Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1177
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.12.10/67(1080) Հոդ.1102
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
02.12.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
02.12.2014
Дата вступления в силу
02.12.2014

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

2 դեկտեմբերի 2014 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի նոյեմբերի 19-ին ստորագրված` «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2014 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Վարկային համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ Վարկառու) և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (այսուհետ՝ Վարկատու) միջև ստորագրվել է 2014 թվականի նոյեմբերի 19-ին, որի նպատակն է 75.000.000 (յոթանասունհինգ միլիոն) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային միջոցներով (այսուհետ՝ Վարկ) ֆինանսական աջակցություն ցուցաբերել Համաձայնագրի առդիր 1-ի I բաժնում նախատեսված ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) կատարմանը, մասնավորապես` տեսչական մարմինների համակարգի, մաքսային գործընթացների և օդային փոխադրումների, ինչպես նաև վարկերի հասանելիության, քաղաքացիական ծառայության, էլեկտրոնային կառավարման, հարկային եկամուտների հավաքագրման գործընթացների բարեփոխումների, հանքային ոլորտում բնապահպանական կայունության և հանրային ենթակառուցվածքների կայունության բարելավման ու սոցիալական աջակցության ընդլայնման բնագավառներում:

Համաձայնագրի առդիր 1-ի II բաժնի «Ա» կետի համաձայն` Վարկառուն կարող է օգտագործել Վարկի միջոցները նաև լրացուցիչ այն ցուցումների դրույթներին համապատասխան, որը Բանկը կարող է ծանուցման միջոցով նախատեսել Վարկառուի համար:

Ըստ Համաձայնագրի II հոդվածի` Վարկառուի կողմից վճարման ենթակա սկզբնական միջնորդավճարի չափն է Վարկի գումարի 0.25%-ը, իսկ վճարման ենթակա պարտավորության վճարինը՝ Վարկի չօգտագործված մնացորդի տարեկան մեկ տոկոսի մեկ քառորդը (0.25%):

Վարկի հիմնական գումարի մարման ժամկետը 25 տարի է, որից 14.5 տարին՝ արտոնյալ տոկոսադրույքով:

Համաձայնագրի բաղկացուցիչ մասն է կազմում նաև 2-րդ առդիրը («Մարման ժամանակացույց»):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2014 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ հավանություն է տվել Համաձայնագրին:

3. Բացի Համաձայնագրով նախատեսված ժամանակացույցին համապատասխան Վարկի մարման և դրանով պայմանավորված պարտադիր վճարների կատարման հետ կապված կոնկրետ պարտավորություններից, Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է նաև հետևյալ հիմնական պարտավորությունները.

- առանց ուշացման Բանկին տրամադրել Համաձայնագրի II հոդվածի դրույթներին վերաբերող այն տեղեկատվությունը, որը ժամանակ առ ժամանակ Բանկը կարող է ողջամտորեն պահանջել,

- Բանկի հետ փոխանակել մակրոտնտեսական քաղաքականության շրջանակի և Ծրագրի իրականացման մասին Վարկառուի տեսակետը,

- Բանկի ուսումնասիրմանն ու գնահատմանը ներկայացնել Ծրագրի իրականացման ընթացքի մասին հաշվետվություն` այնպիսի մանրամասնությամբ, որ Բանկը ողջամտորեն կպահանջի,

- Բանկին տեղեկացնել ցանկացած իրավիճակի մասին, որն էապես կհակասի Ծրագրի նպատակներին կամ Ծրագրի շրջանակում ձեռնարկված որևէ գործողության իրականացմանը,

- ապահովել, որ Վարկի միջոցների ավանդադրումից անմիջապես հետո Վարկառուի բյուջետային կառավարման համակարգում հաշվառվի համարժեք գումար՝ Բանկի համար ընդունելի կարգով,

- չօգտագործել Վարկի միջոցները բացառված ծախսեր ֆինանսավորելու նպատակով (Համաձայնագրի առդիր 1-ի Բաժին II, «Ե» կետ)։

4. Համաձայնագրում նախատեսված են կողմերի իրավունքների ու պարտականությունների կատարումն ապահովող այլ դրույթներ, որոնք բխում են նաև 2012թ. մարտի 12-ի՝ «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկերի ընդհանուր պայմաններում» կատարված փոփոխություններից, ինչպես նաև Համաձայնագիրը գործողության մեջ դնելու ընթացակարգեր:

5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած վերոհիշյալ պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրությամբ պետության առջև դրված սահմանադրաիրավական խնդիրներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի նոյեմբերի 19-ին ստորագրված` «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

2 դեկտեմբերի 2014 թ.
ՍԴՈ-1177

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան