Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1181
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.12.10/67(1080) Հոդ.1106
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
02.12.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
02.12.2014
Дата вступления в силу
02.12.2014

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

2 դեկտեմբերի 2014 թ.

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԼՐԱՑՈՒՑՒՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ» N 8388-AM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար» N 8388-AM վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2014 թվականի նոյեմբերի 13-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար» N 8388-AM վարկային համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2014 թվականի օգոստոսի 6-ին: Ըստ Համաձայնագրի՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (այսուհետ` Բանկ) Հայաստանի Հանրապետության բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ ցանցերի հուսալիության բարձրացման ու թողունակության մեծացման ծրագրի (այսուհետ` Ծրագիր) ֆինանսավորմանն օժանդակելու նպատակով Համաձայնագրում սահմանված պայմաններով Հայաստանի Հանրապետությանը (այսուհետ` Վարկառու) տրամադրում է 40.000.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ` 25 տարի ժամկետով, որից 10-ը` արտոնյալ: Վարկի փակման ժամկետը 2018 թվականի դեկտեմբերի 31-ն է:

2. Համաձայնագրի բաղկացուցիչ մաս են կազմում Հավելվածը և թվով երեք առդիրները, որոնցում տրված են Ծրագրի նկարագրությունը, Ծրագրի իրականացման կարգը, վարկի մարման ժամանակացույցը և սահմանումները: Համաձայնագրի 1-ին առդիրում նկարագրված է Ծրագրի նպատակը, այն է` Հայաստանի Հանրապետության էլեկտրահաղորդման ցանցերի հուսալիության ու կարողության բարելավումը և կառուցվածքը, որը ներառում է «Էլեկտրահաղորդման ցանցի ամրապնդում» և «Տեխնիկական աջակցություն» մասերը: Համաձայնագրի 2-րդ առդիրում նշված են Ծրագրի իրականացման միջոցներն ու պայմանները, իսկ 3-րդ առդիրում` Վարկի մարման ժամանակացույցը:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

●  վճարել սկզբնական վճար` Վարկի գումարի մեկ քառորդ տոկոսին (0.25%) հավասար չափով, այն է` 100.000 ԱՄՆ դոլար,

●  տոկոսադրույքի յուրաքանչյուր ժամանակահատվածի համար վճարել տոկոսագումար, որը հավասար է Վարկի արժույթի համար սահմանված Ուղղորդիչ տոկոսադրույքին, որին գումարվում է Փոփոխական տարբերությունը (variable spread)` պայմանով, որ Վարկի ամբողջ մայր գումարի կամ դրա որևէ մասի փոխարկման դեպքում Վարկառուի կողմից Փոխարկման ժամանակահատվածում այդպիսի գումարի վճարման ենթակա տոկոսագումարը կորոշվի Բանկի կողմից 2010 թվականի հուլիսի 31-ին ընդունված «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկերի տրամադրման ընդհանուր պայմանների» (այսուհետ` Ընդհանուր պայմաններ) Հոդված IV-ի դրույթների համաձայն,

●  կիսամյակային մուծումներով, սկսած 2024 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2038 թվականի օգոստոսի 15-ը յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին վերադարձնել Վարկի մայր գումարը 3.33%, իսկ 2039 թվականի փետրվարի 15-ին` 3.43% մասնավճարով,

●  իրականացնել Ծրագիրը «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ԲԷՑ) միջոցով` վերջինիս հետ կնքելով վարկային գումարի տրամադրման վերաբերյալ օժանդակ համաձայնագիր (այսուհետ` Օժանդակ համաձայնագիր)` Բանկի կողմից հաստատված դրույթներին համապատասխան,

●  Օժանդակ համաձայնագրով սահմանված Հայաստանի Հանրապետության իրավունքներն իրականացնել այնպես, որ պաշտպանվեն Հայաստանի Հանրապետության և Բանկի շահերը և կատարվեն Վարկի նպատակները, ինչպես նաև առանց Բանկի նախնական հաստատման՝ չփոխանցել, չփոփոխել, անվավեր չճանաչել կամ չհրաժարվել Օժանդակ համաձայնագրից կամ դրա որևէ դրույթից,

●  պահպանել և երաշխավորել, որ ԲԷՑ-ը պահպանի Ծրագրի կատարման ընթացակարգերի վերաբերյալ 2011 թվականի ապրիլի 18-ին ԲԷՑ-ի կողմից կազմված, հաստատված և թարմացված ձեռնարկը (այսուհետ` Գործառնական ձեռնարկ), կատարի դրա ներքո ստանձնած իր բոլոր պարտավորությունները և չփոխանցի, չփոփոխի, անվավեր չճանաչի կամ չհրաժարվի Գործառնական ձեռնարկից` առանց Բանկից նախնական համաձայնություն ստանալու,

●  ապահովել Ծրագրի իրականացումը «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկերի միջոցով ֆինանսավորվող ծրագրերում կեղծիքը և կոռուպցիան կանխելու և դրա դեմ պայքարելու ուղեցույցների» դրույթների համաձայն,

●  Համաձայնագրի պահանջներին համապատասխան` ապահովել և նաև ԲԷՑ-ից պահանջել ապահովել Ծրագրի բոլոր միջոցառումների նկատմամբ` ըստ հանգամանքների, Բնապահպանական կառավարման պլաններում (ԲԿՊ), Վերաբնակեցման քաղաքականության շրջանակում (ՎՔՇ) և Վերաբնակեցման գործողությունների ծրագրում (ՎԳԾ) սահմանված չափորոշիչների, քաղաքականության, ընթացակարգերի ու մեխանիզմների կիրարկումը,

●  ապահովել կամ ԲԷՑ-ից պահանջել ապահովել Ծրագրի առաջընթացի վերահսկումն ու գնահատումը և պատրաստել Ծրագրի հաշվետվություններ Ընդհանուր պայմանների դրույթներին համապատասխան և Բանկի համար ընդունելի ցուցանիշների հիման վրա,

●  վարել կամ պահանջել ԲԷՑ-ից վարել ֆինանսական կառավարման համակարգ՝ Ընդհանուր պայմանների պահանջներին համապատասխան,

●  պատրաստել կամ պահանջել ԲԷՑ-ից պատրաստել յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի ավարտից ոչ ուշ, քան քառասունհինգ օր անց, և Բանկին ներկայացնել Բանկի պահանջները բավարարող ձևաչափով և բովանդակությամբ` միջանկյալ, աուդիտ չանցած Ծրագրի ֆինանսական հաշվետվություններ, որոնք ընդգրկում են տվյալ եռամսյակը,

●  ապահովել ֆինանսական հաշվետվությունների աուդիտ՝ Ընդհանուր պայմանների դրույթների համաձայն,

●  ապահովել, որպեսզի Ծրագրի համար պահանջվող և Վարկի հասույթներից ֆինանսավորվող բոլոր ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները ձեռք բերվեն Բանկի կողմից համապատասխանաբար 2010 և 2011 թվականներին հրապարակված «Ուղեցույցներ. Համաշխարհային բանկի փոխառուների կողմից Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի փոխատվությունների և Միջազգային զարգացման ընկերակցության վարկերի և դրամաշնորհների շրջանակում կատարվող` ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումների» (Գնումների ուղեցույցներ) դրույթներին համապատասխան,

●  ապահովել, որպեսզի Ծրագրի համար պահանջվող և Վարկի հասույթներից ֆինանսավորվող բոլոր ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները ձեռք բերվեն 2011 թվականի հունվարով թվագրված՝ «Ուղեցույցներ. Համաշխարհային բանկի Վարկառուների կողմից ՎԶՄԲ վարկերի ու ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների շրջանակներում կատարվող՝ ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումներ» ուղեցույցի պահանջներին և Համաձայնագրի դրույթներին համապատասխան:

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործը քննության նախապատրաստելու ընթացքում քննության առարկա վարկային համաձայնագրի վերաբերյալ ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի կողմից 2014 թվականի նոյեմբերի 19-ին ներկայացված բացատրության մեջ նշվել է, որ Ծրագրով նախատեսվում է փոխարինել «Հաղթանակ» 220 կՎ, «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանների 30 և ավելի տարիներ շահագործման մեջ գտնվող ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումները:

5. Սույն Համաձայնագրով ստանձնված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածով նախատեսված պահանջներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար» N 8388-AM վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

2 դեկտեմբերի 2014 թ.
ՍԴՈ-1181

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան