Գլխավոր տեղեկություն
Номер
N 1281-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.11.2014-30.01.2019)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.11.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.11.2014
Дата вступления в силу
20.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2014 թվականի N 1281-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 194-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 688-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի Ա. Արզումանյան N 5 հասցեում գտնվող 32 851 896 դրամ կադաստրային արժեքով 4720.1 քառ. մետր մակերեսով հողատարածքը (այսուհետ՝ մարզահրապարակ) մինչև 2023 թվականի հուլիսի 10-ը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան» բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատության Երևանի մասնաճյուղին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի «Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղին շենք հանձնելու մասին» N 194-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում և 1-ին կետում «Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղին» բառերը փոխարինել «Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան» բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատության Երևանի մասնաճյուղին» բառերով.

2) որոշման 1-ին կետում «2-րդ մասնաշենքը 2074.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 20 տարի ժամկետով» բառերը փոխարինել «2-րդ մասնաշենքի 2265.2 քառ. մետր մակերեսով 3 233 550 դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը (այսուհետ` գույք) մինչև 2023 թվականի հուլիսի 10-ը» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ապահովել «Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատության Երևանի մասնաճյուղի (այսուհետ` կազմակերպություն) հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի N 194-Ա որոշման 2-րդ կետի համաձայն կնքված` գույքի անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը՝ պայմանագրում նաև նախատեսելով, որ`

1) կազմակերպությունը պարտավոր է գույքի վերանորոգման և բարեկարգման նպատակով մինչև 2017 թվականը կատարել 211 մլն դրամի ներդրում` յուրաքանչյուր տարի հետևյալ չափերով`

ա. մինչև 2014 թվականի ավարտը` 38 մլն դրամ,

բ. 2015 թվականին` 53 մլն դրամ,

գ. 2016 թվականին` 50 մլն դրամ,

դ. 2017 թվականին` 70 մլն դրամ.

2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ներդրումները ժամկետում չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում կազմակերպությունը պարտավոր է 3 ամսվա ընթացքում կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 20 տոկոսի չափով.

3) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում կազմակերպությունը պարտավոր է 2 ամսվա ընթացքում կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով.

4) սույն որոշման 1-ին կետում նշված մարզահրապարակը կազմակերպությանը տրամադրվում է «Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ օգտագործման իրավունքով.

5) պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. նոյեմբերի 19

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.01.2019, N 33-Ա 30.01.2019, N 1281-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան