաստաթղթեր, որոնք բավարար են Վարկի միջոցներից ֆինանսավորվող Թույլատրելի ապրանքների մասին փաստելու և Ծրագրի առաջընթացը գրանցելու համար,

●  վարկային հաշվից գումարների առհանման վերաբերյալ հայտը ներկայացնել ԱԶԲ-ի համար ընդունելի ձևով, դրա հետ մեկտեղ տրամադրել Վարկառուի հավաստագիր, որը կհաստատի, որ յուրաքանչյուր տարվա համար Թույլատրելի ներմուծումների արժեքն ավելի մեծ կլինի, քան Վարկի գումարը, որի մասհանումներն ակնկալվում են այդ տարվա ընթացքում,

●  ներկայացնել Ծրագրի իրականացման ժամանակահատվածի ամբողջ ընթացքում կատարված առևտրի վիճակագրությունը և Ծրագրին առնչվող այլ տեղեկատվություն,

●  կազմել պետության կողմից կարգավորվող օպերատորների կողմից կառավարվող՝ ջրային ոլորտի ակտիվների գրանցամատյանը,

●  բյուջեի կատարողականի առնչությամբ հաստատել ջրային տնտեսության ոլորտի ԿՀՑ-երի կանոնավոր մշտադիտարկում,

●  ստեղծել Ծրագրի Ղեկավար կոմիտե, որը կնախագահի ֆինանսների նախարարության Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի գործադիր տնօրենը, և որի կազմում ընդգրկված կլինեն Իրականացնող բոլոր գործակալությունների՝ աշխատանքային մակարդակի ներկայացուցիչներ:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2014 թվականի հոկտեմբերի 3-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագիր» վարկային համաձայնագրում /Հատուկ գործառնություններ/ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

2 դեկտեմբերի 2014 թ.
ՍԴՈ-1183