ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
2 դեկտեմբերի 2014 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Ավետիսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց` «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված` «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրում (այսուհետ` Համաձայնագիր) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 27.11.2014 թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով Համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2014թ. օգոստոսի 6-ին:
2. Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 50.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ:
3. Համաձայնագրի նպատակն է ՀՀ արտահանման խթանումը, ներդրումների ներգրավումը և ձեռնարկություններին տրամադրվող` որակի կառավարման ծառայությունների կարողությունների ամրապնդումը:
4. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (այսուհետ` Բանկ) համաձայնում է Համաձայնագրում սահմանված կամ նշված պայմաններով Հայաստանի Հանրապետությանը տրամադրել հիսուն միլիոն (50.000.000) ԱՄՆ դոլարին համարժեք գումար, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել արժույթի փոխարկման միջոցով` Համաձայնագրի Բաժին 2.07-ի դրույթների համաձայն, Համաձայնագրի 1-ին առդիրում նկարագրված ծրագրի («Ծրագիր») ֆինանսավորմանն աջակցելու նպատակով: Փակման ամսաթիվը 2020թ. հունիսի 30-ն է:
5. Համաձայնագիրն ունի չորս առդիր` Առդիր 1. «Ծրագրի նկարագրությունը», Առդիր 2. «Ծրագրի կատարում», Առդիր 3. «Մարման ժամանակացույց», Առդիր 4. «Հատկացումների հետ կապված ցուցանիշները», Հավելված և 2 Լրացուցիչ նամակներ:
6. Ծրագիրը կազմված է հետևյալ մասերից` Մաս Ա. «Առևտրի խթանման և որակի համակարգերի արդյունավետության բարելավում», Մաս Բ. «Ներդրումների և արտահանման խթանում», Մաս Գ. «Ազգային որակի ենթակառուցվածքի արդիականացում», Մաս Դ. «Ծրագրի կառավարում, մոնիտորինգ և գնահատում»:
7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
●
վճարել վճարման ենթակա սկզբնական վճարը Վարկի գումարի մեկ տոկոսի մեկ քառորդի (0.25%) չափով (Հոդված II. 2.03),●
կիսամյակային մուծումներով՝ յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին, յուրաքանչյուր Տոկոսագումարի ժամանակահատվածի համար վճարել տոկոսը, որի դրույքը հավասար է Վարկի արժույթի համար սահմանված հաշվարկային դրույքին գումարած Փոփոխական սպրեդը` պայմանով, որ վարկի մայր գումարն ամբողջությամբ կամ դրա մի մասը փոխարկելու դեպքում փոխարկման ժամանակաշրջանում ՀՀ կողմից վճարման ենթակա տոկոսները կհաշվարկվեն Ընդհանուր պայմանների Հոդված IV-ի դրույթների համաձայն. չնայած վերոհիշյալին, եթե վարկի առհանված մնացորդի որևէ գումար չի վճարվում սահմանված ժամկետում, և նման չվճարումը շարունակվում է 30 օր ժամանակահատվածով, ապա վճարման ենթակա տոկոսները հաշվարկել Ընդհանուր պայմանների 3.02-րդ բաժնի ե) կետին համապատասխան (Հոդված II, կետեր 2.04 և 2.05),●
կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին` սկսած 2024 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2038 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ մարել Վարկի հիմնական գումարը 3.33%-ի չաով, իսկ 2039 թվականի փետրվարի 15-ին` 3.43%-ի չափով (Հոդված II, բաժին 2.06, Առդիր 3, կետ 1),●
մայր գումարի վճարման ամսաթվի դրությամբ Վարկի միջոցների ամբողջությամբ չառհանման դեպքում մարել մայր գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ առհանված Վարկի գումարը` համաձայն Համաձայնագրի 3-րդ առդիրի 1-ին կետով նախատեսված կարգով, ինչպես նաև վճարման առաջին ամսաթվից հետո առհանված գումարը մարել առհանման ամսաթվին հաջորդող` Մայր գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին Բանկի կողմից որոշված չափով` բազմապատկելով մասհանված յուրաքանչյուր գումարը կոտորակային թվով, որի համարիչում Մայր գումարի վճարման ամսաթվի համար Համաձայնագրի 3-րդ ժամանակացույցի 1-ին պարբերության աղյուսակում սահմանված մասնակի մարման սկզբնական մասնաբաժինն է (Մասնակի մարման սկզբնական մասնաբաժին), իսկ հայտարարում` այդ ամսաթվի դրությամբ կամ դրան հաջորդող Մայր գումարի վճարման ամսաթվերին մարման ենթակա բոլոր սկզբնական մասնակի մարման մասնաբաժինների հանրագումարը. անհրաժեշտության դեպքում նշված գումարները ճշգրտել` նվազեցնելով Համաձայնագրի 3-րդ առդիրի 4-րդ կետում նշվող այն գումարները, որոնց վրա տարածվում է արժույթի փոխարկումը (Առդիր 3, կետ 2),●
փաստել Ծրագրի նպատակի իրագործման` ՀՀ հանձնառության մասին և այս նպատակով, Ընդհանուր պայմանների V հոդվածի դրույթների համաձայն, Ծրագիրն իրականացնել՝ Ծրագրի Ա, Գ և Դ մասերը Էկոնոմիկայի նախարարության (ԷՆ) միջոցով` միաժամանակ համակարգելով Ծրագրի Գ մասի իրականացումը Չափագիտության ազգային ինստիտուտի (ՉԱԻ), Հավատարմագրման ազգային մարմնի (ՀԱՄ) և Ստանդարտացման ազգային ինստիտուտի (ՍԱԻ) հետ, Ծրագրի Բ.1 և Բ.2 մասերը` «Հայաստանի ներդրումների, արտահանման խթանման և արդյունաբերության զարգացման գործակալության» (ՆԱԽԳ) միջոցով, և Ծրագրի Բ.3 մասը ՆԱԽԳ-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) միջոցով (հոդված III., 3.01),●
չսահմանափակելով Համաձայնագրի 3.01 Բաժնի դրույթները, և եթե Հայաստանի Հանրապետությունը և Բանկը ձեռք չեն բերում այլ համաձայնություն՝ ապահովել Ծրագրի իրականացումը Համաձայնագրի 2-րդ Առդիրի դրույթների համաձայն (հոդված III., 3.02),●
Ծրագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո ստեղծել էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ գործող` Ծրագրի ղեկավար հանձնաժողով (ԾՂՀ), որը կգործի մինչև Ծրագրի ավարտը և կվերահսկի Ծրագրի իրականացումը (Առդիր 2, Բաժին I, մաս «Ա», կետ 1),●
ձևավորել Ծրագրի կառավարման գրասենյակ (ԾԿԳ) ԷՆ-ի կազմում, որը պատասխանատու կլինի Ծրագրի ընդհանուր համակարգման, դիտանցման ու գնահատման, ապահովության երաշխիքների համապատասխանության, Ծրագրի իրականացման մասին Բանկին և ԾՂՀ-ին հաշվետվությունների ներկայացման համար, ինչպես նաև ապահովել, որպեսզի Ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում իր պարտականությունների կատարման համար ԾԿԳ-ն ապահովված լինի համապատասխան կարողություններով և միջոցներով (Առդիր 2, Բաժին I, մաս «Ա», կետ 1),●
ապահովել Ծրագրի իրականացումը՝ Կոռուպցիայի դեմ պայքարի ուղեցույցների դրույթներին համապատասխան (Առդիր 2, Բաժին I, մաս «Բ»),●
Ընդհանուր պայմանների 5.09-րդ բաժնի դրույթներին համապատասխան` վարել ֆինանսական կառավարման համակարգ, չսահմանափակելով վերոհիշյալը` յուրաքանչյուր օրացուցային կիսամյակին հաջորդող քառասունհինգ օրվա ընթացքում կազմել և Բանկին ներկայացնել Ծրագրի` աուդիտ չանցած միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ տվյալ կիսամյակի համար` Բանկի համար ընդունելի ձևաչափով և բովանդակությամբ (Առդիր 2, Բաժին II, մաս «Բ», կետեր 1 և 2),●
Ծրագրի համար պահանջվող և Վարկի միջոցների հաշվին ֆինանսավորման ենթակա բոլոր ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները ձեռք բերել՝ Գնումների ուղեցույցների I բաժնում սահմանվող պահանջների և Համաձայնագրի 2-րդ առդիրի III բաժնի դրույթների համաձայն (Առդիր 2, Բաժին III, մաս «Ա», կետ 1),●
Ծրագրի համար պահանջվող և Վարկի միջոցների հաշվին ֆինանսավորման ենթակա խորհրդատվական բոլոր ծառայությունները ձեռք բերել Գնումների ուղեցույցների I և IV բաժիններում սահմանվող պահանջների և Համաձայնագրի 2-րդ առդիրի III բաժնի դրույթների համաձայն (Առդիր 2, Բաժին III, մաս «Ա», կետ 2):8. Հաշվի առնելով, որ այս Ծրագրի նպատակն է հզորացնել ՀՀ արտահանման խթանման, ներդրումների ներգրավման և ձեռնարկություններին տրամադրվող` որակի կառավարման ծառայությունների կարողությունները, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրով ստանձնված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածի դրույթներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված` «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
2 դեկտեմբերի 2014 թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|