Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (31.10.2014-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.02.25/9(1098).1 Հոդ.114.22
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
31.10.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
31.10.2014
Дата вступления в силу
31.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում 

Գործ թիվ ԵԿԴ/0005/11/14

ԵԿԴ/0005/11/14

 

Նախագահող դատավոր՝  Ա. Պետրոսյան

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

 

Հ. Ասատրյանի

 

Ս. Ավետիսյանի

 

Ե. ԴանԻելյանի

 

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

մասնակցությամբ

դիմող

Գ.կլեկչյանի

դիմողի ներկայացուցիչ

Մ. Վարդանյանի

 

 2014 թվականի հոկտեմբերի 31-ին

 ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հունիսի 9-ի որոշման դեմ դիմող Գևորգ Արամի Կլեկչյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում թիվ 126 էլեկտրասյան դիմաց միմյանց են բախվել Զոհրաբ Ղազարյանի վարած «Ռենջ Ռովեր» մակնիշի 06 ՍՕ 600 պետհամարանիշի, Գևորգ Կլեկչյանի վարած «Լեքսուս» մակնիշի 34 ՍT 995 պետհամարանիշի, Ռուբիկ Թադևոսյանի վարած «Գազ-31015» մակնիշի 02 ՍՍ 602 պետհամարանիշի, Կարեն Գալստյանի վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի 19 ՕԼ 872 պետհամարանիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ս.Չոբանյանը, Մ.Գալստյանը, «Գազ-31015» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռ.Թադևոսյանը, ուղևոր Ա.Համբարձումյանը և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ.Կլեկչյանը ստացել են մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախապատրաստվել են նյութեր:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կ.Գրիգորյանի 2013 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, և Գ. Կլեկչյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ Մ. Գալստյանին, Ա. Համբարձումյանին պատճառված մարմնական վնասվածքների մասով՝ հանցակազմի բացակայության, իսկ Ռ. Թադևոսյանին, Ս. Չոբանյանին պատճառված մարմնական վնասվածքների մասով՝ դիմողների բողոքի բացակայության պատճառաբանությամբ: Ավտովարորդներ Զ. Ղազարյանի, Ռ. Թադևոսյանի և Կ. Գալստյանի վերաբերյալ նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, և նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

2. 2013 թվականի նոյեմբերի 27-ին Գ. Կլեկչյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով վերացնել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչ Կ. Գրիգորյանի 2013 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը:

Երևան քաղաքի դատախազի 2013 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ դիմող Գ.Կլեկչյանի բողոքը մերժվել է:

3. 2014 թվականի հունվարի 10-ին դիմող Գ. Կլեկչյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)՝ խնդրելով վերացնել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչ Կ .Գրիգորյանի 2013 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը և բողոքը մերժելու մասին դատախազի 2013 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը:

Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ դիմող Գ. Կլեկչյանի բողոքը մերժվել է:

4. Նույն անձի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հունիսի 9-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի փետրվարի 18-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

5. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հունիսի 9-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դիմող Գ. Կլեկչյանը:

Վճռաբեկ դատարանը 2014 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կ.Գրիգորյանի 2013 թվականի նոյեմբերի 21-ի՝ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման համաձայն՝ «(…) Մ. Գալստյանին, Ա. Համբարձումյանին պատճառված մարմնական վնասվածքների մասով՝ Գ. Կլեկչյանի արարքում բացակայում է ՀՀ քր. օր-ի 242-րդ հոդ. 1-ին մասի հանցակազմի հատկանիշները, իսկ Ռ. Թադևոսյանին և Ս. Չոբանյանին պատճառված մարմնական վնասվածքների մասով՝ նրա արարքում առկա է ՀՀ քր. օր-ի 242-րդ հոդ. հանցակազմի հատկանիշներ, սակայն նկատի ունենալով, որ համաձայն ՀՀ քր. դատ. օր-ի 183 հոդ. 1-ին մասի, վերը նշված հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան դիմողների բողոքի հիման վրա, որը նյութերով բացակայում է, ուստի (…) նյութերով քրեական գործի հարուցումը մերժել և ավտովարորդ Գևորգ Արամի Կլեկչյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ (…) հանցակազմի (…) [և] դիմողների բողոքի բացակայության պատճառաբանությամբ» (տե՛ս նյութեր, թերթ 10-15):

7. Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի փետրվարի 18-ի որոշման համաձայն՝ «(…) Նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ ավտովթարի հետևանքով Ռուբիկ Խոսրովի Թադևոսյանին և Սուսաննա Սլավիկի Չոբանյանին պատճառվել է առողջության տևական քայքայումով միջին ծանրության մարմնական վնասվածքներ, իսկ Մերի Կարենի Գալստյանին, Գևորգ Արամի Կլեկչյանին և Աստղիկ Անուշավանի Համբարձումյանին` քրեաիրավական հետևանք չառաջացնող մարմնական վնասվածքներ: Ռուբիկ Խոսրովի Թադևոսյանը և Սուսաննա Սլավիկի Չոբանյանը գրավոր տեղեկացրել են քննիչին այն մասին, որ բողոք չեն ներկայացնում: Փաստորեն բացակայել է տուժողների բողոքը, որի արդյունքում քրեական գործ հարուցվել չէր կարող: Բողոքաբերի կարծիքը` վիճարկվող որոշումներն անհիմն կայացված լինելու, վարույթն իրականացնող մարմնի կողմից թերի, միակողմանի, կանխակալ և կողմնակալ քննություն իրականացնելու, նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչի կողմից բացահայտ շահագրգռվածություն դրսևորելու մասին, առանց հիմնավոր պատճառաբանությունների` բավարար չեն քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի առկայությունը փաստելու համար: Բողոքաբերի պատճառաբանությունն այն մասին, որ քրեական գործի հարուցումն անհրաժեշտ է` վթարի ականատեսներին ու մասնակիցներին ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին նախազգուշացնելու նպատակով, նույնպես անհիմն է և քրեական գործի հարուցման հիմք չի հանդիսանում: Այսպիսով, որևէ հիմնավոր փաստարկ կամ ապացույց դատարանին չներկայացվեց` (…) Գևորգ Կլեկչյանի իրավունքների կամ ազատությունների խախտումների առկայության, ինչպես նաև վերոհիշյալ որոշումներն անհիմն կերպով կայացված լինելու վերաբերյալ, ուստի բողոքն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման» (տե՛ս նյութեր, թերթ 47-50):

8. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի որոշման համաձայն՝ «(…) Առաջին ատյանի դատարանը, քննության առնելով Գ.Կլեկչյանի բողոքը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում կայացրել է ճիշտ որոշում, որում առկա են անհրաժեշտ հիմնավորումներ այն մասին, որ քննիչը ձեռնարկել է օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, արդյունքում քննիչի և դատախազի կողմից կայացվել են օրինական և պատճառաբանված որոշումներ: (…) Առաջին ատյանի դատարանը կայացրել է օրինական և պատճառաբանված որոշում, որի արդյունքում Գ.Կլեկչյանի իրավունքները և ազատությունները չեն խախտվել, ուստի, նման պայմաններում Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու հիմքերը բացակայում են» (տե՛ս նյութեր, թերթ 99-115):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները ճիշտ չեն գնահատել գործով ձեռք բերված փաստական տվյալները, ինչի արդյունքում խախտվել են իր իրավունքներն ու օրինական շահերը:

Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոքաբերը նշել է, որ դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ սույն գործով չեն ձեռնարկվել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար: Մասնավորապես, քրեական գործ հարուցված չլինելու պարագայում որևէ կարգավիճակ չունենալու պատճառով ինքը զրկված է եղել իր շահերը պաշտպանելու, ապացույցներ ներկայացնելու համար միջնորդություններ կատարելու, փորձաքննությանը մասնակցելու, փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը և փորձաքննության եզրակացությանը ծանոթանալու, հարցեր առաջադրելու, դրանց դեմ առարկելու և բողոքարկելու հնարավորությունից: Միևնույն ժամանակ, քրեական գործ հարուցված չլինելու հետևանքով բացատրություն տված անձինք չեն նախազգուշացվել սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, որի պատճառով տվել են իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:

Բողոք բերած անձը փաստարկել է նաև, որ ստորադաս դատարանների կողմից խախտվել են ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածներով, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 13-րդ հոդվածներով սահմանված՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: Ստորադաս դատարանների դատական ակտերի տրամաբանությունից ստացվում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին նախաքննության մարմնի որոշումը շահագրգիռ անձի կողմից կարող է բողոքարկվել միայն հանրային մեղադրանքի գործերով: Մինչդեռ այն դեպքում, երբ առկա է մասնավոր հետապնդման գործ, և միևնույն ժամանակ բացակայում է տուժողի բողոքը, ապա քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը բողոքարկելն անիմաստ է: Հետևաբար, բողոքաբերը եզրահանգել է, որ եթե ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական են, ապա գործող իրավական համակարգը չի ապահովում իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության արդյունավետ և պատշաճ միջոցը:

10. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը փաստարկել է, որ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչ Կ.Գրիգորյանի 2013 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ խախտվել են իր իրավունքներն ու ազատությունները, քանի որ դրա արդյունքում ինքը ստիպված է լինելու հատուցել ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցներին պատճառված գույքային վնասը: Ուստի, խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հունիսի 9-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ կամ նյութերն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավորվա՞ծ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ դիմողի բողոքի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելով՝ վարույթն իրականացնող մարմինը Գ.Կլեկչյանի իրավունքների և ազատությունների խախտում թույլ չի տվել:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝

«1. Կատարված հանցագործության ծանրությունից և բնույթից ելնելով՝ քրեական դատավարությունում հետապնդումն իրականացվում է հանրային և մասնավոր կարգով:

2. Մասնավոր հետապնդման գործեր են համարվում սույն օրենսգրքի 183 հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը:

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (…) 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման: (…)»:

Մեջբերված իրավադրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Վ.Եղիազարյանի գործով որոշման մեջ՝ իրավական դիրքորոշում ձևավորելով այն մասին, որ «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված քրեական գործի հարուցումը մերժելու, ինչպես նաև հարուցված քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքն ինքնին ենթադրում է, որ մեղսագրվող արարքի կատարումն անվիճելի փաստ է: Այս հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու համար ընդամենը պետք է, որ վարույթն իրականացնող մարմինը քննությամբ ձեռք բերված (փաստական) տվյալների հիման վրա հաստատված համարի, որ անձը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ արարք է կատարել, և միևնույն ժամանակ բացակայում է դիմողի (տուժողի) բողոքը: Նման իրավակարգավորումը թույլ չի տալիս անձին դատական պաշտպանության իրավունքի ուժով վիճարկել իրեն քրեական պատասխանատվության կանչելու փաստը, իր դեմ առաջադրված կասկածների, մեղադրանքի օրինականությունն ու հիմնավորվածությունը, չի նախատեսում անձի իրավունքների վերականգնման կարգ այն պայմաններում, երբ նրա մեղքը դեռ ապացուցված չէ:

Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով քրեական գործի հարուցումը մերժելիս կամ քրեական հետապնդումը դադարեցնելիս ենթադրյալ հանցանք կատարած անձի կարծիքը հաշվի առնելու, այդ թվում՝ նրա համաձայնությունը ստանալու օրենսդրական պահանջի բացակայությունը հանդիսանում է անմեղության կանխավարկածի սկզբունքի և արդար դատաքննության իրավունքի խախտում: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրության նման կարգավորման պայմաններում չի ապահովվում անձի իրավունքը դատական կարգով վիճարկելու այն դատավարական փաստաթղթի օրինականությունն ու հիմնավորվածությունը, որում, փաստորեն, քննարկվում է ենթադրյալ հանցանքի մեջ իր մեղավորության հարցը:

(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հարցը լուծելիս վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է հաշվի առնել ենթադրյալ հանցանք կատարած անձի դիրքորոշումը: Այն դեպքում, երբ մասնավոր հետապնդման գործերով անձն առարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով վարույթի դադարեցման դեմ, անկախ դիմողի (տուժողի) բողոքի բացակայության հանգամանքից, գործի վարույթը պետք է շարունակվի սովորական կարգով` հնարավորություն տալով ենթադրյալ հանցանք կատարած անձին արդարության բոլոր պահանջների պահպանմամբ անկախ և անկողմնակալ դատարանի առջև ապացուցել իր անմեղությունը:

(…) [Դ]իմողի (տուժողի) բողոքի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության շրջանակներում ստուգման ենթարկելիս դատարանի խնդիրն է ներկայացված բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում պարզել, թե վարույթն իրականացնող մարմինն արդյոք ստուգման է ենթարկել և հաշվի է առել այն հանգամանքները, որոնք կարող էին ազդել քրեական գործի հարուցման հարցը լուծելու վրա կամ հանգեցնել անձի իրավունքների և ազատությունների խախտմանը: Դիմողի (տուժողի) բողոքի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելիս դատարանը պետք է պարզի նաև, թե հաշվի առնվել է արդյոք ենթադրյալ հանցանք կատարած անձի դիրքորոշումը: (...)» (տե՛ս Վահագն Լյովայի Եղիազարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՇԴ/0012/11/13 որոշման 17-18-րդ, 20-րդ կետերը):

13. Վերահաստատելով Վ.Եղիազարյանի գործով որոշմամբ ձևավորած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված նորմը կիրառելի է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

ա) վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել, որ անձը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ արարք է կատարել,

բ) բացակայում է դիմողի (տուժողի) բողոքը,

գ) ենթադրյալ հանցանք կատարած անձը չի առարկում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ:

Համապատասխանաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության շրջանակներում ստուգման ենթարկելիս դատարանը ներկայացված բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում պետք է պարզի վերոշարադրյալ պայմանների առկայության մասին վարույթն իրականացնող մարմնի հետևությունների հիմնավորվածությունը (տե՛ս mutatis mutandis Արման Մակարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԿԴ/0182/11/13 որոշման 13-րդ կետը):

14. Սույն գործի ուսումնասիրությունից երևում է, որ նյութերի նախապատրաստության փուլում վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Գ. Կլեկչյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Նշված որոշումը պատճառաբանելիս վարույթն իրականացնող մարմինը նշել է, որ Գ. Կլեկչյանի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով Ռ. Թադևոսյանի և Ս. Չոբանյանի առողջությանը պատճառվել է միջին ծանության վնաս, այսինքն՝ նրա արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, սակայն քանի որ Ռ. Թադևոսյանն ու Ս .Չոբանյանը Գ. Կլեկչյանի դեմ բողոք չունեն, անհրաժեշտ է վերջինիս վերաբերյալ նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ դիմողների բողոքի բացակայության պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 1-ին և 6-րդ կետերը):

Դիմող Գ.Կլեկչյանի բողոքի հիման վրա դատական ստուգման ենթարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ որևէ հիմնավոր փաստարկ կամ ապացույց չի ներկայացվել Գ.Կլեկչյանի իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության վերաբերյալ: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը 2014 թվականի փետրվարի 18-ին որոշում է կայացրել դիմող Գ.Կլեկչյանի բողոքը մերժելու մասին (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին, գտնելով, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է օրինական և պատճառաբանված որոշում, որի արդյունքում Գ. Կլեկչյանի իրավունքները և ազատությունները խախտված չեն, 2014 թվականի հունիսի 9-ին որոշում է կայացրել բերված վերաքննիչ բողոքը մերժելու և Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին (տե՛ս սույն որոշման 4-րդ և 8-րդ կետերը):

15. Սույն որոշման 12-13-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել այն, որ՝

ա) վարույթն իրականացնող մարմնի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման մեջ առկա չէ որևէ հիշատակում ենթադրյալ հանցանք կատարած անձի՝ Գ. Կլեկչյանի դիրքորոշման վերաբերյալ:

բ) Գ. Կլեկչյանն իր հետագա դատավարական գործողություններով, մասնավորապես նշված որոշումը օրենքով սահմանված կարգով վերադաս դատախազին, իսկ այնուհետև նաև դատարան բողոքարկելով, արտահայտել է իր անհամաձայնությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով իր նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու դեմ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դիմողի բողոքի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելիս ստորադաս դատարանները քննարկման առարկա չեն դարձրել այն հարցը, թե վարույթն իրականացնող մարմինը որոշում կայացնելիս հաշվի առել է արդյոք ենթադրյալ հանցանք կատարած անձի դիրքորոշումը:

Հետևաբար, ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ դիմողի բողոքի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելով վարույթն իրականացնող մարմինը Գ.Կլեկչյանի իրավունքների և ազատությունների խախտում թույլ չի տվել, օրինական և հիմնավորված չեն:

16. Սույն որոշման 12-15-րդ կետերի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի փետրվարի 18-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում:

Ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա՝ սույն գործով Վերաքննիչ դատարանի դատական ակտը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

17. Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման՝ Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում բողոքաբերի այն փաստարկներին, որ սույն գործով չեն ձեռնարկվել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, և ձեռք բերված տվյալներն իրենց համակցության մեջ ճիշտ չեն գնահատվել (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

18. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-48-Ն օրենքի 12-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բերվել է մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը` Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մինչև վկայակոչված օրենքի ուժի մեջ մտնելը (2014 թվականի հուլիսի 3-ը) գործող խմբագրությամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Գևորգ Արամի Կլեկչյանի վերաքննիչ բողոքը մերժելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի հունիսի 9-ի որոշումը բեկանել և նյութերն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան

 

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանելյան

Ս. Օհանյան

 

 

 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան