ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/2127/05/11 |
Վարչական գործ թիվ ՎԴ/2127/05/11 2014 թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Բաբայան |
Դատավորներ՝ |
Հ. Բեդևյան |
Ա. Սարգսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի Վ. ԱԲԵԼՅԱՆԻ Ս. Անտոնյանի Վ. Ավանեսյանի Ա. Բարսեղյանի Գ. Հակոբյանի Է. Հայրիյանի Ե. Սողոմոնյանի
2014 թվականի հուլիսի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Արման Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.11.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն), երրորդ անձ Իզաբելլա Վանլյանի՝ գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին Ծառայության՝ Երևան բաժնի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժանմունքի հարկադիր կատարող Տ. Մաճկալյանի 03.05.2011 թվականի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է ամբողջությամբ անվավեր ճանաչել Ծառայության՝ Երևան բաժնի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Տ. Մաճկալյանի 03.05.2011 թվականի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին որոշումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 06.06.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.11.2013 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ որոշվել է Դատարանի 06.06.2013 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ, 44-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի, 101-րդ հոդվածի 4-րդ կետի, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի, 23-րդ հոդվածի 1-ին մասի, 24-րդ և 113-րդ հոդվածների պահանջները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը պատշաճ կարգով չի հետազոտել և սխալ է գնահատել գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում կայացված դատական ակտը ճիշտ չի պատճառաբանել և հանգել է սխալ հետևության։
Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ նշել է, որ հայցի ապահովման և գումարի բռնագանձման, պարտապանի գույքի վրա արգելանք դնելն իրենցից ներկայացնում են երկու առանձին գործընթացներ: Ընդ որում, երկու դեպքում էլ պարտապանի գույքի վրա արգելանք դնելիս կամ բռնագանձում տարածելիս հարկադիր կատարողը պարտավոր է արգելանք դնել կամ բռնագանձում տարածել այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ` կատարման ծախսերը:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ կետը, ըստ որի` հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը: Անհիմն է Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը, քանի որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, թիվ ԵՔԴ/0108/02/09 քաղաքացիական գործով հայցի ապահովման նպատակով բավարարելով հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու մասին Բանկի միջնորդությունը, 18.02.2009 թվականի որոշմամբ արգելանք էր դրել Իզաբելլա Վանլյանին ու Սարգիս Հարությունյանին պատկանող այլ գույքի, այդ թվում` դրամական միջոցների վրա: Նշված որոշման կատարման նպատակով 18.02.2009 թվականին տրվել է թիվ ԵՔԴ/0108/02/09 կատարողական թերթը, որի հիման վրա Ծառայության 26.02.2009 թվականի որոշմամբ հարուցվել էր թիվ 01/02-442/09 կատարողական վարույթը, և դրա շրջանակներում 26.02.2009 թվականի որոշմամբ արգելանք է դրվել Իզաբելլա Վանլյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա:
Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով նշված արգելանքը՝ որպես հայցի ապահովման միջոց, պետք է պահպանվեր մինչև վճռի կատարումը։
Մինչդեռ Ծառայությունը 03.05.2011 թվականի որոշումը կայացնելիս դուրս է եկել օրենքով իրեն վերապահպված իրավասությունների շրջանակից, ինչն էլ հանգեցրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի խախտմանը, ըստ որի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Բացի այդ, Ծառայության 03.05.2011 թվականի որոշման մեջ չի վկայակոչվել, թե «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.1-րդ հոդվածի հատկապես որ կետի հիմքով է ընդունվել այդ որոշումը։
Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ գնահատման չի արժանացվել նաև գործում առկա փաստաթղթերի` բողոքարկվող վարչական ակտի և Իզաբելլա Վանլյանի հետ կատարման փուլում կնքված հաշտության համաձայնության ժամանակագրական տարբերությանը: Ոչ իրավաչափ վարչական ակտը կայացվել է 03.05.2011 թվականին, իսկ Բանկի և Իզաբելլա Վանլյանի միջև հաշտության համաձայնությունը կնքվել է և վճռով հաստատվել է 09.02.2012 թվականին, այսինքն՝ ոչ իրավաչափ վարչական ակտի ընդունման պահից 9 ամիս անց։ Պատշաճ չի ուսումնասիրվել նաև 09.02.2012 թվականին կնքված հաշտության համաձայնության վճռի հիման վրա տրված կատարողական թերթի պայմանները:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը դուրս է եկել գործով քննարկվող խնդրի շրջանակներից և պատասխան կամ վերլուծություն չի տվել այն հարցին, թե Ծառայության 03.05.2011 թվականի որոշումը ոչ իրավաչափ է, թե ոչ` դրա կայացման պահին, այլ վկայակոչվել է 15.11.2012 թվականի, այսինքն` ոչ իրավաչափ վարչական ակտի կայացումից 17 ամիս անց Իզաբելլա Վանլյանին սնանկ ճանաչելու վճիռը և եզրակացրել, որ Դատարանը լրիվ չի հետազոտել և գնահատել գործում առկա բոլոր ապացույցները և դրանց ամբողջության մեջ չի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
Մինչդեռ Դատարանը, հետազոտելով Ծառայության 03.05.2011 թվականի որոշումը, իրավացիորեն հանգել է այն եզրակացության, որ վիճարկվող որոշումն ընդունվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, ինչը հանգեցրել է նույն օրենքի 44.1-րդ հոդվածի չհիմնավորված կիրառմանը։
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.11.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 06.06.2013 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևանի քաղաքացիական դատարանի 18.02.2009 թվականի որոշմամբ բավարարվել է հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու մասին Բանկի միջնորդությունը, և որոշվել է արգելանք դնել պատասխանողներ Իզաբելլա Վանլյանին ու Սարգիս Հարությունյանին պատկանող այլ գույքի, այդ թվում` դրամական միջոցների վրա հայցագնի` 343.952,35 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և 4.000 ՀՀ դրամի, 2.099.707,70 ՀՀ դրամի չափով, և 18.02.2009 թվականին տրվել է թիվ ԵՔԴ/0108/02/09 կատարողական թերթը (թիվ 01/02-1119/11 կատարողական վարույթ, գ.թ. 2, 3-4).
2) Ծառայության 26.02.2009 թվականի որոշմամբ հարուցվել է թիվ 01/02-442/09 կատարողական վարույթը, իսկ 26.02.2009 թվականի որոշմամբ արգելանք է դրվել Իզաբելլա Վանլյանին (Երևանի Չարենցի փողոցի թիվ 16, AF0234027) սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա (թիվ 01/02-1119/11 կատարողական վարույթ, գ.թ. 5-6).
3) Ծառայության 09.04.2009 թվականի որոշմամբ ավարտվել է թիվ 01/02-442/09 կատարողական վարույթը (թիվ 01/02-1119/11 կատարողական վարույթ, գ.թ. 53).
4) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 12.11.2010 թվականին տրվել է թիվ ԵՔԴ/0108/02/09 կատարողական թերթը, համաձայն որի` Իզաբելլա Վանլյանից հօգուտ Բանկի պետք է բռնագանձել 215.686,61 ԱՄՆ դոլար (թիվ 01/02-1119/11 կատարողական վարույթ, գ.թ. 64).
5) Ծառայության 14.02.2011 թվականի որոշմամբ վերսկսվել է 09.04.2009 թվականին ավարտված թիվ 01/02-442/09 կատարողական վարույթը՝ թիվ 01/02-1119/11 կատարողական վարույթի համարով` Իզաբելլա Վանլյանից հօգուտ Բանկի 215.686,61 ԱՄՆ դոլար և որպես կատարողական գործողությունների կատարման ծախս` 10.784 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու մասին (թիվ 01/02-1119/11 կատարողական վարույթ, գ.թ. 71).
6) Պարտապան Իզաբելլա Վանլյանը 28.04.2011 թվականին Ծառայության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետին հասցեագրած դիմումով խնդրել է թիվ 1119/11 վարույթով Չարենցի փողոցի թիվ 16 հասցեի վրա դրված արգելանքը վերացնել՝ որպես հիմնավորում նշելով, որ գրավադրված Երևանի Այգեստան 10-րդ փողոցի թիվ 36 հասցեի շուկայական արժեքը գերազանցում է պարտավորության չափից, և իրեն պատկանում է նաև Ն. Դումանի տուն 15 անշարժ գույքը (թիվ 01/02-1119/11 կատարողական վարույթ, գ.թ. 98).
7) Ծառայությունը 03.05.2011 թվականին կայացրած որոշմամբ վերացրել է Իզաբելլա Գրիգորի Վանլյանին (Երևանի Չարենցի թիվ 16) պատկանող Երևանի Չարենցի փողոցի թիվ 16 տան վրա 26.02.2009 թվականի որոշմամբ, 27.07.2009 թվականի թիվ Եա 2644/02 գրությամբ, 02.03.2009 թվականի թիվ ԷԼԲ 02/1872 էլ. հաղորդագրությամբ դրված արգելանքները (գ.թ. 10 և թիվ 01/02-1119/11 կատարողական վարույթ, գ.թ. 105)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ կետի սխալ կիրառման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է հետևյալ իրավական խնդրին. արդյո՞ք օրենսդիրը հարկադիր կատարողին օժտել է պարտապանի դիմումի հիման վրա որպես հայցի ապահովման միջոց կիրառված արգելանքի վերացման լիազորությամբ, թե ոչ։
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք։
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննելով Խաչատրյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը, 01.03.2010 թվականի վճռում նշել է. «Դատարանը կրկնում է, որ 6-րդ հոդվածի 1-ին մասը պաշտպանում է քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ կապված հայց հարուցելու յուրաքանչյուրի իրավունքը: Այդպիսով, այն ներառում է «դատարան դիմելու իրավունք»-ը, որի ասպեկտներից մեկը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքը, այսինքն` դատարանում քաղաքացիական գործերով վարույթ հարուցելու իրավունքը: Մինչդեռ, այդ իրավունքը կլիներ անիրական, եթե Պայմանավորվող Պետության իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական, պարտադիր դատական որոշումները մնան չկատարված` ի վնաս մի կողմի: Անընդունելի կլիներ, եթե 6-րդ հոդվածի 1-ին մասը մանրամասն նկարագրեր կողմերին տրված դատավարական երաշխիքները (արդարացի, հրապարակային դատավարություն և գործերի քննության անընդհատության սկզբունք)՝ առանց դատական որոշումների կատարման երաշխիքների: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի մեկնաբանումը միայն դատարանի մատչելիության և դատավարությունների անցկացման իրավունքի շրջանակներում, հավանաբար, կառաջացներ մի իրավիճակ, որն անհամատեղելի կլիներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ, որը Պայմանավորվող Պետությունները Կոնվենցիան վավերացնելիս պարտավորվել են հարգել: Ցանկացած դատարանի կողմից ընդունված դատական որոշման կատարումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով պետք է դիտվի որպես «դատավարության» բաղկացուցիչ մաս (տե′ս նաև Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 04.09.2002 թվականի որոշումը` կետ 34)»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի արդար դատաքննության իրավունքը կվերածվի տեսական, երևակայական, անիրական իրավունքի, եթե Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը թույլ տա, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը մնան անկատար: Ցանկացած իրավական պետություն պարտավոր է երաշխավորել ոչ թե տեսական, երևակայական կամ անիրական իրավունքներ և ազատություններ, այլ գործնականում հնարավոր և արդյունավետ իրավունքներ և ազատություններ: Այսինքն` իրավական պետության և իրավունքի գերակայության սկզբունքները ենթադրում են դատավարության և դատական ակտի կատարման փուլերի անքակտելիությունը, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի ապահովման դատավարական ինստիտուտի և դատական ակտերի հարկադիր կատարմանը վերաբերող ցանկացած իրավական նորմ պետք է մեկնաբանվի և կիրառվի ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված` անձի վերը նշված հիմնական իրավունքների լույսի ներքո:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածում օրենսդիրն ամրագրել է հայցի ապահովման միջոցները: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածում ամրագրված հայցի ապահովման միջոցներից է պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինել մեկ այլ միջոցով կամ ձևափոխելու այն: Նույն հոդվածի 2-րդ կետում ամրագրված է, որ հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ ձևափոխելու հարցը լուծվում է նույն օրենսգրքի 101-րդ հոդվածով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործը քննող դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ, կարող է վերացնել հայցի ապահովումը: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում, հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին պարբերության համաձայն` նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (այսուհետ` դատարաններ) դատական ակտերի, ինչպես նաև արբիտրաժային տրիբունալների վճիռների և Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկադիր կատարման ծառայության խնդիրները, դրա կազմավորման և գործունեության կարգը, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող պաշտոնատար անձանց (այսուհետ` հարկադիր կատարողներ) լիազորությունները սահմանվում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և նույն օրենքով:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է։
Հարկադիր կատարման միջոցները սահմանված են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով, համաձայն որի դրանք են՝
1) պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով.
2) պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելը.
3) այլ անձանց մոտ գտնվող պարտապանի դրամական միջոցների և այլ գույքի վրա բռնագանձում տարածելը.
4) կատարողական թերթում նշված որոշակի առարկաները պարտապանից առգրավելը և պահանջատիրոջը հանձնելը.
4.1) հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար տուգանք կիրառելը.
5) կատարողական թերթի կատարումն ապահովող այլ միջոցներ։
Նույն օրենքի 43-րդ հոդվածով ամրագրվել են պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու ընդհանուր դրույթները։ Համաձայն նշված իրավանորմի 1-3-րդ մասերի` պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է գույքի վրա արգելանք դնելը, այն առգրավելը և հարկադիր իրացնելը (աճուրդ կամ ուղղակի վաճառք)։
Պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ` կատարման ծախսերը։
Կատարողական թերթով բռնագանձումն առաջին հերթին տարածվում է պարտապանի դրամական միջոցների վրա։
Եթե պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար չկան անհրաժեշտ դրամական միջոցներ, ապա բռնագանձումը տարածվում է պարտապանին պատկանող այլ գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի թույլատրվում բռնագանձում տարածել։
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.1-րդ հոդվածի համաձայն՝ արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե
1) առկա են նույն օրենքի 42-րդ հոդվածում նշված հիմքերը.
2) դատարանը որոշում է կայացրել գույքն արգելանքից հանելու մասին.
3) պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայցի ապահովումն օրենսդրությամբ նախատեսված՝ անձանց իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկն է: Այն ուղղված է անձանց խախտված գույքային իրավունքների իրական ու ամբողջ ծավալով վերականգնելուն: Հայցի ապահովման ինստիտուտի նշանակությունը կայանում է նրանում, որ դրանով պաշտպանվում են հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ, կամ երբ այդպիսի միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը: Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է հայցի ապահովման դատավարական ինստիտուտի սահմանման օրենսդրական նպատակին: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածից հետևում է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը (տե'ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչությունն ընդդեմ «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3511/05/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2011 թվականի որոշումը):
Այսպիսով, հայցի ապահովման դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանել հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները և օրինական շահերը: Հաշվի առնելով հայցի ապահովման դատավարական ինստիտուտի նպատակը` օրենսդիրը սահմանել է, որ հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը, ինչը դատական ակտի կատարման կարևորագույն երաշխիք է հանդիսանում: Օրենսդիրը, միաժամանակ, հաշվի առնելով հայցի ապահովման դատավարական ինստիտուտի առանձնահատկությունները, հստակ սահմանել է, որ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու, հայցի ապահովումը վերացնելու, ինչպես նաև հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ հայցի ապահովման միջոցը ձևափոխելու լիազորությամբ օժտված է բացառապես դատարանը, որն իր այդ լիազորությունն իրականացնում է համապատասխան որոշում ընդունելով:
Իրավական պետության սահմանադրական սկզբունքի և իրավունքի գերակայության երաշխավորման նպատակով օրենսդիրն ամրագրել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական և ֆիզիկական անձանց համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ միաժամանակ սահմանելով դատական ակտերի կատարումն ապահովելու պայմանները և կարգը, նշելով, որ դատական ակտերի հարկադիր կատարումը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության խնդիրն է, որը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իրականացնում է հարուցված կատարողական վարույթի շրջանակներում` դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված կատարողական գործողություններ իրականացնելու միջոցով:
Վերը նշված նպատակներին համապատասխան օրենսդիրը նախատեսել է նաև պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու ինստիտուտը` նշելով, որ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է նաև գույքի վրա արգելանք դնելը։ Միաժամանակ, օրենսդիրը հստակ սահմանել է այն իրավական հիմքերը, որոնց առկայության պարագայում հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը արգելանքից հանվում է, դրանք են՝ 1. առկա են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածում նշված հիմքերը, 2. դատարանը որոշում է կայացրել գույքն արգելանքից հանելու մասին, և 3. պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը. բացի այս հիմքերից որևէ այլ հիմքով հարկադիր կատարողն իրավասու չէ արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքն արգելանքից հանելու մասին որոշում կայացնել:
Այսպիսով, վերաբերելի իրավական նորմերի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը հարկադիր կատարողին չի օժտել պարտապանի նմանօրինակ դիմումի հիման վրա որպես հայցի ապահովման միջոց կիրառված արգելանքի վերացման լիազորությամբ:
Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ԵՔԴ/0108/02/09 քաղաքացիական գործով հայցի ապահովման նպատակով Երևանի քաղաքացիական դատարանը, բավարարելով հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու մասին Բանկի միջնորդությունը, 18.02.2009 թվականի որոշմամբ արգելանք է դրել պատասխանողներ Իզաբելլա Վանլյանին ու Սարգիս Հարությունյանին պատկանող այլ գույքի, այդ թվում` դրամական միջոցների վրա և այդ որոշման կատարման նպատակով 18.02.2009 թվականին տվել է թիվ ԵՔԴ/0108/02/09 կատարողական թերթը, որի հիման վրա Ծառայության 26.02.2009 թվականի որոշմամբ հարուցվել է թիվ 01/02-442/09 կատարողական վարույթն ու դրա շրջանակներում 26.02.2009 թվականի որոշմամբ արգելանք դրվել Իզաբելլա Վանլյանին (Երևանի Չարենցի փողոցի թիվ 16 տան) սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 12.11.2010 թվականին տրվել է թիվ ԵՔԴ/0108/02/09 կատարողական թերթը, համաձայն որի` Իզաբելլա Վանլյանից հօգուտ Բանկի պետք է բռնագանձել 215.686,61 ԱՄՆ դոլար: Ծառայության 14.02.2011 թվականի որոշմամբ վերսկսվել է 09.04.2009 թվականին ավարտված թիվ 01/02-442/09 կատարողական վարույթը` թիվ 01/02-1119/11 կատարողական վարույթի համարով՝ Իզաբելլա Վանլյանից հօգուտ Բանկի 215.686,61 ԱՄՆ դոլար և որպես կատարողական գործողությունների կատարման ծախս` 10.784 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու մասին:
Իզաբելլա Վանլյանը 28.04.2011 թվականին դիմում է ներկայացրել Ծառայությանը` խնդրելով Չարենցի փողոցի թիվ 16 տան վրա դրված արգելանքը վերացնել, քանի որ գրավադրված Այգեստան 10-րդ փողոցի թիվ 36 տան շուկայական արժեքը գերազանցում է պարտավորության գումարը, միաժամանակ արգելադրված է նաև իրեն պատկանող Ն. Դումանի թիվ 15 տունը: Ծառայությունը, հիմք ընդունելով Իզաբելլա Վանլյանի դիմումը, 03.05.2011 թվականի որոշմամբ վերացրել է Երևանի Չարենցի փողոցի թիվ 16 տան վրա դրված արգելանքը:
Դատարանը, հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ Ծառայության 03.05.2011 թվականի որոշումը բացարձակապես որևէ հիմնավորում չի պարունակում այն մասին, թե ինչու է հարկադիր կատարողը մինչև հայցը բավարարելու մասին վճռի կատարումը վերացրել նույն վճռի կատարման նպատակով պարտապանի գույքի վրա դրված արգելանքը: Բացի այդ, արձանագրել է, որ «Ծառայության 03.05.2011 թվականի որոշման մեջ չի վկայակոչվել, թե «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.1-րդ հոդվածի հատկապես որ կետի հիմքով է ընդունվել այդ որոշումը, ՀՀ վարչական դատարանը, ապահովելով գործի փաստերն ի պաշտոնե պարզելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածում ամրագրված սկզբունքի իրականացումը, 03.10.2012 թվականի թիվ ԴԴ9-84117 գրությամբ Ծառայությունից պահանջել է դատարան ներկայացնել հիշատակված հարցի վերաբերյալ տեղեկություն, սակայն նշված տեղեկությունը պատասխանողի կողմից դատարանին չի ներկայացվել»։ Նշել է նաև, որ «նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.1-րդ հոդվածում թվարկված հիմքերից 2-րդը` դատարանը որոշում է կայացրել գույքն արգելանքից հանելու մասին, և 3-րդը` պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը` բացակայում են, դատարանը ստիպված է եղել ենթադրել սույն գործով վիճարկվող որոշման ընդունման իրավական հիմքը և նույն գրությամբ պահանջել է Ծառայությունից դատարան ներկայացնել նաև հետևյալ տեղեկությունը. եթե վիճարկվող որոշումն ընդունվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.1-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով, այսինքն` առկա են նույն օրենքի 42-րդ հոդվածում նշված հիմքերը, ապա վկայակոչել 42-րդ հոդվածում նշված այն հիմքը, որի համաձայն ընդունվել է Ծառայության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Տ. Մաճկալյանի 03.05.2011 թվականի որոշումը և գույքի վրա դրված արգելանքը վերացվել է»։ Մինչդեռ «Պատասխանող կողմը պահանջված տեղեկությունը նույնպես չի ներկայացրել, որպիսի պարագայում դատարանը հաստատված է համարում, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.1-րդ հոդվածի 1-ին կետի կիրառումը սույն գործով վիճարկվող որոշման մեջ հիմնավորված չէ»։ Դատարանը, հետազոտելով Ծառայության 03.05.2011 թվականի որոշումը, եկել է այն եզրակացության, որ վերը նշված որոշումն ընդունվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, ինչը հանգեցրել է նույն օրենքի 44.1-րդ հոդվածի չհիմնավորված կիրառմանը։
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելով, նշել է, որ «Դատարանը դատական ակտով որևէ կերպ չի անդրադարձել և չի գնահատել սույն գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, որ Երևանի քաղաքացիական դատարանի «Հայցի ապահովման միջոցների մասին» 18.02.2009 թվականի որոշմամբ և դրա հիման վրա տրված կատարողական թերթով պատասխանողներին պատկանող այլ գույքի, այդ թվում` դրամական միջոցների վրա, արգելանք է դրվել հայցագնի չափով, որը կազմել է 343.952,35 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 4.000 ՀՀ դրամ և 2.099.707,70 ՀՀ դրամ, այսինքն` դատարանի կողմից որպես հայցի ապահովման միջոց՝ արգելանք է դրվել ոչ թե պատասխանողներին պատկանող որևէ կոնկրետ անվանական գույքի վրա, այլ որոշումը կրել է ընդհանուր բնույթ, և արգելանք է դրվել հայցագնի չափով, որի արդյունքում հարկադիր կատարողը պարտապանին պատկանող գույքի նկատմամբ հետախուզում է հայտարարել և այն հայտնաբերելով` արգելանքի վերցրել, ավելին, Դատարանի կողմից որևէ գնահատականի չի արժանացվել նաև այն փաստական հանգամանքը, որ Երևանի քաղաքացիական դատարանի թիվ ԵՔԴ/0108/02/09 գործով 21.05.2010 թվականին տրված կատարողական թերթի համաձայն` Իզաբելլա Վանլյանից հօգուտ Բանկի պետք է բռնագանձել 215.686 ԱՄՆ դոլար 61 ցենտ, այսինքն` բռնագանձման գումարը պակաս է նախապես ներկայացված հայցագնի գումարից, որի չափով էլ կիրառվել էր հայցի ապահովումը, և նշվածների համատեքստում որևէ կերպ չի գնահատել նաև այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 16 տան վրա արգելանքը` վիճարկվող որոշմամբ վերացնելուց հետո դրված արգելանքները, պահպանվել են Երևանի Այգեստան 10-րդ փողոցի թիվ 36 տան և Ն. Դումանի թիվ 15 տան նկատմամբ, որոնց շուկայական արժեքը, ըստ կատարողական վարույթում առկա գնահատման հաշվետվությունների, ակնհայտորեն ավել է թե' հայցագնի, թե' դատական ակտի հիման վրա բռնագանձման ենթակա գումարից»:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն են Վերաքննիչ դատարանի վերը նշված եզրահանգումներն այն պատճառաբանությամբ, որ Ծառայության 03.05.2011 թվականի որոշմամբ կիրառված արգելանքը մասնակի վերացվել է և նշված որոշման կայացման համար հիմք է հանդիսացել Ծառայությանը հասցեագրված Իզաբելլա Վանլյանի գրությունը, որով վերջինս հայտնել է, որ արգելադրված Այգեստան 10-րդ փողոցի թիվ 36 հասցեի տան շուկայական արժեքը գերազանցում է պարտավորության չափը, և բացի այդ գույքից իրեն է պատկանում նաև անշարժ գույք հանդիսացող Ն. Դումանի թիվ 15 հասցեի տունը։ Վճռաբեկ դատարանը վերը նշված դիրքորոշումների համատեսքտում արդեն իսկ արձանագրել է, որ օրենսդիրը հարկադիր կատարողին չի օժտել պարտապանի նմանօրինակ դիմումի հիման վրա որպես հայցի ապահովման միջոց կիրառված արգելանքի վերացման լիազորությամբ: ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։ Նշված հոդվածում ամրագրված է իրավական պետության կարևորագույն սկզբունքներից մեկը` օրինականության սկզբունքը: Օրինականության սկզբունքն ուղղակիորեն պահանջում է, որ պետական մարմնինների ու պաշտոնատար անձանց գործունեությունը հիմնված լինի Սահմանադրության և օրենքի վրա, այլ խոսքով, Սահմանադրությունը կամ օրենքը պետք է լիազորի պետական մարմնին գործելու կամ չգործելու: Օրինականության սկզբունքը բացառիկ կարևոր նշանակություն ունի հատկապես այն ժամանակ, երբ պետական մարմիններն առչվում են մասնավոր անձանց հիմնական իրավունքների հետ:
Այսպիսով, Ծառայության 26.02.2009 թվականի որոշմամբ Իզաբելլա Վանլյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա դրված արգելանքը, որպես հայցի ապահովման միջոց, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 12.11.2010 թվականին տրված թիվ ԵՔԴ/0108/02/09 կատարողական թերթի պահանջի կատարումն ապահովող երաշխիք է հանդիսացել, որը ենթակա էր պահպանման մինչև վճռի կատարումը։ Մինչդեռ Ծառայությունը 03.05.2011 թվականի որոշումը կայացնելիս, օժտված չլինելով պարտապանի նմանօրինակ դիմումի հիման վրա որպես հայցի ապահովման միջոց կիրառված արգելանքի վերացման լիազորությամբ, դուրս է եկել օրենքով իրեն վերապահպված լիազորությունների շրջանակից, ինչն իր հերթին հանգեցրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ կետի խախտմանը, համաձայն որի` նշված արգելանքը՝ որպես հայցի ապահովման միջոց, պետք է պահպանվեր մինչև վճռի կատարումը:
Վճռաբեկ դատարանը, իրավակիրառ պրակտիկայում միասնական մեկնաբանման անհրաժեշտությամբ պայմանավորված, հարկ է համարում անդրադառնալ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44.1-րդ հոդվածին նաև այն իմաստով, որ վիճարկվող որոշման մեջ պետք է հստակ նշված լիներ, թե ինչ հիմնավորմամբ է կատարման ենթակա վճռի կատարումն ապահովելու նպատակով արգելադրված գույքը հանվում արգելանքից, մինչդեռ Ծառայության 03.05.2011 թվականի որոշման մեջ բացակայում է նման հիմնավորումն այն պարագայում, երբ նշված օրենքով հստակ սահմանված են պարտապանի գույքն արգելանքից հանելու հիմքերը, այն է` արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե առկա են նույն օրենքի 42-րդ հոդվածում նշված հիմքերը, դատարանը որոշում է կայացրել գույքն արգելանքից հանելու մասին, պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
Նշված իրավանորմում ամրագրված իրավակարգավորումը բնավ չի բացառում առանձին տեսակի վարչական վարույթների նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառումը հատկապես այն հարաբերությունների մասով, որոնք իրենց կարգավորումը չեն ստացել հատուկ օրենքներում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում։ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով կարգավորվող վարույթի առանձնահատկությունները սահմանվում են նշված օրենքով, հետևաբար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ընդհանուր դրույթները կիրառելի են վեճի առարկա իրավահարաբերությունների նկատմամբ միայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված վարույթի առանձնահատկությունների հաշվառմամբ, այլ խոսքով, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացված վարչական վարույթի ընթացքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը կիրառելի է միայն այն հարաբերությունների մասով, որոնք «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով կամ կարգավորված են մասամբ կամ առհասարակ կարգավորված չեն։
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն` կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված որոշման մեջ, ի թիվս այլ վավերապայմանների, պետք է նշվեն նաև կայացվող որոշման հիմքերը` այն օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, որոնցով ղեկավարվել է հարկադիր կատարողը։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտին ներկայացվում են հետևյալ պահանջները` վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում…։
Նույն օրենքի 57-րդ հոդվածի համաձայն՝ գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական ակտի պարտադիր հիմնավորում պարունակելու օրենսդրի կողմից սահմանված պահանջը հարկադիր կատարողի կողմից խախտվել է: Օրենսդիրը հստակ սահմանել է, որ վարչական ակտը պետք է հիմավորում պարունակի: Վարչական ակտում պետք է նշվեն համապատասխան վարչական ակտ ընդունելու համար բոլոր էական փաստական և իրավական հիմքերը: Օրենսդրի կողմից վարչական ակտի հիմնավորում պարունակելու պահանջն ինքնանպատակ չէ, այն հնարավորություն է տալիս շահագրգիռ անձանց, ովքեր համաձայն չեն ընդունված վարչական ակտի հետ, վարչական բողոք կամ դատարան հայց ներկայացնելով՝ գործնականում իրացնել իրենց արդյունավետ իրավական պաշտպանության և դատարան դիմելու հիմնարար իրավունքները: Միաժամանակ, վարչական մարմնի կողմից ընդունված հիմնավորված վարչական ակտը գործնականում իրական հնարավորություն է տալիս վարչական բողոքը քննարկող վարչական մարմնին կամ այն քննող դատարանին պարզելու այն փաստական և իրավական հիմքերը, որոնք վարչական ակտն ընդունած վարչական մարմինը դրել է իր որոշման հիմքում: Այսպիսով, հաշվի առնելով այն, թե ինչ նպատակով է օրենսդիրը նախատեսել վարչական ակտի հիմնավորված լինելու պահանջը, սույն պահանջի կատարումը չի կարող մեկնաբանվել այնպես, որ այն միայն նշանակի վարչական մարմնի պարտականություն` իր ընդունված վարչական ակտում լոկ հիշատակելու կիրառվող իրավական ակտը կամ իրավական նորմը: Վարչական մարմինը վարչական ակտ կայացնելիս պարտավոր է հիմնավորելու որոշման մեջ վկայակոչված իրավական նորմերի կիրառելիությունը` նշելով կիրառման ենթակա կոնկրետ իրավական նորմը, դրա համապատասխան մասը կամ կետը՝ բացահայտելով կոնկրետ գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմի բովանդակությունը:
Այսպիսով, սույն գործով օրենսդրի կողմից սահմանված վարչական ակտը հիմնավորելու պարտադիր պահանջին համապատասխան հարկադիր կատարողը վիճարկվող որոշումն ընդունելիս պարտավոր էր հիմնավորելու որոշման մեջ վկայակոչված իրավանորմերի կիրառելիությունը` նշելով, թե կոնկրետ որ իրավանորմը, դրա մասը կամ կետն ինչ հիմնավորմամբ է ենթակա կիրառման՝ բացահայտելով կիրառման ենթակա իրավանորմի բովանդակությունը, այսինքն` Դատարանի եզրահանգումն այս հարցի վերաբերյալ ևս հիմնավոր է:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` վարչական դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները` նշված իրավունքի խախտման տեսանկյունից, վտանգ են պարունակում։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.11.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 06.06.2013 թվականի վճռին։
2. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հօգուտ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումարներ։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Մ. Դրմեյան |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Գ. Հակոբյան | |
Է. Հայրիյան | |
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|